Այդպիսով՝ Թրամփ. ինչին պետք է պատրաստ լինի Հայաստանը

Ամերիկայի Միացյալ Նահանգներում տեղի ունեցած նախագահական ընտրություններն իրենց արդյունքներով բավականին հակասական էմոցիոնալ ֆոն են ստեղծել ամբողջ աշխարհում, և Հայաստանն էլ այս առումով բացառություն չէ: Էմոցիոնալ այդ ֆոնն, իհարկե, ժամանակի ընթացքում անպայմանորեն կհանդարտվի՝ իր տեղը զիջելով արդեն հարցերին, որ առաջանում են նախագահական ընտրությունների արդյունքներով՝ հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի հաղթանակով պայմանավորված:

Պետք է խոստովանել, որ սա, իհարկե, ոչ աներևակայելի, սակայն ակնհայտորեն շատ քիչ սպասված արդյունք էր: Մյուս կողմից՝ նաև տպավորիչ արդյունք: Այն, իհարկե, բավական դժվար է վերլուծել հայաստանյան դիրքերից՝ չտիրապետելով ամերիկյան իրականության ամենանուրբ հյուսվածքներին, որոնցից յուրաքանչյուրը կարող է ունենալ առանցքային նշանակություն:

Ինչ է կատարվում կամ կատարվել ամերիկյան հասարակության հետ՝ թերևս ամերիկյան հասարակության շահագրգիռ խմբերի քննարկելիք և վերլուծելիք խնդիրն է: Մեր խնդիրն է հասկանալ, թե ինչ է կատարվելու աշխարհում ամերիկյան ընտրության արդյունքներից, Թրամփի օդիոզ թեկնածության հաջողությունից հետո:

ԱՄՆ-ն այն պետությունն է, որտեղ նախագահի ընտրությունը որևէ դեպքում անխուսափելի էական ազդեցություն է ունենալու և՛ համաշխարհային անվտանգության, և՛ տնտեսության, և՛ քաղաքականության համար: Իսկ Հայաստանն էլ մի երկիր է, որը գտնվում է այդ ուղղությամբ զարգացումների խաչմերուկ հանդիսացող տարածաշրջանում՝ ներառյալ մի շարք կարևոր խնդիրներ: Եվ ի հավելումն սրա՝ նաև ամերիկա-ռուսական հարաբերությունների խնդիրը՝ նկատի ունենալով Ռուսաստանի հետ Հայաստանի սերտ շաղկապվածությունը կամ պարզապես ազդեցությունը Հայաստանի վրա:

Թրամփը այս տեսանկյունից ընկալվում է Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորելու կողմնակից, թեև ընդհանրապես ավելի ճիշտ է գոնե առայժմ եզրակացնել, որ արտաքին քաղաքականության առումով նա «մութ ձիուկ» է, որից առայժմ ոչինչ պարզ չէ:

Այսպիսով, այս իրավիճակը առաջացնում է հարցեր, թե ինչ փոփոխությունների կարող է ենթարկվել Թրամփի նախագահության ընթացքում ԱՄՆ արտաքին քաղաքականությունը ընդհանրապես, հարաբերությունները Ռուսաստանի հետ, Թուրքիայի հետ, վերաբերմունքը հայ-թուրքական հարաբերություններին, Ղարաբաղյան խնդրին: Եվ վերջապես՝ հայ-ամերիկյան հարաբերությունները:

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը հայտարարել է, որ անկախ ընտրությունից՝ ամերիկյան քաղաքականությունը հիմնական ուղղություններով կմնա անփոփոխ, և թերևս 20 տոկոսով միայն հնարավոր են փոփոխություններ, որոնք, սակայն, կասկածի տակ չեն դնի այն, որ Հայաստանը ԱՄՆ բարեկամն է և գործընկերը: Այդ հարցում որևէ բացասական փոփոխություն, ըստ դեսպանի, տեղի չի ունենա: Սա, իհարկե, այնքան էլ պարզապես լավատեսական մեսիջ չէ, քանի որ իսկապես պետք է նկատի առնել մի հանգամանք, որ ԱՄՆ-ը կայացած համակարգ է, համակարգային պետություն, որտեղ անձերը, բարեբախտաբար, քիչ բան են լուծում առանցքային զարգացումների իմաստով, գոնե առայժմ:

Եվ այս տեսանկյունից դեռ պետք է հասկանալ, թե համակարգը ինչպես կարձագանքի Թրամփի հաղթանակին, և ինչպես է Թրամփը հարաբերվելու համակարգի հետ: Ըստ էության, իշխանությունը անցնում է դեմոկրատներից հանրապետականներին, և դեռ պետք է հասկանալ, թե ինչպես են կառուցվելու հանրապետականների հետ նորընտիր նախագահ Թրամփի հարաբերությունները, որոնք ըստ էության հարթ չէին նախընտրական իրավիճակում:

Այլ կերպ ասած՝ որքան էլ խոսք է գնում նոր նախագահի մասին, այնուհանդերձ՝ կարող ենք գործ ունենալ նաև պարզապես հանրապետական կառավարման վերադարձի հետ: Եվ սա էլ իր հերթին առաջացնում է հարցեր այն կապակցությամբ, թե այդ վերադարձը որքանով կլինի, օրինակ, Բուշի գլխավորությամբ Հանրապետական կառավարման վերջին քաղաքականության շարունակություն, կամ ինչ փոփոխություններ եղած կլինեն այդ հարցում դեմոկրատական «ընդմիջման» ութ տարիների ընթացքում:

Այսպիսով պետք է արձանագրել, որ Թրամփի ընտրությունն իսկապես առաջիկայում կարող է առաջ բերել անորոշության բավականին տևական մի շրջան կամ առնվազն այդպիսի ռիսկ: Հայաստանը պետք է պատրաստ լինի դրան, այդ միջանկյալ շրջանում ժամանակավոր, գուցե, նոր մարտահրավերների աճին:

Սրան զուգահեռ, հարկ է անդրադառնալ նաև մի կարևոր գործոնի՝ ամերիկահայության գործոնին: Այստեղ, իհարկե, ամերիկահայություն ասվածը հարաբերական և բազմաշերտ իրականություն է, սակայն բոլոր դեպքերում անկասկած է, որ ԱՄՆ հայությունը պետք է ձեռնամուխ լինի Թրամփի վարչակազմում Հայաստանի պետական շահի և անվտանգության խնդիրների ձևակերպման ու մատուցման գործին, և շատ բան անկասկած կախված է հենց այդ հանգամանքից՝ հատկապես միջանկյալ հավանական ժամանակաշրջանում:

Today's most read news !
  • Սերժ Սարգսյանը ելքը գտել է. նախընտրական թոհուբոհի ձնծաղիկները
  • «Օտարը». Նոր սիրային եռանկյունի` հայկական եթերում
  • Լարված իրադրություն շփման գծում. հակառակորդը ձեռնարկել է հարձակման փորձ. ԱՀ ՊԲ
  • Ջրվեժ գյուղում «ճակատ-ճակատի» բախվել են Nissan Teana-ն ու «06»-ը
  • Թրամփը հայտարարում է երկրի միջուկային զինանոցը հզորացնելու մտադրության մասին
  • Իշխանության ներսում սպասվում են արմատական փոփոխություններ և փոխատեղումներ
  • Փրկարարները հեռացնում են շենքերի տանիքների վտանգավոր սառցալեզվակները
  • Խոշոր ավտովթար ու հրդեհ Ծովագյուղում. բախվել են վիսկիով բարձված բեռնատարը, Opel-ն ու 09-ը
Comments
Loading...