Սերժ Սարգսյանի «ռուսական երազանքը»

«Ռուսաստանն այսօր» գործակալության ղեկավար Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում Սերժ Սարգսյանը բավական ուշագրավ հայտարարություն է արել ապրիլյան պատերազմի օրերին Ռուսաստանի պահվածքի վերաբերյալ՝ այն բնորոշելով «հավասարակշիռ» և հայտարարելով, որ այն, ինչ արեց Ռուսաստանը, միակ բանն էր ապրիլին ստեղծված վիճակում:

Ուշագրավն, իհարկե, այդ հայտարարությունը չէ, այլ դրան «ուղեկցողը»: Սերժ Սարգսյանը նշում է, որ Ռուսաստանի «հավասարակշիռ» պահվածքը միանշանակ ընկալում չունեցավ Հայաստանի հասարակության շրջանում, որի ճնշող մեծամասնությունը համոզված էր, որ Ռուսաստանը վտանգի դեպքում կլինի մեր կողքին: «Բայց, ինչպես ասում են, երազելը վնաս չէ»,- հայտարարել է Սերժ Սարգսյանը:

Սա արդեն իսկապես ուշագրավ է, քանի որ Սերժ Սարգսյանի նման ձևակերպումն արդեն ոչ միայն բուն ապրիլյան իրողություններն է շոշափում, այլև իր մեջ պարունակում է նաև պատմական կտրվածք և կոնտեքստ: Փաստորեն, ըստ նրա, վտանգի պահին Ռուսաստանի օգնությանն ապավինելը հայկական հասարակության համար հավասարազոր է «երազելուն», այսինքն՝ ստացվում է, որ Հայաստանն արդեն մոտ երեք դար ընդամենը երազում է՝ կարծելով, թե վտանգի պահին Ռուսաստանը կլինի մեր կողքին:

Ուշագրավն այստեղ, իհարկե, այն չէ, որ Սարգսյանը նման գնահատական է տալիս Ռուսաստանի հանդեպ հայ հասարակության անվտանգային սպասումներին: Ուշագրավը այն է, որ այդ գնահատականը, այդ բնորոշումը տալիս է Սերժ Սարգսյանը, այն Սերժ Սարգսյանը, որը 2013 թվականին Հայաստանը շրջեց եվրաինտեգրացիայի կարևոր ճանապարհից և խցկեց ԵՏՄ՝ հայտարարելով, որ այդպիսով Հայաստանը դարձավ ավելի անվտանգ: Եվ ահա այժմ Սերժ Սարգսյանը հայտարարում է, որ վտանգի պահին Ռուսաստանին մեր կողքին տեսնելը «երազել» է:

Նա, իհարկե, շատ ճիշտ է հայտարարում, ճիշտ է բնորոշում Ռուսաստանից սպասումները, թեև, իհարկե, դա այլևս որևէ մեկին պետք չէ, քանի որ հայ հասարակությունն ամեն ինչ առավել քան հստակ տեսավ ապրիլյան պատերազմի օրերին:

Սերժ Սարգսյանի հայտարարությունն այդ իմաստով հետաքրքրական է մեկ ուրիշ դիտանկյունից: Ինչպե՞ս է նման գնահատական տվող մարդը Ռուսաստանի հետ գնում համատեղ հակաօդային պաշտպանության համակարգի ձևավորման և նաև հայ-ռուսական միացյալ զորախմբի ընդլայնման: Հիմա դա երազա՞նք է, թե՞ ուտոպիա, մոլորություն: Կամ Սերժ Սարգսյանը այդ որոշումներն էլ, ինչպես ԵՏՄ անդամակցումը, կայացրել է մեկ գիշերում, ինչ-որ սպառնալիքի ներքո: Իսկ գուցե այդ ամենը պարզապես Հայաստանի անվտանգության հետ կապ չունեցող հաշվարկ է, որի հիմքում ընդամենը իշխանական անվտանգության և նպատակահարմարության մտահոգություններն են և սպասումները՝ արդեն ոչ թե «երազային», այլ իրատեսական:

Խոշոր հաշվով, Հայաստանի իշխանության համար խնդիրը միշտ էլ շատ պարզ է եղել, և Ռուսաստանի հանդեպ որոշումներում ու գործողություններում Հայաստանի իշխող համակարգը երբեք էլ «պատրանք» չի ունեցել, թե դա բխում է Հայաստանի անվտանգության նկատառումներից և պահանջներից, և Ռուսաստանը վտանգի պահին կլինի Հայաստանի կողքին:

Հայաստանի իշխանությունը ավելի քան երկու տասնամյակ ԽՍՀՄ փլուզումից հետո անկախություն ձեռք բերած պետությանը քայլ առ քայլ, հետևողականորեն մղել է Ռուսաստանի ազդեցության տակ՝ այն համոզմամբ, որ վտանգի պահին միայն Ռուսաստանի իշխանությունը կլինի իր կողքին և կօգնի պահել իշխանությունը Հայաստանում՝ հաճախ Հայաստանի զարգացման հեռանկարների և անվտանգության հաշվին:

Today's most read news !
  • Վաչե Թովմասյանի կինը հղիությունից հետո վերականգնել է գեղեցիկ կազմվածքը
  • Արեւիկ Ուդումյանի հարստանալու բանաձեւը
  • Կցանակնամ, որ մարդիկ հասկանան, թե էս երկրում ո՞վ է իսկապես իրենց ծաղրում. Շուշանիկ Արևշատյանը՝«X-Factor»-ը քննադատողներին
  • Քիմ Քարդաշյանի քույրերը ցուցադրել են իրենց հրապուրիչ կազմվածքը
  • Հենրիխ Մխիթարյան. «Երբեք ոչնչից մի ընկճվեք, լավատես եղեք և պայքարեք ձեր նպատակների համար»
  • Անկախ երգի ընտրությունից՝ երգչի համար շատ կարեւոր է սատարումը. Արամ MP3-ը՝ «Եվրատեսիլ-2017»-ում հայաստանյան երգի մասին
  • Պարոն ոստիկանապետ, ՃՈ աշխատանքը ձեր անձնական կոնտրոլի տակ վերցրեք. Կարեն Կարապետյան
  • Թեժ քննարկում Փարաքարում. ներկա էին ոստիկանապետը, ՃՈ պետի տեղակալը, պատգամավորը
Comments

Name: