Latest 10 episodes

Կարեն Կարապետյանի խոսուն պասիվությունը

Պետության պաշտպանության ընթացքում զոհված կամ վիրավորված զինծառայողների ընտանիքների սոցիալական աջակցության համար ստեղծվելիք հատուկ հիմնադրամի և դրա համար գանձվելիք 1000 դրամ վճարների իշխանության նախաձեռնության հասարակական-քաղաքական բուռն քննարկումների ստվերում մնաց հետաքրքրական մի հանգամանք։ Այդ նախաձեռնությունից գործնականում անմասն մնաց կառավարության նոր ղեկավար Կարեն Կարապետյանը։ Թվում է, որ նախաձեռնությունը լինելով շատ կարևոր, պետք է որ բավական լավ առիթ լիներ վարչապետի հայրենասիրական լույսի տակ երևալու համար, որը կհամալրեր այն մենեջերական լույսը, որով վարչապետը ներկայացել էր հասարակությանը։ Մենեջերական և հայրենասիրական այդ լույսերի համադրումը կարող էր Կարեն Կարապետյանի համար կազմել քարոզչական բավականին վառ լուսապսակ։ Սակայն, Կարեն Կարապետյանը ոչ միայն չշտապեց որևէ կերպ առնչվել այդ նախաձեռնությանը, ընդամենը բավական անաղմուկ հավանության արժանացնելով այն կառավարության նիստում, այլ կարծեք թե բավականին ընդգծված կերպով հեռու մնաց դրանից։ Եվ դա այն դեպքում, երբ իշխանության տարբեր կարգի ներկայացուցիչներ առիթն օգտագործեցին ամբիոններ նետվելու և հայրենասիրական ճառեր ասելու, հայրենասիրության դասեր տալու համար, այդ թվում նրանք, որոնք չեն ծառայել բանակում։

Այդ ամենից վարչապետի անմասն մնալու հանգամանքը հիմք է տալիս ենթադրելու, որ Կարեն Կարապետյանը այլ վերաբերմունք է ունեցել այդ նախաձեռնության հանդեպ։ Երևի թե ավելի շուտ ձևի, քան բովանդակության, որովհետև բովանդակության իմաստով իհարկե նա դեմ չի լինի լրացուցիչ ֆինանսական միջոցների առկայությանը։ Թեև, այս իմաստով հարկ է նկատել մեկ այլ շատ ուշագրավ դրվագ, որ դրսևորվեց կառավարության այն նիստի ընթացքում, որում հավանության արժանացավ այդ օրինագիծը։ Այն բանից հետո, երբ պաշտպանության նախարարը ներկայացրել էր օրինագիծը, Կարեն Կարապետյանը կատակով հիշատակել էր ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանի լավ տրամադրությունը։ Բանն այն է, որ Կենտրոնական բանկն է կառավարելու հիմնադրամի միջոցները, որ գոյանալու են պարտադիր վճարներից։ «Պարոն Ջավադյանը լավ տրամադրություն ունի: Ուրիշ հիմնադրամ չունե՞ք, որ Կենտրոնական բանկը կառավարի մի քանի տարի», նկատել էր Կարեն Կարապետյանը կատակով։ Ինչպես ասում են, կատակի կեսը ճշմարտությունն է և վարչապետի այդ ակնարկի հետևում գուցե թաքնված են բավականին ուշագրավ ներիշխանական շահեր։ Չի բացառվում, որ Կարեն Կարապետյանը դժգոհ է այդ հիմնադրամի տնօրինման մեխանիզմից և դեմ է եղել, որպեսզի այդ միջոցները տնօրինի Կենտրոնական բանկը։ Հավանաբար Կարեն Կարապետյանի համար առավել ցանկալին եղել է այդ հիմնադրամի հանդեպ կառավարության անմիջական ազդեցությունն ու հավաքվող փողը տնօրինելու իրավասությունը։

Կարեն Կարապետյանի կառավարությունն ունի փողի խնդիր, ստիպված է կրճատել բյուջեի ծախսերը, նաև խիստ օպտիմալացնել պետական համակարգը։ Ահա այդ պայմաններում, երբ արհմիություններն էլ դժգոհում են, թե նա կրճատում է կառավարության բյուջետային աշխատատեղերը, իշխանությունը որոշում է զինծառայողների ընտանիքների փոխհատուցման անվան տակ պարտադիր վճար սահմանել հանրության համար և դրա կառավարումը հանձնել Կենտրոնական բանկին։ Ստացվում է շատ հետաքրքրական մի վիճակ։ 1000 դրամների նախաձեռնության առաջ բերած հանրային դժգոհության ալիքը այսպես, թե այնպես ընկնում է նոր կառավարության, մասնավորապես Կարեն Կարապետյանի վրա, թեկուզ ոչ ուղղակի։ Բանն այն է, որ այդ նախաձեռնությունն իրականացվում է նոր կառավարության և դրա հետ կապված որոշակի սպասումների մեկնակետում։ Այդպիսով, կամա, թե ակամա, Կարապետյանը առնվազն կիսում է նախաձեռնության առաջ բերած ընդդիմախոսությունը, իսկ փողերը տնօրինում է Կենտրոնական բանկը, որը ընդդիմախոսության ռիսկի իմաստով ոչինչ էլ չի կրում։ Իհարկե դժվար է միարժեք ասել, թե արդյո՞ք վարչապետը կողմ կլիներ և ակտիվորեն կներգրավվեր նախաձեռնության ներդրման գործում, եթե փողերի կառավարման իրավունքը վերապահվեր կառավարությանը։ Բանն այն է, որ այդ հանգամանքը խնդիրների երևի թե մի դետալն է, թեև ոչ պակաս կարևոր՝ նկատի ունենալով ֆինանսական սղության բավական սուր հարցը։

Կա նաև մեկ այլ հանգամանք։ Կարեն Կարապետյանը հանրությանն է ներկայացվել որպես փոփոխության խորհրդանիշ, նա ինքն էլ հանդես է եկել նորարարության հավաստիացումներով։ Ակնհայտ է, որ Կարապետյանը մի շարք տնտեսական և քաղաքական գործոնների բերումով քայլում է ուղղակի լարի վրայով և ամենափոքր տատանումն անգամ կարող է նրա համար դառնալ ընկնելու պատճառ։ Եվ այստեղ Կարապետյանի ամրության առանցքային գրավականը հանրային սպասումներն են, որոնք կան։ Բայց, ահա այդ ֆոնին իշխանությունը հանդես է գալիս մի նախաձեռնությամբ, որը խնդիր ունի ոչ միայն բովանդակության, այլ նաև ներդրման ձևի հետ։ Ավելին, գուցե բովանդակության հետ չունենար որևէ խնդիր, կամ գոնե զգալի խնդիր, եթե չլիներ ձևի խնդիրը։ Այն ձևը, մեթոդը, որով իշխանությունը նախաձեռնեց հարցը և մղեց առաջ, բացարձակապես համարժեք չէ փոփոխությունների և նոր մոտեցումների կարապետյանական հռչակումներին, և լիովին հակասում է այն սպասումների տրամաբանությանը, որ հանրային մի շարք շրջանակներում ձևավորվել է նրա նշանակումից հետո։ Կարապետյանը դեռ չի հասցրել ծանրակշիռ փաստարկներ բերել նոր մոտեցումներին հավատարիմ լինելու օգտին, բայց արդեն բերվում է ծանրակշիռ նախաձեռնություն հին մոտեցման լավագույն ավանդույթների ոգով, որտեղ հասարակության կարծիքը և հանրության հետ երկխոսելու մշակույթը թողնված է ամենավերջում, որտեղ իշխանությունը գնում է հանրության նկատմամբ հաղթանակի, ոչ թե փոխհամաձայնության ճանապարհով։ Դա իհարկե հարված է Կարեն Կարապետյանին և նրա քաղաքական դիրքերին, քանի որ հանրային վերաբերմունքի առումով իշխող մեծամասնությունը կորցնելու բան չունի՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ։ Կորցնելու բան ունի Կարեն Կարապետյանը, և նրա պասիվությունը այդ հարցում բավական խոսուն է։

Today's most read news !
  • Սերժ Սարգսյանի արձագանքը Սեյրան Օհանյանի հայտարարությանը
  • Վախեցնող էր միայն այն փաստը, որ պետք է աշխատեի նման ռեժիսորի հետ. Անի Ամիրյանը Մհեր Մկրտչյանի նոր ֆիլմում է նկարահանվում
  • Ընտիր ներդրումային դաշտ. էստի՜ համեցեք
  • Անահիտ Սիմոնյանը` թուրքական սերիալները պրոպագանդելու մասին
  • Քիմ Քարդաշյանի երեխաների նոր լուսանկարները
  • Քիմ Քարդաշյանը շիկահեր է դարձել
  • Լիլիթ Հովհաննիսյանի նոր լուսանկարները Նյու Յորքից
  • Արագածոտնի մարզի Ղաբաղթափա գյուղի բնակիչները գտնվում են շրջափակման մեջ
Comments