Կարեն Կարապետյանը վերջից է գալիս

Ներդրողը պետք է իմանա, թե ինչ հասցեով է պետք գնալ աջակցության համար, էկոնոմիկայի նախարարության վերանվանումը հիմնավորում էր նոր վարչապետ Կարեն Կարապետյանը: Կառավարության կառուցվածքային փոփոխությամբ էկոնոմիկայի նախարարության փոխարեն Հայաստանը կունենա ներդրումների և ձեռնարկատիրության աջակցման նախարարություն: Գրավիչ անվանում է, թեև բոլորին է պարզ, որ խնդիրը անվանումով չէ, որ լուծվում է: Մյուս կողմից, Կարապետյանն իհարկե չի էլ թաքցնում, որ առայժմ ձևավորում է հասցեն: Բայց ակնհայտ է, որ այդ հասցեի տակ տուն է պետք, շենք, շինություն, այսինքն՝ բովանդակություն: Այլապես կստացվի հայտնի անեկդոտի ոգով, երբ ինչ-որ մեկը ամայի տարածությունում կանգնած է միայնակ, արևի տակ, իսկ հեռվից անցնողներից մեկը նկատում և մոտենալով հարցնում է, թե ինչո՞ւ է կանգնած ամայի տարածությունում: «Այստեղ քաղաք են կառուցելու,- պատասխանում է մարդը,- և հավանաբար խանութ էլ կլինի, իսկ քանի որ խանութը նոր կլինի, հավանաբար կվաճառեն դեֆիցիտ ապրանք, որի համար հերթ կլինի, և ահա ես հերթ եմ պահել, որ լինեմ առաջինը»: «Բայց ի՞նչ գիտեք, որ հենց այստեղ է խանութ լինելու, կարող է և այլ տեղում լինել»,- հակադարձում է մյուսը: «Ես նախատեսել եմ դա, դրա համար էլ մի քանի այլ տեղերում եմ հերթ պահել»,- անվրդով պատասխանում է մարդը: ԽՍՀՄ տարիների այդ անեկդոտի ոգին կարող է տարածվել ներդրումների և ձեռնարկատիրության աջակցման նախարարության վրա, եթե հասցեն ձևավորվի, իսկ դրա տակ այդպես էլ չառաջանա որևէ բովանդակային շինություն: Իսկ հասցեով հնարավոր չէ խաբել որևէ ներդրողի: Այլապես նրանք, ովքեր Կարեն Կարապետյանից առաջ էին, բավարար խելք ունեին բազմաթիվ «պարզունակ հասցեներ» մոգոնելու և Հայաստանը ներդրումային դրախտի վերածելու համար:

Մյուս կողմից, Կարապետյանը նախ կախում է հասցեի ցուցանակը՝ շենքը կառուցելուց առաջ, քանի որ շենքը պահանջելու է շատ ժամանակ և լինելու է բարդ: Կարապետյանը փաստացի վերջից է գալիս, ըստ երևույթին՝ «վերջն ինչ է լինելու» հավերժական հայկական հարցը հանելու համար: Սակայն նրա համար երևի թե ավելի հրատապ է ոչ թե այդ հարցը, այլ կասկածները հանելը կամ ավելի շուտ կասկածի տեղիք չտալը: Կառավարության նիստում, որտեղ խոսվեց կառուցվածքային փոփոխությունների մասին, տեղի ունեցավ բաց բանավեճ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի միջև: Հենց այդ բանավեճում էր, որ Կարապետյանը Մինասյանին բացատրում էր, թե ինչ նպատակով է փոխում կամ ուզում փոխել նախարարության անվանումը: Մինասյանը դեմ էր այդ փոփոխությանը: Կասկած չկա, որ Մինասյանը միակ դեմը չէ: Ավելին՝ նախարարության փոփոխությունն էլ միակ հարցը չէ, որ Կարապետյանն իր որոշումներում կամ մտադրություններում արժանանալու է դիմադրության: Եվ բոլոր դիմադրողները չեն նաև, որ Արծվիկ Մինասյան են և կառավարության նիստի ընթացքում բաց և հրապարակային կերպով ներկայացնելու են իրենց դժգոհությունը կամ անհամաձայնությունը:

Այն, ինչ կարող է ոչ հրապարակային մակարդակում լինել տարբեր և անվանափոխությունից դուրս բազմաթիվ այլ հարցերում, երբ հարկ կլինի դիպչել այս կամ այն տնտեսաքաղաքական խմբի շահերին, Կարեն Կարապետյանը երևի թե լավ է պատկերացնում: Այլ կերպ ասած՝ նա լավ է պատկերացնում, թե ինչ պատնեշներ ու բարիկադներ են լինելու առջևից, ինչ բնույթի, տեսակի, մասշտաբի: Ընդ որում՝ դրանում ներառյալ իհարկե ոչ միայն զուտ ներիշխանական դիմադրությունը, այլ բնականաբար նաև այն ընկերաբարեկամական կապերը, որոնցով հայաստանյան իշխանական համակարգը միահյուսվել է տարիներ շարունակ՝ թելերով պարուրելով նաև այդ թվում Կարեն Կարապետյանին: Իհարկե, երբ բանը իշխանությունն ու պատասխանատվությունն է, այդ կապերն անցնում են երկրորդ պլան, սակայն նրանց ազդեցությունը առնվազն հոգեբանական առումով այնքան էլ երկրորդական չի դառնում: Կարապետյանը վերջից է գալիս այդ ամենը շրջանցելու համար՝ հուսալով, որ համակարգը չի հասցնի վերադասավորվել ու շրջվել հետ, ծանրաքարշ, ոչ բավարար ճկուն է դրա համար: Վերջից գալը նրա համար ամենայն հավանականությամբ լինելու է մարտավարության առանցքային գործոն: Համակարգի հետ դիմակայության հարցում նա այլ ելք չունի, իսկ դիմակայությանն էլ այլընտրանք չունի, եթե չի ցանկանում անփառունակ ավարտել ոչ միայն վարչապետի, այլ ընդհանրապես հայաստանյան գործչի կարիերան:

Հարցն այն է իհարկե, թե ինչքանով է այս խնդիրը կարևոր, ինչքանով է պատվախնդրությունը գերակա արժեք Կարեն Կարապետյանի համար: Սակայն, սրանից բացի, խնդիրն իհարկե նաև այլ տիրույթում է, քանի որ Կարապետյանը այստեղ միայն անձնական պատվախնդրության հարցեր չէ, որ լուծելու է կամ կոչված է լուծելու: Նրա առաջ դրված են իսկապես լրջագույն իշխանական տրանսֆորմացիա ենթադրող հարցեր, որոնք պայմանավորված են իշխող համակարգը խորագույն փակուղուց հանելու հրամայականով: Պետության խնդիրները հասել են այն աստիճանի, որ այլևս բեռ և ծանրություն, սպառնալիք և մտահոգություն են ոչ միայն շարքային քաղաքացիների, այլև իշխանության համակարգի համար: Եվ այս տեսանկյունից էլ, վերջից գալը խորհրդանշական է, այն իմաստով, որ, եթե միշտ հասարակությունն է եղել հարցնողը, թե վերջն ինչ է լինելու, այժմ արդեն իշխող համակարգն է Կարապետյանից սպասում, թե ինչ է լինելու վերջում:

 

Today's most read news !
  • Եղբորս մահը երբեք չեմ օգտագործել ինձ PR անելու համար. Գուրգեն Դաբաղյան
  • Իմ և ամուսնուս խոսակցություններն երբեմն այնքան բուռն են լինում, որ ասում եմ` վերջ. Զառա Սահակյան
  • Ռոբսոն, Դոն Պիպո․Ռուսաստանի հանցագործ աշխարհի հայ ներկայացուցիչներն աջակցում են Կարեն Կարապետյանին
  • Գագիկ Ծառուկյանի պատասխանը Սամվել Կարապետյանին
  • «Չեյնջ 2»-ը «Արմենիա Պրեմիում»-ի եթերում կցուցադրվի ապրիլի 4-ից
  • Շառլ Ազնավուրը բացահայտել է իր բնավորության գլխավոր հայկական գիծը
  • Վաչե Թովմասյանը` իր և Կարեն Բաբաջյանյանի միջև եղած խնդիրների և չշփվելու մասին
  • Քիմ Քարդաշյանը ցանկանում է ևս մեկ երեխա ունենալ
Comments

Name: