Latest 10 episodes

Համագումարի մանիակները՝ համագումարամանիա

Մեկ շնչին բաժին ընկնող նախագահական խոստումների թվով Հայաստանը երևի թե վաղուց անվիճելի առաջատար է դարձել աշխարհում, և եթե ասենք՝ «Ֆորբսը» նման վարկանիշային մի ցանկ ունենար, ապա կասկած չկա, որ Հայաստանը կլիներ առաջին տեղում: Բայց, եթե ասենք՝ նույն «Ֆորբսը» ունենար կատարված աշխատանքների արդյունավետության վարկանիշային ցանկ, ապա դրանում Հայաստանը թերևս կլիներ վերջինը կամ գուցե վերջից երկրորդը` Մադագասկարից հետո:

Սերժ Սարգսյանն այսօր կրկին ելույթ ունեցավ իր գլխավորած կուսակցության համագումարում: Երկրի նախագահը իր կուսակիցներին կրկին հորդորեց ձեռնարկել քայլեր կուսակցության հանդեպ հասարակության վստահությունը բարձրացնելու ուղղությամբ:

Նախ՝ եթե Սերժ Սարգսյանն ուզում է բարձրացնել քաղաքացիների վստահությունը կուսակցության հանդեպ, ապա այդ համագումարի մասնակից պաշտոնյաների մեծ մասին ոչ թե պետք է հորդորեր քայլեր ձեռնարկել կուսակցության հանդեպ հասարակության վստահության բարձրացման ուղղությամբ, այլ հրավիրեր հրաժարականի դիմում գրելու: Կուսակցության առանցքային դեմքերը վաղուց արդեն այն աստիճան են վարկաբեկված հասարակության աչքին, որ քաղաքացիների մոտ այդ կուսակցության վստահությունը վերականգնելու առաջին քայլը պետք է լինի այդ վարկաբեկված պաշտոնյաներին կուսակցությունից ազատելը: Սակայն, դրա փոխարեն, Սերժ Սարգսյանը նախընտրում է ամեն անգամ կրկնել ցուցադրական այդ ելույթները՝ իրականությունը թողնելով ըստ էության նույնը:

Խնդիրն այն է, որ վերոհիշյալ անձինք որևէ դեպքում չեն կարող երկրում իրական փոփոխություններ առաջացնել, թեկուզ այն պարզ պատճառով, որ նրանք մարդ են և նրանց մեջ ևս խոսում է ինքնապաշտպանության բնազդը: Այդ պաշտոնյաների զգալի մասն այդ բնազդից ելնելով միայն կարող է տապալել ցանկացած բարեփոխում: Եվ եթե Սերժ Սարգսյանն ինքը նույն ինքնապաշտպանության բնազդով չի փորձում պահպանել համակարգն այնպես, ինչպես կա, ձգտելով նմանօրինակ համագումարային ելույթներով քարոզչական էֆեկտ ստանալ հասարակության մոտ, ապա առաջին հերթին հենց պետք է ազատի կուսակցությունը ինքնապաշտպանական բնազդների գերությունից:

Իրականում հասկանալի է, որ հենց ՀՀԿ-ով է պայմանավորված ցանկացած բնագավառում և ոլորտում երկրի առաջընթացի խոչնդոտը: Եվ այդ իմաստով կասկած չկա, որ կուսակցության իրական բարեփոխումը մեծապես կազդի երկրում ժողովրդավարության մակարդակի վրա, կնպաստի դրանց իրական ծիլերի առաջացմանը: Սակայն Հայաստանում գրեթե բոլոր ոլորտներում բարեփոխումների անունը արդեն տարիներ շարունակ կա, իսկ բարեփոխումները չկան ու չկան: Բայց, դրանով հանդերձ, չկան նաև կադրային լուրջ փոփոխություններ: Մինչդեռ եթե արդյունք չկա, ուրեմն պետք է լինեն այդ կադրային փոփոխությունները, պետք է ուղղակի և անուղղակի իմաստով թոշակի ուղարկվեն որոշ մարդիկ, իսկ նրանց փոխարեն գան երիտասարդներ, որոնք կստանձնեն արդյունք ապահովելու պատասխանատվություն:

Ինչքա՞ն կարելի է պարբերաբար հրավիրել նույն դեմքերին, լուրջ դեմքով կանգնել նրանց առաջ և նրանց ոչինչ չասող հայացքների ներքո անընդհատ ասել, թե պետք է անել քայլեր, որ հասարակությունը սկսի վստահել կուսակցությանը: Առավել ևս, որ քայլերի հարց չկա: Համակարգը կա՛մ աշխատում է Սահմանադրության և օրենքի հիման վրա, կա՛մ չի աշխատում: Ի՞նչ է նշանակում քայլեր: Համակարգը կա՛մ օրենքով է աշխատում, կա՛մ օրենքով չի աշխատում: Քանի դեռ հարցերն այդպես չեն դրվում իշխանության մոտ, կնշանակի իշխանությունն ինքը իրականում չի ցանկանում որևէ փոփոխություն, որովհետև քայլերի տարբերակը միշտ հնարավորություն է տալիս հետագայում մանևրել, խուսանավել կոնկրետ պատասխանատվությունից, շահարկել կոնկրետ հարցադրումները:

Սերժ Սարգսյանի հերթական համագումարային ելույթը լրիվ այդ տրամաբանության, այդ ժանրի մեջ էր, հետևաբար կարելի է համոզված ասել, որ դրա արդյունքը ՀՀԿ-ի վրա ոչ այսօր, ոչ վաղը չի զգացվելու բացարձակապես, որքան ՀՀԿ ղեկավար կազմում տեսնենք քաղաքականություն չսիրող վարչապետ Կարեն Կարապետյանին և նրա չորս ընկեր-նախարարներին։ Այլապես արդյունք է նաև այն, որ ՀՀԿ-ն նաև հանդիսավոր համագումարներով փորձում է աշխատելու իմիտացիա անել, փորձում է իրավիճակ փոխելու ցանկություններ և ջանքեր իմիտացնել: Բայց մի՞թե ՀՀԿ վերնախավն ինքը հավատում է իր այդ հնարքներին կամ մի՞թե համարում է, որ այդ հնարքներով ժամանակ ձգելը կարող է մեղմել այն գերլարված սոցիալ-հոգեբանական վիճակը, որ կա երկրում: Չէ՞ որ հնարքները ժամանակը ձգում են, իսկ խնդիրները, այսինքն՝ լարվածության պատճառները, շարունակում են մնալ ու ժամանակի մեջ կարծրանալ՝ է՛լ ավելի ծանրանալով որպես բեռ պետության ուսերին:

Today's most read news !
  • Հայուհի իլյուստրատորի նվերն Արփինե Գաբրիելյանին և Միհրան Ծառուկյանին
  • Արամեի կնոջը հղիությունը շատ է սազում. նոր լուսանկարներ
  • Կոտայքում 34-ամյա տղամարդը, սաունայում զվարճանալուց հետո տուն վերադառնալով, դաժան ծեծի է ենթարկել կնոջը
  • Հայկոյի և Հրաչուհի Ութմազյանի ընկերական ջերմ լուսանկարը
  • Բիկինիով Իվետա Մուկուչյանը՝ Մեքսիկայի լողափում
  • Kompromat Թրամփի, գեներալ Մանվելի և այլոց դեմ. ինչպես ռուսական շանտաժը ուրացրեց Հոկտ. 27-ը
  • Անի Ղազարյան.«Վախերն առաջացան «Կյանք ու կռիվ 1»-ի մեծ հաջողությունից հետո»
  • Բացառիկ լուսանկարներ Սևակ Խանաղյանի երևանյան առաջին համերգից
Comments

Name: