Latest 10 episodes

Հովիկ Աբրահամյանը՝ Սերժ Սարգսյանի պահեստում

Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է Հայաստանի տնտեսության վիճակի հերթական ցուցանիշները, որոնք, մեղմ ասած, ոչ միայն չեն վկայում առաջընթացի, թեկուզ դանդաղ աճի միտման մասին, այլ ըստ էության հանդիսանում են հետընթացի վկայություն։

Անշուշտ, այդ ամենը ոչ թե նոր կառավարության գործունեության, այլ հնի կամ հների աշխատանքի հետևանքն է, սակայն պատասխանատվությունն ընկնում է նոր կառավարության վրա։ Կարեն Կարապետյանն այդ պատասխանատվությունից խուսափելու մի տարբերակ ունի՝ բացահայտել այն ամենը և մեղավորներին, ինչի կամ ում պատճառով տնտեսության ներկայիս վիճակը դարձել է չափազանց ծանր։ Դա չի նշանակում, որ վիճակն անմիջապես կթեթևանա, բայց փոխարենը հանրության համար պարզ կլինի, որ Կարապետյանն իսկապես անկեղծ է ինչ-որ բան փոխելու հարցում, բայց անզոր է՝ օբյեկտիվ իրողություններից ելնելով։

Մյուս կողմից՝ պարզ է, որ Կարապետյանը չի կարող բացահայտել մեղավորներին։ Ոչ միայն նա չունի իրավապահ լծակներ (դրանք բոլորը Սերժ Սարգսյանի ձեռքում են), չունի նաև բավարար քաղաքական ուժ։ Նրա ուժն առայժմ դիմադրում է միայն ՀՀԿ-ի անդամակցությանը՝ փորձելով կորզել անդամակցության գոնե հնարավորինս անվտանգ պայմաններ։ Ավելիին Կարեն Կարապետյանն ունակ չէ, գոնե այս պահին։

Սակայն քիչ է հավանականությունը, որ նա ավելիին ունակ լինի նաև հետագայում։ Կարապետյանը չունի գործիքների բազմազանություն։ Նրա գործիքակազմը այդ իմաստով շատ ավելի սուղ է ոչ միայն Սերժ Սարգսյանի համեմատ՝ այստեղ համեմատության եզրեր անգամ չկան, այլ նաև այս փուլում պարտության մատնված Հովիկ Աբրահամյանի։ Առավել ևս, որ Աբրահամյանին ոչ թե Կարեն Կարապետյանը, այլ Սերժ Սարգսյանն է պարտության մատնել։ Ըստ այդմ՝ Սերժ Սարգսյանը հետագայում կարող է և դեմ չլինել, եթե Հովիկ Աբրահամյանը սկսի փոքրիկ հաղթանակներ տանել Կարեն Կարապետյանի նկատմամբ։

Իրավիճակն այստեղ իսկապես բավական նուրբ է և բարդ։ Փոխելով Հովիկ Աբրահամյանին՝ Սերժ Սարգսյանը փորձեց հերթական անգամ ի տես աշխարհի դրսևորվել իբրև ռեֆորմների միտված առաջնորդ, որը անընդհատ փնտրում է դրանց արդյունավետ հնարավորություն։ Իրականում, սակայն, Սերժ Սարգսյանի հնարավորությունները այդքան էլ մեծ չեն։

Մի առիթով բարերար Ռուբեն Վարդանյանը կարծիք էր հայտնել նոր կառավարության մասին և արտահայտել միտք, թե սա մեր երկրորդ շանսն է, որը կարող է լինել վերջինը։ Դժվար է ասել՝ հանրության համար դա վերջինը կլինի՞, թե՞ ոչ, բայց որ Սերժ Սարգսյանի համար դա կարող է լինել վերջինը՝ ռեֆորմատորության միտվածության համատեքստում, շատ հավանական է։

Եթե չհաջողի նաև Կարեն Կարապետյանը, իսկ այստեղ կան իսկապես խնդիրներ և միանգամայն օբյեկտիվ, ապա առաջանում է հարց, թե է՞լ ով կարող է փոխարինել նրան՝ լինելով այնպիսին, որ կրկին հույս առաջացնի հանրության մոտ։ Այդպիսին չկա, համենայնդեպս՝ Սերժ Սարգսյանի ենթակայության տակ։

Այսինքն՝ Սերժ Սարգսյանը չունի հաջորդ հուսադրող վարչապետի թեկնածու, և եթե լինի այդպիսի վարչապետ, ապա արդեն դա չի լինելու Սերժ Սարգսյանի վարչապետը և ընդհանրապես՝ իշխանությունը։ Իսկ Սարգսյանը լուծում է իր իշխանության հարցը, և դրա համար է կարևոր, որպեսզի նա միջազգային հանրությանը ներկայանա որպես ռեֆորմների անընդհատ միտված, անընդհատ հնարավորություն փնտրող առաջնորդ։

Եվ քանի որ նա ձեռքի տակ չունի երկրորդ շանս ապահովող թեկնածու, իսկ Կարեն Կարապետյանի հաջողությունն էլ նրա համար ունի զուտ մարտավարական նշանակություն (իսկ ռազմավարական իմաստով Կարապետյանի հաջողությունը նրա համար մրցակցային գործոն է), ապա Սերժ Սարգսյանն ինչ-որ պահի դեմ չի լինի, եթե ստեղծվի իրավիճակ, երբ քրեաօլիգարխիկ համակարգը՝ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ, որոշակիորեն վերականգնի դիրքերը։

Դա Սերժ Սարգսյանին կօգնի՝ ստեղծելով, այսպես ասած, ռևանշի պատրանք, հրատապ դարձնել իր գործոնը, ներկայանալով այդ ռևանշը կանխել կարող միակ գործիչը։ Սերժ Սարգսյանը տասը տարի նախագահի պաշտոնը պահեց հենց ռևանշի գործոնը խաղարկելով, պարզապես Ռոբերտ Քոչարյանի ռևանշի։ Այժմ այդ գործոնի խաղարկումն այդքան էլ համոզիչ չի լինի, և առավել աշխատող կարող է լինել Հովիկ Աբրահամյանի ռևանշի գործոնը։

Այդ գործոնի հնարավոր վերակտիվացումը հավանական է խորհրդարանի ընտրությունից հետո, երբ Սերժ Սարգսյանի նախագահական ժամկետը սկսի արդեն գլորվել բարձունքն ի վար, և նա ունենա, ինչպես հեռացող նախագահներին են ասում՝ «կաղ բադիկի» կարգավիճակից դուրս գալու և հրատապությունը պահպանելու լուրջ մոտիվացիա, հատկապես վարչապետի պաշտոնում շարունակելու տարբերակը դիտարկելու պարագայում։ Իսկ այդ տարբերակը Սերժ Սարգսյանն առայժմ գոնե չի բացառում։

Իհարկե, միարժեք չէ, որ հրատապությունը նա կփորձի պահել հենց քրեաօլիգարխիայի ռևանշի գործոնը խաղարկելով, այսպես ասած՝ ռևանշի իմիտացիա ստեղծելով, բայց դա կլինի անկասկած նրա զինանոցում ամենակենսունակ խաղաքարտերից մեկը։

Today's most read news !
  • Աննա Դովլաթյանն ու Դավիթ Աղաջանյանը համատեղ բիզնեսներ են հիմնում
  • Ավարտել եմ դիմահարդարման դասընթացները ու սկսել եմ աշխատել նաեւ այդ ոլորտում. Լիկա Սալմանյան
  • Երգչուհի Լիանան՝ 20 կիլոգրամ նիհարելու իր գաղտնիքի մասին
  • Քրիստինե Պեպելյան.«Ուզում էի վայելել իմ տարին»
  • «Եթե ես չսպանեի, ինքն էր ինձ սպանելու». Զեյթունում պարտքը չվերադարձնելու համար մոտ ընկերը սպանել է ընկերոջը
  • Երբեք չեմ մտածում, որ սա այն կետն է, որին հասել եմ եւ վերջ. Դիանա Շատվերյանը 32 տարեկան է
  • 1990 թ. ԻՆՉՊԵՍ ԵՂԵԼ Է. Կամոյի շրջանում փեսան 2 ընկերների հետ մերկացրել և հրկիզել է աներձագին՝ տան նրա բաժնին տիրանալու համար
  • Ինչպես է նկարահանվել Սիրուշոյի «Դեր Զոր» տեսահոլովակը
Comments