Հովիկ Աբրահամյանն ասաց ամենակարևորը

Եվ այսպես, Հովիկ Աբրահամյանի պաշտոնանկությունն այլևս իրականություն է պաշտոնապես: Թեև սեպտեմբերի 8-ին նա հայտարարեց նոր կառավարության ձևավորման հնարավորություն տալու, բոլորի հաջողության համար նոր սկզբի շանս տալու նպատակով հրաժարականի որոշման մասին, այնուհանդերձ ակնհայտ է, որ Հովիկ Աբրահամյանը հրաժարական է տվել պարտադրված: Այլ հարց է, թե ինչով կամ ումով պարտադրված. նրան հրաժարական է պարտադրել, այսինքն՝ պաշտոնանկ է արել Սերժ Սարգսյանը, աշխարհաքաղաքական իրավիճակը, թե՞ սեփական գործունեության անարդյունավետությամբ պարտադրված սոցիալ-տնտեսական անմխիթար վիճակը, կամ որևէ այլ պարագա:

Ակնհայտ է, որ Հովիկ Աբրահամյանը պաշտոնանկ է եղել, և հազիվ թե այդ իրողությունը հնարավոր լինի թաքցնել հրաժարական տալու որոշման մասին նրա որոշակիորեն մեծահոգաբար արվող հայտարարությամբ: Իսկ Աբրահամյանն ակնհայտորեն փորձ է անում իր հրաժարականը ներկայացնել իբրև պետությանն ու հանրությանն արվող, նոր սկզբին չխանգարելու «մեծահոգություն»:

Բացառված չէ իհարկե, որ դրա հնարավորությունն է Աբրահամյանին տրվել հենց «մեծահոգաբար», որպես հեռանալու բարոյական փոխհատուցում: Հովիկ Աբրահամյանն իր հրաժեշտի ելույթում խոսում է այն մասին, որ հաջողության համար չկար միասնականություն, հասարակությունը բևեռացված էր: Երբ Հայաստանի իշխող համակարգի որևէ պաշտոնյա խոսում է հասարակության միասնականության մասին կամ ընդհանրապես որևէ երևույթի մասին խոսելիս անդրադառնում է, հղումներ է անում հասարակական վիճակին, ապա դա ինքնաբերաբար նշանակում է ընդամենը ներհամակարգային, ներիշխանական վիճակի փոխաբերականություն: Դա պարզից էլ պարզ է, նկատի ունենալով այն, որ հասարակությանը այդքան հղում անող իշխանությունը գործնական քայլեր կաներ այդ հասարակության շահերի հիմնարար պաշտպանության ուղղությամբ, մինչդեռ պաշտպանվում են, պաշտպանվել են և ըստ երևույթին կպաշտպանվեն լոկ համակարգային շահերը: Հետևաբար եզրակացությունը պարզ է՝ հասարակությունը նրանց համար համակարգի մասին խոսելու փոխաբերական ռեսուրս է:

Եվ ուրեմն, խոսելով հաջողության համար հասարակական միասնականության պակասի մասին, խոսելով այն մասին, որ ինքը մշտապես ձգտում էր կատարել միավորող դեր և վերացնել անջրպետները, Հովիկ Աբրահամյանն էլ անկասկած նկատի ունի համակարգը: Եվ սա իհարկե նրա ելույթում հնչող առանցքային շեշտադրումներից մեկն է: Նա փաստորեն մեղադրում է համակարգին, որ չմիավորվեց իր շուրջը, միասնական չեղավ իր շուրջը: Խնդիրն այն է,որ Հովիկ Աբրահամյանի վարչապետությունը 2014 թվականի ապրիլից ի վեր ակնհայտորեն միտված էր և իրենից ներկայացնում էր քրեաօլիգարխիկ համակարգի թավշյա հեղաշրջում: Պատահական չէ, որ այդ կառավարության առաջին քայլերն ուղղված էին հենց խոշոր կապիտալի դիրքերի ամրացմանը: Աբրահամյանի խնդիրը հենց դա էր, որը, սակայն, նա փաստորեն չկարողացավ լուծել, քանի որ նրա հեռացումը ըստ էության այդ թավշյա հեղափոխության տապալումն է կամ տապալման վերջին ակորդը: Եվ պատահական չէ նաև, որ Հովիկ Աբրահամյանը ակնարկում է, որ այստեղ ինքը չէ, որ չի արդարացրել համակարգի հույսերը, այլ համակարգն էլ չի արդարացրել իր հույսերը և չի եղել միասնական, չի միավորվել իր շուրջ:

Միաժամանակ, Աբրահամյանը հայտարարում է, որ ակտիվորեն փորձելու է շարունակել անջրպետները վերացնելու իր առաքելությունը: Դրանով նա ըստ էության քրեաօլիգարխիկ համակարգին, որի համար պատասխանատվությունը ստանձնել էր 2014-ի ապրիլին և որի հովանու ներքո էլ ստանձնել վարչապետի պաշտոնը, ակնարկում է, որ պատրաստ է «համախմբվելու» դեպքում վերստին առաջնորդել նոր փորձը: Եթե իհարկե դրա հնարավորությունը լինի, առավել ևս, որ Հովիկ Աբրահամյանը խոստովանում է նաև իր աշխարհաքաղաքական տապալումը, իր անհաջողության պատճառների շարքում թվարկելով նաև աշխարհաքաղաքականությամբ առաջացող ներքին տարաձայնությունները: Իսկ դա ըստ էության ակնարկ է այն մասին, որ, խոշոր հաշվով, տապալվում է համակարգը, ոչ թե ինքը:

Հասկացե՞լ է դա Հովիկ Աբրահամյանը և բացատրում է հեռանալուց առաջ, թե՞ պարզապես դա էլ որոշակի արդարացումներ փնտրելու տարբերակ է՝ դժվար է ասել, սակայն կարծեք թե հստակ է մի բան, որ հենց այդ ակնարկն ու շեշտադրումը Հովիկ Աբրահամյանի վարչապետության մոտ 2,5 տարիների ընթացքում թերևս ամենահամարժեքն ու իրատեսականն է՝ մեծ հաշվով, պաշտոնանկ է եղել Հայաստանի իշխող համակարգը: Պարզապես պարզ չէ, թե ինչ համակարգ է գալիս դրան փոխարինելու, առավել ևս, որ դրա համար օգտագործվելու է տապալված կամ փլուզվող համակարգի նույն շինանյութը, ըստ որում՝ արդեն մի քանի անգամ օգտագործված:

Today's most read news !
  • Գարիկ Մարտիրոսյանը «խղճացել» է Մոնակոյի «աղքատ» բնակիչներին
  • Ծննդկանի մահվան գործով ամբաստանվող բժշկուհին հրաժարվում է հարցուպատասխանից
  • Հայկական շոու բիզնեսի անցած շաբաթվա ամուսնություններն ու բաժանությունները
  • «4 տարբերակ»-ի ամառային ֆոտոշարքն ու «պաշտոնները»
  • ՔԵնդել Ջենները նոր ֆոտոսեսիայի համար մերկացել է
  • Ժաննա Բուտուլյանը Դաթոյի Հետ
  • Մահվան ելքով վրաերթ Երևանում. 45-ամյա վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին
  • Ծաղկաձոր ժամանած հյուրերն ու տպավորիչ ելույթները՝ մնջախաղի միջազգային փառատոնին
Comments

Name: