Սպանություն մարտական դիրքում. զինվորը շների հաչոց լսելով՝ հակառակորդի ներխուժում է պատկերացրել

Վերաքննիչ քրեական դատարանը որոշում է կայացրել՝ կարճելու  Նորիկ Գրիգորյանի և Հովհաննես Սիրունյանի գործով բերված վերաքննիչ բողոքի վարույթը՝ ամբաստանյալի կողմից վերաքննիչ բողոքը հետ վերցնելու կապակցությամբ:

Գործը քննվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Դավիթ Սարգսյանի նախագահությամբ: Այս գործով երեք դատավոր է փոխվել, գործով առաջին դատական նիստը 2015 թվականի մայիսին է եղել, և ի վերջո՝ երրորդ դատավորի նախագահությամբ գործը քննվել է արագացված ընթացակարգով…

Ըստ մեղադրանքի՝ շարքային Նորիկ Գրիգորյանը 2014 թվականի դեկտեմբերի 26-ից մինչև 2015 թվականի հունվարի  9-ը ընդգրկված է եղել դիտակետում մարտական հերթապահության, նա նշանակված է եղել դիտորդ:

Մարտական հերթապահության ժամանակ, ըստ մեղադրանքի, Նորիկ Գրիգորյանը անփույթ և անբարեխիղճ վերաբերմունք է դրսևորել համապատասխան կանոնադրության կանոնների նկատմամբ, խախտել է դրանք՝ առանց ավագի թույլտվության թողել է հենակետի տեղաբաշխման վայրը…

Հունվարի  5-ին, ժամը 18-ի սահմաններում շարքային Գրիգորյանը նույն դիրքում դիտորդ նշանակված ժամկետային զինծառայող, շարքային Հովհաննես Սիրունյանի հետ միասին շուրջ տասնհինգ րոպե թողել է հենակետը, ապա վերադարձել է:

Նա շարունակել է անփույթ ծառայությունը, չի կատարել դիտորդի պարտականությունները, իր հերթապահության ժամանակ գտնվել է գետնատնակում, հսկողությունից դուրս է թողել պահպանվող տարածքը:

Ժամը 21-ն անց 55-ի սահմաններում գետնատնակի մոտ շների հաչոց լսելով ու կարծելով, թե հակառակորդի զինծառայող կարող է լինել՝ Նորիկ Գրիգորյանը զինաբուրգում դրված ինքնաձիգը վերցրել, լիցքավորել է ու հենց որ նույն դիրքում հերթապահություն իրականացնող պայմանագրային զինծառայող Կարեն Միրզոյանը բացել է գետնատնակի դուռը, Գրիգորյանը կրակել է Միրզոյանի ուղղությամբ՝ որովայնի շրջանում վերջինիս պատճառելով հրազենային գնդակային վիրավորում:

Ստացած վիրավորումից Կարեն Միրզոյանը հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին մահացել է:

Շարքային Հովհաննես Սիրունյանը, գտնվելով մարտական հերթապահության մեջ, նույնպես անփույթ ու անբարեխիճ է կատարել դիտորդի պարտականությունները:

Նա Նորիկ Գրիգորյանի հետ միասին դեպքի ժամանակ ընդհանրապես չի կատարել դիտորդի իր պարտականությունները, չի գտնվել հենակետում, այլ եղել է գետնատնակում ու, նույնպես առանց հսկողության թողնելով պահպանվող տարածքը, իր վատ ծառայությամբ պատճառ է դարձել ծանր հետևանքի առաջացման՝ Գրիգորյանի կողմից պայմանագրային զինծառայող Կարեն Միրզոյանի ուղղությամբ սխալմամբ կրակելու, մահացու հրազենային վնասվածք պատճառելու համար:

Դատարանում ամբաստանյալներն ընդունել են իրենց առաջադրված մեղադրանքները:  Նրանք միջնորդել են գործը քննել արագացված ընթացակարգով:

Տուժողի իրավահաջորդն ու մեղադրողը  չեն առարկել:

Նորիկ Գրիգորյանի խափանման միջոցը ամբողջ ժամանակ եղել է կալանավորումը, նա արգելանքի տակ է գտնվում 2015 թվականի փետրվարի 25-ից, Ապրիլյան ռազմական գործողություններին մասնակցել  ու լավ ծառայությամբ աչքի ընկնել չէր կարող:

Իսկ Հովհաննես Սիրունյանի նկատմամբ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2015 թվականի փետրվարի  25-ի որոշմամբ մերժել էր կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը:

2015 թվականի ապրիլի 16-ին Հովհաննես Սիրունյանի խափանման միջոցն ընտրվել է զորամասի հրամանատարության հսկողությանը հանձնելը:

2016 թվականի Ապրիլյան պատերազմի օրերին Հովհաննես Սիրունյանը եղել է դիրքերում, լավ ծառայությամբ ուղղել է սխալը…

Դատարանը հաշվի է առել, որ Հովհաննես Սիրունյանը 2016 թվականի ապրիլին մասնակցել է մարտական գործողություններին: Հրամանատարության կողմից նրա՝ այդ օրերի ծառայությունը բարձր է գնահատվել: Սիրունյանի ծնողներին շնորհակալագիր է ուղարկվել, որում նշվել է, որ Հովհաննես Սիրունյանը պատվով է կրել Հայրենիքի պաշտպանի բարձր կոչումը, բարեխղճորեն է կատարել Հայրենիքի հանդեպ իր սահմանադրական պարտքը: Նա զորացրվել է 2016 թվականի հուլիսի 16-ին:

Ընդհանուր իրավասության դատարանը Հովհաննես Սիրունյանին մեղավոր է ճանաչել մեղսագրված արարքի համար, դատապարտել է 2 տարի ազատազրկման, նրա նկատմամբ պայմանական դատապարտություն է կիրառել և սահմանել է 2 տարի փորձաշրջան:

Բուն կրակոց արձակողին ՝ Նորիկ Գրիգորյանին, դատարանը մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 365 հոդվածի 3-րդ մասով ու դատապարտել է  3 տարի 6 ամիս ազատազրկման: Պատժի սկիզբը՝ կալանքի տակ առնվելու պահից՝ 2015 թվականի փետրվարի 25-ից:

Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոք էր բերել ամբաստանյալ Նորիկ Գրիգորյանը՝ խնդրելով դատավճիռը իր նկատմամբ սահմանված պատժի մասով բեկանել ու փոփոխել՝ նշանակելով ավելի մեղմ պատիժ, կիրառելով պայմանական դատապարտություն և սահմանելով փորձաշրջան:

Սակայն մինչև վերաքննիչ քրեական դատարանում այս գործով դատական նիստի սկսվելը ամբաստանյալ Նորիկ Գրիգորյանը դիմում է ներկայացրել վերաքննիչ դատարան. «Խնդրում եմ իմ կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը վարույթ չընդունեք, քանի որ հրաժարվում եմ իմ բողոքից»:

Վերաքննիչ դատարանի որոշմամբ՝ ամբաստանյալի բողոքով հարուցված վերաքննիչ վարույթը կարճվել է:

Դատական ակտը մտել է օրինական ուժի մեջ:

Today's most read news !
  • Անձի երկվություն. Սերժ Սարգսյանի անբուժելի հիվանդությունը
  • Մարմնավաճառները գաղութում «տեսակցելու» էին Լեդի Հակոբի եղբորորդուն ու ընկերներին. 2 աշխատակից դատապարտվեց
  • Էմիլ Գալստյանը` «Քարե դարդ»-ն այլևս չհեռարձակելու լուրերի մասին
  • Վաղուց շատ լավ եմ ինձ զգում, ոչ մի խնդիր այլևս չկա. Գոռ Սուջյանն՝ իր առողջականի մասին
  • Նոր մանրամասներ՝ Քիմ Քարդաշյանի վրա կատարված հարձակումից
  • Արթնանում եմ առավոտյան 07:00-ին, որպեսզի համապատասխան տեսք ունենամ. Մհեր Խաչատրյանը՝ աշխատանքի և «Դոմինո»-ում նկարահանվելու մասին
  • Քանյե Ուեսթը բժիշկների խորհրդով է բաց թողել Գրեմմին
  • Քայլի Ջեները լուսանկարների նոր շարք է հրապարակել
Comments