Այն, ինչ Բաքվին անհանգստացրել է Իսկանդերից ավելի

Հայաստանի անկախության տարեդարձի առիթով կազմակերպված ռազմական շքերթին Իսկանդեր օպերատիվ-մարտավարական հրթիռների և մի շարք այլ նոր տեսակի սպառազինության ցուցադրությունն Ադրբեջանում արժանացել է ոչ միայն մամուլի, այլև իշխանության արագ արձագանքին: Համենայնդեպս, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ Ալիևի հրահանգով, որում քննարկվել են ուշագրավ հարցեր: Մասնավորապես, ինչպես տարածվել է պաշտոնական հաղորդագրությամբ, խորհրդակցությանը հատուկ ուշադրության է արժանացել հետախուզական գործունեության բոլոր տեսակների ուժեղացմանը՝ տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակի հիմքով, հակառակորդի վերահսկած տարածքում նոր թիրախների հայտնաբերման, դրանց հնարավորությունների գնահատման և խոցման հաջորդականության սահմանման նպատակով: Սա բավական մարտաշունչ արձագանք է, ինչը սակայն նաև տրամաբանական է, քանի որ Հայաստանն էլ իհարկե ցուցադրել է ռազմատեխնիկական առումով ազդեցիկ մկաններ: Տվյալ պարագայում ադրբեջանական հաղորդագրության մեջ հետաքրքրական են շեշտադրումները:

Խոսելով հետախուզական աշխատանքի մասին՝ Ադրբեջանը, ըստ էության, կարծեք թե ակնարկում է այն, որ Հայաստանն իրականում չունի այն հզորությունները, որ ցուցադրել է, հետևաբար դեռ կարիք կա պարզելու, թե արդյոք դրանք առկա՞ են, այսպես ասած, զորահանդեսից դուրս: Այս «վարկածն» իհարկե նոր չէ: Ավելին՝ այս վարկածը ոչ միայն ադրբեջանական ծագում ունի, այլ շրջանառվել է նաև ռուսաստանցի փորձագետների շուրթերից, որոնք հայտարարել են, թե իրականում այդ Իսկանդերը հայկական ուժերինը չէ, այլ Ռուսաստանի ռազմակայանինն է, և այն ուղղված չէ Ադրբեջանին: Դժվար է ասել, թե ռուսական փորձագետները ինչպես են մոտիվացվում, նրանց մոտիվացիոն աղբյուրները Կրեմլում են, թե Բաքվում, կամ ավելի շուտ որ մի փորձագետի մասով որտեղ է գտնվում մոտիվացիոն աղբյուրը: Սակայն այստեղ իհարկե իրավիճակը բավականին նուրբ և բարդ է՝ նկատի ունենալով այն, որ ադրբեջանցիները գուցե ոչ թե հայկական կողմի, այլ ռուսական կողմի, այսպես ասած, «ազնվությունն» են դնում կասկածի տակ: Այն իմաստով, որ նրանք գուցե թե չեն հավատում ռուսական այն հավաստիացումներին, որ իսկանդերները իրականում հայկական չեն և ուղղված չեն Ադրբեջանի դեմ:

Բանն այն է, որ Իսկանդերը լոկ սպառազինության տեսակ չէ: Իսկանդերը նաև քաղաքականություն է, հետեւաբար Իսկանդերի մասին հայտարարությունը նաև քաղաքական հայտարարություն է: Այս տեսանկյունից հարկ է դիտարկել մի նրբերանգ: Երբ Ռուսաստանը ԱՄՆ հետ բանավիճում էր եվրոպական հակահրթիռային պաշտպանության ամերիկյան համակարգի հարցով, որ ԱՄՆ-ը ցանկանում է տեղակայել արևելաեվրոպական պետություններում, Մոսկվան խաղարկում էր հենց Իսկանդերի հանգամանքը՝ ասելով, որ եթե ԱՄՆ-ը տեղակայի այդ ՀՀՊ-ն Ռուսաստանի սահմանների մոտ, ապա Ռուսաստանն էլ Կալինինգրադում կտեղակայի Իսկանդեր համակարգեր: Կալինինգրադը, ինչպես հայտնի է, ՌԴ տարածք է: Տրամաբանությունը հուշում է, որ Ռուսաստանն իրավասու է իր սպառազինությունը տեղակայել իր տարածքում: Բայց կան նաև սպառազինության տեսակներ, որ նույնիսկ միջուկային տերությունները փաստորեն չեն կարող կամայականորեն տեղակայել և դրանք գործածում են որպես քաղաքական խաղաքարտեր:

Այդպիսով, դժվար չէ պատկերացնել, թե ինչ է նշանակում Իսկանդերի տեղակայումը Կովկասում, առավել ևս, երբ հայտարարվում է ոչ թե ռուսական ռազմակայանում դրանց տեղակայման մասին, այլ այն մասին, որ դրանք պատկանում են Հայաստանին: Եվ հատկանշական է, որ այդ հայտարարությունը խոշոր հաշվով չի առաջացնում քաղաքական միջազգային որևէ աժիոտաժ, չի առաջացնում անհանգստության ազդակներ Արևմուտքում, նաև Իրանում: Եվ սա վկայում է թերևս այն մասին, որ Հայաստանում Իսկանդերի տեղակայման մասին հայտարարությունը խոշոր հաշվով հանդիսանում է յուրօրինակ աշխարհաքաղաքական կոնսենսուս տարածաշրջանային անվտանգության հարցում: Սա իրապես կարող է անհանգստացնել Բաքվին, առավել ևս, որ այստեղ արդեն Իսկանդերի լինել-չլինելը կամ պատկանելությունը չէ խնդիրը, այլ հենց դրա մասին հայտարարության հարցում կոնսենսուսի առկայությունը: Եվ այստեղ Բաքուն իսկապես ունի իրավիճակը հասկանալու անհրաժեշտություն, այլապես չէր լինի արագ արձագանքը ՊՆ խորհրդակցության տեսքով: Բաքվում անկասկած հասկացել են, որ այստեղ գործ չունեն միայն Հայաստանի սպառազինության մասշտաբի կամ հայ-ռուսական գործակցության մասշտաբի հետ, այստեղ ձևավորված է ավելի լայն մասշտաբ, և ըստ էության՝ բոլորովին պատահական չէ նաև, որ Իսկանդերից բացի, Հայաստանի ռազմական շքերթում առկա են եղել նաև ՆԱՏՕ-ի անդամ առաջատար պետությունների դրոշներ:

Today's most read news !
  • Ադրբեջանի հերթական մարդասպանությունը. ապտակ Մինսկի խմբի համանախագահներին
Comments

Name: