Արա Աբրահամյանին հեռացրին շեմից. նա կգա Սերժ Սարգսյանին օգնության

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն այսօր Երևանում հայտարարել է, որ չի մասնակցելու խորհրդարանական ընտրություններին և հեռանում է Հայաստանից, կաշխատի հեռվից, իսկ Հայաստան կվերադառնա հավանաբար մարտի կեսերին։

Արա Աբրահամյանը Հայաստանում կուսակցություն բացելու մասին հայտարարել էր մոտ մեկ տարի առաջ՝ ասելով, որ մասնակցելու է խորհրդարանական ընտրություններին։ Ի դեպ, երբ լրագրողները նրան հիշեցրել էին Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականությունից հեռանալու օրինակը, նա հայտարարել էր, որ եթե նրանք տեղեկանան իր ծրագրերի և մտադրությունների լրջության մասին, ապա կզարմանան։

Այլ կերպ ասած՝ Արա Աբրահամյանը մեկ տարի առաջ, ըստ էության, հայտարարում էր, որ իրեն չհամեմատեն Գագիկ Ծառուկյանի հետ։ Եվ իսկապես՝ համեմատելու բան չկա։ Եթե Ծառուկյանը քաղաքականությունից հեռացավ՝ մի քանի տարի լինելով, ըստ էության, երկրորդ բևեռի լիդերը, ապա Արա Աբրահամյանը քաղաքականությունից հեռացավ դրա մեջ նույնիսկ չմտած, այսինքն՝ նրան քաղաքականությունից հեռացրին շեմից։

Ավելին, այսօր նույնիսկ խոսակցություններ են գնում Ծառուկյանի վերադարձի մասին։ Ընդ որում, բացառված չէ, որ հենց այս հանգամանքն է Արա Աբրահամյանի մտադրության փոփոխության պատճառ դարձել, քանի որ քաղաքականության մեջ նրա հայտը դիտվում էր որպես Գագիկ Ծառուկյանի թողած դատարկ տեղը լրացնելու հայտ, առավել ևս, որ Արա Աբրահամյանը մի շարք առումներով լիովին համարժեք էր այդ տեղը լրացնելուն, հենց ինքն էր այդ տեղը լրացնելու ամենահարմար թեկնածուն։ Սակայն, ինչպես երևում է, Սերժ Սարգսյանի համար այդ թեկնածուն անընդունելի էր։

Բայց ամենակարևորը. պարզվեց, որ Արա Աբրահամյանը անընդունելի է նաև Պուտինի համար, ինչը երևի ամենակարևորն էր։ Բանն այն է, որ նա հայաստանյան խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտը սկսեց հայտարարությամբ, թե Պուտինը ինչ որ ասում է, միշտ իրավացի է։ Պարզվեց, սակայն, որ Հայաստանի քաղաքական դաշտում Պուտինի դեսպանի կամ սուրհանդակի կարիքը չկա։

Այստեղ էլ միգուցե դեր խաղաց այն, որ Հայաստանի վարչապետ նշանակվեց Կարեն Կարապետյանը, որը Հայաստան տեղափոխվեց ռուսական «Գազպրոմ»-ից։ Բացառված չէ, որ Սերժ Սարգսյանն այսպիսով՝ Գագիկ Ծառուկյանով և Կարեն Կարապետյանով պարզապես փակեց Արա Աբրահամյանի ճանապարհը և ստիպեց նրան հրաժարվել քաղաքականություն մուտք գործելու մտադրությունից։ Աբրահամյանը, իհարկե, հեղափոխություն չէր իրականացնելու, սակայն երևի թե Սերժ Սարգսյանի համար նրա հետ պայմանավորվելը շատ ավելի թանկ կարող էր արժենալ, ինչի համար էլ Սարգսյանը երկու կողմից արգելափակեց Արա Աբրահամյանին և դուրս մղեց Հայաստանի քաղաքականությունից։ Սակայն մարտի կեսին վերադառնալու նրա հայտարարությունը շատ ուշագրավ է՝ նկատի ունենալով այն, որ Հայաստանի խորհրդարանի ընտրությունն ապրիլին է։

Այսինքն՝ Արա Աբրահամյանը Հայաստան է վերադառնալու նախընտրական շրջանի ամենաթեժ փուլում, այսպես ասած՝ գագաթնակետին։ Դա նշանակում է, որ նա, այնուամենայնիվ, ինչ-որ դերակատարում ունենալու է այդ գործընթացում։ Որն է լինելու այդ դերակատարումը։

Այստեղ ուշագրավ է հիշատակել այն, որ Արա Աբրահամյանը բավական սերտ հարաբերություն ունի «Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի հետ։ Մամուլում գրվել է անգամ քավոր-սանիկային կապի մասին։ Արթուր Բաղդասարյանը խորհրդարանական ընտրություններից առաջ հայտնվել է բավական դժվարին կացության մեջ, քանի որ Գագիկ Ծառուկյանի վերադարձի դեպքում նրա հնարավոր ընտրազանգվածի զգալի մասը ենթակա է «արտահոսքի»։

Միաժամանակ, «Հայկական վերածնունդը» բավական անհարմար վիճակում է հայտնվել նաև Վանաձորում, որտեղ քաղաքապետի ընտրությանը տեղի ունեցավ հայտնի «աճպարարությունը»։ Այնտեղ շարունակվում է երեք կուսակցությունների բոյկոտը։ Նրանցից որևէ մեկը գործակցել է իշխանության` ՀՀԿ-ի հետ։ Թե ով՝ պարզ չէ։ Բոյկոտը ստեղծել է փակուղային վիճակ, մյուս կողմից՝ ՀՀԿ-ն ճնշում է գործակցածներին, որ նրանք բացվեն, և ՀՀԿ-ական քաղաքապետը կարողանա աշխատել։ Բացվել նշանակում է ինքնասպանություն գործել խորհրդարանական ընտրություններից առաջ։ Չբացվել, ով էլ որ լինի այդ կուսակցությունը, նշանակում է կրկին ինքնասպանություն գործել՝ ՀՀԿ-ի հետ կամ Սերժ Սարգսյանի հետ պայմանավորվածությունների առումով։ Այդ տեսանկյունից մի քանի շաբաթ առաջ խիստ ուշագրավ հայտարարություն արեց ՀՎԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը՝ իր ծննդյան տարեդարձի առիթով։ Այդ հայտարարությունը ցույց տվեց, թե որքան բարդ դրության մեջ է նա իր քաղաքական հեռանկարների մասով։

Ահա այս կոնտեքստում է հետաքրքրական դառնում Արա Աբրահամյանի մարտյան այցի հանգամանքը։ Նա գալու է Արթուր Բաղդասարյանին խորհրդարան անցնելու հարցում օգնելո՞ւ։ Կասկած չկա, որ այդ օգնությունն ունենալու է նախապայման՝ օգնել Սերժ Սարգսյանին և ՀՀԿ-ին։

Today's most read news !
  • Մարմնավաճառները գաղութում «տեսակցելու» էին Լեդի Հակոբի եղբորորդուն ու ընկերներին. 2 աշխատակից դատապարտվեց
  • Անձի երկվություն. Սերժ Սարգսյանի անբուժելի հիվանդությունը
  • Էմիլ Գալստյանը` «Քարե դարդ»-ն այլևս չհեռարձակելու լուրերի մասին
  • Վաղուց շատ լավ եմ ինձ զգում, ոչ մի խնդիր այլևս չկա. Գոռ Սուջյանն՝ իր առողջականի մասին
  • Նոր մանրամասներ՝ Քիմ Քարդաշյանի վրա կատարված հարձակումից
  • Արթնանում եմ առավոտյան 07:00-ին, որպեսզի համապատասխան տեսք ունենամ. Մհեր Խաչատրյանը՝ աշխատանքի և «Դոմինո»-ում նկարահանվելու մասին
  • Քայլի Ջեները լուսանկարների նոր շարք է հրապարակել
  • Քանյե Ուեսթը բժիշկների խորհրդով է բաց թողել Գրեմմին
Comments