Latest 10 episodes

Իշխանության նախընտրական բլից-կրիգը

1000 դրամների նախաձեռնության վերաբերյալ քննարկումներում և գնահատականներում գերիշխում էր այն մոտեցումը, որ գաղափարն, իհարկե, շատ կարևոր է, անհրաժեշտ, սակայն այդ գաղափարը հանրությանը ներկայացնելու և առաջ տանելու ձևը բացարձակապես համարժեք չէ կարևորությանն ու հասարակական, պետական նշանակությանը: Սա Հայաստանի հասարակության մեծամասնության միանգամայն ադեկվատ արձագանքն էր իշխանության միանգամայն ոչ ադեկվատ քայլերին, որով փորձ արվեց առաջ բերել կարևոր գաղափարն ու ըստ էության հենց սկզբից այն դնել և՛ հանրության հետ հակադրության մեջ, և՛ փաստորեն քննադատության ալիքի տակ:

Իրականում Հայաստանի հասարակությունը, քաղաքացիները, իշխանության նախաձեռնության ընդդիմախոսները ամենևին էլ բանակին, զինվորին օգնելու առաջարկը չէ, որ ենթարկեցին քննադատության: Իրականում քննադատության թիրախը այն ձևն էր, որով իշխանությունը որոշեց հարաբերվել այդ կարևոր գաղափարի հարցում՝ հետո չքմեղանալով և փորձելով հասարակությանը հայրենասիրության դասեր տալ: Այն հասարակությանը, որի հայրենասիրությունն էր, որ ապրիլյան պատերազմը չվերածեց համատարած աղետի և ողբերգության, այն հայրենասիրության, որ իր ուժով և օպերատիվությամբ ուղղակի ծածկեց իշխանական կոռուպցիայի և ամենաթողության հետևանքները:

Այս ֆոնին հարց է առաջանում, թե արդյոք իշխանությունը գիտակցե՞ց, որ իր ընտրած ձևը, մատուցման ոճը, կերպը բոլորովին այն չէր, որ համարժեք կլիներ և գաղափարին, և իր հանրային վարկանիշի, մեղմ ասած, անբավարար մակարդակին: Իհարկե, այդ հարցին միարժեք հստակ պատասխան տալը դժվար է, սակայն քննարկելով տարբեր հավանական մոտիվացիաները՝ դրանց շարքից թերևս չպետք է դուրս թողնել նաև այն, որ իշխանությունն այդ նուրբ հարցն ընտրել էր նաև նախընտրական որոշակի փորձարկումների համար:

Իշխանությունը դրանով իրականացրեց հանրությանը սեփական նախաձեռնությունն իր իսկ նախընտրած ձևով պարտադրելու մի յուրօրինակ բլից-կրիգ՝ ստուգելու համար, թե ինչպիսին է դիմադրողականությունը, և ինչպիսին է իր «անցողիկությունը»: Համենայնդեպս, իշխանության վերամբարձ, ինչ-որ տեղ նաև ամբարտավանության հասնող ոճը տպավորություն է թողնում, որ իշխանության խնդիրը ամենևին էլ զինվորին, նրա ընտանիքին արժանապատիվ վերաբերմունքով ապահովելը չէ, այլ հասարակության հանդեպ հերթական անգամ հաղթանակ տանելը՝ պարզապես զինվորի և նրա ընտանիքի անունից, քանի որ այդպես իշխանությունը մի քիչ ավելի ապահովված կլիներ հասարակական բողոքի ակտիվ դրսևորումներից:

Հակառակ պարագայում անբացատրելի է դառնում, թե ինչու ընտրվեց կարևորագույն և կենսական գաղափարը կոնֆլիկտային, դիմակայության սադրանքով առաջ մղելու տարբերակը, ինչու իշխանությունը գնաց հասարակության մոտ դիմադրություն առաջացնելու տարբերակին, եթե ակնհայտ էին մի շարք այլ տարբերակների հնարավորությունը և հարցն էլ ավելի արդյունավետ և լիովին այլ՝ բարենպաստ մթնոլորտում լուծելու հեռանկարը:

Իշխանությունն իրականացրեց նախընտրական կարողությունների «թեստավորում», որի արդյունքները իշխանության համար, իհարկե, գոհացուցիչ են, իսկ պետության և հենց նույն զինվորի համար՝ մտահոգիչ, քանի որ իշխանությունը կարծես թե շարունակում է իր գոյությունը չափել հասարակության նկատմամբ հաղթանակների քանակով:

Today's most read news !
  • Վախեցնող էր միայն այն փաստը, որ պետք է աշխատեի նման ռեժիսորի հետ. Անի Ամիրյանը Մհեր Մկրտչյանի նոր ֆիլմում է նկարահանվում
  • Անահիտ Սիմոնյանը` թուրքական սերիալները պրոպագանդելու մասին
  • Լիլիթ Հովհաննիսյանի նոր լուսանկարները Նյու Յորքից
  • Քիմ Քարդաշյանի երեխաների նոր լուսանկարները
  • Քիմ Քարդաշյանը շիկահեր է դարձել
  • Կարեն Կարապետյանի պատասխանը Սերժ Սարգսյանին
  • Այսօր Արթուր Աբրահամի ծննդյան օրն է
  • Արտակարգ դեպք Աբովյան քաղաքում. 4 երիտասարդներ դանակահարված տեղափոխվել են հիվանդանոց
Comments