Ուղեղի լվացքի մոնոպոլիստները. Ինչու են պետք կուսակցությունները

Որոշ քաղաքական գործիչներ մտքեր են արտահայտում, որ քաղաքացիականությունը չի կարող փոխարինել քաղաքական ուժերին և հարցեր լուծելու, փոփոխություններ կատարելու միակ միջոցը քաղաքական ուժերն են, որոնք գալիս են իշխանության և փոփոխություններ կատարում: Քաղաքացիականության միջոցով փոփոխությունների մասին խոսելը, որոշ քաղաքական գործիչներ, համարում են ուղեղների լվացում:

Իրականում, հասարակության համար, իհարկե, պարզորոշ տեսանելի է, որ ուղեղների լվացումով այսօր, և արդեն երկար ժամանակ, զբաղված են հենց քաղաքական ուժերը: Հասարակության ուղեղները նախ շախմատով են լվանում, հետո քաղաքագիտությամբ, լվանում են օլիգարխին ընդդիմադիր հռչակելով, թեև վերջինս համառորեն դիմադրում է այդ լվացքին, լվանում են ինչով պատահի, ինչպես պատահի, ինչ պատահի: Բնականաբար, այդ լվացքի ընթացքում աշխատում է ինքնապաշտպանական բնազդը, որովհետև եթե Հայաստանում քաղաքացիականությունն իրապես կայանա՝ վերկուսակցական, արտակուսակցական գիտակցական հենքով, ներկայիս քաղաքական ուժերին այլ բան չի մնա, քան քաղաքականապես ինքնահուղարկավորվել: Դրա համար էլ քաղաքացիականության միջոցով փոփոխությունների ճանապարհի մասին խոսակցությունները նրանք որակում են հասարակության ուղեղների լվացում:

Դե իհարկե, ուղեղներ լվանալու մենաշնորհը քաղաքական ուժերինն է, և նրանք իրենց դիրքերը փորձում են պաշտպանել սկսած հենց լվացքի իրավունքից: Նրանք արդեն մի քանի տարի է հասարակությանն ինչ-որ հավաստիացումներ են տալիս, խոստանում են, որ ահա այս անգամ արդեն լրիվ ուրիշ բան է լինելու: Արդյունքում լինում է լրիվ նույն բանը: Եվ երբ այս ամենից հետո որոշ գործիչներ սկսում են խոսել, այդ ամենն արդեն ծիծաղելի էլ չէ, այլ ողբերգական:

Այդուհանդերձ, քաղաքացիականության միջոցով փոփոխությունների հասնելու տարբերակը Հայաստանում անկասկած ունի քննարկումների անհրաժեշտություն: Նախ պետք է լուծվի հենց այդ հարցը՝ քաղաքական դաշտի գործարքի դիմագրավման խնդիրը: Կուսակցությունները կարող են միմյանց հետ կռվել անգամ մեկ մանդատի համար, սակայն նրանք դառնում են դաշնակիցներ, երբ խոսքը գնում է վերկուսակցական քաղաքացիական որևէ ֆորմատի մասին: Նրանք այդ ֆորմատի մեջ վտանգ են տեսնում իրենց բոլորի համար: Ընդ որում` առաջին վտանգն այն է, որ կարող են հանկարծ այլևս պետք չգալ իշխանությանը: Կուսակցություններին չի հուզում, որ նրանք պետք չեն գա հասարակությանը: Նրանք այդ տեսանկյունից վաղուց են համակերպվել սեփական քաղաքական անպետքության հետ: Իսկ ահա իշխանությանը պետք չգալու հեռանկարը նրանց համար արդեն բավական վտանգավոր է: Քաղաքացիականությունը նրանց համար մրցակից է առաջին հերթին այս տեսանկյունից՝ եթե պարտվեն, իշխանությունը նրանց այլևս չի գնահատի, որովհետև կուսակցությունների վերջին նշանակությունը իշխանությունների համար հենց այդ է՝ պատվար քաղաքացիականության, վերկուսակցականության դեմ:

Հաջորդ խնդիրը բուն քաղաքացիական դաշտում կազմակերպվածությունն է: Այստեղ բանը միայն անվանումները չեն: Եթե անվանումը կամ ֆորմատը կուսակցություն չէ, դա դեռ չի նշանակում, որ ուրեմն վերկուսակցական կամ քաղաքացիական մի ֆորմատ է: Հայաստանում, քաղաքացիական դաշտում ընդգծված արտահայտվում է այդ շփոթությունն ու մոլորությունը: Տարբերությունն առաջ է գալիս բովանդակային-մեթոդաբանական, ինչպես նաև աշխարհայացքային և արժեքային դրսևորումների պարագայում: Այսինքն` վերկուսակցականն ու քաղաքացիականը նախևառաջ ենթադրում են մի գաղափար, որն առնվազն քննարկելի կդառնա մարդկանց համար` անկախ կուսակցական պատկանելությունից և սոցիալական կարգավիճակից, ինչպես նաև մի մեթոդաբանություն, որը հասարակության համար վստահելի նորույթ կլինի անգամ տեսական վիճակում: Ընդ որում` այս հենքերի մշակումը քաղաքացիական, վերկուսակցական ֆորմատի առաջին քննությունն է հանդիսանում: Այսինքն, եթե հնարավոր է լինում մշակել այդպիսի հենքերի՝ գաղափարական և մեթոդաբանական հենքերի նախագծային փաթեթ, ապա դա արդեն իսկ որոշակի ցուցիչ է, որ քաղաքացիական կամ վերկուսակցական ֆորմատը կայանում է կամ սաղմնավորվել է:

Ընդ որում` այդ համատեքստում արդեն կարևոր չէ, թե այդ ֆորմատը խնդիրների կամ թիրախների ինչպիսի հաջորդականություն է սահմանում՝ նախագահի՞ հրաժարական է պահանջում, թե՞ պահանջում է, ասենք, մի որևէ բան քաղաքապետարանի մակարդակով: Կարևորը արդեն դառնում է նախանշված գաղափարական և մեթոդաբանական փաթեթին հավատարիմ մնալն ու գործնական արդյունավետությունը: Ավելի լավ է լուծել երկու-երեք փոքր խնդիր, քան երկու-երեք տարի խոսել մեծ-մեծ կտորներով և կանգնել միևնույն կոտրած տաշտակի առաջ փիլիսոփայելու և մեկը մյուսից զավեշտալի արդարացումներ մոգոնելու: Մի բանում քաղաքական ուժերն իրավացի են՝ Հայաստանում արագ փոփոխությունների քաղաքացիական ռեսուրս իսկապես չկա, որովհետև նախ ջուրը բավականաչափ հաջողել են պղտորել կուսակցություններն ու իշխանությունները իրենց դաշինքով: Բացի այդ, Հայաստանում քաղաքացիական պայքարի մշակույթը նոր-նոր է ճանապարհ հարթում խորհրդառուսական ավտորիտար և տոտալիտար մշակույթի ճահճում:

Քաղաքացիական պայքարը Հայաստանում առավելապես հիմնված է ֆիզիկական ակտիվության և հեղափոխական դեկլարացիաների վրա, ինչն էլ հիանալիորեն շահարկում են թե՛ իշխանությունները, թե՛ կուսակցությունները: Մինչդեռ խնդիրը քաղաքացիական պայքարի մշակույթի արմատավորումն է: Քաղաքական ուժերը այդ մշակույթի գործիքներից մեկը կարող են լինել: Ընդամենը գործիքներից մեկը, բայց ոչ միակը: Անկասկած է, որ ի վերջո քաղաքականությունը իրականացնելու են հենց կուսակցությունները, բայց Հայաստանի դեպքում խնդիրը քաղաքականության իրացումը չէ, այլ համակարգային փոփոխությունների հարցը, որը կամ քայլ առ քայլ, կամ միանգամից պետք է լուծել: Կուսակցությունները այն համակարգի մասն են, որը պետք է փոխել: Քաղաքացիականությունը դեռևս այդ համակարգի մասը չի դարձել: Կուսակցություններն ու իշխանությունները ձգտում են դարձնելուն, ինչը կնշանակի, որ քաղաքացիական մշակույթի ձևավորման փոխարեն, քաղաքացիականությունը կդառնա արդեն Հայաստանում իշխող տոտալիտար ու ավտորիտար մշակույթի մի տարր ընդամենը:

Հայաստանն այսօր այդ հանգրվանին է, և առաջիկա տարիներն այդ առումով կդառնան բեկումնային՝ կա՛մ քաղաքացիական մշակույթը կկայանա, և քաղաքական ուժերը ստիպված կլինեն հաշվի նստել դրա հետ, կա՛մ էլ քաղաքացիականությունը կդառնա իշխող մշակույթի մի մասը և ստիպված կլինի քաղաքացիականության անվան տակ առաջնորդվել քաղաքական ուժերի շահերով ու պայքարել նրանց ուզած մասի կամ ամբողջի համար:

Today's most read news !
  • Դավիթ Աղաջանյանը, Մարինկա Խաչատրյանը, եւ Սիսիան Ստեփանյանը՝ սիրային եռանկյունում
  • Սպասել երրորդի՞ն… երկրորդ պատերազմն ընդհատվե՞լ է
  • Սոս Ջանիբեկյանն ու Արման Նշանյանը՝ մեկ հարկի տակ եւ ամուսնալուծված
  • Ովքեր են դուրս եկել «Դոմինո»-ից
  • Ալիևը երկու պատճառ ուներ այս գիշերվա հարձակման փորձի համար
  • Ինչպես չսպանվել սահմանին
  • Որ փոփոխությունը չլինեն միայն ազգանունները
  • Իրան՝ ճակատ, որը մնում է հետին պլանում. Milliyet, Թուրքիա
Comments
Loading...