Latest 10 episodes

Երևանյան լճից բերման ենթարկվելիս ոստիկանի դեմքն ու պարանոցը ճանկռած մարմնավաճառուհին դատապարտվել է ազատազրկման

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց Անահիտ Ս.-ի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Գործը քննվել է Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Դավիթ Բալայանի նախագահությամբ:

27-ամյա Անահիտը երկու անչափահաս երեխաների մայր է, 8-ամյա կրթություն ունի, իր հայտարարությամբ՝ փաստական ամուսնական հարաբերությունների մեջ է եղել մինչև 2007 թվականը:

Ներկայումս նա մշտական բնակության վայր չունի: Ունի նախկին դատվածություններ, միշտ դատվել է նույն վարչական շրջանի՝ Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանում: Այդ վարչական շրջանի հետ Անահիտին «կապում է» զբաղմունքը, որը, որպես «աշխատանք»՝ նշված է դատական ակտում՝ նա «զբաղվում է մարմնավաճառությամբ»:

Ըստ վերջին դատական ակտի՝ 2015 թվականի նոյեմբերի 12-ին, ժամը 23-ն անց 10-ի սահմաններում Անահիտը «գործընկերուհու»՝ Սիրուշի հետ գտնվել է Երևանյան լճի մերձակայքում կայանված «Մերսեդեսի» մեջ:

Մոտեցել են ոստիկաններ ու պոռնկությամբ զբաղվելու կասկածանքով փորձել են բերման ենթարկել Անահիտին ու Սիրուշին:

Անահիտը չի ենթարկվել, վիճաբանության մեջ է մտել իրենց պարտականությունները կատարող ոստիկանների հետ: Նա իջել է մեքենայից, մոտեցել է ոստիկան Գրիգորյանին, առողջության համար ոչ վտանգավոր բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ՝ ձեռքերով հարվածել է վերջինիս դեմքին, ճանկռել է դեմքն ու պարանոցը, քաշքշել է համազգեստը՝ պատճառելով ոստիկանի շրթունքների ներսային մակերեսների արյունազեղումներ ու սալջարդ վերքեր, աջ ստորին կոպի, աջ այտային, պարանոցի շրջանների քերծվածքներ, պարանոցի շրջանի արյունազեղումներ:

Ի վերջո՝ Անահիտը բերման է ենթարկվել ոստիկանություն:

Նրան շուտով մեղադրանք է առաջադրվել՝ բերման ենթարկվելու ժամանակ դրսևորած հակաօրինական վարքագծի համար:

Ընդհանուր իրավասության դատարանում Անահիտ Ս.-ն իրեն մեղավոր է ճանաչել, միջնորդել է գործը քննել արագացված ընթացակարգով:

Տուժողը և մեղադրողը չեն առարկել:

Դատարանը հաշվի է առել, որ Անահիտ Ս.-ի խնամքին են երկու անչափահաս երեխաները՝ 8 և 6 տարեկան:

Նկատի ունենալով, որ Անահիտ Ս.-ն ամիսներ առաջ դատապարտվել էր համասեռ արարքի համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասով, դատարանն արձանագրել է հանցագործությունների կատարման ռեցիդիվ:

2015 թվականի փետրվարի 24-ին Անահիտը խուլիգանության համար դատապարտվել է 50 հազար դրամ տուգանքի:

2015 թվականի հունիսի 4-ին նույն դատարանը Անահիտին մեղավոր է ճանաչել իշխանության ներկայացուցչին չենթարկվելու, նրա նկատմամբ բռնություն գործադրելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասով: Անահիտ Ս.-ն դատապարտվել է 450 հազար դրամ տուգանքի:

Քանի որ տուգանքը վճարել չի կարողացել, նույն դատարանը 2015 թվականի դեկտեմբերի 7-ին տուգանքը վճարելու համար սահմանել է 1 տարի ժամկետ:

Այդ որոշման կայացման ժամանակ Անահիտն արդեն կասկածյալ էր նոր՝ վերը ներկայացված գործով՝ ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու, նրա օրինական պահանջին չենթարկվելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասով:

Դատական ակտում նշված է, որ վերջին հանցավոր արարքը Անահիտ Ս.-ն կատարել է իր նկատմամբ երկրորդ դատավճռի հրապարակումից հինգ ամիս անց: Ընդ որում՝ նա նշանակված պատիժը՝ տուգանքի ձևով, չի կրել, տուգանքի գումարից որևէ վճարում չի կատարել, նրա դատվածությունն էլ չի մարվել:

Այս անգամ Անահիտ Ս.-ի նկատմամբ նշանակվող պատիժը չէր կարող պակաս լինել հիշյալ հոդվածի սանկցիայով նախատեսված առավելագույն պատժի երեք քառորդից՝ 2 տարի 6 ամիս ազատազրկումից :

Միաժամանակ, քանի որ գործը քննվել է արագացված ընթացակարգով, դատարանը Անահիտ Ս.-ին չէր կարող նշանակել ավելի խիստ պատիժ, քան՝ 3 տարի 4 ամիս ազատազրկումը:

Քանի որ նախորդ դատավճռով սահմանված՝ տուգանքի ձևով պատիժը Անահիտ Ս.-ն չէր կրել, դատարանը նրա նկատմամբ պատիժ է նշանակել դատավճիռների համակցության կանոններով՝ նոր պատժին լրիվ գումարելով նախորդ դատավճռով նշանակված պատիժ տուգանքը:

Անահիտ Ս.-ն մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասով և դատապարտվել է 2 տարի 6 ամիս ազատազրկման ու 450 հազար դրամ տուգանքի:

Պատժի սկիզբը կհաշվվի Անահիտ Ս.-ին արգելանքի տակ առնելու պահից:

Դատական ակտով սահմանված է, որ դատավճռի կատարման ընթացքում Անահիտի երկու անչափահաս որդիների խնամքը հանձնվում է Երևան համայնքի խնամակալության ու հոգաբարձության մարմնին՝ պարտավորեցնելով կազմակերպել երեխաների հսկողությունը, խնամքը, անհրաժեշտ սոցիալական ու բժշկական օգնությունը:

Դատավճիռը բողոքարկել էր ամբաստանյալ Անահիտ Ս.-ն՝ խնդրելով իր նկատմամբ պայմանական դատապարտություն կիրառել, իրական ազատազրկման չդատապարտել, սահմանել 2 տարի փորձաշրջան:

Վերաքննիչ դատարանում Անահիտ Ս.-ն հայտնեց, որ առաջին ատյանի դատարանում իր շահերը պաշտպանում էր վճարովի փաստաբան, իսկ հիմա ինքը «նյութականի ճար չունի», խնդրում է, որ իր շահերը պաշտպանի հանրային պաշտպան:

Հանրային պաշտպանի ներգրավումից հետո վերաքննիչ քրեական դատարանը քննեց բերված վերաքննիչ բողոքը, այն գնահատեց որպես անհիմն և որոշեց մերժել այն՝ անփոփոխ թողնելով ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը:

Երբ անփոփոխ թողնված դատավճիռը և վերաքննիչ դատարանի որոշումը օրինական ուժի մեջ մտնեն, Անահիտ Ս.-ն փաստացի կալանքի տակ կառնվի, որ կրի ազատազրկման ձևով պատիժը:

Today's most read news !
  • Վախեցնող էր միայն այն փաստը, որ պետք է աշխատեի նման ռեժիսորի հետ. Անի Ամիրյանը Մհեր Մկրտչյանի նոր ֆիլմում է նկարահանվում
  • Անահիտ Սիմոնյանը` թուրքական սերիալները պրոպագանդելու մասին
  • Լիլիթ Հովհաննիսյանի նոր լուսանկարները Նյու Յորքից
  • Քիմ Քարդաշյանի երեխաների նոր լուսանկարները
  • Քիմ Քարդաշյանը շիկահեր է դարձել
  • Կարեն Կարապետյանի պատասխանը Սերժ Սարգսյանին
  • Այսօր Արթուր Աբրահամի ծննդյան օրն է
  • Արտակարգ դեպք Աբովյան քաղաքում. 4 երիտասարդներ դանակահարված տեղափոխվել են հիվանդանոց
Comments