Նախընտրական կոնսորցիում` ախտորոշումը պատրա՞ստ է

Օրեցօր առավել աշխույժ բնույթ են ստանում խորհրդարանի ընտրությանն ընդառաջ ընդդիմադիր ուժերի համախմբման վերաբերյալ խոսակցությունները, արդեն հայտնվում են առաջին տեղեկությունները այդ ուղղությամբ միջկուսակցական քննարկումների մասին։ Օրինակ՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարել է, որ քննարկումներ են ընթանում «Քաղաքացիական պայմանագիր», «Ժառանգություն», «Հանրապետություն» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների միջև` նախընտրական միավորման շուրջ, որը կարող է ունենալ նաև հետընտրական հեռանկար և շարունակություն։ Ժամանակի ընթացքում անկասկած ի հայտ կգան թե՛ այդ քննարկումներին միացող հավանաբար նոր ուժեր, թե՛ այլ ուժերի միջև այլ ֆորմատի քննարկումներ։ Այդ տեսանկյունից իրավիճակը միանգամայն օրինաչափ է նախընտրական շրջանի համար։ Առանցքային հարցը տվյալ պարագայում այն է, թե այդօրինակ միավորումների կամ դաշինքների շուրջ քննարկումները ինչ նպատակ են հետապնդում` ռազմավարական խնդիրներ դրված են դրանց հիմքում, թե նպատակները մարտավարական են` ընդամենը լուծել խորհրդարանական ընտրությունների շեմը անցնելու և պառլամենտում հայտնվելու խնդիր, առավել ևս, որ նոր խորհրդարանը կարող է ունենալ անհամեմատ ավելի քիչ թվով տեղեր, քան ներկայիս խորհրդարանն է։

Եթե դրվում են նաև ռազմավարական խնդիրներ, ապա ինչ են ներառում դրանք, սահմանափակվում են միայն իշխանությանը հեռացնելու շրջանակով, թե՞ այդ հարցը ընդամենը մեկն է դիտարկվող տարբեր սցենարների շարքում, որոնք կարող են ենթադրել անգամ առաջին հայացքից տարօրինակ հեռանկարներ և թիրախներ։ Օրինակ, առանցքային չդիտարկել իշխանության հեռացման խնդիրը, այլ աշխատել և քննարկել հասարակական լայն շարժում ձևավորելու հարցը, որը կունենա ոչ թե առաջիկա հինգ-վեց ամիսների նախընտրական կամ հետո մի քանի ամիսների հետընտրական, այլ առաջիկա առնվազն 4-5 տարիների քաղաքական պլանավորում։ Դրանք հարցեր են, որոնք գուցե չկան հանրային շերտերի դիտարկումներում, և քաղաքական միավորների կամ դաշինքների հանրային սպառումը իրականացվելու է այլ չափանիշներով, սակայն խոշոր հաշվով այդ հարցերի պատասխաններից է կախված լինելու այդ ամենի արդյունավետությունը հենց նույն հասարակական շահերի և մարտահրավերների սպասարկման հեռանկարների տեսանկյունից։ Հայաստանի քաղաքական զարգացումների նորագույն պատմությունը, նախկին ընդդիմությունների պատմությունը, անցած ճանապարհը և արձանագրած արդյունքները, ունեցած կորուստները, հանգրվանները, որում այժմ հայտնվել են այդ ընդդիմությունները իրենց առաջնորդների հետ, ահռելի քրիստոմատիական նյութ են Հայաստանում քաղաքականությամբ զբաղվելու հայտ ներկայացրած որևէ ուժի համար, ոչ միայն սխալները չկրկնելու, այլ նաև ընդհանրապես հայաստանյան քաղաքական իրականության տրամաբանությունը հասկանալու և պարզապես նոր սխալներից հնարավորինս զերծ մնալու համար։ Վերջին հաշվով, խնդիրը լոկ այն չէ, թե ինչ ընդհանուր հայտարարի են գալիս ուժերը ապագայի հարցում` լինի դա մոտ, միջանկյալ, թե ռազմավարական հեռու ապագան։

Առաջին հայացքից չկարևորվող, նույնիսկ ուշադրության չարժանացող, բայց երևի առանցքային հարց է այն, թե միավորման կամ դաշինքի հարցեր քննարկող ուժերը ինչ ընդհանուր հայտարարի են գալիս թե՛ ոչ վաղ անցյալի գնահատման, թե՛ ընդհանրապես Հայաստանի իշխող համակարգի ախտորոշման հարցում։ Ի վերջո, հազիվ թե կարողանան հիվանդի հանդեպ քայլերի ընդհանրության գան բժիշկները, որոնք ընդհանուր եզրակացության չեն եկել հիվանդության ախտորոշման հարցում։ Իսկ իշխանության քննադատությունը, իշխանության սխալները, արատները, հանցագործությունները մատնանշելն ու գանձագողությունը պախարակելը որքան կարևոր, արդարացի, հիմնավոր գործ է, այդուհանդերձ դեռևս ախտորոշում չէ։ Իսկ պայքարել մի բանի դեմ, որն ախտորոշված չէ, և պայքարել արդյունավետ, անկասկած շատ դժվար է։ Այդպիսով, մինչ տարածված գաղափարական կամ արժեհամակարգային, կամ արտաքին քաղաքական ընդհանրությունների հենքի մասին խոսելը, միավորման կամ դաշինքների մասին խոսող քաղաքական ուժերը թերևս պետք է կարողանան հանրությանը ներկայանալ նախ իշխող համակարգի ընդհանուր ախտորոշմամբ։ Դա նախ կարևոր է հանրային վստահության համար` որպեսզի հասարակությունը գիտենա, որ գործ ունի իսկապես համարժեք ուժի կամ սուբյեկտի հետ, բացի այդ կարևոր է հանրային վերահսկողության համար, որպեսզի հասարակությունը կարողանա ըստ ներկայացված ախտորոշման էլ չափել քաղաքական այդ սուբյեկտի հաջորդ քայլերը և պահել նրան պատասխանատվության տակ, միաժամանակ այդ ամենը խիստ կարևոր է, քանի որ հենց հանրային թափանցիկությունը և վերահսկողությունն է, որ տվյալ միավորումներին կամ դաշինքներին կարող է զերծ պահել իշխանության արհեստական միջամտություններից և քայքայիչ ներգործության փորձերից։

Իշխանության դեմ առողջ պայքարի գրավականը իշխանության հիվանդության լիարժեք ախտորոշումն է, հետևաբար, եթե առկա է իշխանության դեմ համատեղ պայքարի անկեղծ կամք և մղում, ապա դա կարող է հուսալի լինել, եթե ձևավորվի հենց ախտորոշման եզրակացության շուրջ համաձայնությունից։ Հակառակ դեպքում «բժիշկները» միմյանց վրա են գցելու անարդյունավետ բուժման կամ հասարակության «մահվան» պատասխանատվությունը։

Today's most read news !
  • Տաթևիկի ամուսինը ներկա է եղել նրա ծննդյան խնջույքին. Մենեջերը՝ Տաթևիկ Ադումյանի ամուսնալուծության լուրերի մասին
  • Լիկա Սալմանյանի 21-ամյակի երեկույթն ու սիրելիի անակնկալը
  • Ինչպես է անցել Աննա Դովլաթյանի ծննդյան խնջույքը
  • Արմավիրցի 26-ամյա տղամարդը տանուլ տված 80 հազարը «հետ բերելու» համար օղու շշով հարվածել է գյուղի խանութի վաճառողուհու գլխին
  • Սիլվա Հակոբյանի հայրիկը՝ երգչուհու ամուսնության ու աշխատանքային ծրագրերի մասին
  • Մեր դուստրն իր ներկայությամբ բոլորին հանգստություն է պարգեւում. Գայանե Հովհաննիսյանն՝ իր ու Ռոլանդ Գասպարյանի փոքրիկի մասին
  • «Պաշարվածները». նոր փաստավավերագրական ֆիլմ՝ 91-92թթ. սովի ու հրի մատնված Ստեփանակերտի մասին
  • Արցախը ոչ թե կարող է, այլ պարտավո՛ր է «Իսկանդերով» հարվածել. Նորատ Տեր-Գրիգորյանց
Comments
Loading...