Latest 10 episodes

Թրամփը նոր մրցասպարեզ է բացել Հայաստանի և Ադրբեջանի համար

ԱՄՆ նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի ընտրությունից հետո հետաքրքիր արձագանք են տալիս Երևանն ու Բաքուն: Բաքուն ակնկալում է, որ ԱՄՆ նոր նախագահը կակտիվացնի ջանքերը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ: Երևանը համարում է, որ ԱՄՆ քաղաքականությունը մեր տարածաշրջանում չի ենթարկվի էական փոփոխության: Եթե հաշվի առնենք այն, որ Բաքուն մինչև այժմ, հատկապես վերջին շրջանում գրեթե բացահայտորեն մեղադրում էր պաշտոնական Վաշինգտոնին հայամետ դիրքորոշումների և քաղաքականության համար, ապա նոր նախագահի դեպքում ջանքերի ակտիվացման մասին խոսելով՝ Ադրբեջանն ըստ ամենայնի ենթադրում է արդեն քաղաքականության փոփոխություն: Իսկ այդ ակնկալիքը արտահայտել էր Իլհամ Ալիևի օգնական Ալի Հասանովը:

Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը հայտարարում է, թե չի կարծում, որ ԱՄՆ քաղաքականությունը տարածաշրջանում կենթարկվի փոփոխության: Այդպիսով, Հայաստանի և Ադրբեջանի ակնկալիքները ակնհայտորեն տարբեր են, ինչը իհարկե մեղմ ասած՝ այդքան էլ զարմանալի կամ անսպասելի չէ:

Այս պարագայում ամբողջ հարցն այն է, թե նոր նախագահ Թրամփը ում ակնկալիքներն է արդարացնելու: Այս կապակցությամբ, իհարկե հենց սկզբից որոշակի տեղեկատվություն կա Թրամփի և ադրբեջանցիների կապերի մասին, ադրբեջանական լոբբինգի աջակցության մասին:

Մյուս կողմից իհարկե կասկած չկա, որ լիովին տարբեր են լինելու ոչ միայն թեկնածու Թրամփը և արդեն նախագահ Թրամփը, այլ տարբեր էին նույնիսկ մինչ այդ գործարար Թրամփը և թեկնածու Թրամփը: Եվ այս իմաստով, կարգավիճակի տրանսֆորմացիան անկասկած իր ազդեցությունն է թողնելու նաև Թրամփի և Ադրբեջանի կամ ադրբեջանցիների հարաբերությունների վրա, և դրանք անկասկած ենթարկվելու են տրանսֆորմացիայի: Սակայն, ինքնին հասկանալի է, որ դրա ուղղությունը կախված է լինելու այն մոտեցումներից, որ նոր նախագահը կունենա ղարաբաղյան հարցում: Իսկ սա մի հարց է, որի վերաբերյալ Թրամփը նույնիսկ չի էլ արտահայտվել: Դատել հնարավոր միտումների մասին Ռուսաստանի հետ հարաբերության վերաբերյալ նրա արտահայտություններից և մոտեցումներից, նույնպես կլինի սխալ և մոլորություն: Երկու պատճառով:

Նախ` Թրամփը նույնիսկ Ռուսաստանի հետ հարաբերության իմաստով չի արել որևէ հայեցակարգային հայտարարություն, այլ ընդամենը խոսել է Պուտինի հետ աշխատելու պատրաստակամության մասին: Եվ բացի այդ, աշխատել Ռուսաստանի հետ, դա ամենևին չի նշանակում Ռուսաստանի հետ համաձայն լինել բոլոր հարցերում: Օրինակ` hանրապետական Ջորջ Բուշ կրտսերի վարչակազմն աշխատում էր Ռուսաստանի հետ, Պուտինի հետ, բայց դա չխանգարեց Ուկրաինայում և Վրաստանում տեղի ունեցած իշխանափոխությունների հարցում ԱՄՆ սկզբունքային մոտեցմանը, իսկ Ղարաբաղի հակամարտության գործընթացում էլ փոխադարձ հակակշռման իրավիճակի պահպանմանը, ինչի հետևանք է այն, որ այդ ժամանակահատվածում գործնականում չի եղել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի որևէ շոկային էֆեկտ: Իսկ այդպիսի էֆեկտներ լինում են այն դեպքում, երբ խախտվում է ոչ միայն հակամարտող կողմերի, այլ նաև հակամարտության միջնորդների` մասնավորապես ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև հավասարակշռությունը: Հենց դրա հետևանքն է նաև այն, որ վերջին տարիներին իրադարձությունները կարգավորման գործընթացում զարգացան հենց շոկային տրամաբանությամբ:

Բանն այն է, որ սկսած 2008 թվականից, ԱՄՆ դեմոկրատական վարչակազմը տարված լինելով ՌԴ նոր նախագահ Մեդվեդևի հետ վերբեռնման քաղաքականության գաղափարով, որպես «բոնուս» նրան ընձեռեցին նաև Ղարաբաղյան հակամարտության գործընթացում նախաձեռնություն հանդես բերելու համեմատաբար ազատ հնարավորություն, ինչն էլ դրսևորվեց եռակողմ ֆորմատի ձևավորմամբ և կազանյան պլանի հասունացմամբ: Հետևանքը եղավ այն, որ հասունացավ ճգնաժամը, որը կարող էր հանգեցնել տարածաշրջանում ստատուս-քվոյի բավական վտանգավոր շարժերի:

Բարեբախտաբար, նախագահության արդեն երկրորդ շրջանում ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման փորձեց ակտիվորեն շտկել առաջին շրջանի բացթողումները և գործուն միջոցներ ձեռնարկել ղարաբաղյան գործընթացում ռուս-ադրբեջանական ակտիվությունը զսպելու և չեզոքացնելու ուղղությամբ, դրանով նաև հարուցելով ադրբեջանցիների դժգոհությունը: Այժմ ադրբեջանցիները հույս ունեն, որ Թրամփը կփոխի իրավիճակը և չի խանգարի Ռուսաստանին: Միարժեք ասել, թե ինչքանով են այդ հույսերը ռացիոնալ կամ հիմնավոր, իհարկե դժվար է:

Մի բան սակայն ակնհայտ է, որ Հայաստանի և Ադրբեջանի համար բացվել է դիվանագիտական ջանքերի նոր մրցասպարեզ: Եթե ԱՄՆ նախագահ ընտրվեր Քլինթոնը, ապա այստեղ ամեն ինչ իհարկե գերազանցապես ստատիկ կլիներ և նոր ձևավորվելիք իրողություններ չէին լինի: Թրամփի պարագայում առաջանում է Ղարաբաղյան հակամարտության գործընթացի առումով որոշակի խոպան տարածություն, որքան էլ Թրամփի թիմն անկասկած կտիրապետի կարևոր տարրերի և նրբերանգների, և կմշակի իր մոտեցումներն ու ռազմավարությունը: Այդուհանդերձ, ակնհայտ է, որ դրանում էական դեր կունենա այն, թե Հայաստանի ու Ադրբեջանի դիվանագիտություններն ինչպես կաշխատեն այդ մշակումներում ազդեցություն թողնելու համար, ինչ կկառուցեն այդ խոպանի վրա և ում կառույցը կլինի առավել ամուր և գրավիչ:

Today's most read news !
  • Ելենա Արշակյան.«Գեւորգը լուրջ վնասվածք ունի, որը սերիալում ցույց չենք տալիս»
  • Տղամարդը «Օդնոկլասնիկի»-ով էջմիածինցի ամուսնացած կնոջից պահանջել է սեքս անել իր հետ կամ նրա նկարները պոռնոնկար դարձրած կտարածի
  • Ուրիշի ընտանիքը քանդելիս Աննա Հարությունյանը չէր էլ պատկերացնում, որ այդ տղամարդը այլ կնոջ հետ կամուսնանա
  • Երկար դադարից հետո Սոնան Միշոյի հետ լուսանկար է հրապարակել
  • Ժանտախտ խրախճանքի հետևանքով
  • Պատգամավորը «արհեստական» է համարում Կրթության և գիտության նախարարության որոշումը
  • Ո՞ւմ է պետք այսպիսի պետությունը
  • ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանին հայկական պատվիրակության կողմից անդրադարձ կլինի դիվերսիոն ներթափանցմանը և Լապշինի գործին
Comments

Name: