Latest 10 episodes

Պետական դավաճանության գործով Վերաքննիչը որոշում չի կայացրել. դատարանը հայտարարել է դատաքննության վերսկսման մասին

Վերաքննիչ քրեական դատարանում պետք է հրապարակվեր որոշում պետական դավաճանության գործով: Երեք դատավորները հեռացան խորհրդակցական սենյակ, սակայն որոշ ժամանակ անց, դուրս գալով խորհրդակցական սենյակից, տեղեկացրին, որ անհրաժեշտություն է առաջացել դատաքննությունը լրացնելու, այդ իսկ պատճառով վերսկսում են գործով քննությունը և նշանակում են հաջորդ դատական նիստը, որը տեղի կունենա դեկտեմբերի 14-ին:

Պետական դավաճանության այս գործը քննվել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արշակ Վարդանյանի նախագահությամբ:

Գործով ամբաստանյալները չորսն էին՝ 50-ամյա Ռաֆիկ Պապոյանը, նրա 26-ամյա որդի  Սերգեյ Պապոյանը, 47-ամյա Կարինե Ղումաշյանը և վերջինիս բարեկամուհին՝ անչափահաս Դիանա Գ.-ն:

Վերջինս մեղադրվում էր նախապատրաստվող պետական դավաճանության մասին իմանալու և պատկան մարմիններին չհայտնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 335 հոդվածի 1-ին մասով: Դատարանը Դիանայի մասով որոշում է կայացրել քրեական հետապնդումը դադարեցնել՝ վաղեմության ժամկետն անցնելու հիմքով:

Ըստ դատական ակտի՝ մյուս երեք ամբաստանյալները մեղադրվում էին պետական դավաճանություն ծանր հանցարարքի համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 299 հոդվածի 1-ին մասով:

Ընդհանուր իրավասության դատարանը գործի դատական քննության արդյունքում հանգել է հետևության, որ Ռաֆիկ Պապոյանը և Կարինե Ղումաշյանը կատարել են պետական դավաճանություն, այն է՝ ցուցաբերել են օգնություն ի վնաս  ՀՀ ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության կամ արտաքին անվտանգության թշնամական գործունեություն իրականացնող օտարերկրյա պետությանը կամ կազմակերպության ներկայացուցչին:

Ըստ դատական ակտի՝ Ռաֆիկ Պապոյանը 2012 թվականի օգոստոսի 9-ից մինչև 2014 թվականի դեկտեմբերի 25-ը բնակվել է Թուրքիայում, հավաքագրվել է այդ երկրի տարածքում գործունեություն ծավալած՝ Ադրբեջանի հետախուզական ծառայությունների աշխատակցի՝ Սեյրան անունով ներկայացած անձի կողմից, և կատարել է այդ հետախուզական ծառայության առաջադրանքը՝ Հայաստանից Թուրքիա ժամանած ՀՀ քաղաքացիների կազմից Ադրբեջանի հետախուզական ծառայությունների համար հետաքրքրություն ներկայացնող անձանց ընտրելու ու հավաքագրման նպատակով Սեյրանի հետ ծանոթացնելու առումով:

Տեղեկանալով, որ Վանաձորից Թուրքիա աշխատելու նպատակով ժամանած Կարինե Ղումաշյանի որդին որպես սպա՝ ծառայում է Արցախում, աշխատանք գտնելու հարցում Կարինեին օգնելու պատրվակով Ռաֆիկը նրան ծանոթացրել է ադրբեջանական հետախուզական ծառայությունների վերոհիշյալ աշխատակից Սեյրանի հետ:

Վերջինս Կարինեին ներկայացել է որպես բարեգործական կազմակերպության ներկայացուցիչ՝ Արման անունով: Նա 2013 թվականին հավաքագրել է Կարինեին:

Ստանալով ընդհանուրը՝ 1500 դոլար գումարի վարձատրություն՝ Կարինե Ղումաշյանը առաջադրանք է ստացել՝ Արմանի հետ շփվել գաղտնապահության մեթոդների կիրառմամբ. Հայաստանի տարածքից նրան չզանգահարել, նրա հետ ծանոթության մասին ոչ մեկին չհայտնել, ապա համոզել դասակի հրամանատար որդուն «Օդնոկլասնիկի» կայքի միջոցով կապ հաստատել Արմանի հետ ու կատարել նրա որոշակի խնդրանքները՝ փոխանցել ծառայության վայրի վերաբերյալ Արմանին հետաքրքրող տվյալներ:

2013 թվականի մարտին Ռաֆիկ Պապոյանը օգնել է նաև որդու՝ Սերգեյի հավաքագրմանը: Պայմանագրային զինծառայության անցնելու հարցում աջակցություն ստանալու պատրվակով նրան ուղարկել է Թբիլիսի՝ Սեյրանի հետ հանդիպման:

Սերգեյը, ըստ դատական ակտի, գտնվելով «բարեխիղճ մոլորության մեջ, ռեստորանում Սեյրանի հետ հանդիպման ժամանակ վերջինիս տրամադրել է տեղեկատվություն՝ 2008-2010 թվականներին ժամկետային զինծառայության ընթացքում իր տիրապետած տեղեկությունների վերաբերյալ՝ չգիտակցելով, որ այդ տեղեկատվությունը տրամադրում է Ադրբեջանի հետախուզական ծառայությունների աշխատակցի:

Նվերի անվան տակ՝ Սեյրանը Սերգեյ Պապոյանին նախապես տվել է 750 դոլար և փորձել է հավաքագրել նրան՝ նոր առաջադրանք տալով՝ ընդունվել ԼՂՀ-ում՝ Մատաղիսում, պայմանագրային զինծառայության ու այդ զորամասի վերաբերյալ տեղեկություններ հայտնել բացառապես «Սկայպ» ծրագրի կամ «Օդնոկլասնիկի» կայքի միջոցով:

Սերգեյը, այդ պահին արդեն հասկանալով, որ գործ ունի օտարերկրյա հետախուզական ծառայությունների աշխատակցի հետ, գտնվելով Թբիլիսիում ու վախենալով իր անվտանգության համար՝ առերևույթ տվել է իր համաձայնությունը ու վերադարձել է Հայաստան, սակայն կամովին հրաժարվել է հանցավոր արարք կատարելուց և Սեյրանի առաջադրանքը կատարելու ուղղությամբ որևէ քայլ չի արել: Նա Մատաղիսում պայմանագրային ծառայության չի անցել, Սեյրանի հետ հանդիպումից մեկ ամիս անց՝ 2013թվականի ապրիլին,   մեկնել է ՌԴ Նովոռոսիյսկ քաղաք, Հայաստան է վերադարձել 2014 թվականի նոյեմբերին, հոր հետ շատ քիչ է շփվել:

Դատարանը եզրակացրել է, որ Սերգեյ Պապոյանին պետական դավաճանության համար առաջադրված մեղադրանքը մեղադրանքի կողմը դատարանում չի ապացուցել, և «բացակայում են ՀՀ քրեական օրենսգրքի 299 հոդվածի 1-ին մասով վերագրված արարքին Սերգեյ Պապոյանի առնչությունը հաստատող բավարար ապացույցները»:

Սերգեյ Պապոյանն արդարացվել է՝ հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:

Ռաֆիկ Պապոյանը և Կարինե Ղումաշյանը մեղավոր են ճանաչվել պետական դավաճանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 299 հոդվածի 1-ին մասով:

Ռաֆիկ Պապոյանը դատապարտվել է 14 տարի ազատազրկման: Պատժի սկիզբը՝ 2015 թվականի մայիսի 28-ից:

Կարինե Ղումաշյանը դատապարտվել է 12 տարի ազատազրկման: Պատժի սկիզբը՝ 2015 թվականի մայիսի 19-ից:

Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոքներ էին բերել Ռաֆիկ Պապոյանի և Կարինե Ղումաշյանի շահերի պաշտպանները՝ խնդրելով արդարացնել իրենց պաշտպանյալներին՝ հանցակազմի բացակայության հիմքով, ու անհապաղ ազատ արձակել կալանքից:

Արդարացված Սերգեյ Պապոյանի մասով վերաքննիչ բողոք էր բերել մեղադրող դատախազ Ա. Արամյանը՝ խնդրելով Սերգեյ Պապոյանին մեղավոր ճանաչել պետական դավաճանության համար և դատապարտել 14 տարի ազատազրկման կամ նրա մասով բեկանել դատավճիռը, այդ մասով գործն ուղարկել նույն ստորադաս դատարան՝ նոր քննություն կատարելու:

Today's most read news !
  • Հայուհի իլյուստրատորի նվերն Արփինե Գաբրիելյանին և Միհրան Ծառուկյանին
  • Արամեի կնոջը հղիությունը շատ է սազում. նոր լուսանկարներ
  • Հայկոյի և Հրաչուհի Ութմազյանի ընկերական ջերմ լուսանկարը
  • Բիկինիով Իվետա Մուկուչյանը՝ Մեքսիկայի լողափում
  • Անի Ղազարյան.«Վախերն առաջացան «Կյանք ու կռիվ 1»-ի մեծ հաջողությունից հետո»
  • Բացառիկ լուսանկարներ Սևակ Խանաղյանի երևանյան առաջին համերգից
  • Պետք է փախչել… Ինչո՞ւ Մխիթար Ավետիսյանն այլևս եթերում չէ
  • ՀՀԿ-ն կգնա դաշինքով, ինչպես միշտ
Comments

Name: