Մտել է բնակարան ու խռխռոց է լսել. էքստրասենսի սպանության գործով ամբաստանյալը ընկերուհուն խոստովանել է՝ «արել եմ»

Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Վարդան Աբրահամյանի նախագահությամբ շարունակվեց էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության գործի դատական քննությունը:

Ավազակությամբ զուգորդված դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով մեղադրվում է Մուշեղ Մխիթարյանը: Նա իրեն մեղավոր չի ճանաչում:

«Վեցերորդ զգայարան» հեռուստաշոուից հայտնի էքստրասենս Անի Մաջնունյանը սպանվել էր իր բնակարանում՝ դանակի բազմաթիվ՝ մոտ 60, այդ թվում՝ պարանոցին հասցված հարվածներով: Նրա դիակը հայտնաբերվել է 2015 թվականի օգոստոսի 5-ին: Նախորդ օրը՝ օգոստոսի 4-ին, ժամը 23-ի սահմաններում Անի Մաջնունյանին, ըստ գործի տվյալների, այցելել է սպանության համար մեղադրվող Մուշեղ Մխիթարյանը՝ «Յանուս» թատրոնի երիտասարդ ղեկավարը, ում հետ Անին ծանոթ էր մի քանի ամիս:

Դատարան էր ներկայացել գործով առանցքային վկա Աննա Մ.-ն, ով Մուշեղ Մխիթարյանի դեմ տվել է մեղադրող ցուցմունքներ, համագործակցել է իրավապահների հետ ու աջակցել է հանցագործության բացահայտմանը:

Աննային թույլ չտրվեց դահլիճում գտնվել, քանի որ բացառված չէ, որ կողմերը մինչև դատաքննության ավարտը միջնորդեն՝ այս կարևոր վկային ևս մեկ անգամ հարցաքննելու մասին, մանավանդ, որ տուժողի ներկայացուցիչ փաստաբանը ներգրավվել է ավելի ուշ, երբ Աննան դատարանում արդեն հարցաքննվել էր:

Աննան վերջերս երեխա է ունեցել: Մուշեղ Մխիթարյանը իր հետագա խոսքում նշեց. «Մոռացա շնորհավորեմ…»:

Դատարանը գործով ձեռք բերված ապացույցների ու փաստաթղթերի հրապարակման, հետազոտման փուլում է:

Հրապարակվեց Մուշեղ Մխիթարյանի ու Աննա Մ.-ի առերես հարցաքննության արձանագրությունը:

Աննան ներկայացրել է, որ Մուշեղը նախապես ծրագրել էր Անի Մաջնունյանի սպանությունը՝ ասելով, թե հոգնել է նրանից: Իր մտադրության մասին Մուշեղը հայտնել է Աննային ու պարտադրել է, որ նա էլ իր հետ գնա Անիին սպանելու:

Աննան սկզբում մերժել է Մուշեղին: Սակայն Մուշեղը, ըստ Աննայի, սպառնացել է, թե նրա մայրիկին ու նախկին ընկերոջը կհայտնի իր և այլ տղաների հետ Աննայի ունեցած սեռական կապերի մասին:

Աննան այնքան է վախեցել այս սպառնալիքից, որ համաձայնել է Մուշեղի հետ գնալ Անիի բնակարան:

Մուշեղը պահանջել է, որ Աննան տնից դանակ վերցնի, ինչը Աննան նույնպես կատարել է:

Հանդիպել են Գարեգին Նժդեհի փողոցում, հասել են Նժդեհի հրապարակ, որտեղից նստել են տրանսպորտ ու հասել են Անիի շենքին՝ Մազմանյան փողոց:

Մինչև Անիի բնակարան մտնելը՝ դեղատուն են մտել, որտեղից Մուշեղը գնել է բժշկական ձեռնոցներ:

Երբ հասել են Անիի բակ, Աննան այնքան ուժգին է վախեցել, որ հրաժարվել է Մուշեղի հետ Անիի բնակարան բարձրանալուց:

Մուշեղը կարգադրել է, որ Աննան մնա բակի զրուցարանում:

Աննան նստել է զրուցարանում, սկսել է սպասել: Քանի որ արդեն կեսգիշերին մոտ էր, Աննան այդտեղ քնել է: Հետո նա մտել է Անիի շքամուտք, բարձրացել է իններորդ հարկ, նստել է տանիք տանող աստիճանների վրա, ու նորից աչքը կպել է՝ իմանալով հանդերձ, որ ութերորդ հարկի բնակարանում միգուցե այդ պահին տանտիրուհու սպանություն է տեղի ունենում:

Հանկարծ Աննան սթափվել է՝ լսելով, որ Մուշեղը ձայն է տալիս իրեն: Նա մի հարկ իջել է: Մուշեղն ասել է. «Արել եմ», ինչից Աննան հասկացել է, որ նա սպանել է Անի Մաջնունյանին:

Աննան Մուշեղի հետևից մտել է բնակարան ու խռխռոց է լսել: Խոհանոցից դեպի աջ է գնացել ու տեսել է Անիին՝ մահճակալի վրա, պարանոցի հատվածում՝ արյուն: Անին դեռ ողջ էր…

Այդ տեսարանից Աննան վատ է զգացել ու դուրս է վազել բնակարանից: Մուշեղը դուրս է վազել նրա հետևից ու սպառնացել է, որ եթե կատարվածի մասին Աննան որևէ մեկին հայտնի, նույնը տեղի կունենա նրա ընտանիքի անդամների հետ:

Աննան նորից նստել է զրուցարանում, Մուշեղը բարձրացել է Անիի բնակարան: Նա մի քանի անգամ իջել-բարձրացել է՝ ստուգելու համար՝ Աննան դեռ այնտե՞ղ է: Հերթական անգամ իջնելով՝ Մուշեղն Աննային ասել է, թե պիտի սպասեն ու տեսնեն՝ ոստիկանները գալի՞ս են:

Նա վերցրել է Աննայի շարֆը, մի անգամ էլ է բարձրացել բնակարան: Երբ իջել է, նրա շալվարի փողքերը մինչև ծնկները բարձրացված էին: Աննայի շարֆը Մուշեղը կապել է որովայնի շրջանին, որովհետև այդ մասում հագուստն արյունոտ էր:

Նրանք պատահական տաքսիով գնացել են Նորքի 9-րդ զանգված, որտեղ բնակարան էր վարձակալել Մուշեղը: Տաքսուց իջել են շենքից որոշ հեռավորության վրա: Ճանապարհին ոչ ոք նրանց չի մոտեցել, Մուշեղի հետ ոչ մի կողմնակի մարդ չի խոսել:

Բնակարանում Մուշեղը փոխել է արյունոտ հագուստը, այն դրել է տոպրակի մեջ: Նա կանչել է իր հարևանին, նրան ինչ-որ հորինված պատմություն է պատմել՝ քիչ առաջ իրեն սպառնալու վերաբերյալ:

Մուշեղը խոհանոցում մանրացրել է դեպքի վայրից իր հետ բերած դանակի կոթ ու սուրճի պնակի մեջ այն այրել է բժշկական ձեռնոցների հետ:

Անի Մաջնունյանի սպանության ժամանակ դանակներից մեկի շեղբը հարվածի ուժգնությունից կոթից անջատվել ու մնացել էր զոհի կրծքավանդակի մեջ խրված: Խոսքը, հավանաբար, այդ կոթին էր վերաբերում…

Այնուհետև, ըստ Աննայի, Մուշեղը գնացել է քնելու՝ զգուշացնելով, որ իրեն արթնացնեն առավոտյան ժամը 7-ն անց 30-ին: Աննան ու հարևանը ամբողջ գիշեր մնացել են արթուն: Առավոտյան Մուշեղին արթնացրել են: Հարևանը գնացել է:

Մուշեղը զանգել է մի լրագրողի, պատմել է, որ իրեն նախորդ օրը սպառնացել են: Այնուհետև նա հաղորդագրություն է ուղարկել Անի Մաջնունյանին՝ ըստ Աննայի՝ ալիբի ապահովելու համար:

Մուշեղն ու Աննան տնից դուրս են եկել: Ճանապարհին Մուշեղը մայկա է գնել: Գնացել են Սուրբ Սարգիս եկեղեցի: Մուշեղը հանդիպել է մի լրագրողի, ցանկացել է հարցազրույց տալ այն մասին, որ իրեն սպառնում են:

Ապա գնացել են հրապարակում գտնվող սրճարան, որտեղ Մուշեղը հանդիպել է ընկերուհուն՝ Լիլիթին:

Մինչ նրանք զրուցում էին, ըստ Աննայի՝ ինքը մի քանի անգամ դուրս է եկել սրճարանից, ցանկացել է ինչ-որ մեկին պատմել կատարվածը, բայց չի համարձակվել: Նորից վերադարձել է սրճարան:

Մուշեղը ճանապարհել է ընկերուհուն:

Աննան ու Մուշեղը նորից ճամփա են ընկել: Մուշեղը հանդիպել է ընկերոջը՝ Արամին, նրան անորոշ ձևով հարցրել է, որ եթե սպանած լինի սիրուհուն, ինչպե՞ս կարող է սպանության հետքերը վերացնել: Նա նույնիսկ խոսել է սպանության վայր բնակարանը հրկիզելու մասին: Արամը ոչ մի կոնկրետ բան չի ասել: Աննան տպավորություն է ստացել, որ Արամը խուսափում է այդ թեմայով Մուշեղի հետ խոսելուց:

Այնուհետև Աննան ու Մուշեղը գնացել են Խարբերդի գերեզմանատուն, որտեղ թաղված է Մուշեղի՝ 2013 թվականին մահացած մայրը: Ճանապարհին Մուշեղը շշով բենզին է գնել:

Մուշեղն այցելել է մոր գերեզմանին, ապա գնացել են գերեզմանատանը հարող ամայի տարածք, որտեղ Մուշեղը բենզինով այրել է սպանության պահին իր հագին եղած հագուստը, կոշիկները, դրանք նա տոպրակով վերցրել էր հետը: Այդ վայրում նա հողի մեջ թաղել է Անի Մաջնունյանի բնակարանի բանալիները:

Դրանից հետո վերադարձել են Երևան: Գնացել են իրենց տները:

Երեկոյան Մուշեղը զանգել է Աննային ու ձևական հարցրել է՝ իմացա՞ր, որ Անին մահացել է: Ըստ Աննայի՝ դա էլ Մուշեղն արել է ալիբի ստեղծելու համար:

Անիի բնակարանից, ըստ Աննայի, Մուշեղը վերցրել էր ոսկե զարդեր, որոնք տվել է իրեն: Վերցրել է նաև Անիի բջջային հեռախոսները, որոնց մարտկոցները հանել-վերցրել է, իսկ հեռախոսները տվել է Աննային: Վերջինս այդ հեռախոսները նետել է Խորենացու փողոցի շենքերից մեկի վերելակի հորը…

Աննայի հետ առերես հարցաքննվող Մուշեղը հայտարարել է, որ Աննայի ցուցմունքը չի համապատասխանում իրականությանը: Ինքն իր հերթին հրաժարվել է ցուցմունքներ տալուց:
Աննան պնդել է իր ցուցմունքը:

Նա Մուշեղին հարցրել է. «Անվերջ ուզում էի այս հարցը տալ ու չէի տալիս: Ինչո՞ւ դիմեցիր այդ քայլին»:

Մուշեղը պատասխանել է, թե ինքը որևէ բան չի արել, չգիտի, թե Աննան ինչո՞ւ է իր դեմ մեղադրական ցուցմունքներ տալիս, բայց ենթադրում է, որ Աննան սիրում է իրեն ու չի հանդուրժում, որ տվյալ պահին իր կողքին Լիլիթն է…

Մուշեղ Մխիթարյանի շահերի պաշտպանը հանդես է եկել հայտարարությամբ, որ առերես հարցաքննությունը կատարվել է օրենքի խախտումով, քանի որ Մուշեղ Մխիթարյանը գործով դեռևս հարցաքննված չէ, նրան մինչև իսկ դեռ մեղադրանք չեն առաջադրել, իսկ առերես հարցաքննություն կատարում են, եթե անձանց ցուցմունքների մեջ էական հակասություններ են լինում:

Լսելով հրապարակված արձանագրությունը՝ Մուշեղ Մխիթարյանը դատարանում հայտարարեց, որ Աննան մի քանի ցուցմունք է տվել, որոնք ոչ մեկը կապ չունեն իրականության հետ: Աննան նկարագրել է դեպքի վայր բնակարանը, բայց նրա նկարագրությունը չի համապատասխանում դեպքի վայրի զննության արձանագրությանը. «Էդ մարդը չէր կարող էդ բնակարանում լինել ու նկարագրել էդպես…»:

Այնուհետև մեղադրող Սավթալյանը ճիգ ու ջանք թափեց, որ հրապարակի սպանության վայրի զննության արձանագրությունը, սակայն ձեռագիրն այնքան անընթեռնելի էր, որ դա չհաջողվեց: Հնարավոր է՝ այդ արձանագրությունը կազմողին հետագայում հրավիրեն դատարան, որ նա ինքն ընթերցի իր կազմած արձանագրությունը:

Դատարանում հրապարակվեցին մի շարք փաստաթղթեր:

Անի Մաջնունյանի բնակարանում կատարված խուզարկության ու առգրավման արձանագրությունը, համաձայն որի՝ տուժողի բնակարանից առգրավվել է նրա համակարգիչը, ներքնակների տակից հայտնաբերված երկու դրամապանակները՝ մանր թղթադրամներով, բջջային հեռախոսների տուփերը, որոնց վրա գրված էին հեռախոսների գործարանային համարները, 28 ոսկե զարդ ու պահպանակներ…

Դեպքից ամիսուկես հետո Անի Մաջնունյանի եղբայրը հայտնել ու իրավապահներին է ներկայացրել, որ Անիի ննջարանից գտել է ծրարի մեջ դրված գումարներ՝ 2 հազար դոլար, 1 միլիոն 400 հազար դրամ, 200 եվրո, ինչպես նաև ոսկե զարդեր… Անիի հոգեպահուստն է եղել…

Խարբերդի գերեզմանատանը Աննա Մ.-ի ուղեկցությամբ, նրա կողմից մատնացույց անելու պայմաններում կատարվել է զննություն: Աննան ցույց է տվել Մուշեղ Մխիթարյանի մոր գերեզմանաքարը, որի մոտ Մուշեղը կանգ է առել: Այնուհետև ցույց է տվել, թե քարքարոտ տարածքով ինչպես են ինքն ու Մուշեղը գնացել եկեղեցու ուղղությամբ: Ամայի տարածքում, որտեղ չորացած տնկիներ կային, Աննան մոխրի կույտ է ցույց տվել ու ասել է, որ այնտեղ Մուշեղը բենզինով այրել է իր հագուստը, կոշիկները, մոտակա ինչ-որ տեղ հողի մեջ թաղել է Անիի բնակարանի բանալիները:

Աննայի ցույց տված տեղից ոչ հեռու հայտնաբերվել են բջջային հեռախոսների մարտկոցներ: Աննան նշել է, որ երբ Մուշեղը շորերն էր այրում, ինքը շրջվել էր, հնարավոր է՝ նա Անիի բջջային հեռախոսների մարտկոցները նետել է այդտեղ: Այդ վայրում բանալիներ չեն հայտնաբերվել: Մոխրակույտից նմուշ է վերցվել ու փաթեթավորվել:

Այս արձանագրության վերաբերյալ Մուշեղ Մխիթարյանը հայտարարեց, թե մոխրակույտի մեջ այրված պլաստիկատ է եղել: «Հո չե՞ք կարծում, որ ես պլաստմասսայից շորեր եմ հագել… Եթե ես իմ շորերն էի այրում, Աննան ինչո՞ւ էր շրջվել…»:

Մյուս արձանագրությունը առգրավում կատարելու վերաբերյալ էր՝ Աննան կամովին հանձնել է կանացի պայուսակ, որտեղ եղել են երկու զույգ բժշկական ձեռնոցներ ու կանացի զարդեր, հիմնականում՝ վզնոցներ, որոնք, ըստ Աննայի, Մուշեղն էր տվել իրեն՝ Անիի տնից:

Մուշեղը հայտարարեց. «Էդ զարդերը իմ մոտից չեն առգրավվել, որ կապել եք ինձ… Ես ի՞նչ կապ ունեմ… Էդ զարդերի վրա քրտինքի հետքեր, մատնահետքեր չկա՞ն, որ պարզվեն, թե ում զարդերն են, ես ձեռք տվե՞լ եմ դրանց, թե՞ ոչ…»:

Մյուս արձանագրությունը Մուշեղի վարձած բնակարանում կատարված խուզարկության ու առգրավման արձանագրությունն էր: Հայտնաբերվել ու առգրավվել է երկու զույգ բժշկական ձեռնոց, կանացի յոթ ոսկե զարդեր, գրտնակ՝ մեկ կոթով, դանակ, փաստաթղթեր…

Մուշեղը հայտարարեց. «Իմ տանը ինչ կա-չկա՝ ի՞նչ կապ ունի… Զարդերը իմ տան զարդերն էին, չեմ հասկանում՝ դրանք ի՞նչ ապացույցներ են…»:

Մյուս արձանագրությունը Խորենացու փողոցի այն շենքի վերելակի հորի ու ծխատարի զննության արձանագրությունն էր, ուր, ըստ Աննայի, ինքը նետել էր Անի Մաջնունյանի բջջային հեռախոսները և դրանց քարտերը:

Այս գործողությունը կատարելու համար հրավիրվել էր փրկարարների ջոկատ: Աննան ներկա է եղել ու մատնացույց է արել:

Շենքի ծխատար հորից հանվել են երեք բջջային հեռախոսների մնացորդներ, դրանց վրա եղել են գործարանային համարներ, որոնք համընկել են Անի Մաջնունյանի տանից առգրավված բջջային հեռախոսների տուփերի վրա եղած համարներին: Հեռախոսների քարտերը չեն հայտնաբերվել:

Մուշեղը հայտարարեց. «Էդ աղջիկն էլի մի բան բստրեց: Ես ի՞նչ կապ ունեմ, թող մատնադրոշմային փորձաքննություն կատարեն, պարզեն՝ ով է հեռախոսներին ձեռք տվել…»:

Աննա Մ.-ն իրավապահներին տարել է այն երթուղով, որով անցել են ինքն ու Մուշեղը՝ դեպքից առաջ ու դեպքի հաջորդ օրը: Այցելել են դեղատներ, որտեղից բժշկական ձեռնոցներ են գնել, խանութներ, որ, որտեղից բժշկական ձեռնոցներ են գնել, այն խանութներ, ոտեղից նքն ու Մուշեղը՝ դեպքից առաջ ու դեպքի հաջորդ օրը: Այցելել են դեղատնետեղից Մուշեղն իր համար հագուստ և օծանելիք է գնել:

Տաքսու վարորդը, ով Մուշեղին ու Աննային տարել է Խարբերդի գերեզմանատուն, լուսանկարով ճանաչել է Մուշեղ Մխիթարյանին:

Մուշեղի վարձած բնակարանից առգրավվել է սուրճի բաժակի պնակը, որի մեջ այրված նյութի մնացորդներ են եղել: Պնակն ու նյութը առգրավվել են: Հայտնաբերվել ու առգրավվել է ևս մի դանակ՝ արծաթագույն կոթով:

Մուշեղը հայտարարեց, թե ինքը տանը պլաստամասսա է հալեցրել ու ռեկվիզիտ է պատրաստել, դա ոչ մի կապ չունի այն գործի հետ, որը քննվում է:

Դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ՝ Մուշեղ Մխիթարյանի մատների, ձեռքի շրջանում առկա են եղել կտրած վնասվածքներ, որոնք առողջության թեթև վնասի հատկանիշներ չեն պարունակել:

Ամբաստանյալը հայտարարեց, որ բժիշկները որպես վնասվածք՝ արձանագրել են իր գորտնուկը և այն վնասվածքը, որ առաջացրել էին իր դաստակներին կոպտորեն հագցված ձեռնաշղթաները:

Ամենածանրը սպանված Անի Մաջնունյանի դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացության հետևությունների մասի հրապարակումն էր: Անիի տարեց մայրը, գլուխը սեղանին դրած, հեկեկում էր, իսկ Մուշեղ Մխիթարյանը լսում էր դեմքի հեգնական արտահայտությամբ:

Դիակի վրա 59 վնասվածք էր թվագրված, մեծ մասը հասցված էին սուր կտրող գործիքներով: Բոլոր վնասվածքները առատ արյունահոսության աղբյուր էին, դրանք 6-8 սմ խորությամբ վնասվածքներ էին, որոնք վնասել էին զոհի ամբողջ ներքին օրգանները: Նա մահացել էր արյան սուր կորստից, հեմոռագիկ շոկից: Բացի այդ՝ կոտրված էր տուժողի գանգի հիմը, դեմքի ու գլխի շրջանում, մասնավորապես՝ քունքային շրջանում սալջարդ վնասվածքներ ու արյունազեղումներ կային, որոնք պատճառվել էին բութ առարկայի ներգործությամբ:

Կյանքի օրոք 55-ամյա Անի Մաջնունյանը չափավոր արտահայտված աթերոսկլերոզ է ունեցել…

Այս եզրակացության հրապարակումից հետո Մուշեղ Մխիթարյանը հայտարարեց. «Էդ եզրակացությունից դատելով՝ Անիի բնակարանում արյան ծով պիտի լիներ…»:

Հրապարակվեց Մուշեղ Մխիթարյանի նկատմամբ կատարված ստացիոնար հանձնաժողովային դատահոգեբուժական-դատահոգեբանական համալիր փորձաքննության եզրակացությունը, որով Մուշեղ Մխիթարյանը ճանաչվում էր մեղսունակ:

Ըստ եզրակացության՝ Մուշեղի ինտելեկտը միջին մակարդակի է: Նա խառնվածքով մելանխոլիկ տիպին է պատկանում: Նրա անձի առանձնահատկություններից են՝ զգայունությունը, խոցելիությունը, ցուցադրականությունը, հուզական անկայունությունը, կասկածամտությունը, բարձր տագնապայնությունը, ինքնահաստատվելու և գերակայություն ունենալու ձգտումները: Արձանագրվել է նրա հոգեկան զարգացման հապաղում:

Քանի որ փորձաքննվողը հայտարարել է, թե Անի Մաջնունյանի սպանության հետ ինքն առնչություն չունի, եզրակացություն չի տրվել, թե դեպքի պահին նա ինչ հոգեվիճակ է ունեցել…

Այս եզրակացության հրապարակումից հետո Մուշեղ Մխիթարյանը կանգ առավ «կասկածամտություն» ունենալու՝ իր հատկության վրա, որն արձանագրված էր փորձագետների կողմից: Ամբաստանյալը հայտարարեց. «Կասկածամիտ մարդը ուրիշ մարդու հետը սպանության չէր տանի…»:

Դատական նիստի ավարտից հետո ամբաստանյալը դահլիճում գտնվողների վրա «առավել վառ» տպավորություն թողնելու համար ասաց. «Եթե հաջորդ նիստին չգամ, ուրեմն աչքերս կարել, հացադուլի մեջ եմ մտել ու բունտ եմ անում»:

Today's most read news !
  • Դժոխք էր՝ընկերուհիներ,առաջին ամուսնություն.Արման Նշանյանը՝ ամուսնալուծության և ներկայիս կնոջ մասին
  • Հիասթափություն, ափսոսանք, անիմաստ հիշողություն. Շուշաննա Թովմասյանը` չստացված հարաբերության մասին
  • Էվա Խաչատրյանի ամերիկյան արկածներն ու ճանապարհի ամենալավ ընկերը
  • Հմայիչ Անժելա Սարաֆյանը՝ Օսկարին հաջորդող երեկույթին
  • Վանո Սիրադեղյանի գլխարկը՝ Աստղիկ Սաֆարյանի հավաքածուի յուրահատուկ նմուշ
  • Հայկ Պետրոսյանի սիրային հումորները եւ Սոնայի, Սեւակի հետ զուգերգերը
  • Լայնամասշտաբ պատերազմ չի լինի, բայց պետք է աչքերն ու ականջները սրած պահենք. Կոմանդոս
  • Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. Opel-ը, բախվելով արգելապատնեշներին, գլխիվայր շրջվել է
Comments
Loading...