Օլիգարխիան ինքը պետք է ռեֆորմ առաջարկի

 Իշխանության վերջին շրջանի գործունեությունը կարծես թե միտված է հանրությանը ցույց տալ, համոզել, որ իշխանությունն ինքը շատ մեծ պատրաստակամություն ունի երկրում համակարգային լուրջ փոփոխություններ կատարել և խեղդել կլանաօլիգարխիկ համակարգը, բայց ահա օլիգարխիան դրան դիմադրում է և խոչընդոտում բարեփոխումներին: Եթե փոքր-ինչ կոպիտ ձևակերպենք, ապա փորձում են հասարակությանը համոզել մոտավորապես հետևյալը. Սերժ Սարգսյանը, Կարեն Կարապետյանն ու նորանշանակ անկուսակցական նախարարները փորձում են բարեփոխել իրավիճակը արմատապես, բայց չեն կարողանում, որովհետև օլիգարխիան լրջորեն դիմադրում է: Այս պնդման մեջ կա թե՛ ճշմարտություն, թե՛ չափազանցություն: Չափազանցությունը, թերևս, կապված է Սերժ Սարգսյանի և Կարեն Կարապետյանի և նրա շրջապատի ռեֆորմիստական անկեղծության հետ:

Մի քիչ դժվար է հավատալ, որ երկրի նախագահը, վարչապետը, այլ պաշտոնյաներ ունեն բարեփոխվելու ցանկություն, դրա համար ունեն արևմտյան տերությունների և կառույցների աջակցությունը, բայց չեն կարողանում համակարգային փոփոխությունների հարցում մի նշանակալից ձեռքբերում արձանագրել: Ըստ երևույթին, իրականում նրանց ռեֆորմիստական ցանկությունն այսպիսին է. լավ կլինի իհարկե, որ փոփոխություններ անենք,- թե՛ Արևմուտքը մեզ կգովի, թե՛ հասարակությունը մեզ չի քննադատի,- բայց եթե այդ ռեֆորմները մեզ համար փոքր-ինչ դժվարություն և գլխացավ, փոքր-ինչ ռիսկ են առաջ բերելու, ապա պետք է ինչ-որ պատճառաբանություններ գտնել և խուսափել դրանց ուղղությամբ իրական քայլերից:

Մինչդեռ որևէ ռեֆորմատոր չի կարող առանց ռիսկի դիմելու ռեֆորմ իրականացնել ամբողջատիրական համակարգում: Հետևաբար` կա՛մ դիմում ես ռիսկի, կա՛մ էլ պարզապես օլիգարխներին դարձնում ես ինքնարդարացման միջոց: Բայց այստեղ է հենց ճշմարտության հատիկը: Բանն այն է, որ օլիգարխներն իսկապես դիմադրում են ռեֆորմներին, ու հասկանալի է, թե ինչու են դիմադրում: Նրանք վախենում են կորցնել իրենց սեփականությունը, իրենց ունեցվածքը, նաև պատասխանատվության ենթարկվել այն ճանապարհի համար, որով հարստացել են: Իսկ նրանցից շատերը հարստացել են և շարունակում են հարստանալ ընդհուպ քրեական պատասխանատվություն ենթադրող ճանապարհով: Ուրեմն ի՞նչ անել, որ հաղթահարվի այդ դիմադրությունը: Չէ՞ որ այդ դիմադրությունը բավական լուրջ է, օլիգարխիան բավական լուրջ ուժ է, և այն կարող է նաև շահարկվել այլ ուժերի ու խմբերի կողմից: Այստեղ, թերևս, քննարկման տեղ ունի, այսպես ասած, տնտեսական համաներման գաղափարը: Իհարկե, օլիգարխիան պետության և հասարակության դեմ շատ մեղքեր ունի, որոնք ծածկելուն ի զորու չեն նույնիսկ այն բարեգործությունները, որ մեկ-մեկ անում է օլիգարխիան:

Բայց ներկայումս պետության դեմ ծառացած խնդիրն ավելի լուրջ է` պետք է հաղթահարել այս փակ շրջանն ու դուրս գալ իրական զարգացման ուղի: Հետևաբար, պետք է թողնել այդ պատասխանատվության հարցը և քննարկել համաներման պայմանները: Օլիգարխիային ներվում են նրանց հարստացման զարտուղի ճանապարհները, առավել ևս, որ նրանցից շատերը պարզապես հարմարվել են իրենց թելադրած խաղի կանոններին` չունենալով այլ տարբերակ, բայց այդ ներման փոխարեն օլիգարխիան համաձայնում է ոչ թե դիմադրել, այլ չխանգարել ռեֆորմներին` հայտնվելով օրինական դաշտում: Նրանք բավական հզորացել են և հայտնվելով օրինական դաշտում` իրենց նախնական կուտակած կապիտալի շնորհիվ ունենում են, ըստ էության, մեկնարկային մեծ առավելություն:

Պարզապես այդ առավելությունն այլևս չեն կարող ապօրինի մեթոդներով փաթաթել հասարակության վզին: Թերևս ժամանակն է, որ այդ ամենի մասին քննարկումներ ծավալվեն, որոնք կարող են բերել կոնսենսուսային որոշումների: Ի վերջո օլիգարխներն իրենք պետք է առաջինը շահագրգռված լինեն այդ հարցում, իրենք պետք է հասարակությանը համանման առաջարկներով հանդես գան` իրենց հանդեպ հանրային դժգոհությունը չեզոքացնելու և այդ դժգոհությունն այլևս դամոկլյան սրի նման իրենց գլխին կախված չտեսնելու համար:

Today's most read news !
  • Իմ կյանքն ինձ ապացուցել է, որ ոչինչ չպետք է բացառել. Մարիամ Ադամյան
  • Սոնա Շահգելդյանը ապրիլ ամսին կդադարեցնի գործունեությունը
  • Վաղը կանցկացվի երթ՝ ԿԸՀ-ից ՀՀԿ-ի գրանցումը չեղյալ հայտարարելու պահանջով
  • Լեոնիդ Ագուտինը Երեւանում է
  • Թողնել «լոլո»-գիան, անցնել սոցիոլոգիայի
  • Սխալ ազդակներ հասարակությանը
  • Մարզպետները վիրավորական չեն համարում վարչապետի կրթվելու կոչը
  • Պետք էր ճշգրտությունը «պաշտել», ոչ թե հաշվարկը
Comments

Name: