Քաղցկեղը

Եթե չլիներ այդ համակարգային արատը, այսինքն` տնտեսության գերկենտրոնացումը մի քանի կլանների ձեռքում, մենաշնորհներն ու օլիգոպոլիաները, տնտեսության կառավարման ստվերային մեխանիզմները, բիզնեսի և իշխանության սերտաճվածության չափազանց բարձր մակարդակը, կոռուպցիան, ապա գուցե տնտեսական ճգնաժամը Հայաստանի վրա չէր անդրադառնա այն ձևով, ինչպես որ եղավ, և չէր լինի անկման այն տեմպը և ընթացքը, որ կա:

Խնդիրն այն է, որ մեծ հաշվով դժվար է գնահատել Հայաստանում տնտեսական որևէ քաղաքականության իրական արդյունավետությունը` լինի դա հակաճգնաժամային կամ «սովորական» տնտեսական քաղաքականություն, եթե կան համակարգային այդ արատները: Ահա թե ինչու պետք է տնտեսական ճգնաժամը դառնար համակարգային բարեփոխումների խթան: Հակառակ պարագայում Հայաստանի տնտեսությունը նմանվում է դանայան տակառի, որի մեջ ինչքան ուզում ես հակաճգնաժամային փողեր լցրու, միևնույն է, էֆեկտը լինելու է անհամարժեք, քանի որ համակարգը խժռում է այդ փողերը, ու ինչքան իրավիճակը կրիտիկական է լինում, այդքան ավելի շատ է խժռում: Ու հենց դա է, թերևս, ներկայիս կառավարության «դժբախտությունը», որ համակարգի տրամաբանությունը չփոխելով, փորձում են իրավիճակ փոխել, չցանկանալով համակերպվել այն մտքին, որ ներկայիս պայմաններում դա անհնար է:

Իշխանության, իսկ ավելի կոնկրետ` դրա քրեաօլիգարխիկ էության կողմից նկատելի է հակառակ երթևեկ: Այսինքն, քրեաօլիգարխիկ բնույթը դուրս է եկել հանդիպակաց երթևեկ և աստիճանաբար ավելացնում է իր շարժման արագությունը: Սա հասարակական շարժման թափի ակնհայտ դանդաղեցման հետևանքն է, որը ստիպված ենք արձանագրել: Բայց խնդիրն այն է, որ այս դեպքում արագությունների այդ անհամարժեք փոփոխության պայմաններում արդյունքը լինելու է շատ ավելի վատը, քան ելման կետը:

Հանդիպակաց արագությամբ ինքնավստահ երթևեկ սկսած քրեաօլիգարխիկ համակարգը հասարակական ալիքը նետելու է ավելի հետ, քան ելման դրությունն էր երկու տարի առաջ: Սա երևի թե լրջագույն խնդիր է, որը կանգնած է հասարակության առաջ և պահանջում է հրատապ լուծում: Քրեական և օլիգարխիկ գործընկերությունը սկսել է Հայաստանում իրեն ավելի ու ավելի ինքնավստահ զգալ, վերագտնել իրեն, նույնիսկ հավատով լցվել սեփական ուժերի հանդեպ, համոզված լինելով, որ իրեն հաջողվեց դիմագրավել ամենավտանգավորը` հասարակական համընդհանուր ալիքը:

Քրեաօլիգարխիկ համակարգը արդեն նույնիսկ ավելորդ տուրք չի տալիս պարզ արարողակարգերին, շղարշներին և ձևականություններին: Սա հասարակական շնչառության բացակայության հետևանքն է, այն շնչառության, որը նույն այդ քրեաօլիգարխիկ համակարգին ընդամենը ամիսներ առաջ գամել էր իր բնում և թույլ չէր տալիս որևէ կերպ ինքնադրսևորվել, հասարակության դեմ բացահայտ պատերազմի դուրս գալուց բացի, անել որևէ այլ բան, ունենալ որևէ այլ անելիք:

Իրավիճակն այժմ սպառնում է սրընթաց կերպով շուռ գալ գլխիվայր:

Ավելորդ է ասել կամ պատկերացնել անգամ, թե դա ինչ վտանգներով է հղի հասարակության և պետության համար: Մինչդեռ միայն կորիզով հնարավոր չէ դիմագրավել այդ կրկնակի էքսպանսիան, քանի որ եթե անգամ կորիզը մնա, միևնույն է, կողքը բան չի մնա կորիզը հարստացնելու և պտղով պատելու համար:

Հայաստանի պարագայում, որտեղ տնտեսական համակարգը կարելի է բնորոշել որպես ֆեոդալիզմի «քարանձավային» ժամանակաշրջանին հարիր, ճգնաժամի հաղթահարման համար համակարգային բարեփոխումների անհրաժեշտությունն ունի կենսական նշանակություն, որովհետև եթե ներկայիս ճգնաժամի պայմաններում էլ ելքերը գտնվեն ընդամենը «փող աշխատելու» տրամաբանության մեջ, ապա ներկայիս տնտեսական համակարգն այլևս ցեմենտվելու է այդ հոգեբանությամբ, և այն փոխելը երևի թե դառնալու է գործնականում անհնար:

Today's most read news !
  • Թողնել «լոլո»-գիան, անցնել սոցիոլոգիայի
  • Պետք էր ճշգրտությունը «պաշտել», ոչ թե հաշվարկը
  • Եթե չկա ներքին լայն դիմադրություն
  • Մարզպետները վիրավորական չեն համարում վարչապետի կրթվելու կոչը
  • Վաղը կանցկացվի երթ՝ ԿԸՀ-ից ՀՀԿ-ի գրանցումը չեղյալ հայտարարելու պահանջով
  • Սխալ ազդակներ հասարակությանը
  • Իմ կյանքն ինձ ապացուցել է, որ ոչինչ չպետք է բացառել. Մարիամ Ադամյան
  • Սոնա Շահգելդյանը ապրիլ ամսին կդադարեցնի գործունեությունը
Comments

Name: