Latest 10 episodes

Նոր վարչապետի պաշտոնի ստվերում

Կառավարության մոտալուտ փոփոխության տեղեկատվական հոսքում բնականորեն հասարակական մեծ ուշադրության է արժանանում վարչապետի պաշտոնը, և հանրային լսարանի առյուծի բաժինը կլանում է այդ գործոնը: Մինչդեռ սպասվում են նաև փոփոխություններ նախարարական կազմում:

Արդեն իսկ տեղեկություններ են հրապարակվում արտաքին գործերի նախարարի փոփոխության մասին, ըստ որոնց՝ Էդվարդ Նալբանդյանի փոխարեն այդ պաշտոնը կզբաղեցնի նախագահական աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը:

Դեռևս մի քանի շաբաթ առաջ, երբ Պուտինի մեդալին արժանացավ գործող նախարար Էդվարդ Նալբանդյանը, համարձակվեցինք ենթադրել, որ դա հրաժեշտի մեդալ է, և Պուտինը Նալբանդյանին շնորհակալություն է հայտնում հայ-ռուսական բարեկամության մեծ ավանդի համար, ինչը պարզապես Հայաստանի ինքնիշխանության չեզոքացման և Հայաստանն արտաքին քաղաքական հարցերում Ռուսաստանի արտաքին քաղաքականության կցորդ դարձնելու ավանդն է, ընդամենը: Այսպիսով՝ Էդվարդ Նալբանդյանը, ինչպես և ենթադրում էինք, հեռանում է:

Եվ Պուտինի մեդալի կոնտեքստում բնականորեն հարց է առաջանում՝ այդ հեռացումը ի՞նչ է փոխելու Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ: Եվ առանցքային հարցը, բնականաբար, այն է, թե արդյո՞ք այդ քաղաքականության մեջ փոխվելու է վեկտորը, կամ ավելի շուտ՝ Հայաստանը դադարելու է լինել ռուսական քաղաքականության կցորդ և վարելու է արդեն բացարձակապես սեփական շահերից բխող արտաքին քաղաքականություն, իսկ սեփական շահերն էլ չի բխեցնելու մեկ ելակետից՝ Ռուսաստանին չբարկացնել, չնեղացնել, չանհանգստացնել: Դա է եղել մինչ այսօր այն կետը, որից հետո միայն բխել են Հայաստանի մնացյալ շահերը, իսկ իրականում ոչ թե բխել, այլ խեղվել են: Այդ կետը փոխվելո՞ւ է արտաքին գործերի նախարարի հավանական փոփոխությամբ, թե՞ ոչ:

Սակայն հարցն այստեղ ունի նաև այլ կոնտեքստ: Մասնավորաբար, իսկ Հայաստանի արտգործնախարարի այդ փոփոխությունը և արտաքին քաղաքականության մեջ հնարավոր որոշակի կոսմետիկ կամ հիմնարար փոփոխությունները արդյոք պայմանավորված չե՞ն լինելու Ռուսաստանի քաղաքականության մեջ հնարավոր փոփոխություններով, այսինքն՝ եթե լինելու են նույնիսկ փոփոխություններ, արդյո՞ք դրանք հերթական անգամ ոչ թե Հայաստանի շահից, այլ ՌԴ փոփոխություններից են բխելու:

Այդ հարցն առաջ է գալիս այն կոնտեքստում, թե արդյո՞ք Ռուսաստանը հենց այդպես հեշտությամբ հանձնեց իր հավատարիմ Էդվարդ Նալբանդյանին, որի վկայությունն էր մեդալի հանձնումը: Ինչո՞ւ Մոսկվան չդիմադրեց, թե՞ չի զգում ինքնիշխանության վտանգ Հայաստանից: Թե՞ պարզապես Մոսկվայի դիմադրության ռեսուրսները նվազում են և այլևս չեն բավականացնում ամենուր և ամեն անգամ: Բայց արտաքին քաղաքականությունը կարևորագույն ուղղություն է, և ըստ այդմ՝ պետք է ենթադրել, որ գոնե կարևոր ուղղություններում Մոսկվան պետք է շարունակեր իր դիրքերը պահելու փորձը:

Սրանք հարցեր են, որոնց պատասխաններն, իհարկե, արագ ստացվող չեն, քանի որ կդրսևորվեն նոր արտգործնախարարի գործունեությանը զուգահեռ: Եթե այդ պաշտոնն իսկապես զբաղեցնի նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, ապա Սարգսյանն այն ֆիգուրն է, որը կարծես թե չի դիտարկվում ընդգծված ռուսական դաշտում և հավասարապես ընկալվում է արևմտյան ուղղության վրա: Այսինքն՝ նա որոշակի բալանսավորվածության կամ «դիվերսիֆիկացվածության» խորհրդանիշ է: Դա նշանակելո՞ւ է, սակայն, իրական բալանս, իրական դիվերսիֆիկացիա, թե՞ պարզապես մարտավարություն՝ պարզ չէ:

Ի վերջո՝ ակնհայտ է մի բան, որ Հայաստանի խնդիրը ներկայումս չի կարող լինել բալանսավորվածությունը, որովհետև բալանսը նախ դեռ պետք է վերականգնել՝ 2013 թվականի սեպտեմբերի 3-ից շեշտակիորեն խախտված բալանսը: Եվ այդ բալանսը վերականգնելու համար նախ դեռ պետք է ինտենսիվ աշխատանք իրականացնել արևմտյան, եվրաատլանտյան գործակցությունն առարկայացնելու, խորացնելու, իրական գործընկերային բովանդակության բերելու համար, որպեսզի նոր հետո միայն առաջանա դիվերսիֆիկացվածության կամ բալանսավորվածության հարց:

Հետևաբար մինչ այդ բալանսի վերականգնումը՝ «բալանսավորվածությունը» ընդամենը կարող է լինել առկա շեշտակիորեն խախտված բալանսի պահպանման, այսպես ասած, նոր փաթեթավորում, ինչպես, օրինակ, «ոչ-ոչ» տարբերակը՝ այն դեպքում, երբ եվրասիական ճահճում Հայաստանի միայն գլուխն է մնացել դուրս:

Today's most read news !
  • «Սպոն շատ ավելի տպավորիչ էր, ավելի մնայուն դարձավ». Դավիթ Թադևոսյան
  • Նաիրա Մովսիսյան.«Երկուսի դեպքում էլ մեծ պատասխանատվություն եմ զգում»
  • Արտակարգ դեպք Կապանի ԲԿ-ում. բժիշկը փորձել է բռնաբարել հիվանդ աղջկան
  • 61-ամյա Քրիս Ջենները պատրաստվում է ամուսնանալ 36-ամյա ընկերոջ հետ
  • Նա ժամանակին չթողեց ինձ սխալ քայլեր անել. Մարտա
  • Մխիթարյանի մանչեսթերյան կյանքի մասին
  • Ընկերական հավաքույթներ․ Քիմ Քարդաշյանն ու Նաոմի Քեմփբելը հանդիպել են Նյու Յորքում
  • Մանվել Գրիգորյանի ճակատագիրն անհայտ է. Սերժ Սարգսյանը նրա հետ կապված այլ պլաններ ունի
Comments

Name: