Սևանում ուսուցչուհին աշակերտի աչքը կախիչի կեռիկով հանելու համար ընդամենը 200 հազար դրամ տուգանք կվճարի՝ որպես պատիժ

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվել է Սևան քաղաքի Խաչատուր Աբովյանի անվան ավագ դպրոցի ֆիզիկայի ուսուցչուհի Հասմիկ Մարգարյանի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Գործը քննվել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Մնացական Հարությունյանի նախագահությամբ:

Ֆիզիկայի ուսուցչուհի Հասմիկ Մարգարյանը մեղադրվել է այն բան համար, որ 2014 թվականի դեկտեմբերի 9-ին, ժամը 11-ն անց 30-ի սահմաններում հիշյալ դպրոցի 8 «ա» դասարանում, իր դասաժամին տեսել է, որ աշակերտ Մեսրոպ Խաչատրյանը առանց թույլտվություն հարցնելու՝ գնացել է դասարանի վերջնամաս ու անցել է այնտեղ գտնվող կախիչի հետնամասը:

Հասմիկ Մարգարյանը քայլել է կախիչի ուղղությամբ: Աշակերտը, մտածելով, որ ուսուցչուհին կմոտենա ու կպատժի իրեն, լարված սպասել է, որ տեսնի՝ նա որ կողմից կմոտենա՝ հակառակ կողմից փախչելու նպատակով:

Երբ ուսուցչուհին հասել է կախիչին, աշակերտը ցանկացել է դուրս գալ ու փախչել: Մետաղե կախիչը՝ աշակերտների շորերով ծանրաբեռնված, թեքվել է ուսուցչուհու կողմը:

Հասմիկ Մարգարյանը, «թեև պարտավոր էր, կարող էր ու հնարավորություն ուներ նախատեսել իր գործողությունների հետևանքը…, դրսևորել է հանցավոր անփութություն», կախիչը հետ է հրել՝ դեպի աշակերտը: Կախիչի մետաղե կեռիկներից մեկը դիպել է

Մեսրոպի ձախ աչքին՝ նրա առողջությանը պատճառելով ծանր վնաս՝ ձախ ակնագնդի տեսաներվի լրիվ պոկման, դրսային ուղիղ և ստորին թեք մկանների պոկման ձևով, ինչը հանգեցրել է երեխայի ձախ աչքի տեսողության լրիվ կորստի:

Հասմիկ Մարգարյանը մեղադրվել է անփութությամբ տուժողի առողջությանը ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 120 հոդվածի 1-ին մասով:

Դատարանում Հասմիկ Մարգարյանը հայտնել է, որ դեպքի ժամանակ ինքը 8-րդ դասարանում գրատախտակի մոտ կանգնած՝ օգնում էր խնդիր լուծող աշակերտուհուն: Ծիծաղի պոռթկման ձայն է լսել, շրջվել է դեպի դասարանը:

Դասարանի հետնամասում գտնվող կախիչի մոտ շարժում է նկատել, բայց չի տեսել՝ ով կա այնտեղ, երեխաների վերնահագուստները կախված են եղել կախիչից: Երբ նկատել է, որ Մեսրոպն իր տեղում նստած չէ, հասկացել է, որ նա է գտնվում կախիչի հետնամասում: Ինքը դիտողություն չի արել, պարզապես քայլել է նստարանների արանքով, դա իր սովորությունն է:

Երբ հասել է վերջին նստարանին, տեսել է, որ կախիչը դեպի իրեն է թեքվում: Ինքը կախիչի հետևում ոչ ոքի չի տեսել: Կախիչը հրել է դեպի նախկին դիրքը:

Միայն այդ ժամանակ է նկատել, որ կախիչի տակ բերանքսիվայր ընկած է Մեսրոպը: Գոռացել է՝ Մեսրոպ, ի՞նչ եղավ, ձայն հանի:

Մեծ դժվարությամբ նրան դուրս է քաշել, շրջել է մեջքի վրա ու տեսել է, որ աշակերտի ձախ աչքի կողմից արյուն է գալիս:

Մեսրոպը չի արձագանքել: Ինքը շատ վատ է զգացել, չի հասկացել՝ ինչ է կատարվել: Միայն հասկացել է, որ Մեսրոպն ուշագնաց է: Երեխաները վախեցել ու դուրս են եկել դասարանից: Առաջինը վրա է հասել ֆիզկուլտուրայի ուսուցիչը…

Երբ Մեսրոպն ուշքի է եկել, իրենց հարցերին պատասխանել է, թե մրսել է, մոտեցել է կախիչին, որ շորը հագնի…

Մեսրոպին շտապօգնության մեքենայով տարել են Երևան…

Ինքը Մեսրոպին Երևանում այցելել է վիրահատությունից հետո երրորդ օրը, քանի որ ինքն էլ շատ վատ վիճակում էր: Իրեն նորմալ են ընդունել, ինքը մոտեցել է երեխային, հարցրել է՝ ինչպե՞ս է զգում իրեն: Երեխայի հայրն ու հորեղբայրն այնտեղ էին: Հայրն իրեն ասել է՝ քո արածը քեզ դուր եկա՞վ: Ինքն ասել է, որ ճիշտ է, իր դասաժամին է եղել, բայց ինքը ոչինչ չի արել, թող համբերեն՝ երեխան լավ զգա, հետո կխոսեն…

Երկրորդ այցելության ժամանակ երեխայի հայրը չի թողել, որ մոտենա երեխային, դռան մոտից հրել է իրեն, ասել է՝ քեզ չենք ճանաչում, չենք էլ ուզում ճանաչած լինել: Դրանից հետո այլևս չի գնացել տեսակցության: Ինքը վատ է զգացել, հոգեբանի, հոգեբույժի օգնությանն է դիմել, որ հիշողությունը վերականգնի: Մինչև հիմա էլ չգիտի՝ ոնց է կատարվել դեպքը, այնքան արագ է կատարվել… Դեպքը իր վրա շատ ծանր է անդրադարձել… Ինքը ո՛չ խոսքով, ո՛չ գործողությամբ Մեսրոպին չի վիրավորել…

Հասմիկ Մարգարյանը իր դիմումի համաձայն դուրս է եկել աշխատանքից…

Տուժող երեխան՝ Մեսրոպը, դատարանում հայտնել է, թե ինքը նախորդ դասաժամին բաճկոնը հանել ու կախել էր կախիչից: Հաջորդ ժամին՝ ֆիզիկայի դասին, ինքը մրսել է, մի քանի անգամ թույլտվություն էր հարցրել, որ բաճկոնը հագնի, ուսուցչուհին թույլ չի տվել: Այդ պատճառով ինքն առանց Հասմիկ Մարգարյանին հարցնելու՝ գնացել է կախիչի հետևի մասը, որ բաճկոնը հագնի: Մի թևը հագել էր, երբ ուսուցչուհին նկատել է իրեն: Տեսնելով, որ ինքը առանց թույլտվության մոտեցել է կախիչին ու հագնում է բաճկոնը, Մարգարյանը շարքերի արանքով մոտեցել ու ասել է. «Էսա կխփեմ, կմտնես պատի մեջ»: Այդ ասելով՝ նա մոտեցել է կախիչին: Ինքը մի փոքր կռացել է, որ տեսնի՝ Մարգարյանը որ ուղղությամբ է մոտենալու, որ մյուս կողմից դուրս գա: Նայել է ուսուցչուհու ոտքերին: Ինքը չի հրել կախիչը: Նա մոտեցել ու կախիչը հրել է իր կողմը: Ինքը գլուխը խփել է պատին, աչքը կպել է կախիչի կեռիկին: Ինքն ընկել է, դրանից հետո ոչինչ չի հիշում:

Տուժողը պնդել է, թե իր կարծիքով՝ ուսուցչուհին կախիչը դիտավորյալ է հրել իր կողմը: Նա ցանկացել է, որ ինքը մարմնական վնասվածք ստանա, եթե չցանկանար, կախիչը իր վրա չէր հրի…

Տուժած երեխայի ծնողները նույնպես գործի ամբողջ քննության ընթացքում պնդել են, որ իրենց երեխային ծանր մարմնական վնասվածք է պատճառվել դիտավորությամբ, ոչ թե անփութությամբ:

Ըստ նրանց՝ ուսուցչուհին մոտենալով Մեսրոպին՝ ասել է. «Վեշալկայով կխփեմ, կմտնես պատի մեջ»:

Տուժող կողմը որպես քաղհայցի պահանջ՝ ներկայացրել է 16 միլիոն 400 հազար դրամ՝ որպես երեխայի վնասված աչքի բուժման ծախսեր՝ թեկուզ՝ առանց տեսողության: Նաև՝ 600 հազար դրամ՝ որպես փաստաբանի վարձատրություն:

Տուժող կողմը նշել է, որ ամբաստանյալը մինչ այժմ իրենց ոչնչով չի օգնել:

Ընդհանուր իրավասության դատարանը հաստատված է գնահատել, որ ուսուցչուհի Հասմիկ Մարգարյանը աշակերտի աչքը կախիչով վնասել է ոչ թե դիտավորությամբ, այլ անփութության հետևանքով: Հասմիկ Մարգարյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 120 հոդվածի 1-ին մասով և դատապարտվել է 200 հազար դրամ տուգանքի:

Քաղաքացիական հայցը՝ երեխայի բուժման ծախսերի մասով, դատարանը թողել է առանց քննության, իսկ փաստաբանական ծախսերի մասով հայցը մերժել է:

Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոք էր բերել տուժող կողմը՝ պնդելով, թե արարքը սխալ է որակված, Հասմիկ Մարգարյանը պետք է մեղավոր ճանաչվեր աշակերտի առողջությանը  դիտավորությա՛մբ ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով: Դատավճռով նշանակված պատիժն էլ համաչափ չէ կատարված արարքին: Առանց քննության է թողնվել քաղհայցի պահանջը, մինչդեռ երեխայի բուժման համար կատարված ու կատարվելիք ծախսերի մասին է խոսքը:

Տուժող կողմը պահանջել է բեկանել դատավճիռը, գործն ուղարկել նույն ստորադաս դատարան՝ այլ կազմով նոր քննություն կատարելու:

Տուժող կողմը բարձրացրել է նաև դպրոցի պատասխանատվության հարցը՝ նկատի առնելով, որ «դպրոցը ստանձնել է պարտավորություն՝ աշակերտի կյանքի և առողջության պահպանման շրջանակներում, որը այս դեպքում չի կատարվել: Դասասենյակում գտնվող մետաղե կախիչը վտանգ էր ներկայացնում աշակերտների համար…»:

Վերաքննիչ քրեական դատարանը, քննելով բերված բողոքը, լսելով կողմերին, եզրակացրել է, որ Հասմիկ Մարգարյանի արարքը ճիշտ է որակված: Նա անփութությամբ է աշակերտի առողջությանը ծանր վնաս հասցրել: Նրա նկատմամբ նշանակված պատիժը՝ 200 հազար դրամ տուգանքը, համաչափ է կատարված արարքին:

Սակայն,ըստ վերաքննիչ դատարանի, առաջին ատյանի դատարանը սխալ է արել՝ քաղհայցի՝ տուժողի բուժման ծախսերի մասը թողնելով առանց քննության: Դատավճիռը հենց միայն քաղհայցի այդ մասով բեկանվել է: Եվ այդ մասով գործն ուղարկվել է նույն առաջին ատյանի դատարան՝ նոր քննության:

Today's most read news !
  • Մանո՛ աղջիկ, ու էսքանից հետո դու սրա հետ դեռ ապրելու՞ ես... բաժանվի՛ր էդ դավաճանից
  • Ալեքսանդր Բաբասյանի կինը՝ անկողնային տեսարաններում ամուսնու նկարահանվելու մասին
  • Այդ խոսակցություններն ավելի են ուժեղացնում մեր հարաբերությունները. Մանո Գրիգորյան
  • Նրան, ում կսիրեմ, կլինի իմը, միակը, անկրկնելին, կատարյալը՝ իր բոլոր թերություններով հանդերձ. Հակոբ Հակոբյան
  • 8 տարի առաջ ողբերգական ավտովթարում զոհվեցին դերասաններ Գեղամ Ղանդիլյանն և Արամ Միսկարյանը
  • «ՎՏԲ-Հայաստան բանկ»-ի բանկոմատներից 41.000.000 ՀՀ դրամ է հափշտակվել.
  • Պետական բուհերը հեշտ ընդունում են, մասնավոր բուհերը՝ փակվում․ Ինչպես դուրս գալ փակուղուց
  • «Վերնիսաժ»-ի բացառիկ անդրադարձը Գյումրու Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի պատմությանը
Comments
Meri
4 September 2016 23:47
lrbi cnundin menak et tujnen tvel tenc dasatunerin piti kaxaxan hanen es urenq hasellll. incha darel et erkir@
+2

Name: