Ցմահ ազատազրկում երեք հայ երիտասարդներին՝ Դուբայում հնդիկ գործարարի սպանելու և $ 1,7 մլն ադամանդ հափշտակելու համար

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ շարունակվում է առանձնապես խոշոր չափերի ադամանդներ հափշտակելու նպատակով Արաբական Միացյալ Էմիրություններում Հնդկաստանի քաղաքացու սպանության գործը:

Ամբաստանյալի աթոռին Հայաստանի Հանրապետության երեք քաղաքացիներ են:

Գործի դատաքննությունն ավարտվել է:

Մեղադրող դատախազ Արիս Բարսեղյանը հանդես եկավ մեղադրական ճառով: Դատախազը հաստատված գնահատեց ամբաստանյալներին առաջադրված մեղադրանքները:

Ըստ մեղադրանքի՝ 35-ամյա Հովհաննես Մելքոնյանը ստեղծել է կազմակերպված կայուն հանցավոր խումբ, որի կազմում ընդգրկել է իր հորեղբորորդի, 24-ամյա Խոսրով Մելքոնյանին և նրա ընկերոջը՝ 26-ամյա Սեմյոն Եդիգարյանին:

Նրանց երեքին էլ մեղադրանք է առաջադրվել մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից շահադիտական դրդումներով ու ավազակությամբ զուգորդված սպանության՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ, 8-րդ կետերով, կազմակերպված խմբի կողմից առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու նպատակով կատարված ավազակության՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով, և կազմակերպված խմբի կողմից կատարված մաքսանենգության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 215 հոդվածի 4-րդ մասով:

Ըստ մեղադրանքի՝ Հովհաննես Մելքոնյանը հաճախակի մեկնել է Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաք, զբաղվել է ադամանդների առուվաճառքով ու այդ հողի վրա գործնական հարաբերություններ է ունեցել ադամանդների վաճառքով զբաղվող «Color Source for Gold and Diamonds Company» ընկերության աշխատակից, Հնդկաստանի քաղաքացի Վաիիհավ Դհոնդիբա Սալոնկիի հետ:

2013 թվականի դեկտեմբերի 18-ին Հովհաննես Մելքոնյանը հերթական անգամ մեկնել է Դուբայ ու մտադրվել է ավազակային հարձակում գործել Հնդկաստանի քաղաքացի Սալոնկիի նկատմամբ, նրան սպանել, նրա մոտ եղած ադամանդները հափշտակել ու մաքսանենգությամբ տեղափոխել Հայաստան:

Առաջադրված մեղադրանքի համաձայն՝ Հովհաննես Մելքոնյանը կազմակերպված խմբում ներգրավված Խոսրովին ու Սեմյոնին պարզաբանել է հանցագործության կատարման մեխանիզմը, կատարել է դերաբաշխում:

Խմբի անդամներ Խոսրովի և Սեմյոնի՝ Դուբայ մեկնելու ծախսերը հոգացել է Հովհաննեսը:

Դուբայում Հովհաննեսն ու Խոսրովը, ըստ մեղադրանքի, հանդիպել են Սալոնկիին, հանցագործության կատարման օրվա համար պատվիրել են ադամանդների հնարավորինս մեծ խմբաքանակ:

Պայմանավորվել են, որ 2014 թվականի հունվարի 22-ի երեկոյան իրենք կներկայանան անհրաժեշտ գումարով ու կգնեն ադամանդները:

Հանցագործության օրը, ժամը 20-ն անց 15-ին Հովհաննեսն ու Սեմյոնը, ըստ մեղադրանքի, նախապես մշակված ծրագրի համաձայն, պատվիրած ադամանդները ոչ թե գնելու, այլ հափշտակելու դիտավորությամբ հանդիպման վայրում հարձակվել են Սալոնկիի վրա: Նրանք բռունցքներով հարվածներ են հասցրել Սալոնկիին, քարշ են տվել լոգասենյակ:

Հովհաննեսը կպչուն ժապավենով կապել է Սալոնկիի ձեռքերը, Սեմյոնը կապել է ոտքերը:

Ապա Սալոնկիին կյանքից զրկելու դիտավորությամբ նրա գլխին անցկացրել են երկու պոլիէթիլենային փաթեթներ, դրանց եզրերը կպչուն ժապավենով սեղմել են, փակել օդի հոսքը, մեխանիկական շնչահեղձության եղանակով դիտավորությամբ սպանել են Սալոնկիին և հափշտակել են հիշյալ ընկերության տնօրեն Կառնավարտին պատկանող առանձնապես խոշոր չափերի՝ 691 միլիոն 883 հազար դրամին համարժեք 1 միլիոն 700 հազար դոլար արժողությամբ, 6800 կարատ տարբեր գույների ադամանդներ:

Ժամը 21-ն անց 30-ին Հովհաննեսն ու Սեմյոնը, ըստ մշակված ծրագրի, Խոսրովին են փոխանցել հափշտակված ադամանդները: Խոսրովն այդ ադամանդները մաքսանենգ ճանապարհով Հայաստան տեղափոխելու նպատակով լցրել է տարբեր տեսակի օճառահեղուկների շշերի մեջ, շշերը տեղավորել է Հովհաննեսի ճամպրուկի մեջ ու նախապես պայմանավորված վայրում հանդիպել է Հովհաննեսին ու Սեմյոնին:

Հովհաննեսը գնել է Դուբայ-Երևան չվերթի երեք տոմս, ու 2014 թվականի հունվարի 23-ին, ժամը 10-ն անց 26-ին նրանք ժամանել են Հայաստանի Հանրապետություն:

Օճառահեղուկի 12 շշերի մեջ թաքցված խոշոր չափերի՝ 640 միլիոն 723 հազար 082 դրամ արժողության ադամանդները «Զվարթնոց» օդանավակայանում մաքսանենգությամբ տեղափոխել են Երևան, որտեղ ՀՀ ոստիկանները Հովհաննես Մելքոնյանի ուղեբեռի զննությամբ հայտնաբերել են թաքցված ադամանդները, իսկ մնացած՝ 1509.285 կարատ ադամանդները չեն հայտնաբերվել:

Արաբական Միացյալ Էմիրությունների պատկան մարմինների կողմից միջնորդություն էր ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազությանը՝ վերը շարադրված արարքի համար մեղադրվող ՀՀ երեք քաղաքացիներին իրենց հանձնելու վերաբերյալ, սակայն ՀՀ գլխավոր դատախազը այդ միջնորդությունը մերժել է:

Երեք ամբաստանյալների համար դատախազի ճառը «սառը ցնցուղի» պես էր, քանզի դատախազը միջնորդեց ավազակության համար երեք ամբաստանյալներին դատապարտել 15 տարի ազատազրկման՝ անձնական գույքի բռնագրավումով, իսկ ավազակությամբ զուգորդված սպանության համար՝ երեք ամբաստանյալներին էլ դատապարտել ցմահ ազատազրկման:

Որպես վերջնական պատիժ՝ դատախազ Ա. Բարսեղյանը միջնորդեց Հովհաննես Մելքոնյանին, Սեմյոն Եդիգարյանին և Խոսրով Մելքոնյանին դատապարտել ցմահ ազատազրկման՝ անձնական գույքի բռնագրավումով:

Today's most read news !
  • «Հանրային լինել դեռ չի նշանակում հանդուրժել նման դրսևորում սեփական անձի նկատմամբ». Մերի Հակոբյան
  • Գուցե իմ ստացած դաստիարակությունն է պատճառը, որ հրաժարվում եմ բաց տեսարաններում նկարահանվել. Եվա Բաղդասարյան
  • Քիմ Քարդաշյանը կես միլիոն դոլար է ստանում Instagram-ում գովազդային մեկ հրապարակման համար
  • Առնվազն անբարոյականություն կլինի թերագնահատել ՀՀԿ-ի այս ցուցակը
  • Ուտել-խմելու պրոցեսը սիրում եմ, բայց այսօր ընկերական մթնոլորտում չեմ նշի ծննդյանս օրը. Մհեր Խաչատրյան
  • Հենրիխ Մխիթարյանը և Յուրա Մովսիսյանը միմյանց դեմ կխաղան
  • Կայացավ «Հաց բերողի» հոգեհանգստյան արարողությունը
  • Նա իր կյանքի արժեքը մեզ թողնելով՝ մեզ համար օրինակ դարձավ. Արսինե Խանջյանը՝ Հաց բերողի հոգեհանգստին
Comments

Name: