Արտագաղթի վտանգը կրկնապատկվել է

2016 թվականն արդեն  մոտենում է իր ավարտին։ Տարվա առաջին կիսամյակի արդյունքներով՝ Հայաստանից ինքնաթիռով մեկնել և չի վերադարձել 19 հազար 719 ուղևոր։ Մասնավորապես, «Զվարթնոց» օդանավակայանով Հայաստանից մեկնել է 429 հազար ուղևոր, իսկ ժամանել՝ 410 հազարը։ «Շիրակ» օդանավակայանից այս տարվա վեց ամիսներին հանրապետությունից մեկնել է 3 հազար 885 ուղևոր, իսկ վերադարձել՝ 3 հազար 120։

Ուշագրավ է նաև այն փաստը, որ անցած տարվա համեմատ «Զվարթնոցի» ուղևորաշրջանառությունն այս տարվա առաջին կիսամյակի կտրվածքով աճել է շուրջ 11 հազար ուղևորով։ Իսկ Գյումրիի «Շիրակ» օդանավակայանի դեպքում հակառակ երևույթն է տեղի ունեցել, ուղևորաշրջանառությունը նվազել է մոտ 60 տոկոսով։ Անցած տարվա առաջին կիսամյակի արդյունքներով «Շիրակ» օդանավակայանից օգտվել է 16 հազար 700 ուղևոր, այս տարի ընդամենը 7 հազար։ Այսինքն՝ կարող ենք արձանագրել, որ նշված օդանավակայանն այս տարի արդեն իսկ լուրջ տնտեսական վնասներ է կրել։

Արտագաղթը դատարկում է Հայաստանը, և արդեն դատարկում է ոչ միայն ֆիզիկապես, այլ նաև որակապես: Սա ամենևին չի նշանակում, որ նախկին տարիներին գնացողներն անորակ են եղել: Ամենևին: Ոչ մեկին վիրավորելու խնդիր չկա, միտք անգամ չկա: Պարզապես ամեն հասարակություն էլ ունի իր տարբեր շերտերը, և այսօր արտագաղթը հասել է Հայաստանի հասարակության ակտիվ շերտերին, որոնք հետաքրքրված են հասարակական-քաղաքական կյանքով մասնակցային տրամաբանությամբ, ոչ թե դիտորդական, որոնք որակավորված մասնագետներ են և ունեն հասարակական իրավիճակի հանդեպ այլ պահանջներ, քան ոչ որակավորված աշխատուժը, որը նախկին տարիներին արտագաղթողների հիմնական կորիզն էր կազմում: Իսկ երբ արտագաղթը ձեռք է բերում արդեն որակական հատկանիշներ, այդ արտագաղթի կործանարար հետևանքը կրկնապատկվում է:

Այսինքն` եթե նախկինում կար սեգմենտ, որը մնալով Հայաստանում ու պայքարելով` կարող է ստեղծել մի վիճակ, որը հետ կբերի, այսպես ասած, ոչ որակավորված աշխատուժ-արտագաղթողներին, ապա այսօր արտագաղթում է նաև հենց այդ որակավորված սեգմենտը: Այսպիսով հեռանում են նրանք, ովքեր հեռացածներին պոտենցիալ հետ բերողները կարող էին լինել: Ահա այդ շերտը աղետալիորեն նվազում է:

Խոսել արտագաղթի պատճառների մասին, նշանակում է ոչինչ չխոսել, կամ ասել այն, ինչ բոլորը լսել են հազար անգամ և գիտեն անգիր՝ առանց որևէ մեկի ասելու էլ: Իշխանության անարդյունավետ քաղաքականությունը, պետական բուրգի վերից մինչև վար կոռումպացվածությունը, ինստիտուցիոնալացված ընտրակեղծարարությունն ու թալանը ստեղծել են անտանելի մթնոլորտ, որին գումարվում է նաև ցածրարժեք մշակութային «ցողը», որ իջնում է հանրային կյանքի վրա պետական մշակված քաղաքականությամբ:

Այս իրավիճակում հասարակության գործողությունները, իհարկե, տրամաբանորեն պետք է ուղղված լինեն այդպիսի իշխանության հեռացմանն ու իշխող համակարգի չեզոքացմանը: Սակայն այստեղ կա զուգահեռ անելիք: Արտագաղթի պայմաններում կենսական է դառնում այդ գործում ռեսուրսների օպտիմալացման և բյուրեղացման ուղղությամբ մանրակրկիտ ուսումնասիրությունն ու նոր մշակումները: Հանրային ռեսուրսի քանակական նվազումը հրամայական է դարձնում յուրաքանչյուր ակտիվ անհատի ՕԳԳ-ի կրկնապատկմանը բերող մեխանիզմների մշակումը: Դա նշանակում է հասարակության նոր ցանցային կառուցվածք, պայքարի նոր մեխանիզմներ ու դրսևորումներ, նոր մեթոդաբանություն, համախմբող նոր գաղափարներ և նպատակներ, թեկուզ կարճաժամկետ էֆեկտներից հրաժարվելու տարբերակով՝ ի շահ հասարակական նոր ցանցի կամ ֆորմատների ամրության և արդյունավետության:

Comments

Name: