Latest 10 episodes

Մարմնավաճառուհին Երևանյան լճից բերման ենթարկվելիս ճանկռել է ոստիկանի դեմքն ու պարանոցը

Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում է Անահիտ Ս.-ի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Գործը քննվել է Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Դավիթ Բալայանի նախագահությամբ:

27-ամյա Անահիտը երկու անչափահաս երեխաների մայր է, 8-ամյա կրթություն ունի, իր հայտարարությամբ՝ փաստական ամուսնական հարաբերությունների մեջ է եղել մինչև 2007 թվականը:

Ներկայումս նա մշտական բնակության վայր չունի: Ունի նախկին դատվածություններ, միշտ դատվել է նույն վարչական շրջանի՝ Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանում: Այդ վարչական շրջանի հետ Անահիտին «կապում է» զբաղմունքը, որը, որպես «աշխատանք»՝ նշված է դատական ակտում՝ նա «զբաղվում է մարմնավաճառությամբ»:

2015 թվականի փետրվարի 24-ին Անահիտը խուլիգանության համար դատապարտվել է 50 հազար դրամ տուգանքի:

2015 թվականի հունիսի 4-ին նույն դատարանը Անահիտին մեղավոր է ճանաչել իշխանության ներկայացուցչին չենթարկվելու, նրա նկատմամբ բռնություն գործադրելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասով: Անահիտ Ս.-ն դատապարտվել է 450 հազար դրամ տուգանքի:

Քանի որ տուգանքը վճարել չի կարողացել, նույն դատարանը 2015 թվականի դեկտեմբերի 7-ին տուգանքը վճարելու համար սահմանել է 1 տարի ժամկետ:

Պետք է ասել, որ այդ որոշման կայացման ժամանակ Անահիտն արդեն կասկածյալ էր այս գործով՝ նույնպես իշխանության ներկայացուցչի՝ ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու, նրա օրինական պահանջին չենթարկվելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասով:

Ըստ դատական ակտի՝ 2015 թվականի նոյեմբերի 12-ին, ժամը 23-ն անց 10-ի սահմաններում Անահիտը «գործընկերուհու»՝ Սիրուշի հետ գտնվել է Երևանյան լճի մերձակայքում կայանված «Մերսեդես» մեքենայի մեջ:

Մոտեցել են ոստիկաններ ու պոռնկությամբ զբաղվելու կասկածանքով փորձել են բերման ենթարկել Անահիտին ու Սիրուշին:

Անահիտը չի ենթարկվել, վիճաբանության մեջ է մտել իրենց պարտականությունները կատարող ոստիկանների հետ: Նա իջել է մեքենայից, մոտեցել է ոստիկան Գրիգորյանին, առողջության համար ոչ վտանգավոր բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ՝ ձեռքերով հարվածել է վերջինիս դեմքին, ճանկռել է դեմքն ու պարանոցը, քաշքշել է համազգեստը՝ պատճառելով ոստիկանի շրթունքների ներսային մակերեսների արյունազեղումներ ու սալջարդ վերքեր, աջ ստորին կոպի, աջ այտային, պարանոցի շրջանների քերծվածքներ, պարանոցի շրջանի արյունազեղումներ:

Ի վերջո՝ Անահիտը, այնուամենայնիվ, բերման է ենթարկվել ոստիկանություն:

Նրան շուտով մեղադրանք է առաջադրվել՝ բերման ենթարկվելու ժամանակ դրսևորած հակաօրինական վարքագծի համար:

Ընդհանուր իրավասության դատարանում Անահիտ Ս.-ն իրեն մեղավոր է ճանաչել, միջնորդել է գործը քննել արագացված ընթացակարգով:

Տուժողը և մեղադրողը չեն առարկել:

Դատարանը հաշվի է առել, որ Անահիտ Ս.-ի խնամքին են երկու անչափահաս երեխաները՝ 8 և 6 տարեկան:

Նկատի ունենալով, որ Անահիտ Ս.-ն ամիսներ առաջ դատապարտվել էր համասեռ արարքի համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասով, դատարանն արձանագրել է հանցագործությունների կատարման ռեցիդիվ:

Դատական ակտում նշված է, որ վերջին հանցավոր արարքը Անահիտ Ս.-ն կատարել է իր նկատմամբ երկրորդ դատավճռի հրապարակումից մոտ հինգ ամիս անց: Ընդ որում՝ նա նշանակված պատիժը՝ տուգանքի ձևով, չի կրել, տուգանքի գումարից որևէ վճարում չի կատարել, նրա դատվածությունն էլ չի մարվել:

Այս անգամ Անահիտ Ս.-ի նկատմամբ նշանակվող պատիժը չէր կարող պակաս լինել հիշյալ հոդվածի սանկցիայով նախատեսված առավելագույն պատժի երեք քառորդից՝ 2 տարի 6 ամիս ազատազրկումից :

Միաժամանակ, քանի որ գործը քննվել է արագացված ընթացակարգով, դատարանը Անահիտ Ս.-ին չէր կարող նշանակել ավելի խիստ պատիժ, քան՝ 3 տարի 4 ամիս ազատազրկումը:

Քանի որ նախորդ դատավճռով սահմանված՝ տուգանքի ձևով պատիժը Անահիտ Ս.-ն չէր կրել, դատարանը նրա նկատմամբ պատիժ է նշանակել դատավճիռների համակցության կանոններով՝ նոր պատժին լրիվ գումարելով նախորդ դատավճռով նշանակված պատիժը:

Անահիտ Ս.-ն մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասով և դատապարտվել է 2 տարի 6 ամիս ազատազրկման ու 450 հազար դրամ տուգանքի:

Պատժի սկիզբը կհաշվվի Անահիտ Ս.-ին արգելանքի տակ առնելու պահից:

Դատական ակտով սահմանված է, որ դատավճռի կատարման ընթացքում Անահիտի երկու անչափահաս որդիների խնամքը հանձնվում է Երևան համայնքի խնամակալության ու հոգաբարձության մարմնին՝ պարտավորեցնելով կազմակերպել երեխաների հսկողությունը, խնամքը, անհրաժեշտ սոցիալական ու բժշկական օգնությունը:

Դատավճիռը բողոքարկել է ամբաստանյալ Անահիտ Ս.-ն՝ խնդրելով իր նկատմամբ պայմանական դատապարտություն կիրառել, իրական ազատազրկման չդատապարտել:

Վերաքննիչ դատարանում Անահիտ Ս.-ն հայտնեց, որ առաջին ատյանի դատարանում իր շահերը պաշտպանում էր վճարովի փաստաբան, իսկ հիմա ինքը «նյութականի ճար չունի», խնդրում է, որ իր շահերը պաշտպանի հանրային պաշտպան:

Հաջորդ դատական նիստին կներգրավվի փաստաբան՝ հանրային պաշտպանի գրասենյակից՝ ամբաստանյալի շահերը վերաքննիչ ատյանում պաշտպանելու, նրա բողոքը ներկայացնելու համար:

Today's most read news !
  • Էմմա Մանուկյան.«Փորձում եմ մեղքերս քավել»
  • «Աղջի՛, էլի գնում ես …-իդ մո՞տ». Միայնակ մայրը 5 տարվա սիրեկանի ժլատությանը չի դիմացել և սուտ մատնություն է կատարել
  • Հայկական ողբերգության թույլ մխիթարություն
  • Մովսես Երեմյան.«Միմյանց կորցնելու վախ կա միշտ»
  • Աշխարհի համերը՝ Նազենի Հովհաննիսյանի նոր հաղորդաշարում
  • Վլադիմիր Գասպարյանն ի՞նչ է զգուշացնում Հովիկ Աբրահամյանին
  • Մարտի 1-ի բացահայտման մասին հայտարարելը հասարակությանը հաճոյանալու քարոզչություն է. իրավապաշտպան
  • Որքան է Արևմուտքից Թուրքիայի կախվածության ծավալը. Odatv.com, Թուրքիա
Comments