«Ճաշ» չի լինի. ՌԴ հայ գործարարներն այս տարի էլ հեռուստամարաթոնին խոստումներով կմասնակցեն

«Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնն այս տարի անցկացվելու է նոյեմբերի 24-ին՝ Երևանի ժամանակով ժամը 22:00-ից մինչև հաջորդ օրը ժամը 10:00-ը։ Հասույթը տրամադրվելու է ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում ավերված բնակավայրերի վերականգնմանը, Արցախի բազմազավակ ընտանիքներին բնակարաններ հատկացնելուն, ինչպես նաև արցախցիների անվտանգությանն ուղղված միջոցառումների կազմակերպմանը։

Ռուսաստանում տնտեսական վիճակի վատթարացման պատճառաբանությամբ՝ սկսած 2014 թվականից չի անցկացվում ռուսաստանաբնակ հայ գործարարների մասնակցությամբ «Հայաստան» համահայկական հիմնադրամի ավանդական դրամահավաք ճաշկերույթը։ Սովորաբար այս ճաշկերույթին մասնակցում էին գործարարներ Ռուբեն Վարդանյանը, Կարեն Կարապետյանը, «Ռուսաստանի հայերի միության» նախագահ Արա Աբրահամյանը։

Համաշխարհային հայկական կոնգրեսի առաջին փոխնախագահ Արամ Գ. Սարգսյանը «Առաջին լրատվական»-ին փոխանցեց, որ Արա Աբրահամյանը մասնակցել է այն տարիներին, երբ այս ճաշկերույթը կազմակերպում էր «Հայաստան» համահայկական հիմնադրամը, և հիմա եթե հիմնադրամը նման ճաշկերույթ չի կազմակերպում, Արա Աբրահամյանի չմասնակցությունը պայմանավորված է միայն դրանով։

Մինչդեռ կան տեսակետներ, որ նման ճաշկերույթ չկազմակերպելը ունի նաև քաղաքական երանգ՝ պայմանավորված հայ-ռուսական հարաբերություններով։ Ճաշկերույթին սովորաբար մասնակցել է նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, և կան գործարարներ, որոնք այժմ այնքան էլ բարիդրացիական հարաբերություններ չունեն Սարգսյանի հետ։

Ռուսաստանաբնակ քաղաքագետ և «Հայ Դատի» Մոսկվայի գրասենյակի նախկին ղեկավար Յուրի Նավոյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ այս ճաշկերույթի փոխարեն ռուսաստանաբնակ հայ գործարարների կողմից տեղի են ունենում անհատական շատ ավելի խոշոր ծրագրեր՝ ի նպաստ Արցախի։

«Երբ առաջին անգամ հայտարարվեց, որ այդ ճաշկերույթը տեղի չի ունենում, ես հաջորդ տարի նոյեմբերին նախաձեռնեցի մի միջոցառում՝ մեծահարուստներին և բիզնես շրջանակներին ներկայացնելով Արցախի կառավարության ծրագրերը։ Այն ժամանակ Արցախի կառավարությունը գործուղել էր բարձրաստիճան պաշտոնյայի, և դա բերեց նրան, որ անցյալ տարի Մոսկվայում տեղի ունեցան Արցախի օրեր։ Բացի հայտնի գործարար ցանկից՝ պետք է ժողովրդին ներգրավել և հասանելի դարձնել այդ ծրագրերին»,- ասաց Նավոյանը։

Նրա խոսքով՝ հավանաբար ճաշկերույթ չանցկացնելու պատճառը այս տարի ևս տնտեսական է, քաղաքական խնդիր չկա. «Որովհետև նույն անձինք, նույն դերակատարները, ովքեր հիմնադրամին գումարներ են տալիս, մի փոքր ավել կամ պակաս շարունակում են իրենց ծրագրերը Արցախում և Հայաստանում։ Եթե քաղաքական պատճառ լիներ, Ռուբեն Վարդանյանին կասեին, օրինակ, ծրագիր մի արա Հայաստանում, Սամվել Կարապետյանին կասեին՝ Ստեփանակերտում մի կառուցիր տարածաշրջանում ամենախոշոր հիվանդանոցը։ Ամեն մեկն ավելի մեծ թափով ծրագրեր ու ներդրումներ է անում»,- ընդգծեց Նավոյանը:

Յուրի Նավոյանի կարծիքով՝ Հայաստանի ԵՏՄ անդամ լինելու հանգամանքը հակառակը՝ պետք է Ռուսաստանին շահագրգռեր, որ այնտեղ բնակվող գործարարները ավելի մեծ դերակատարություն ունենային Հայաստանի տնտեսության զարգացման հարցում. «Հիմա, երբ ՀՀ կառավարության մակարդակով դրական փոփոխությունների ազդանշան կա, Ռուսաստանում ապրող հայությունը ավելի մեծ ուշադրությամբ է հետևում, թե ինչ նոր ծրագրեր կարող է անել, և որքանով տեղյակ եմ՝ մի շարք ճանաչված գործարարներ քննարկում են Հայաստանում խոշորածավալ ներդրումների ծրագիրը։ Դա, կարծում եմ, շատ ավելի արդարացված է, քան հիմնադրամի ճաշկերույթին մասնակցությունը, որն, այո՛, կարևոր է, բայց ոչ առաջնային»։

Today's most read news !
  • Սոֆի Դեւոյան.«Թոռնիկս մյուսների նախանձը չի առաջացնում»
  • Դերասանուհի Էթերի Ոսկանյանի նոր ֆոտոշարք ունի
  • Ես գեղեցիկ եմ, եւ իմ սիրտը զբաղված է. երիտասարդ դերասանուհի Եվա Զոհրաբյանը՝ կարիերայի և անձնական կյանքի մասին
  • Իսկ դուք գիտեք՝ քանի տարեկան են հայ հայտնիները
  • Զառան՝ «Քարե դարդ»-ի և ամերիկյան շրջագայության մասին
  • Զույգերը կարող են վիճել, բայց չդադարել սիրել. Արծրուն Չոբանյանը՝ «Փշրված պատրաքների մի գիշեր» ներկայացման մասին
  • Մերկել-Էրդողան «հակամարտությունն» ու Հայոց ցեղասպանությունը
  • Վերջին հրաժեշտը «Հաց բերողին»
Comments

Name: