Ինչ արդյունք է ակնկալում Ռոբերտ Քոչարյանը

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը, որ մի քանի օր առաջ նա տվել էր «Ազատություն» ռադիոկայանին, ըստ էության՝ որոշակիորեն շեղեց ՏԻՄ ընտրությունների վրա կենտրոնացած ներքաղաքական կյանքը դեպի ներքին ու արտաքին ավելի լայն քաղաքական խնդիրներ:

Այդ հանգամանքը կարելի է մեկնաբանել երկակիորեն: Մի կողմից այդպիսով պարզ է դառնում, թե իրականում լրջագույն մարտահրավերների պայմաններում ինչպիսի մանր հարցերով է ներծծված ներքաղաքական օրակարգ կամ կյանք կոչվածը, մյուս կողմից դրանով իսկ Ռոբերտ Քոչարյանը կարող է հանրության աչքին արժեզրկելով ՏԻՄ-ացված օրակարգը՝ նպաստել իշխանություններին ՏԻՄ ընտրությունների «ընդդիմադիր գրոհը» չեզոքացնելու կամ դիմագրավելու համար:

Ընդհանրապես, քաղաքականություն երևույթն իհարկե այն է, թե ով ինչպես է կարողանում որևէ իրավիճակ ստեղծել կամ ստեղծված իրավիճակից քաղել առավելագույն արդյունք: Եվ այս իմաստով իհարկե առավել հետաքրքրական է, թե իր հերթական հարցազրույցով ինչ արդյունք է ակնկալում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Բանն այն է, որ հերթական հարցազրույցի մեջ էլ նա այդպես էլ որոշակիորեն չի ստանձնում որևէ քաղաքական պատասխանատվություն թե´ անցյալի, թե´ ներկայի, թե´ ապագայի համար: Մինչդեռ, նրա հարցազրույցում շոշափվում են խնդիրներ և իրողություններ, որոնք ինչպես ներկային են բնորոշ և սպասելի են ապագայում, այնպես էլ առկա էին անցյալում: Օրինակ՝ երկրորդ նախագահը խոսում է այն մասին, որ Հայաստանը դուրս է մնում տարածաշրջանային նախագծերից, մինչդեռ մեր շուրջը ձևավորվում են Հայաստանը շրջանցող ֆորմատներ:

Բանն այն է, որ այդ մարտահրավերը եղել է նաև այն տարիներին, երբ նախագահ էր Ռոբերտ Քոչարյանը: Մինչդեռ դժվար է հիշատակել դրան դիմագրավելու հիմնարար քաղաքական քայլի որևէ օրինակ: Փոխարենը, օրինակ, Հայաստանը բարեհաջող չեզոքացրեց իր հնարավորությունը՝ Իրան-Հայաստան գազամուղը, որը կարող էր տարանցիկ լինել և ըստ այդմ՝ լինել տարածաշրջանում Հայաստանը շրջանցող կոմունիկացիոն գործընթացների պատասխան, սակայն վերածվեց ընդամենը փոքր տրամաչափով գազի խողովակի, որը անգամ Հայաստանի ամբողջական կարիքները հոգալու համար բավարար կարող է չլինել:

Օրինակները հնարավոր է շարունակել ըստ էության բոլոր ոլորտներում՝ տնտեսական, քաղաքական անվտանգության: Վերջին հաշվով, հենց Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանից է սկզբնավորվել Հայաստանի ռազմավարական հզորությունները մեկ պետության տրամադրության տակ դնելու, բոլոր ձվերը կամ դրանց ճնշող մեծամասնությունը մեկ զամբյուղում պահելու քաղաքականությունը, որը, իհարկե, պետք է թուլացներ ինքնիշխանության ռեսուրսը և տարեցտարի մեծացներ տնտեսական և քաղաքական կախվածությունը Ռուսաստանից՝ նվազեցնելով երկրի ճկունության հնարավորությունը: Ավելորդ է խոսել ներքին քաղաքական բարեփոխումների մասին:

Մյուս կողմից, ասել, թե Ռոբերտ Քոչարյանի բարձրացրած խնդիրները դույզն իսկ չեն համապատասխանում իրականությանն ու չեն հանդիսանում իսկապես լրջագույն մարտահրավեր Հայաստանի համար, ևս անհնար է: Բայց, բանն այն է, որ Հայաստանի մարտահրավերները թվարկելն այլևս իր մեջ չի պարունակում որևէ նորություն, և խնդիրն այն է, թե այդ թվարկումների շարքում ինչ գործնական խոսակցություն կա: Եվ այդ իմաստով, Ռոբերտ Քոչարյանն իր հարցազրույցում չունի գործնական խոսակցության հասցեատեր՝ թե´ հանրության, թե´ անգամ իշխանական համակարգի շրջանակում, որովհետև Ռոբերտ Քոչարյանը, ըստ էության, չունի առաջարկ: Այստեղ է Քոչարյանի հետնախագահական գործունեության առանցքային խնդիրը. նա ութ տարի շարունակ պարբերաբար հանդես եկավ իր մասին հարցազրուցային հիշեցումներով, սակայն այդպես էլ չարեց որևէ առաջարկ, որի համար կկրեր անձնական քաղաքական պատասխանատվություն: Սակայն, միաժամանակ լինելով իհարկե բավականին ազդեցիկ քաղաքական ֆիգուր, ելնելով մի շարք թե´ ֆինանսատնտեսական հանգամանքներից, թե´ Հայաստանի իշխանական համակարգի բնույթից և տրամաբանությունից՝ Ռոբերտ Քոչարյանն իր հարցազրույցներով անխուսափելիորեն ազդում էր ներքաղաքական գործընթացների ներքին տրամաբանության վրա: Բայց, այդ ազդեցությունն առավելապես եղել է հենց իշխող համակարգի օգտին, որովհետև Ռոբերտ Քոչարյանն այդպիսով մշտապես կամա թե ակամա թարմ է պահել ներքաղաքական կյանքի ազդեցիկ բևեռ լինելու հանգամանքը, իսկ ի՞նչը կարող է ավելի շահավետ լինել գործող իշխանության և ընդհանրապես իշխող համակարգի համար, քան այն, որ երկրորդ բևեռը լինի Ռոբերտ Քոչարյանը՝ուղղակի թե անուղղակի կերպով:

Այս տեսանկյունից, որևէ այլ շոշափելի, ակնկալելի արդյունք, որ հետապնդում է երկրորդ նախագահը, չի ուրվագծվում, քանի որ չի ուրվագվում անձնական պատասխանատվության որևէ հայտ: Փոխարենը նրա պարբերական ելույթներից հետո բավական հստակ է այն արդյունքը, որ դրանցից ստանում է գործող իշխանությունը, Սերժ Սարգսյանը, ՀՀԿ-ն, ողջ իշխող համակարգը:

Today's most read news !
Comments

Name: