Latest 10 episodes

Եթե ուզում ենք ապրել ամուր երկրում

«Սա պարտադիր է, եթե մենք ուզում ենք ապրել ամուր երկրում», բոլոր աշխատողների աշխատավարձից 1000 դրամ պահելու և զոհված ու վիրավոր զինծառայողների ընտանիքների սոցիալական կարիքներին ուղղելու մասին նախաձեռնության կապակցությամբ երեկ հայտարարել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

Պաշտպանության նախարարի այս խոսքերը հնչում են շանտաժի նման՝ միաժամանակ պարունակելով իշխանության անպատասխանատվության բավական մեծ դոզա: Այն, որ զինծառայողների, հատկապես զոհվածների ընտանիքների, վիրավորների և նրանց ընտանիքների սոցիալական խնդիրների լուծումը պետք է լինի համընդհանուր հոգածության առարկա և պատասխանատվության հարց, ոչ ոք վիճարկել կամ կասկածի տակ դնել չի կարող: Այս առումով քննարկելու ոչինչ չկա: Սակայն քննարկելու բան կա այն առումով, թե ինչպես պետք է իրականացվի այդ համընդհանուր պատասխանատվությունը:

Եվ եթե իշխանությունները մինչև օրենքի նախագծի մասին իրենք իրենց մեջ պայմանավորվելն ու որոշելը, փորձեին պայմանավորվել հասարակության հետ, հասարակության հետ քննարկել հնարավորություններն ու մոդելները, ապա ոչ մի կասկած չէր լինի նաև այն հարցում, որ խնդիրը շատ արագ կստանար կոնսենսուսային լուծում և կլիներ միգուցե իրական ազգային համաձայնության եզակի դրսևորում: Այն համաձայնության, որը մենք տեսանք ապրիլյան օրերին, տեսանք նաև այդ համաձայնության ուժը ու տեսանք, թե երբ է երկիրն իսկապես ամուր` երբ որոշումները, որոնք ունեն բախտորոշ նշանակություն և վերաբերում են անվտանգությանը, կայացվում են հենց ազգային համաձայնության տրամաբանությամբ:

Եվ մենք նաև տեսանք ապրիլյան պատերազմի բացահայտումների տեսքով, որ այն որոշումները, որոնք կայացվում են իշխանական շրջանակներում` միանձնյա, խոհանոցում, առանց ազգային համաձայնության և հաշվետվության, թուլացնում են երկիրն ու դարձնում խոցելի:

Եվ ուրեմն, ապրիլյան պատերազմի օրեր տեսած հասարակությանը երևի թե պետք չէ ասել, թե որ դեպքում մենք կապրենք ամուր երկրում, և որ երկրում մեր երիրը ամուր չի լինի: Ապրիլին հասարակությունը հստակ արձանագրեց այդ դեպքերը: Այս տեսանկյունից է, որ նման ձևակերպումը` «պարտադիր է, եթե ուզում ենք ապրել ամուր երկրում», ավելի շատ շանտաժ է հիշեցնում, սպառնալիք, քան իշխանության պատասխանատվություն երկրի, հասարակության անվտանգության համար, պետականության անվտանգության համար:

Որովհետև, եթե ուզում ենք ապրել ամուր երկրում, նախևառաջ պետք է չկեղծվեն ընտրությունները, եթե ուզում ենք ապրել ամուր երկրում, ապա տնտեսությունն ու քաղաքականությունը չպետք է լինեն մի քանի կլանի մենաշնորհ, բաժանված նրանց միջև, իսկ երկիրը թաղված 30 տոկոս աղքատության և 6 միլիարդ դոլարի արտաքին պարտքի մեջ:

Եթե ուզում ենք ապրել ամուր երկրում, ապա կոռուպցիոները պետք է լինի բանտում, իսկ նրա ունեցվածքը պետք է ուղղվի հանրային կարիքներին, այդ թվում՝ բանակին:

Եթե ուզում ենք ապրել ամուր երկրում, ապա առաջնագծում աղքատ ընտանիքի զավակի կողքին պետք է լինի բարձրաստիճան պաշտոնյայի զավակը, իսկ բանակում չծառայած անձինք չպետք է հայտնվեն բարձրաստիճան պաշտոններին և առավել ևս ստանան Պաշտպանության նախարարության պարգևներ:

Եթե ուզում ենք ապրել ամուր երկրում, շատ ու շատ այլ առավել կարևոր բաներ պետք է կատարվեն, մինչև 1000 դրամի պարտադիր հանգանակությունը: Չի կարող ամուր լինել մի երկիր, որտեղ իշխանությունը հասարակության հաշվին ապրում է ինչպես ուզում է, իսկ հասարակության կյանքի համար սահմանում գին ու պայմաններ:

Today's most read news !
  • Հայուհի իլյուստրատորի նվերն Արփինե Գաբրիելյանին և Միհրան Ծառուկյանին
  • Արամեի կնոջը հղիությունը շատ է սազում. նոր լուսանկարներ
  • Կոտայքում 34-ամյա տղամարդը, սաունայում զվարճանալուց հետո տուն վերադառնալով, դաժան ծեծի է ենթարկել կնոջը
  • Հայկոյի և Հրաչուհի Ութմազյանի ընկերական ջերմ լուսանկարը
  • Բիկինիով Իվետա Մուկուչյանը՝ Մեքսիկայի լողափում
  • Kompromat Թրամփի, գեներալ Մանվելի և այլոց դեմ. ինչպես ռուսական շանտաժը ուրացրեց Հոկտ. 27-ը
  • Անի Ղազարյան.«Վախերն առաջացան «Կյանք ու կռիվ 1»-ի մեծ հաջողությունից հետո»
  • Բացառիկ լուսանկարներ Սևակ Խանաղյանի երևանյան առաջին համերգից
Comments

Name: