Latest 10 episodes

Ամեն անգամ «քշել Թուրքիա՞», թե՞ մի անգամ նստել ու խորհել

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի՝ «Ինտերֆաքս» գործակալությանը հարցազրույցից հետո Հայաստանի հանրության մի շարք շրջանակներ կրկին արձագանքում են այնպես, կարծես առաջին անգամ է հայտնի դառնում, որ կարգավորման տարբերակները ենթադրում են տարածքների վերադարձ՝ կարգավիճակի կամ միջանկյալ կարգավիճակի, իսկ ըստ կազանյան կամ լավրովյան պլանների էլ՝ ըստ էության ոչ մի բանի դիմաց:

Եվ ահա, ամերիկացի համանախագահն իր հարցազրույցում ասում է, որ կարգավորումը ենթադրում է տարածքների վերադարձ ԼՂ կարգավիճակի դիմաց: Այդ բանաձևը Հայաստանի հանրությանը պետք է որ հայտնի լինի արդեն երկու տասնամյակ: Հայաստանի իշխանությունը կամ իշխանությունները՝ ի դեմս երեք նախագահների, իհարկե, տարբեր դետալային «համեմումով», բայց ընդհանուր առմամբ միշտ էլ հավանություն են տվել այդ բանաձևին: Եվ առնվազն տարօրինակ է Հայաստանի հանրության արձագանքը, երբ ամեն անգամ լսելով այդ մասին՝ դրսևորում է այնպիսի կեցվածք, կարծես ծանոթանում է հայտագործության կամ բոթի:

Իրավիճակը հիշեցնում է հայտնի անեկդոտը, երբ հաճախորդը նստում է տաքսի և հրամայում՝ «Քշի՛ր Թուրքիա»: Պարզվում է, որ նա նոր է իմացել, որ թուրքերը հայերի հողերը գրավել են: Հիմա պարզվում է, որ Հայաստանի հասարակությունն ամեն անգամ նոր է իմանում, որ կարգավորումը ենթադրում է տարածքային զիջում:

Խնդիրն այն է, որ այդ հասարակությունը ըստ էության ոչինչ չի արել, որ կարգավորումն այդպիսի զիջում չենթադրի, որ կարգավորումը լինի բոլորովին այլ բնույթի, բովանդակության, այլ քաղաքական շեշտադրումների և ռազմա-քաղաքական հանգամանքների շրջանակում: Երևի թե ավելի հարմար ու շահավետ է ամեն անգամ զարմանալ, ամեն անգամ աղմուկ բարձրացնել լսածի կապակցությամբ, ամեն անգամ այդ աղմուկի միջոցով ինչ-ինչ հարցեր լուծել կամ փորձել լուծել, ու այդպես մի քանի անգամ կրկնվող ցիկլով, ինչից որևէ արդյունք չկա Հայաստանի համար կարգավորման այդ իսկապես կորստաբեր և վտանգավոր տրամաբանությունը հիմնավորապես փոխելու հարցում: Ու փաստացի չի էլ կարող լինել, քանի որ այդ արդյունքն իհարկե պետք է լինի կա՛մ քաղաքական, կա՛մ քաղաքացիական որևէ գործընթացի շնորհիվ, որտեղ խնդիրը ամենևին աղմուկը չէ՝ ամեն հարմար առիթով, այլ հիմնարար, նույնիսկ գիտական հանգամանալից աշխատանքը և կոնցեպտուալ մոտեցումների ձևավորումը, երբ հանրությանը կներկայացվեն ոչ միայն ընդհուպ հիստերիկայի հասնող տագնապներ, որոնք, հաճախ բխելով կարգավորման բովանդակային տրամաբանության խորքից, այնուհանդերձ էական աղերս չունենալով ընթացիկ պրակտիկ քաղաքական գործընթացների հետ, ավելի շատ իշխանություններին են ծառայում, քան անվտանգությանը, այլ սկզբունքային հայեցակարգային մոտեցումներ տարածքները պահպանելու վերաբերյալ:

Վաղուց ժամանակն է, որ հայաստանյան հասարակությանը տալ-չտալու դիսկուրսից վեր մատուցվի պահելու ձևի, բովանդակության, հեռանկարների մարտավարության ու ռազմավարության վերաբերյալ դիսկուրսը: Եվ դա մատուցվի ոչ միայն հանրությանը, այլ նաև միջազգային քաղաքական դերակատարներին՝ որպես աշխարհաքաղաքականության հայկական կոնցեպտներ: Արցախյան խնդիրն ինքնին եղել է աշխարհաքաղաքական կոնցեպտ, որ հայությունը մատուցել է միջազգային հանրությանը ԽՍՀՄ փլուզմանը զուգահեռ: Արցախյան շարժումն իր կոնցեպտուալությամբ է նաև հասել զգալի հաջողությունների, քանի որ հենց դրա շնորհիվ է արժանացել միջազգային բավական լուրջ ընկալման: Այստեղ դեր չի խաղացել լոկ այն, որ շարժումը հնարավոր էր օգտագործել ԽՍՀՄ դեմ, Մոսկվայի դեմ: Էական դերակատարում ունեցել է այն, որ իր բովանդակությամբ այն եզակի կոնցեպտուալ շարժում էր՝ աշխարհաքաղաքական լրջագույն ընդգրկումով և շարժման ընթացքի մեծ մասով այդ ընդգրկման կայուն գիտակցումով:

Պատերազմական փուլի ավարտից հետո աստիճանաբար սկսեց հօդս ցնդել այդ կենցեպտուալությունը, և առաջ եկավ լոկ իրավիճակային լուծումների և դիտարկումների մի փիլիսոփայություն, որտեղ հիմքում արդեն իշխանություն պահելու խնդիրն էր, պետականության նույնականացումն իշխանության հետ:

Դրան զուգահեռ, Ղարաբաղյան խնդիրը աստիճանաբար սկսեց աշխարհաքաղաքական կոնցեպտուալության փոխարեն ներծծվել կայսերական ռեվանշիզմի հեռանկարներով՝ դառնալով կայսերական տիրապետության վերականգնման ռուսական ռազմավարության՝ առանցքային դիտարկվող օղակներից մեկը: Հայաստանում երկու տասնամյակների ընթացքում չեղավ այդ գործընթացի հանդեպ թե՛ քաղաքական, թե՛ քաղաքացիական բովանդակային դիմադրություն: Միայն այն, որ պախարակվում են տարածք հանձնելու իշխանական և քաղաքական դաշտի մեծ մասին բնորոշ քաղաքականությունն ու մոտեցումները, դեռևս բավարար չէ հակառակ դիրքորոշման գործոնի արդյունավետության բարձրացման, սուբյեկտության ձևավորման համար:

Պետք է վերականգնել տարածք պահպանելու մոտեցման աշխարհաքաղաքական կոնցեպտուալությունը, ինչը հայրենասիրականից բացի պահանջում է քաղաքական և ռազմա-քաղաքական լրջագույն բովանդակություն, Ղարաբաղյան խնդրում հայկական դիրքորոշումների միջազգային լեգիտիմությունը, աշխարհաքաղաքական լեգիտիմությունը վերականգնելու համար:

Today's most read news !
  • Ամուսնու անակնկալը Հռիփսիմե Ելինյանի 33-ամյակին եւ ապագա երեխայի անունը
  • Ռոզի Ավետիսովան՝ «Եթե գտնեմ քեզ» նոր հեռուստասերիալի և ապագա ծրագրերի մասին
  • Իրինա Հարությունյան.«Տղաս անտրամադիր էր ու լալիս էր»
  • Լիլի Էլբակյան.«Չեմ վախենա ասել, որ…»
  • Հենրիխ Մխիթարյանը հայկական կերակուրներ է ըմբոշխնում Մանչեսթերի հայկական ռեստորանում
  • Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը՝ զբոսնելիս
  • Սեյրան Օհանյանի ծառուկյանական դիլեման
  • Ռուսաստանը նոր գերհզոր համակարգ է բերել Գյումրի. որո՞նք են թիրախները
Comments

Name: