Ինչ անել օլիգարխիայի կուտակած հարստության հետ

Հայաստանի տնտեսական իրական կացութաձևը, որն իշխանության ու բիզնեսի գերսերտաճում է հանդիսանում, ակնհայտորեն խոչընդոտում է Հայաստանի ստեղծագործական պոտենցիալի զարգացումը: Այս պարզ ճշմարտությունը չի հերքում անգամ իշխանությունը, որ հանդիսանում է այդ զարգացման ճանապարհի ամենամեծ քարը: Ավելին՝ իշխանությունը նույնիսկ ճանապարհներ է առաջարկում, իսկ իր իսկ խոսքով՝ քայլում նաև այդ ճանապարհներով, որոնք պետք է Հայաստանը դուրս բերեն ներկայիս վիճակից և բացեն հանրային պոտենցիալի փակ ճանապարհը:

Այդ քայլերի շարքում է մենաշնորհների և օլիգոպոլ գոյացությունների դեմ պայքարը, որը Հայաստանում հայտարարված է արդեն մի քանի տարի, սակայն տեղից շարժվում է միայն ճառերում: Այդուհանդերձ, մի պահ փորձենք ենթադրել, որ ճառերից հետո Կարեն Կարապետյանի վարչապետի պաշտոնն ստանձնելու հետո իշխանությունն անցել է գործի և իսկապես պայքարում է օլիգոպոլիաներին և մոնոպոլիաներին օրենքով պաշտպանված մրցակցային դաշտ բերելու համար: Դժվար է դա պատկերացնել, սակայն փորձենք:

Եվ այսպես, օլիգարխիան գալիս է օրենքի դաշտ, բիզնեսը տարանջատվում է իշխանությունից՝ իշխանավորները իրենց բիզնեսն են թողնում, բիզնեսմենները թողնում են իրենց պաշտոնները, ստեղծվում է, ըստ էության, սահմանադրական մի վիճակ: Այդ վիճակը, սակայն, չի կարող հանդիսանալ զարգացման գրավական: Այսինքն՝ այդ վիճակն ինքնին չի կարող հանդիսանալ զարգացման գրավական: Բանն այն է, որ այս ընթացքում Հայաստանում տեղի է ունեցել կապիտալի գերկուտակում մի քանի շրջանակների, այսպես ասած՝ «կլաստերների» ձեռքում: Այստեղ կենտրոնացած է մեծ քանակի կապիտալ և ռեսուրսներ: Կուտակման ճանապարհները տարբեր են եղել, սկսած առաջին միլիոնի դիլեմայից, մինչև հետագա միլիոններ կամ միգուցե միլիարդներ, ինչպես ասվում է որոշ մարդկանց դեպքում: Ինչքան էլ տեղի ունենա սահմանադրական հարթեցում և մրցակցայնացում, առաջանում է մեկնարկային պայմանների խնդիր, որում բնականաբար առաջատարը, ընդ որում՝ անվիճելի, բացարձակ առաջատարը հանդիսանում են քրեաօլիգարխիկ տնտեսության «կլաստերների» ներկայացուցիչները:

Մինչ այդ, ընդհանրապես հարկ է նկատել, որ կապիտալի ուժն ու իշխանությունն աշխարհում անտեսելն անհնար է բոլոր երկրներում, անգամ սահմանադրական և իրավական: Ի վերջո, կան օբյեկտիվ իրողություններ, հատկապես տեխնոլոգիաների զարգացածության դարում, որտեղ կապիտալը մեծ հնարավորություններ է տալիս հանրային կյանքի վրա ազդելու համար: Այդ տրամաբանության մեջ տեղավորվում է նաև տնտեսվարումը: Կապիտալի գերկուտակումը Հայաստանում մի շարք մարդկանց հնարավորություն է տալիս ցանկացած բիզնեսի հարցում ունենալ պոտենցիալ մրցակիցներին, այսպես ասած, հենց «օրորոցում խեղդելու» հնարավորություն: Այսինքն, եթե ստեղծվում է տնտեսական և քաղաքական իրավահավասարություն, միևնույն է՝ առաջանում է տնտեսագիտական չգրված կանոնների համաձայն մրցակիցներին կապիտալի ուժով չեզոքացնելու խնդիր: Ու քանի որ Հայաստանում գերկուտակումը կամ կապիտալի բևեռացումը բավական մեծ ծավալների է հասել, այդ խնդիրը, հետևաբար, բավական սուր է արտահայտվելու, սովորականից ավելի սուր:

Այսինքն՝ մրցակցային հավասար միջավայրը Հայաստանի դեպքում արդեն շատ ուշացած և անբավարար մեթոդ է՝ հասարակական ստեղծագործական պոտենցիալը բացելու և զարգացման հիմքում դնելու համար: Հայաստանի համար այսօր հրատապ է բևեռացված կապիտալի կարգավորման մեխանիզմների մշակումը, առանց որի զարգացումն անհնար է անգամ բյուրեղյա մաքրության մրցակցա-իրավական միջավայր ձևավորելով: Իսկ ինչպե՞ս կարգավորել այդ կապիտալի վարքը: Դա, իհարկե, ամենաբարդ հարցն է, որովհետև այստեղ իրավիճակը շատ մոտենում է «կուլակաթափության» խնդրին:

Այն, որ Հայաստանում շատ ոլորտներում անհրաժեշտ է ազգայնացման գործընթաց՝ Հայաստանի ներկայիս վիճակից ավելի ու ավելի անայլընտրանք է դառնում: Պետք է քննարկվի իհարկե, թե ինչ ծավալներ պետք է ունենա ազգայնացման գործընթացը, որ ոլորտներում ինչ մասնակցություն պետք է ունենա հանրությունը՝ ի դեմս պետության: Այստեղ յուրաքանչյուր ընկերության առումով անհրաժեշտ է կոնկրետ որոշում: Սակայն հարցը հենց այն է, թե ինչպիսին պետք է լինի փոխհատուցումը: Հայաստանում մասնավորեցման և սեփականաշնորհման գործընթացը տեղի է ունեցել ակնհայտ հանցագործություններով: Սակայն ստեղծվել է մի իրավիճակ, երբ այդ ամենի արդյունքում ձևավորվել են կարծր իրողություններ: Այդ իրողությունները քանդելը կարող է հանգեցնել թեկուզ ժամանակավոր տնտեսական ցնցումների: Այդ ցնցումների ուժը հաշվարկելը չափազանց բարդ ու դժվարին գործընթաց է, որովհետև սխալ հաշվարկելու դեպքում հնարավոր է ունքը շինելու փոխարեն աչքն էլ հանել:

Բանը, սակայն, միայն ազգայնացման անհրաժեշտությունը չէ: Խնդիրը ընդհանրապես առկա է հասարակությանը տնտեսվարման, ներդրումների հնարավորություններ ապահովելու տեսանկյունից: Ինչպե՞ս անել, որ կապիտալն իրենով չխեղդի այլոց: Չէ՞ որ կարող են լինել ավելի հնարամիտ, ճկուն և շնորհալի բիզնեսմեններ, որոնք սակայն կապիտալի հետ անհավասար մարտում տանուլ տան հիմնավորապես՝ անգամ օրենքով բոլոր պայմանների հավասարությունն ապահովելու դեպքում: Տնտեսությունն այս տեսանկյունից է նուրբ երևույթ, որ գրված օրենքներից զատ, ենթակա է նաև չգրված օրենքներին: Այ հենց դա է խնդիրը՝ ինչպես գրված օրենքներով կարգավորել չգրվածներն այնպես, որ մի կողմից ցնցում առաջացնող կուլակաթափություն չլինի, մյուս կողմից էլ կուտակված կապիտալը չշարունակի խեղդել այլոց հնարավորությունները: Հակառակ դեպքում, ոչ մի նշանակություն չկա մրցակցային հավասարության ապահովման մեջ, որովհետև արդեն իսկ կա մեկնարկային անհավասարության ցցուն իրողություն:

Հայաստանը ոչ թե վաղ թե ուշ կանգնելու է այս իրողության առաջ, այլ արդեն իսկ կանգնել է: Սրա առաջ կանգնելու էր Հայաստանը նաև իշխանափոխության դեպքում: Ցանկացած իշխանություն Հայաստանում բախվելու է այս խնդրին: Սակայն առ այսօր մեխանիզմների հարցում շրջակայքը աչքի չի ընկնում առատ առաջարկություններով: Մինչդեռ պետականության կայացման գործընթացի հաջորդ քայլը Հայաստանում որևէ մեկին չի հաջողվելու անել, Հայաստանին չի հաջողվելու անել, եթե գոնե բանաձևի տեսքով չգտնվեն այս հարցերի պատասխանները:

Today's most read news !
  • Ադրբեջանի հերթական մարդասպանությունը. ապտակ Մինսկի խմբի համանախագահներին
Comments

Name: