Latest 10 episodes

«Անելիք» բանկի իրավաբանի սպանության գործը ձգձգվում է, քանի որ ամբաստանյալը լեզու չի գտնում պաշտպանների հետ

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ դարձյալ հնարավոր չեղավ սկսել Մկրտիչ Պողոսյանի գործով դատական քննությունը: Նախագահող դատավորը դիտողություն արեց ամբաստանյալին. «Բացարձակ երևում է՝ գործի քննությունը ձգձգելու միտում ունեք: 4-րդ ամիսն է՝ չեք թույլատրում դատական նիստ սկսել»:

Ամբաստանյալ Մկրտիչ Պողոսյանը պնդեց, թե գործի քննությունը ձգձգելու միտում չունի:

Բանն այն է, որ նախ ամբաստանյալը հրաժարվել է իր պայմանագրային պաշտպան Ս. Ասլանյանից: Ինչպես դատարանում հայտարարել է պաշտպանը՝ իր և ամբաստանյալի միջև առաջացել էին տարաձայնություններ պաշտպանական տակտիկայի հարցում:

Պայմանագրային պաշտպանից հրաժարվելով՝ Մկրտիչ Պողոսյանը միջնորդել է իրեն ապահովել հանրային պաշտպանով: Դատարանը բավարարել է այդ միջնորդությունը:

Պողոսյանի պաշտպանությունը ստանձնել է հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Սյուզաննա Խչեյանը: Քանի որ դատարանը գործի նյութերը նախապես տրամադրել էր ամբաստանյալին, պայմանավորվել էին, որ հանրային պաշտպանը գործի նյութերը կվերցնի իր պաշտպանյալից ու կծանոթանա: Դրա համար դատարանը տրամադրել էր երկու շաբաթ ժամանակ:

Հանրային պաշտպանը մեկուսարան՝ գործի նյութերը վերցնելու է գնացել այս դատական նիստից երկու օր առաջ: Եվ Մկրտիչ Պողոսյանը պաշտպանին չի տրամադրել գործի նյութերը՝ հայտարարելով, թե նա երկու օրում միևնույնն է՝ չի հասցնի ծանոթանալ նյութերին, ինչպե՞ս է պատրաստվում պաշտպանել իրեն:

Դատական այս նիստին հանրային պաշտպանը հայտարարեց՝ քանի որ ամբաստանյալը հրաժարվել է իրեն տրամադրել գործի նյութերը, ինքը գործի նյութերին ծանոթ չէ:

Ահա այս հայտարարությունն էր, որ զայրացրեց դատավորին, ու նա ամբաստանյալի կողմից ակնհայտ միտում տեսավ՝ գործի քննությունը ձգձգելու:

Մկրտիչ Պողոսյանը նախ պաշտպանի մասին ասաց. «Եթե մատների արանքով պիտի նայի, ինձ տենց պաշտպան պետք չի, դրա համար չեմ տրամադրել նյութերը, երկու օրում նա չէր հասցնի ծանոթանալ գործի նյութերին… Եթե նման ձևի պիտի վերաբերվի, եթե բարեխիղճ չպիտի վերաբերվի, ինչպե՞ս է պաշտպանելու…»:

Նախագահողը նկատեց. «Դուք նյութերը տրամադրեիք պաշտպանին, հետո էլ պահանջեիք, բայց եթե նյութերը չեք տրամադրել, ի՞նչ եք պահանջում»:

Պաշտպանը հայտնեց, որ նման իրավիճակում ու ամբաստանյալի նման խոսքերից հետո ինքը պարտավոր է զեկուցագիր ներկայացնել հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարին՝ ներկայացնելով վիճակը: Ինքը նման պայմաններում կարող է և հրաժարվել ամբաստանյալի շահերը պաշտպանելուց. «Հանրային պաշտպանը ամբաստանյալի մոտ քննություն չի հանձնում, ինչը, փաստորեն, ինձնից պահանջում է ամբաստանյալը: Եթե նա նման մոտեցում ունի, ի՞նչ է՝ ես ստիպված եմ ինձ միջից ճղելո՞ւ…»:

Ամբաստանյալը հայտարարեց, թե ինքը կոնկրետ պաշտպանի դեմ ոչինչ չունի, ցանկանում է, որ հանրային պաշտպանը ստանձնի իր պաշտպանությունը, բայց ուզում է, որ այն բարեխղճորեն իրականացնի… Ամբաստանյալը համաձայնեց գործի նյութերը տրամադրել հանրային պաշտպանին:

Դատարանը ևս մեկ անգամ հետաձգեց նիստը՝ ժամանակ տալով, որ հանրային պաշտպանն իր ղեկավարության հետ ճշտի՝ շարունակելո՞ւ է Մկրտիչ Պողոսյանի պաշտպանությունն իրականացնել, դրական լուծման դեպքում՝ ամբաստանյալից վերցնի գործի նյութերն ու ծանոթանա:

Դատական նիստը հետաձգվեց մինչև դեկտեմբերի 9-ը:

Հիշեցնենք, որ 54-ամյա Մկրտիչ Պողոսյանը մեղադրվում է ծանրացուցիչ հանգամանքում կատարած դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:

Սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի նոյեմբերի 24-ին, ժամը 20-ն անց 40-ի սահմաններում Երևանի Վարդանանց փողոցում:

Տաքսու վարորդ Մկրտիչ Պողոսյանը իր մեքենայի միջից հանել է որսորդական հրացանը ու, ծառայողական գործունեության կատարման հետ կապված, սպանելու դիտավորությամբ մեկ կրակոց է արձակել «Անելիք» բանկի իրավաբանական և խնդրահարույց վարկերի վերադարձման վարչության պետ, 32-ամյա Հովհաննես Աթանյանի աջ թիկունքային շրջանին և տեղում սպանել է նրան:

Սպանվածը ծնունդով Շիրակի մարզից էր, նախկին դատավոր Լեռնիկ Աթանյանի որդին, երկու անչափահաս երեխաների հայր:

Ըստ գործի նյութերի՝ Մկրտիչ Պողոսյանը մի քանի տարի շարունակ գույքային վեճ է ունեցել «Անելիք» բանկի հետ: Նա մի քանի հանդիպում է ունեցել տուժող Հ. Աթանյանի հետ: Վերջին հանդիպումը տեղի է ունեցել հենց սպանության օրը: Հերթական մերժողական պատասխանը ստանալով բանկի իրավաբանական ու խնդրահարույց վարկերի վերադարձման վարչության պետից՝ Մկրտիչ Պողոսյանը վճռել է կյանքից զրկել նրան: Մի քանի ժամ անց նա որսորդական հրացանից կրակել ու սպանել է Հ. Աթանյանին:

Դեռ 2012 թվականին Մկրտիչ Պողոսյանը վաճառել է իրենց ընտանիքին պատկանող «Անգելինա» ռեստորանը, որը գտնվում է Փարաքարում:

Ռեստորանի ներսում եղած գույքը պայմանագրով անհատույց օգտագործման է հանձնվել ռեստորանի նոր սեփականատիրոջը: Վերջինս ռեստորանը գրավադրել է «Անելիք» բանկում ու դրա դիմաց ստացել է 1 միլիոն 300 հազար դոլար վարկ: Հետագայում նա վարկային պարտավորությունները չի կատարել, գրավադրված գույքը դարձել է բանկի սեփականությունը:

Մկրտիչ Պողոսյանը դիմել է բանկին՝ ռեստորանում մնացած շարժական գույքի դիմաց բանկից պահանջելով 300 հազար դոլար: Բանկը մերժել է Մկրտիչ Պողոսյանին՝ պատճառաբանելով, որ անշարժ գույքի հետ միասին գրավադրված է եղել նաև ռեստորանում առկա շարժական գույքը, որի վրա նույնպես բռնագանձում է տարածվել, այն նույնպես դարձել է բանկի սեփականությունը և չի կարող վերադարձվել:

Մկրտիչ Պողոսյանը այդ հարցով դիմել է բանկի իրավաբան, ապա և վարչության պետ Հովհաննես Աթանյանին, բայց միշտ մերժում է ստացել: Նա դիմել է նաև դատարան, բայց քաղաքացիական գործի քննությունը դեռ չավարտված՝ իմացել է, որ «Անգելինա» ռեստորանը ներսում առկա գույքով հանդերձ շահագործվում է: Այդ հանգամանքը Պողոսյանին հանել է հունից…

Նախաքննության սկզբում Մկրտիչ Պողոսյանին մեղադրանք էր առաջադրվել պարզապես դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով: Սակայն երբ քննության ընթացքում պարզվել է, որ սպանությունը կապված է տուժողի ծառայողական գործունեության կատարման հետ, Մկրտիչ Պողոսյանին առաջադրված մեղադրանքը ծանրացվել է, նրան մեղադրանք է առաջադրվել հոդվածի ավելի ծանր մասով, որով նաև ցմահ ազատազրկում է նախատեսվում՝ 104 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:

Today's most read news !
  • Ինչպես Սոս Ջանիբեկյանը Գոռ Բարսեղյանի քթի տակից տարավ ընկերուհուն և նրան ԿՈՏՈՇԱՎՈՐ դարձրեց
  • Երբեք չեմ դադարի սիրել… Անահիտ Կիրակոսյանը` ճակատագրական որոշման, ամենամեծ հիասթափության մասին և ոչ միայն
  • Գնելի եւ Աննայի թաիլանդական հանգիստը
  • Շուշան Երիցյանը պատասխանում է աղանդավորական լինելու լուրերին
  • Որտեղ և ինչ պայմաններում է ապրում Լիլի Հովերը
  • Դավթաշենում հարբած վարորդը «Մերսեդեսով» վրաերթի է ենթարկել երիտասարդ հայտնի երաժիշտներին, որոնցից մեկը մահացել է
  • Քիմ Քարդաշյանը, Քայլի Ջեններն ու Քենդալ Ջենները՝ «Օուշենի ութ ընկերուհիները» ֆիլմի նկարահանումներին
  • Սերժ Սարգսյանի անվստահությունը ՀՀԿ-ին
Comments

Name: