Սերժ Սարգսյանը չցանկացավ գովազդել վարչապետին

«Ռուսաստանն այսօր» գործակալության ղեկավար Դմիտրի Կիսելյովին Սերժ Սարգսյանի տված բավականին ծավալուն հարցազրույցում ուշագրավ է մի հանգամանք` Սերժ Սարգսյանը չափազանց սակավախոս է վարչապետ Կարեն Կարապետյանի և նրա գործունեության, դրանից ակնկալիքների վերաբերյալ հարցերում: Սերժ Սարգսյանն ընդամենը հայտնում է բավականին զուսպ լավատեսություն, որ Կարապետյանը հաջողելու է, իհարկե շեշտելով, «մեր թիմը» հասկացությունը: Ինչով է պայմանավորված Սերժ Սարգսյանի սակավախոսությունը: Նա իրականում այդքան էլ մեծ հույսեր չունի, որ Կարեն Կարապետյանի կառավարությանը հաջողվելու է էական փոփոխություններ բերել տնտեսության մեջ, թե Սերժ Սարգսյանը չի ցանկանում ավելորդ խոսքերով առանձնապես պատասխանատվություն ստանձնել նրա կառավարության համար:

Այս առումով ընդհանրապես ուշագրավ է, որ Սերժ Սարգսյանը Կարեն Կարապետյանի կառավարության նոր կազմի առաջին նիստը վարելուց հետո գործնականում որևէ կերպ այլևս չի արտահայտվել այդ կառավարության գործունեությանը առնչվող որևէ հարցով: Ինչքան կշարունակվի այդ լռությունը, դժվար է ասել իհարկե, սակայն այս ֆոնին ուշագրավ է, որ օրինակ Հովիկ Աբրահամյանի կառավարության գործունեության հետ կապված Սերժ Սարգսյանը ըստ էության այդպես էլ որևէ կերպ հրապարակային ելույթներով հանդես չեկավ և այդ կառավարության համար որևէ պատասխանատվություն չստանձնեց:

Եվ այս ֆոնին բնականաբար հետաքրքրական է դառնում, թե արդյոք Կարեն Կարապետյանի կառավարության հանդեպ էլ Սերժ Սարգսյանը կստանձնի լուռ անպատասխանատվության դիրքորոշում, մինչև կգա նաև այդ կառավարությանը հեռացնելու ժամանակը: Իհարկե չի բացառվում նաև, որ չխոսելը նրա և Կարեն Կարապետյանի միջև պայմանավորվածության արդյունքն է, այն իմաստով, որ Կարապետյանը Սերժ Սարգսյանի խնդրել է հնարավորինս քիչ առնչություն ունենալ իր կառավարության գործունեությանը, քանի որ հակառակ դեպքում դա բոլորովին չի կարող նպաստել Կարապետյանի կառավարությունից հասարակական քիչ թե շատ նկատելի սպասումների վրա:

Սրան զուգահեռ, հատկանշական է, որ Սերժ Սարգսյանը Կարապետյանի կառավարության մասին սակավախոս է ռուսական պաշտոնական թիվ մեկ լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, ինչը կարող է վկայել նաև այն մասին, որ ներքին «լսարանի» առաջ` թե հասարակական, թե ներիշխանական իմաստով որոշակի մրցակից դիտարկվելուց զատ, Կարեն Կարապետյանը Սերժ Սարգսյանի համար մրցակից է նաև արտաքին քաղաքական բեվեռների տեսադաշտում, հատկապես Մոսկվայի: Իսկ նկատի ունենալով այն, որ Սերժ Սարգսյանը բաց է պահում նախագահի պաշտոնից հետո վարչապետի պաշտոնում առաջադրվելու հարցը` որի լուծումը բացի ներքին գործոններից շատ մեծ կախվածություն է ունենալու նաև հենց արտաքին վերաբերմունքից, նա իհարկե շահագրգռված է, որ Կարեն Կարապետյանը արտաքին կենտրոններում չընկալվի քաղաքականապես կենսունակ գործոն: Եվ այդ տեսանկյունից զարմանալի չէ, որ Սերժ Սարգսյանը այնքան էլ շահագրգռված չէ ռուսական թիվ մեկ գործակալության էջերում զբաղվել իր պոտենցիալ մրցակցի գովազդով:

Today's most read news !
  • «Եվրատեսիլ»-ում Հայաստանի ներկայացուցիչը 2-րդ տեղում է լավագույն կին կատարողների մրցույթում
  • «Եղնիկների կածանը». ուշագրավ փաստեր Ապրիլյան պատերազմին առնչվող ֆիլմի նկարահանման հրապարակից
  • Ամենապրոֆեսիոնալ երգչին անգամ կարող են կոտրել բացասական մեկնաբանությունները. Ինգա Արշակյանը՝ «Եվրատեսիլ-2017»-ի երգի մասին
  • Միշտ չէ, որ առաջին փորձը իդեալական է լինում. «Armenian Europe Music Awards Paris 2017» մրցանակաբաշխության կազմակերպիչը` թերությունների մասին
  • Քիմ Քարդաշյանը ելույթ կունենա կանանց գագաթնաժողովում
  • Միլիարդակռիվ. Ի՞նչ դեր է ունենալու Մոսկվան այդ կռվում
  • Գնալը միշտ էլ կա. Արտյոմ Հակոբյանը՝ Հայաստանը չլքելու ու նոր ՝«3/Off» նախագիծի մասին
  • «Երբ կինն ամուսնու փոխարեն է պատասխանում…». ՀՀԿ-ի արձագանքը Սեյրան Օհանյանի տիկնոջ սպառնալիքին
Comments

Name: