Latest 10 episodes

Ծառուկյանի թիկնազորի անդամը ներկայանալով ԱԱԾ աշխատակից՝ խաբել, քաշքշել ու «քցել» է քաղաքացուն

Չորս երեխայի հայր, Երևանի բնակիչ Վրեժ Գալստյանը երկու տարի է՝ չի կարողանում Գագիկ Ծառուկյանի թիկնազորի անդամ ներկայացած Կարեն Առաքելյանից հետ ստանալ ավտոմեքենայի համար վճարած կանխավճարը։

2014 թվականի հոկտեմեբր ամսին list.am հայտարարությունների կայքով Վրեժը հայտարարություն է կարդում, որ տարաժամկետ մարումով մեքենա է վաճառվում։ Զանգահարում է, պայմանավորվում, գնում է մեքենան տեսնելու։ Մեքենայի տերն ասում է, որ մեքենայից մաս է պակասում, եթե այդ մասը տեղադրվի, ապա այն շատ լավ կաշխատի։ «Գալիս ենք պայմանավորվածության, ես իրեն, պայմանավորվածության համաձայն, 2800 ԱՄՆ դոլար եմ տալիս ու պայմանավորվում, որ հաջորդիվ ամեն ամիս 700 դոլար պետք է վճարեմ, մինչև լրանա 6000 դոլարը։ Մեքենան այդքան արժեր։ Պայմանավորվում ենք, գնում ենք նոտար, պայմանագիր ենք կնքում, և նոտարն ասում է, որ 15-օրյա ժամկետում պետք է գնալ ճանապարհային ոստիկանություն և անվանափոխություն իրականացնել։ Սակայն Կարենը, անակնկալի գալով, համոզում է Կարենին չգնալ և անվանափոխություն չանել, քանի որ եթե տարվա մեջ երկու մեքենա ես վաճառում, պետք է հարկ վճարես։ Խնդրեց, որ իզուր այդքան փող չտանի տա պետությանը»,-«Առաջին լրատվական»-ին պատմեց Կարենը։

Նրա խոսքով՝ իր ձեռքին արդեն իսկ ունենալով պայմանագիրը և Կարենի հետ «տղամարդավարի պայմանավորվածությունը»՝ համաձայնում է անվանափոխություն չանել և չգրանցել մեքենան։ «Նշեմ, որ հենց սկզբից Կարենը ներկայանում էր որպես Գագիկ Ծառուկյանի թիկնազորի անդամ։ Ասում էր, որ անձամբ շրջում է Ծառուկյանի հետ։ Անգամ ճանապարհին ես իրեն հարցրի, թե ճի՞շտ է, որ Ծառուկյանի ախրանայի մեջ ԱԱԾ-ից մարդ կա, նա հաստատեց։ Ասաց՝ ճիշտ ես լսել, կա մարդ ԱԱԾ-ից, որից մեկն էլ ես եմ։ Դա էլ ավելի վստահություն տվեց ինձ, որ լուրջ մարդ է, ու խնդիրներ չեն առաջանա»,- ասաց Վրեժը։

Ինչևէ, պայմանավորվածությունից հետո Կարենը մեքենան տալիս է Վրեժին, սակայն շատ քիչ վարելուց հետո պարզվում է, որ մեքենան լուրջ անսարքություն ունի։ Վրեժը քաղաքի բոլոր ավտովերանորոգման կետեր տանում է մեքենան, սակայն պարզվում է, որ Կարենի ասած մասը չի անսարք, այլ մեքենան լուրջ խնդիր ունի շարժիչի հետ, որը նորոգելը բավական թանկ արժե։ Երբ գալիս է հերթական վճարում կատարելու օրը, Վրեժը Կարենին ասում է, որ մեքենան չի նորոգվում և խնդրում է՝ կա՛մ մեքենան տանի նորոգի, տա իրեն, կա՛մ այլ լուծում գտնեն։ Անգամ պայմանագրում է ֆիքսված լինում, որ անսարքությունների պարագայում մեքենայի տերը պետք է այն վերացնի։

«Այս ամենից հետո, սակայն, Կարենը բորբոքվեց, թե դու տեղը չե՞ս բերում՝ ում հետ գործ ունես, դու քանի՞ գլխանի ես, դու ոնց որ թե առաջին օրը չհասկացա՞ր՝ ես ով եմ։ Ասաց, որ ինձ ոչ մի բան չունի տալու, իսկ եթե հարցեր էլ ունեմ, պարզելու գնամ Ծառուկյանի տան մոտ գտնվող լցակայան։

Ես ընկերոջս հետ գնում եմ, ու մեքենայից իջնում ենք, որ Կարենի հետ խոսենք, մեկ էլ տեսնենք՝ 30-40 հոգի։ Ծառուկյանի թիկնապահներից բռնած մինչև լցակայանի աշխատակից սաղ մեզ դիմավորեցին ու սկսեցին մեզ քաշել մի անկյուն, որ մեզ ծեծեն՝ պնդելով, որ հրամանը վերևից է։ Եվ Ծառուկյանն է տեղյակ սրանից և Էդոն (Ծառուկյանի թիկնազորի պետը)»,- շարունակեց պատմել մեր զրուցակիցը։

Ծեծից ու հետագա հետևանքներից խուսափել հաջողվում է Վրեժի ընկերոջ միջոցով, որը ծանոթ է լինում Կոտայքի մարզպետ, Ծառուկյանի փեսա Կարապետ Գուլոյանի հետ։ Վերջինիս զանգելուց հետո միայն Ծառուկյանի թիկնազորը չի ծեծում Վրեժին ու ընկերոջը՝ չմոռանալով հավելել, որ միակ մարդիկ են, որ այդտեղից նորմալ վիճակով են հեռանում, քանի որ «ով ռիսկ է անում-գալիս է այդտեղ, իրենց հետ հանդիպման, կա՛մ սկոռիով են տանում, կա՛մ գալիս տանում են»։

Վերջում թիկնազորի անդամները Կարենի մեքենան խլում են Վրեժի ձեռքից՝ հայտարարելով, որ Էդոյի հրամանն է. «Ասացին՝ էդոն ասում է՝ մեքենան թողնում ես, գնում ես ստեղից։ Ու մի ամիս ժամանակ տվեցին, որ տանեմ, մեքենայի ամբողջ գումարը փակվեմ, եթե չէ, այլևս ոչինչ չի ստանա։ Ո՛չ նախապես տվածս փողը, ոչ էլ մեքենան»։

Վրեժն ասել է, որ ինքը չորս երեխա է պահում, ու եթե հնարավորություն ունենար կանխիկ գումարով մեքենա գնել, ապա Կարենի հետ գործ չէր բռնի, սակայն թիկնազորի անդամներն ու Կարենը անդրդվելի են լինում։ Այդ միջադեպից հետո էլ Վրեժը մի քանի անգամ զանգահարում է Կարենին, հորդորում ընդհանուր հայտարարի գալ, սակայն նորից ոչինչ չի ստացվում։ «Կարենն ասում էր, թե բա իմ ձեռքը ոչինչ չկա, Էդոն ա սաղ որոշում։ Ես բան չեմ կարա անեմ, ինչ ուզում ես՝ արա, ուզում ես՝ Գասպարյան Վովային դիմի, ում ուզում ես՝ դիմի։ Միակ մարդը Էդոն ա, եթե ասի տուր՝ կտամ»։

Վրեժը մեզ պատմեց, որ անգամ իր երեխայի ծնվելու օրը զանգահարել է Կարենին, խնդրել իր տված գումարից մի հինգ հարյուր դոլար, որպեսզի կարողանա հիվանդանոցային ծախսերը հոգալ, մերժում է ստացել։ «Ասաց՝ քեզ տալու ոչ մի բան չկա։ Կուզես արի մի 20-30 դոլար նվեր կտամ իմ կողմից»։

Այս ամենից հետո Վրեժը դիմում է Աբովյանի ոստիկանություն, փաստեր ներկայացնում, սակայն ոստիկանությունը, հասկանալի պատճառներով, առանց հանգամանալից քննության հանցակազմի բացակայության հիմքով գործը կարճում է՝ նշելով, որ պետք է դիմել դատարան, քանի որ հարցը քաղաքացիաիրավական դաշտում է։

Ճարահատյալ, Վրեժի հայրը նամակ է գրում Գագիկ Ծառուկյանին, ներկայացնում, որ այդպիսի խնդիր կա թիկնազորի հետ, որից հետո Էդոն զանգահարում է, հանդիպում է նշանակում, որի ժամանակ պարզվում է, որ ո՛չ Ծառուկյանը, ո՛չ Էդոն այս դեպքից տեղյակ չեն լինում։ «Ես հավատում եմ, որ իրենք տեղյակ չեն եղել, քանի որ շատ դեպքեր եմ լսել, որ ախրանան իր տերերի անունից է գործել, որից նրանք տեղյակ չեն եղել։ Հայրս պատմեց, որ հանդիպման ժամանակ Էդոյի զայրույթն այն աստիճան է եղել, որ նկարագրելու չի։ Եվ հենց Էդոն է ասում, որ Կարենը Ծառուկյանի թիկնազորից չի, ոչ էլ ԱԱԾ-ից է, այլ իրենց լցակայանի աշխատակիցն է ընդամենը։ Հենց հորս ներկայությամբ էդոն զանգում է Կարենին, ամենավերջին բառերով հայհոյում է, իրենց անունից գործելու և մարդկանց ձեռքից մեքենան խլելու համար ու ժամանակ է տալիս գումարը վերադարձնելու համար»,- պատմեց Վրեժը։

Սակայն Կարենին հաջողվում Էդոյին հակառակը համոզել, որ իբր Կարենն է մեքենան թողել իրենց մոտ ու գնացել։ Եվ երբ պայմանավորվում են միասին գնալ Էդոյի մետ, Կարենը հայտարարում է, որ էլ Ծառուկյանենց մոտ չի աշխատում. «Ասաց՝ ես էլ իրանց մոտ չեմ աշխատում, ու էդոն ո՞վ ա, որ իմ հարցերը կարգավորի։ Էդոն չի, որ պետք ա իմ կյանքը կառավարի»։

Դրանից հետո մինչև վերջերս Վրեժը մի քանի անգամ զանգահարել է Կարենին, բայց անօգուտ։ Արդյունքում իր վճարած 2800 դոլարը և մեքենայի նորոգման վրա ծախսված մոտ 1000 դոլարից մի դրամ Վրեժը հետ չի ստացել, ոչ էլ մեքենան։ «Եթե ինքը մենակ լիներ, ես կհավատայի, որ գլուխ է գովում։ Բայց այս դեպքին խառնվեց ամբողջ թիկնազորը, օգտագործեցին Ծառուկյանի ու Էդոյի անունները ու ինձ այսպես փաստի առաջ կանգնեցրին։ Ի դեպ, ինձ հետ այս վեճի ժամանակ Կարենն արդեն նորից այդ մեքենան վաճառել էր»,- եզրափակեց մեր զրուցակիցը։

Կարենն այս ամենին շատ կարճ է արձագանքել՝ եթե ինքը մեղավոր լիներ, ոստիկանությունն իրեն կպատժեր։

Today's most read news !
  • Արամեի կնոջը հղիությունը շատ է սազում. նոր լուսանկարներ
  • Կոտայքում 34-ամյա տղամարդը, սաունայում զվարճանալուց հետո տուն վերադառնալով, դաժան ծեծի է ենթարկել կնոջը
  • Հայուհի իլյուստրատորի նվերն Արփինե Գաբրիելյանին և Միհրան Ծառուկյանին
  • Հայկոյի և Հրաչուհի Ութմազյանի ընկերական ջերմ լուսանկարը
  • Kompromat Թրամփի, գեներալ Մանվելի և այլոց դեմ. ինչպես ռուսական շանտաժը ուրացրեց Հոկտ. 27-ը
  • Բիկինիով Իվետա Մուկուչյանը՝ Մեքսիկայի լողափում
  • Բացառիկ լուսանկարներ Սևակ Խանաղյանի երևանյան առաջին համերգից
  • Գյումրիում հորաքրոջ տնից 6 միլիոն դրամի զարդեր գողացած 45-ամյա տղամարդը ինսուլտից մահացել է
Comments

Name: