«Կոշի» գաղութի «զոն նայողը» կոլով ծեծելով սպանել է իր «ճտին». դատարանում ամեն ինչ գլխիվայր է շրջվել

Վերաքննիչ քրեական դատարանում քննվում է Անդրանիկ Մկրտչայնի գործով բերված վերաքննիչ բողոքը:

Գործը քննվել է Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Սուրեն Մնոյանի նախագահությամբ:

Անդրանիկ Մկրտչյանը 2008 թվականին Ռուսաստանում դատապարտվել էր 9 տարի ազատազրկման ավազակային հարձակման համար:

Տեղափոխվել է Հայաստան, 2013 թվականին պատժի չկրած մասը համաներման կիրառմամբ կրճատվել է 6 ամսով: Պատիժը կրել է «Կոշ» ՔԿՀ-ում, որտեղ, ըստ դատական ակտի, «բնակվել է ՔԿՀ-ի չորրորդ մասնաշենքի առաջին հարկում՝ որպես կացարան հարմարեցված խաղասենյակում: Այնտեղ մաքրման աշխատանքներ է կատարել նույն ՔԿՀ դատապարտյալ՝ սպանության համար դատապարտված Արտավազդ Գոհարյանը…»: Անդրանիկ Մկրտչյանը, ըստ մեղադրանքի, համոզված լինելով, որ Արտավազդ Գոհարյանն իր սենյակից գողացել է տարբեր կենցաղային պարագաներ, որպես քրեական հեղինակություն՝ տվյալ դեպքում նաև՝ «զոն նայող», Արտավազդին պատժելու նպատակով 2014 թվականի մայիսի 19-ին, ժամը 23-ից մինչև 23-ն անց 30-ն ընկած ժամանակահատվածում նույն սենյակում փայտով հարվածներ է հասցրել Գոհարյանի մարմնի տարբեր հատվածներին, նաև՝ գլխի գագաթային մասին: Գոհարյանի առողջությանը պատճառվել է ծանր վնաս՝ բաց, բութ գանգուղեղային վնասվածք: Արտավազդ Գոհարյանին տեղափոխել են ՔԿՀ բուժսպասարկման ստացիոնար բաժին, որտեղ նա ժամեր անց մահացել է:

Անդրանիկ Մկրտչյանին մեղադրանք էր առաջադրված դիտավորությամբ տուժողի առողջությանը ծանր վնաս հասցնելու համար, որի հետևանքով տուժողը մահացել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով:

Ընդհանուր իրավասության դատարանում Անդրանիկ Մկրտչյանն իրեն մեղավոր չի ճանաչել մեղսագրված արարքի համար: Նա հայտնել է, որ ՔԿՀ-ում պատիժ կրելու ժամանակ է ծանոթացել տուժող Արտավազդ Գոհարյանի հետ, ով բնակելի գոտում զբաղվել է մաքրման աշխատանքներով: Վերջինիս հետ գտնվել է նորմալ հարաբերությունների մեջ: Արտավազդը եղել է հանգիստ մարդ, նա հարգալից է վերաբերվել դատապարտյալներին ու ՔԿՀ աշխատակազմին, որևէ մեկի հետ կոնֆլիկտ չի ունեցել, երբեք վատ արարք չի կատարել: Ինքը Գոհարյանի հետ երբեք չի վիճաբանել ու նրան չի ծեծել: Տեղյակ է եղել, որ Գոհարյանն առողջական խնդիրներ ունի, իր իմանալով՝ նա մահացել է ստամոքսի խոցը պայթելու և արյունահոսելու հետևանքով:

Գոհարյանի մահանալու գիշերն ինքը քնած է եղել իր սենյակում, նրա մահվան մասին իմացել է դատապարտյալներից: Անմիջապես գնացել է բուժմաս ու տեսել է Գոհարյանին՝ արդեն մահացած վիճակում:

Ամբաստանյալ Անդրանիկ Մկրտչյանը պնդել է, որ իր դեմ ցուցմունք տված դատապարտյալ Արայիկ Մ.-ն դատապարտյալների կողմից բնութագրվում է որպես բացասական, բանսարկու անձնավորություն: Նրա ցուցմունքները՝ իբր տեսել է՝ ինչպես է ինքը ծեծի ենթարկել Գոհարյանին ու «կոլով» հարվածել նրա գլխին, սուտ են: Արայիկ Մ.-ն զրպարտել է իրեն, քանի որ ինքը, որպես հեղինակություն ունեցող դատապարտյալ, բազմիցս թույլ տված վատ արարքների համար դիտողություններ է արել նրան, մեկ անգամ էլ ապտակել է: Ինքը «կոլ» չի ունեցել, ոչ մի դատապարտյալի, այդ թվում և՝ Արտավազդ Գոհարյանին երբեք «կոլով» չի ծեծել:

Հիշյալ Արայիկ Մ.-ն, որի ցուցմունքները դրվել են մեղադրանքի հիմքում, նախաքննական ցուցմունքներում հայտնել է, թե ինքը գողության համար դատապարտվել է 7 տարի ազատազրկման ու 2014 թվականի փետրվարի 6-ից պատիժ է կրել «Կոշ» ՔԿՀ-ում: Այնտեղ ծանոթացել է «Ափո» մականունով դատապարտյալ Արտավազդ Գոհարյանի հետ, ով ՔԿՀ տարածքում զբաղվել է մաքրման ու այլ կենցաղային աշխատանքներով, մշակել է տարածքի ծառերն ու ծաղիկները: Արտավազդը մաքրման աշխատանքներ է կատարել նաև քրեական հեղինակություն համարվող, «զոն նայող» Անդրանիկ Մկրտչյանի քնելատեղում, որը գտնվել է «սանչաստ» կոչվող հանրակացարանի առաջին հարկի խաղասենյակում:

Դեպքից օրեր առաջ ինքը Անդրանիկ Մկրտչյանի սենյակի մոտով անցնելիս բաց դռնից տեսել է, որ Անդրանիկը փայտով ծեծում և հայհոյում է Գոհարյանին: Ինքը տեսել է, որ վերջինս արյունոտ դեմքով դուրս է եկել սենյակից, իր հարցին Արտավազդը պատասխանել է, թե Անդրանիկն իրեն մեղադրում է սենյակից ծխախոտ, սուրճ, ժամացույց, կրակայրիչ գողանալու համար: Արտավազդն ասել է, թե ցանկանում է ուրիշ գաղութ տեղափոխվել:

Մայիսի 19-ի կեսօրին Արտավազդին շտապօգնության մեքենայով տեղափոխել են Աշտարակի հիվանդանոց, հետազոտել ու վերադարձրել են ՔԿՀ: Նույն օրը, ժամը 23-ի սահմաններում ինքն անցել է Անդրանիկ Մկրտչյանի սենյակի մոտով ու բաց դռնից տեսել է, որ Անդրանիկը հաստ փայտով հարվածում է Արտավազդին ու մեղադրում է գողության համար՝ ասելով. «Բա ասում էիր՝ ես չեմ գողացել, «Տիյան» կապտյորկից քո սումկից գտել ա գողացածը…»: Ինքը կանգնել է շենքի մոտ, քիչ անց Արտավազդը գլխի գագաթային մասը բռնած, արյունոտ դուրս է եկել Անդրանիկի սենյակից: Նրա հետևից դուրս են եկել երկու դատապարտյալ, Արտավազդին տարել են հարևան հանրակացարան: Քիչ անց իմացել է, որ Արտավազդը լավ չի, նրան տարել են բուժմաս, այնտեղ նա մահացել է:

Արայիկ Մ.-ն հայտնել է, թե Անդրանիկ Մկրտչյանը, որպես «զոն նայող»՝ համարյա ամեն օր տարբեր պատճառներով ծեծի է ենթարկել դատապարտյալներին: Նա ունեցել է երկարավուն, 4-5 սմ հաստությամբ, անկյունները քառակուսիանման փայտ, որը կոչվում էր «կոլ»: Դրանով նա ծեծում էր դատապարտյալներին, այդ թվում՝ Արտավազդին: Իր իմանալով՝ Անդրանիկը Արտավազդին 2014 թվականի մայիս ամսին ծեծել է 2 անգամ՝ ամսվա սկզբին ու դեպքի օրը:

Անդրանիկ Մկրտչյանի հետ առերես հարցաքննության ժամանակ Արայիկ Մ.-ն կրկնել է նույն ցուցմունքը, միայն նշել է, թե հարվածներ հասցնելու ժամանակ ինքն Անդրանիկի կողքին չէր, որ տեսներ, թե նա Արտավազդի մարմնի որ մասերին է հարվածել: «Կոլը» Անդրանիկի ձեռքին է եղել, իսկ երբ Արտավազդին բուժմաս են տարել, տեսել է, որ նրա գլխից արյուն է հոսում: Արայիկ Մ.-ն նշել է, թե Անդրանիկ Մկրտչյանի հետ նորմալ հարաբերությունների մեջ է եղել, երբեք կոնֆլիկտ չի ունեցել:

Դատաքննության սկզբում Արայիկ Մ.-ն տվել է նույնաբովանդակ ցուցմունք՝ ասելով, թե տեսել է՝ ինչպես է Անդրանիկը՝ դեմքով դեպի իրեն կանգնած Արտավազդի գլխի գագաթային հատվածին դիմացից՝ վերևից ներքև ուղղությամբ խփել «կոլով»:

Դատաքննության հետագա ընթացքում Արայիկ Մ.-ն փոխել է ցուցմունքը ու հայտնել, թե նախաքննության ժամանակ ու դատաքննության սկզբում սուտ ցուցմունքներ է տվել: Իրականում ինքը երբեք չի տեսել, որ Անդրանիկը հարվածեր Գոհարյանին: Ինքն Անդրանիկի ձեռքին երբևէ փայտ չի տեսել: Արտավազդ Գոհարյանի մահվան մասին դատապարտյալներից լսել է, որ Արտավազդի ստամոքսի խոցը պայթել է, նա բաղնիքի մոտ ընկել է, վնասել է գլուխը ու մահացել է:

Իրականում ինքը զրպարտել է Անդրանիկ Մկրտչյանին, քանի որ ցանկացել է վրեժխնդիր լինել այն բանի համար, որ նա Արտավազդի մահից մոտ երկու ամիս առաջ, որպես «զոն նայող»՝ իրեն կանչել է մոտը, նախատել ու ապտակել է: Ինքը զայրացած էր Անդրանիկի վրա: Եղել են նաև մարդիկ, ովքեր իրեն ուղղորդել են, որ սուտ ցուցմունքներ տա, բայց ինքը չի կարող ասել, թե ովքեր էին նրանք: Արայիկ Մ.-ն ասել է, թե ընդունում է իր սխալը, պատրաստ է նույնիսկ դրա համար ենթարկվել պատասխանատվության:

Գործով կատարվել են դիակի մի քանի դատաբժշկական փորձաքննություններ: Բոլոր դեպքերում եզրակացությունը նույնն է. տուժող Գոհարյանի մահը վրա է հասել գլխուղեղի կենսականորեն կարևոր ֆունկցիաների սուր խանգարումից՝ բաց, բութ գանգուղեղային վնասվածք ստանալու հետևանքով: Այդ վնասվածքը նա կարող էր ստանալ նաև ընկնելու, գլուխը հարվածելու հետևանքով…

Ամբաստանյալի շահերի պաշտպան, փաստաբան Արա Զաքարյանի միջնորդությամբ դատարանը հարցաքննել է լրացուցիչ վկաների, ովքեր ցուցմունքներ են տվել, որ տուժող Արտավազդ Գոհարյանն ունեցել է առողջական խնդիրներ, բողոքել է որովայնի ստորին հատվածի սուր ցավերից, աղիների արյունահոսությունից, ինչի պատճառով նրան դեպքի օրը շտապօգնության մեքենայով տեղափոխել են Աշտարակի հիվանդանոց, նույն օրն էլ վերադարձրել են ՔԿՀ: Մահից կարճ ժամանակ առաջ Արտավազդը գնացել է զուգարան, փսխել է, վայր է ընկել… Նրան այնտեղից են տարել ՔԿՀ բուժմաս: Արտավազդի մահից հետո բուժմասի մոտ հավաքված դատապարտյալները մեղադրել են ՔԿՀ աշխատողներին՝ ասելով. «Տեր չկանգնեցիք, մեռավ…»:

Դատարանը եզրակացրել է, որ Անդրանիկ Մկրտչյանին առաջադրված մեղադրանքը դատաքննության ընթացքում չի ապացուցվել, վկա Արայիկ Մ.-ի հակասական ցուցմունքները դատարանը գնահատել է որպես ոչ արժանահավատ:

Քրեական գործով դատարանում հետազոտված ապացույցները, ըստ դատարանի եզրակացության, բավարար չեն եղել մեղսագրված արարքում Անդրանիկ Մկրտչյանին մեղավոր ճանաչելու համար: Չփարատված կասկածները մեկնաբանելով հօգուտ ամբաստանյալի՝ դատարանը ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով առաջադրված մեղադրանքում արդարացրել է Անդրանիկ Մկրտչյանին ու դադարեցրել է նրա քրեական հետապնդումը՝ կատարված հանցագործությանը նրա մասնակցությունն ապացուցված չլինելու պատճառաբանությամբ:

Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է բերել մեղադրանքի կողմը՝ պահանջելով բեկանել արդարացման դատավճիռը և կայացնել մեղադրական դատավճիռ՝ մեղսագրված արարքի համար ամբաստանյալին դատապարտելով համաչափ պատժի:

Դատախազի բողոքի դեմ իր առարկությունները վերաքննիչ դատարանում ներկայացնելով՝ ամբաստանյալի շահերի պաշտպան Արա Զաքարյանը նշեց, որ տուժողի դիակի զննության ժամանակ նրա գլխին բաց վերք չի արձանագրվել ո՛չ շտապօգնության բժշկի, ո՛չ իրավապահների կողմից:

Երբ տուժողը մահացել է կալանավայրի սանմասում, կատարվել է դիակի զննություն. պառկած դիակին «նստեցրել են», թիկունքը, գլուխն «ուսումնասիրել» են: Եթե գլխին բաց, տեսանելի վերք լիներ, կարձանագրվեր ու կլուսանկարվեր, մանավանդ որ տուժող դատապարտյալի մազերը շատ կարճ էին:

Դատաբժշկական փորձաքննության եզրակացության մեջ տուժողի գլխի վերքի երկարությունը 5,5 սմ է նշված, այդ երկարության վերքը արտաքին զննությամբ դժվար թե չերևար, և այդպիսի վերքից պիտի որ առատ արյունահոսություն լիներ:

Պաշտպանն ընդգծեց, որ քրեական գործով ոչ մի տվյալ ձեռք չի բերվել, որ տուժող Գոհարյանի գլխին եղել է բաց վերք:

Արա Զաքարյանն ասաց, որ փորձաքննության են ուղարկվել տուժողի սավանն ու բարձի երեսը: Բարձի երեսի վրա արյան հետքեր չեն եղել:

Քննիչի կողմից դեպքի վայրի զննություն կատարելուց հետո տուժողի մարմինը նույն սավանի վրա ՔԿՀ սանմասից տեղափոխվել է շտապօգնության մեքենա: Այդ սավանի վրա՝ տուժողի գլխի մասում, արյան հետքեր չեն եղել, այսինքն՝ տուժողի գլխին բաց վերք չի եղել: Սավանի վրա արյան հետքեր են եղել՝ տուժողի հետույքի մասում, նա այդ մասում արյունահոսություն ունեցել է, աղիքային խնդիր է եղել…

Ըստ Արա Զաքարյանի՝ առաջին ատյանի դատարանում հարցաքննված շտապօգնության բժիշկը ի պատասխան իր հարցի՝ ասել է, թե լինում են դեպքեր՝ դիահերձարանում դիակի նկատմամբ անփույթ են վերաբերվում ու նոր վնասվածք են առաջացնում:

Բժիշկը մի ենթադրություն էլ է արել. հնարավոր է՝ տուժողի գանգուղեղային հեմատոման մարմնի շարժման ժամանակ պայթեր ու վնասվածք առաջանար…

Արա Զաքարյանը նշեց, որ դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացության այն մասը, որտեղ նշված է, թե տուժողի գլխի բաց վերքը պատճառվել է նրա կենդանության օրոք, վստահություն չի ներշնչում:

Ըստ փորձագետի՝ գլխի վնասվածքն առաջացել է տուժողի մահից մոտ երկու ժամ առաջ: Տուժողը մահացել է գիշերվա ժամը 3-ին: Ուրեմն, ըստ փորձագետի՝ գլխի վնասվածքը տուժողը ստացել է գիշերվա ժամը 1-ին: Սակայն վկա Արայիկ Մ.-ի ցուցմունքի համաձայն՝ ամբաստանյալը, իբր, տուժողին հարվածներ է հասցրել երեկոյան ժամը 22.30-23-ի սահմաններում…

Ըստ Արա Զաքարյանի՝ գործով տվյալներ են ձեռք բերվել, տուժողի հարազատներն էլ նշել են, որ տուժողը ստամոքսի հիվանդություն է ունեցել, սոդա է խմել: Ըստ հարազատների՝ Գոհարյանը երբեք չի դժգոհել «Կոշ» ՔԿՀ-ում իր նկատմամբ եղած վերաբերմունքից, չի ասել, թե ուզում է տեղափոխվել այլ ՔԿՀ:

Դեպքի օրը տուժողը վատ է զգացել, շտապօգնություն է կանչվել ՔԿՀ, նրան տեղափոխել են քաղաքացիական հիվանդանոց, հետազոտել ու հետ են բերել:

Ըստ Արա Զաքարյանի՝ գործով վկա Արայիկ Մ.-ն սուտ ցուցմունքներ է տվել նախաքննության ժամանակ ու դատաքննության սկզբում, նա զրպարտել է Անդրանիկ Մկրտչյանին ու դրա համար պատճառ է ունեցել՝ իրեն ոչ ճիշտ պահելու համար նա Անդրանիկ Մկրտչյանի կողմից «պատժի էր ենթարկվել»:

Արա Զաքարյանը նշեց, որ դատապարտյալ Արայիկ Մ.-ին բացասական են բնութագրել, հիմա նա մեկ այլ կալանավայրում է, այնտեղ էլ նույն իրավիճակն է, այդ մարդը բողոքներ է գրում բոլորի՝ և՛ դատապարտյալների, և՛ աշխատողների դեմ:

Արայիկ Մ.-ի ցուցմունքները Անդրանիկ Մկրտչյանի դեմ, ըստ պաշտպանի, չեն հաստատվել գործով ձեռք բերված մնացած ապացույցներով:

Արա Զաքարյանի կարծիքով՝ տուժող Գոհարյանի մահը վրա է հասել գանգուղեղային վնասվածքի պատճառով, իսկ վնասվածքը տուժողը ստացել էր զուգարանում վայր ընկնելու, գլուխը պատին խփելու արդյունքում:

Արա Զաքարյանն ասաց, թե դատախազի բողոքն անհիմն է: Նա պահանջեց, որ դատախազի անհիմն բողոքը մերժվի, առաջին ատյանի դատարանի արդարացման դատավճիռը թողնվի անփոփոխ:

Ամբաստանյալ Անդրանիկ Մկրտչյանը, միանալով իր պաշտպանին, ասաց. «Ես տենց բան չեմ արել, չեմ հարվածել ոչ մեկի, սկզբից էլ ասել եմ… Տուժողը հիվանդ էր, դեպքի օրը նրա բերանից արյուն էր եկել… Ես էդ մարդը չեմ, որ տենց բան անեի: Տուժողը իմ մոտից ոչ մի բան չի գողացել: Դատախազի բողոքը մերժեք»:

Վերաքննիչ քրեական դատարանը այս գործով որոշում կկայացնի հաջորդ նիստին՝ հոկտեմբերի 20-ին:

Today's most read news !
  • Տաթևիկի ամուսինը ներկա է եղել նրա ծննդյան խնջույքին. Մենեջերը՝ Տաթևիկ Ադումյանի ամուսնալուծության լուրերի մասին
  • Լիկա Սալմանյանի 21-ամյակի երեկույթն ու սիրելիի անակնկալը
  • Ինչպես է անցել Աննա Դովլաթյանի ծննդյան խնջույքը
  • Արմավիրցի 26-ամյա տղամարդը տանուլ տված 80 հազարը «հետ բերելու» համար օղու շշով հարվածել է գյուղի խանութի վաճառողուհու գլխին
  • Սիլվա Հակոբյանի հայրիկը՝ երգչուհու ամուսնության ու աշխատանքային ծրագրերի մասին
  • Մեր դուստրն իր ներկայությամբ բոլորին հանգստություն է պարգեւում. Գայանե Հովհաննիսյանն՝ իր ու Ռոլանդ Գասպարյանի փոքրիկի մասին
  • «Պաշարվածները». նոր փաստավավերագրական ֆիլմ՝ 91-92թթ. սովի ու հրի մատնված Ստեփանակերտի մասին
  • Արցախը ոչ թե կարող է, այլ պարտավո՛ր է «Իսկանդերով» հարվածել. Նորատ Տեր-Գրիգորյանց
Comments
Loading...