«Չենք ասե՞լ՝ քրոջս չմոտենաս». Գյումրեցի անչափահասը դանակահարել է ընկերոջ քրոջը մոտեցած երիտասարդին

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Արտակ Թադևոսյանի նախագահությամբ ավարտվել է անչափահաս Դավիթ Փ.-ի գործի դատական քննությունը:

Դավիթը մեղադրվում էր տուժողի առողջությանը ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով:

Հանցավոր արարքի կատարման պահին՝ 2016 թվականի մարտի 18-ին, Դավիթ Փ.-ն եղել է անչափահաս՝ 17 տարեկան, նրա 18-ը բոլորել է դեպքից 3 ամիս անց, իսկ տուժողը՝ Սերգեյ Խ.-ն, չափահաս, զինծառայությունն ավարտած երիտասարդ է: Անչափահասի դանակի հարվածից վնասվել էր Սերգեյի թոքը…

Դավիթն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր է ճանաչել ու հայտնել է, թե դեպքի օրը՝ 2016 թվականի մարտի 18-ին, ժամը 17-ի սահմաններում եղել է տանը:

Իրեն զանգահարել է ընկերը՝ Հարությունը, ու հայտնել է, որ իրենց թաղամասի բնակիչ Սերգեյը մոտեցել է քրոջը: Ինքը անմիջապես դուրս է եկել տանից ու հանդիպել է Հարությունին: Վերջինս ասել է, թե Սերգեյը մոտեցել է քրոջն ու անհանգստացրել է:

Հարությունը զանգել է Սերգեյին, հանդիպման է կանչել:

Գյումրու Տրդատ Ճարտարապետի փողոցի շենքերի մոտ հանդիպել են Սերգեյին ու նրա ընկերոջը: Բարևել ու միասին քայլել են դեպի շենքերի հետնամասում գտնվող ավտոտնակները:

Հարությունը հարցրել է, թե Սերգեյն ինչո՞ւ է մոտեցել քրոջը: Հարությունի ու Սերգեյի միջև լեզվակռիվ է առաջացել: Նրանք սկսել են վիճել:

Հետո քաշքշել են իրար, ինքը միջամտել է:

Սերգեյը ձեռքով հարվածել է իր ճակատին, հետո մի քանի հարված էլ մարմնի տարբեր մասերին է հասցրել: Ինքն էլ նրան է հարվածել: Իրար հարվածելով՝ մի քիչ առանձնացել են Հարությունից ու Սերգեյի ընկերոջից:

Ինքը Սերգեյին վախեցնելու համար գրպանից հանել է ծալովի դանակը: Քանի որ շարունակել են իրար քաշքշել, ինքը չի հասկացել, թե ինչպես է դանակով հարվածել Սերգեյին:

Նա բռնել է ձախ կողային հատվածն ու կքանստել է:

Ինքը նկատել է դանակի վրայի արյունը ու հասկացել է, որ վնասել է Սերգեյին:

Վախեցել է ու Հարությունի հետ դիմել է փախուստի: Հարությունը մի ուղղությամբ է փախել, ինքը՝ մեկ այլ: Վախից իրենց տուն չի գնացել, այլ՝ տատի տուն, բայց նրան ոչինչ չի ասել: Մի քանի օր հետո տատի տուն է եկել հայրն ու ասել է, թե ծանուցագիր են ստացել: Ինքնակամ ներկայացել է Շիրակի մարզի քննչական վարչություն:

Իր նախաքննական ցուցմունքում տուժող Սերգեյը հայտնել է, թե դպրոցական տարիներից սիրահարված է եղել նույն թաղամասում բնակվող Հարությունի քրոջը: Մինչև զինվորական ծառայության մեկնելը մի քանի անգամ մոտեցել է աղջկան, ընկերություն անելու առաջարկ է արել, բայց կոնկրետ պատասխան չի ստացել:

Հետո իրեն մոտեցել է աղջկա հորաքրոջ տղան, պահանջել է, որ աղջկան ինքն այլևս չմոտենա: Պայմանավորվել են, որ ինքը չի մոտենա աղջկան:

2016 թվականի մարտի 18-ին, ժամը 13-ին ինքը փողոցում պատահաբար տեսել է աղջկան, որոշել է մոտենալ ու զրուցել: Բայց աղջիկը չի ցանկացել խոսել իր հետ, ասել է՝ այլևս չմոտենաս:

Ինքը հեռացել է:

Ժամը 17-ի սահմաններում իրեն զանգել է աղջկա եղբայրը ու հանդիպման է կանչել:

Տուժողն ասել է, թե փոխադարձ քաշքշոցի ժամանակ ինքը լարված է եղել ու չի նկատել Դավիթի ձեռքի դանակը: Ձախ կողային հատվածում հանկարծ տաքություն է զգացել, կքանստել է: Ձեռքը տարել ու արյուն է տեսել: Դավիթն ու Հարությունը փախել են: Իր ընկերն օգնել է իրեն: Ինքը զանգել ու կանչել է քրոջ ամուսնուն, վերջինս իր մեքենայով տարել է հիվանդանոց, որտեղ վիրահատվել է…

Հարությունի քույրը նախաքննական ցուցմունքում հայտնել է, որ մոտ ութ տարի ճանաչում է Սերգեյին, նույն դպրոցում են սովորել: Նրա հետ շփում չի ունեցել: Մինչև Սերգեյի՝ զինվորական ծառայության մեկնելը, համացանցի միջոցով թեթևակի շփվել են, բայց չեն հանդիպել: Համացանցային շփումն էլ եղել է ոչ հաճախակի:

Ինքը հասկացել է, որ իրենք տարբեր բնավորություններ ունեն, դադարեցրել է Սերգեյի հետ շփումը:

2014 թվականի հունիսին զինծառայության մեջ գտնվող Սերգեյը զորամասից արձակուրդ է եկել, հանդիպել է իրեն, բայց ինքը նրան ասել է, թե չի ուզում նրա հետ շփվել: Այդ մասին ասել է իր ընտանիքի անդամներին: Եղբայրը դիմել է իրենց հորաքրոջ տղային, վերջինս խոսել է Սերգեյի հետ, զգուշացրել է, որ իրեն այլևս չմոտենա: Հորաքրոջ տղան իրեն ասել է, որ Սերգեյի հետ խոսել է, նա այլևս չի անհանգստացնի:

2016 թվականի մարտի 18-ին Սերգեյը փողոցում նորից մոտեցել ու ցանկացել է խոսել իր հետ: Ինքը նրան ասել է, որ իրեն հանգիստ թողնի: Երբ տուն է գնացել, Սերգեյի մոտենալու մասին ասել է մորը, մայրն էլ ասել է եղբորը՝ Հարությունին: Վերջինս տանից դուրս է եկել…

Հետագայում Հարությունը տնեցիներին ասել է, թե Սերգեյի հետ ինքը միայն լեզվակռիվ է արել, հետո միջամտել է ընկերը՝ Դավիթը… Եթե ինքն իմանար, որ Դավիթի մոտ դանակ կա, դանակն անպայման կվերցներ նրա ձեռքից…

Ընդհանուր իրավասության դատարանը հաշվի է առել, որ Դավիթ Փ.-ն զինակոչիկ է, բնութագրվել է դրական՝ որպես «օրինակելի, համեստ, շնորհքով, մեծերին հարգող, դաստիարակված երեխա»… Նա անկեղծորեն զղջացել է կատարածի համար, կամովին ներկայացել է իրավապահներին, խոստովանել է կատարածը: Տուժողի հետ հաշտվել է, վերջինս նրանից բողոք, որևէ պահանջ չի ունեցել:

Դավիթ Փ.-ն մեղավոր է ճանաչվել դիտավորությամբ տուժողի առողջությանը ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով, ու դատապարտվել է 3 տարի ազատազրկման: Նրա նկատմամբ պայմանական դատապարտություն է կիրառվել, ու սահմանվել է 3 տարի փորձաշրջան: Զորակոչվելու դեպքում նա կգտնվի հրամանատարության հսկողության ներքո:

Today's most read news !
  • «Առանց վեճերի հետաքրքիր չէր լինի». Լիլիթ Բաբասյանն ամուսնու հետ ռոմանտիկ լուսանկար է հրապարակել
  • Ինչպես է անցել Ձախ Հարութի երեւանյան մենահամերգը
  • Վաչե Թովմասյանը՝ ԱՄՆ-ում կայանալիք «Քարե դարդ» շոու-ներկայացման մասին
  • «Զարուհի Բաբայան երգի ստուդիայի» սաները երգչուհու հետ միասին աշխարհին խաղաղության կոչ են անում
  • Հայկ Պետրոսյանը՝ պաշտոնյաներից սպառնալիքներ ստանալու և հոր հետ կատարվածից հետո գումար վաստակելու մասին
  • 1980 թ. ԻՆՉՊԵՍ ԵՂԵԼ Է. Հղի կնոջն առաջարկել էր սեռական հարաբերություն ունենալ, մերժվելով՝ խեղդամահ էր արել երեխայի մահճակալի մոտ
  • Իջևանում անչափահաս տղաները բռնաբարել են 3 մանկահասակ երեխաների 24-ամյա մորը
  • Սոնա Ռուբենյանը` Լոնդոնում կայացած մենահամերգի և առաջիկա ծրագրերի մասին
Comments

Name: