Փոքրիկ Հայաստանի մեծ կլեպտոկրատը [ավազակապետ]

Հայաստանում օլիգարխ հասկացության առօրեական լինելը խիստ բնական է. օլիգարխիան քչերի իշխանությունն է, իսկ Հայաստանը մի երկիր է, որը ղեկավարում են քչերը: Հենց այդ քչերին էլ ընդունված է անվանել օլիգարխ:

Հայաստանի դեպքում, սակայն, այս բնորոշումը հաճախ ճիշտ հասցեով չի կիրառվում. այդպես մեզանում ընդունված է անվանել միայն խոշոր գործարարներին:

Իհարկե, սա կապված է այն բանի հետ, որ այդ գործարարները հիմնականում իրենց ունեցվածքը վաստակում են իշխանական հովանավորության արդյունքում, ունեն որոշակի իշխանություն և երբեմն իրենց քիթը խոթում են նաև քաղաքականության մեջ` միաժամանակ զբաղեցնելով ողջ տնտեսական դաշտը: Սակայն սա, որպես կանոն, տեղի է ունենում իշխանական օլիգարխիայի (այս խավը պայմանականորեն կարող ենք կոչել վարչական օլիգարխիա) որոշման արդյունքում:

Միանշանակ է, որ Հայաստանի Հանրապետության գերագույն իշխանությունն այսօր պատկանում է հենց վարչական օլիգարխիային, այսինքն` մի խումբ մարդկանց, որոնք երկրում ունեն բացարձակ կամ բացարձակին մոտ իշխանություն: Հենց այս մարդիկ են որոշում, թե, ասենք, գործարարության այս կամ այն ոլորտը ում հսկողության տակ պիտի լինի, ով պիտի բենզին կամ շաքարավազ ներկրի, որ ձեռնարկությունը ում պիտի պատկանի, երբեմն նաև` ով պիտի ընտրվի քաղաքապետ կամ գյուղապետ, կամ` պատգամավոր, և ի վերջո` որ հեռուստաընկերությունը պետք է կապուղի ունենա, ով պիտի նստի բանտում, և ով պետք է ազատության մեջ մնա:

Պետք է խոստովանել, որ կառավարման նման համակարգ գործել և գործում են բանանային շատ երկրներում: Նման համակարգի կարևոր առանձնահատկությունն այն է, որ սա որոշակի իմիտացիա է ստեղծում, թե երկիրը կառավարվում է Սահմանադրությամբ նախատեսված ընթացակարգով, կա իշխանության թևերի հստակ բաժանում, և իշխանության այդ թևերը հակակշռում են միմյանց: Իրականում, սակայն իշխանության բոլոր թևերը` խորհրդարան, կառավարություն, դատական իշխանություն, երբեմն նաև` նախագահ (երբեմն` որովհետև որպես կանոն երկրի նախագահն ինքն է դառնում վարչական օլիգարխիայի գլուխը), իրենց գործողությունները համաձայնեցնում են օլիգարխիայի կամ նրա առանձին ներկայացուցիչների հետ:

Այսպիսով, երկիրը կառավարվում է ոչ թե գրված, այլ չգրված օրենքների համաձայն, և այդ չգրված օրենքները երբեմն շատ նմանվում են հանցավոր աշխարհի օրենքներին: Օլիգարխիայի գործունեության հիմնական նպատակը սեփական իշխանությունը պահպանելն ու երկարաձգելն է: Եվ այս խնդրի լուծման համար ասպարեզից կարող են դուրս բերվել ոչ միայն քաղաքական հակառակորդներ, այլև օլիգարխիայի որոշ անդամներ, որոնք այլևս ի վիճակի չեն իրավիճակը պահել հսկողության տակ:

Արդեն բավական երկար ժամանակ մենք փորձում ենք գծագրել ՀՀ վարչական օլիգարխիայի սահմանները, հասկանալ, թե ովքեր են այն քչերը, որ Հայաստանում ունեն բացարձակ իշխանություն: Ի՞նչ են անում վարչական օլիգարխները, և ինչո՞վ են նրանք տարբերվում սովորական պաշտոնյաներից:

Նրանք լուծում են, կամ ավելի ճիշտ` նրա’նք են լուծում երկրի համար կարևորագույն նշանակություն ունեցող բոլոր հարցերը: Իսկ սովորական պաշտոնյաներից տարբերվում են նրանով, որ իրականում ունեն շատ ավելի մեծ լիազորություններ, քան նախատեսված է օրենքով: Ասենք, կառավարության որոշումները ոչ թե կառավարությունում են ծնվում և կառավարության քննարկման արդյունքում են ընդունվում, այլ օլիգարխիան նախապես որոշած է լինում, թե ինչ որոշում պետք է ընդունել, և կառավարության անդամներն ընդամենը իմիտատորի կարգավիճակում են հայտնվում: Ավելի ճշգրիտ` կառավարությունը չի կարող տվյալ որոշման ընդունումը մերժել, եթե օլիգարխիան որոշել է, որ տվյալ որոշումը պետք է ընդունվի: Կամ` դատարանը չի կարող որևէ մեկին ազատել, եթե օլիգարխիան որոշել է, որ այդ որևէ մեկը պետք է նստի:

Հարց է ծագում, թե ինչպես է օլիգարխիան որոշումներ ընդունում. այս հարցին միանշանակ պատասխան տալ հնարավոր չէ: Վարչական օլիգարխներն ունեն իրենց ոլորտները, և եթե նրանց գործունեության ընթացքում հակասություններ են ծագում, խնդիրը լուծվում է «սխոդկայի« կամ օլիգարխների հավաքի արդյունքում: Իհարկե, վարչական օլիգարխներից յուրաքանչյուրը ունի իր թիմը` մարդիկ, որոնց միջոցով գործում է: Ու եթե ՀՀ վարչական օլիգարխներին պատկերացնելու լինենք որպես խաղաթղթի տրցակի չորս տուզերի տեսքով, նրանցից յուրաքանչյուրը ունի իր «մաստը« և այդ «մաստում»` ավելի ցածր նշանակության ֆիգուրներ:

Հայաստանի վարչական օլիգարխիան, իհարկե, գլխավորում է գործող նախագահ Սերժ Սարգսյանը: Շատերին կարող է տարօրինակ թվալ, որ գործող նախագահը, որը նոր սահմանադրության ընդունումից հետո 2018-ին կզբաղեցնի Հայաստանի վարչապետի պաշտոնը և ունի բավական լայն լիազորություններ, կարող է համարվել վարչական օլիգարխ: Սակայն երկրի նախագահը, վարչապետը, և այդ պաշտոններում գտնվող օլիգարխն ունեն մեկ տարբերություն, և այդ տարբերությունը առանցքային է. երկրի լեգիտիմ նախագահը հաշվետու է ժողովրդի, իր քաղաքական թիմի և իշխանության մյուս թևերից առնվազն երկուսի (դատական և օրենսդիր) առջև, իսկ նախագահի պաշտոնը զբաղեցնող օլիգարխը որևէ մեկի առաջ պատասխանատվություն չի կրում և պարտավոր չէ որևէ մեկի բացատրություններ տալ իր արարքների համար:

Լեգիտիմ նախագահն առաջացած խնդիրները լուծում է օրենքով սահմանված կարգով, իսկ վարչական օլիգարխն` ըստ նպատակահարմարության: Սա այն սահմանն է, որից այնկողմ իշխանությունը վերածվում է բեսպրեդելի, պետական գործիչն`օլիգարխի: Այսպիսով, ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանը Հայաստանի թիվ մեկ օլիգարխն է, կամ ավելի ճիշտ` օլիգարխիայի ղեկավարը: Իսկ օլիգարխիայի գործունեության շրջանակներում Սերժ Սարգսյանը զբաղվում է բացառապես ստրատեգիական նշանակություն ունեցող տնտեսական, քաղաքական հարցերով:

Իմիջիայլոց, Սարգսյանի գործառույթների մաս են կազմում նաև մի շարք մանր քաղաքական, դատական և տնտեսական հարցեր, այն դեպքերում, երբ դրանք իրենց մեջ պոտենցիալ վտանգ են պարունակում օլիգարխիայի իշխանության համար կամ ավելի ճիշտ` կարող են վերաճել իշխանության համար վտանգավոր գործընթացի: Երևի թե հատուկ պետք չէ ընդգծել, որ վերը նշված հարցերը լուծում են ստանում ոչ թե ըստ օրենքների, այլ`ըստ օլիգարխիայի հայեցողության: Իհարկե, ինչպես նշեցինք վերը, օլիգարխիան աշխատում է, այնուամենայնիվ, ինչ-որ ֆորմալ ընթացակարգեր պահպանել:

Ասել է թե` օլիգարխիայի որոշումները երբեմն կյանքի են կոչվում դատական վճիռների, կառավարության, պետական այլ օղակների որոշումների, կամ էլ` ուղղակի օրենքների տեսքով: Եթե դա հնարավոր չէ, գործում են այլ միջոցներ: Սերժ Սարգսյանի լիազորությունների մեջ է մտնում նաև վարչական օլիգարխներին ոլորտների բաշխումը, նրանց միջև ծագած հակասությունների կարգավորումը: Սարգսյանը, ըստ էության, կարող է նաև նոր օլիգարխի կարգավիճակ շնորհել որևէ մեկի: Նման կարգավիճակը, սակայն, ոչ թե շնորհվում է, այլ մի քանի մարդկանց հնարավորություն է տրվում տիրանալ կարգավիճակին: Այս դեպքում մի տեսակ «մրցութային» սկզբունք է գործում։

Today's most read news !
  • Արմենչիկ.«Երեխաներս ժամանակի ընթացքում կսովորեն դրան»
  • Լիլիթ Մուրադյանի նոր լուսանկարը դստեր հետ եւ էմոցիոնալ գրառումը
  • «OutDance»՝ նոր սիթքոմ «Շանթ»-ի եթերում
  • «Շատ կկարոտեմ». Գայանե Ավետիսյանը պատմել է՝ ինչու այլևս չի նկարահանվելու «Դոմինո»-ում
  • «Հուսամ, լավ արձագանքներ կլսեմ». Արտյոմ Մարկոսյանը նորություն ունի
  • Ինչպես է անցել Դիանա Շատվերյանի ծննդյան խնջույքը
  • Եթե ինձ ձայն չտաք, մեկ է՝ լցնելով իմ ուզած թիվը կգրանցեմ, ավելի լավ է ընտրեք. Շմայսի քարոզարշավը
  • Քոչարյանը նոր պլաններ է մշակում. ինչպես թեժացնել իրավիճակը և ներքաշել Ծառուկյանին
Comments
Loading...