Latest 10 episodes

«Ամբողջ գործը թողնենք, զբաղվենք այդ երեխայո՞վ …». Հրազդանի հիվանդանոցի մանկաբույժը՝ նորածնի մահվան պատճառ

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Հովհաննես Ավագյանի նախագահությամբ ավարտվել է Մարինե Հակոբյանի գործի դատական քննությունը:

55-ամյա Մարինե Հակոբյանն աշխատել է Հրազդանի բժշկական կենտրոնում՝ որպես թերապևտիկ բաժանմունքի բժիշկ-մանկաբույժ: Նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 130 հոդվածի 2-րդ մասով:

Ըստ դատական ակտի՝  Մարինե Հակոբյանը նշված բժշկական կենտրոնում աշխատում է 1985 թվականից:

2015 թվականի փետրվարի 4-ին բժշկական կենտրոն է տարվել 40 օրական Մանե Հարությունյանը: Ընտանեկան բժշկի կողմից տրված «հնարավոր բակտերիալ ինֆեկցիա, ինտենստինալ սինդրոմ» նախնական ախտորոշման պայմաններում բժշկուհի Մարինե Հակոբյանը «դրսևորել  է անբարեխիղճ վերաբերմունք, չի կատարել իր մասնագիտական պարտականությունները, հրաժարվել է երեխային ընդունել ստացիոնար՝ պատճառաբանելով, թե հիվանդանոցն անհրաժեշտ բժշկական սարքավորումներով հագեցած չէ: Այդպիսով, Մ. Հակոբյանը բաց է թողել տվյալ դեպքում անհրաժեշտ բժշկական օգնության ու սպասարկման հիմնական ու միակ ճիշտ մոտեցումը՝ հոսպիտալիզացիան, որի դեպքում հնարավոր կլիներ երեխային ցուցաբերել բժշկական սարքավորումներով չպայմանավորված առաջնային բուժօգնություն՝ ինֆուզիոն թերապիա, հեղուկների ներարկում, հակաբիոտիկային բուժում, թթվածնաբուժություն, ինչը հնարավորություն կտար ձեռնարկել մահվան հետ պատճառական կապի մեջ գտնվող հիվանդությունների բուժմանն ուղղված գործողությունները և կանխել չարորակ, արագ ընթացքի արդյունքում Երևանի բժշկական կենտրոն տեղափոխվող երեխային անզգուշությամբ պատճառված մահը»:

Դատարանում Մարինե Հակոբյանն իրեն մեղավոր չի ճանաչել: Նա հայտնել է, թե նախաքննության ընթացքում իրեն «հորդորել են», որ ընդունի մեղքը, իրեն մեղավոր ճանաչի, ինչը մեղմացուցիչ հանգամանք է: Ինքն այդպես էլ գրել է: Սակայն  իրականում ինքը երեխայի մահվան համար մեղավոր չէ:

2015 թվականի փետրվարի 3-ի լույս 4-ի գիշերը իրեն զանգահարել է Հրազդանի բժշկական կենտրոնի ընդունարանի հերթապահ շտապօգնության բժշկուհի Բարեղամյանը, ասել է, թե երեխայի են բերել, հարցրել է՝ ի՞նչ անեն:

Ինքը պատասխանել է, որ նախ պետք է զննեն երեխային: Բժշկուհին ասել է, որ երեխային ծնողներն են բերել, ովքեր ասում են, թե երեխան անհանգիստ է, նախորդ օրը նշվել է երեխայի 40 օրականը:

Նման օրերին, սովորաբար, մայրերը «խառնում են կերակուրները, անհանգիստ վիճակ է առաջանում, որը փոխանցվում է կրծքով կերակրվող երեխային…

Ինքը բժշկուհուն ասել է՝ ստուգեն, եթե վտանգի նշաններ չգտնեն, հնարավոր է՝ երեխան գազերից անհանգիստ լինի, կարելի է գլիցերինի մոմիկ դնել… Բժշկուհին ասել է, թե վտանգի նշաններ չկա, երեխան անհանգիստ է, մոմիկը կդնեն… Հետո իրեն այլևս չեն զանգահարել»:

Առավոտյան ինքը գնացել է հիվանդանոց՝ աշխատանքի: Իրեն զանգահարել է երեխայի ընտանեկան բժշկուհի Եղիազարյանը, ասել է, որ իր մոտ հսկողության ու հետազոտության է ուզում ուղարկել 40 օրական երեխայի: Ինքն ասել է՝ հավանաբար գիշերվա երեխան է:

Եղիազարյանն ասել է, թե երեխան 37,5 ջերմություն ունի:

Ինքն ասել է՝ եթե այդ ջերմությունից բացի ուրիշ բան չկա, անհանգստանալու պատճառ չկա: Միաժամանակ ասել է՝ եթե  ախտորոշման մեջ չի կողմնորոշվում, թող ուղեգրի Երևան:

Ինքն այդպես է ասել, քանի որ նախ պետք էր գտնել հիվանդությունը, իսկ իրենք երեխաներին հետազոտելու «ոչ մի լուրջ պայման չունեն… Բացի այդ, եթե ընթացքում երեխան վատանա, պետք է իրենց ամբողջ գործը թողնեն, զբաղվեն այդ երեխայով, տեղափոխեն Երևան…

Ինքը հարցրել է՝ երեխան վա՞տ է, բժշկուհին ասել է՝ ոչ, ինքն էլ ասել է՝ քանի որ վատ չէ, անհրաժեշտ է միանգամից ուղեգիր տալ դեպի Երևան…»:

Իրեն կանչել է թերապևտիկ բաժնի վարիչը, հարցրել է՝ ինչո՞ւ չի ընդունում երեխային: Ինքը հիշեցրել է իրենց սուղ պայմանները, ասել է՝ հիմա երեխան վատ չէ, բայց հետո կարող է վատանալ, հանկարծ կարող է ունենան ռեանիմացիայի կարիք, զբաղվեն ժամերով, մեքենա կանչեն կամ հապճեպ իրենք տեղափոխեն: Քանի դեռ երեխան վատ չէ, նպատակահարմար է ուղեգրել Երևան՝ հսկողության տակ հետազոտելու համար…

Ինքը Եղիազարյանի սենյակում առաջին անգամ տեսել է երեխային, որը բարուրով փաթաթված՝ բազմոցին քնած էր: Մայրն ու տատն էլ հանգիստ նստած էին սպասողական վիճակում: Բժշկուհին լրացնում էր վարդագույն ուղեգիրը, որով կարող են գնալ բոլոր հիվանդանոցները՝ ստացիոնար բուժման… Ինքը խորհուրդ է տվել, որ երեխային տանեն «Մուրացանի հիվանդանոց», եթե հարկ լինի՝ նրանք կտեղափոխեն Նորքի ինֆեկցիոն…

Ինքը հարցրել է՝ երեխան ֆիզիոլոգիական դեղնուկ ունի՞: Եղիազարյանն ասել է՝ ոչ, երեխան ոչ մի բան էլ չունի, շատ լավ երեխա է: Ինքն էլ հանգստացել ու ասել է՝ «որ շատ լավ երեխա է, ավելի լավ է գնա Երևան, ինքն էլ այնքան գործեր ունի, իր գործերը չի թողնի ու զբաղվի նրանով՝ պահեն, բարդացնեն, վատացնեն, հետո էլ ընկնեն մեքենաների հետևից… Ինքը հասկացել է, որ երեխային ուղարկում են համապատասխան վայրում հսկվելու, հետազոտվելու, ոչ թե՝ նա կյանքի խնդիր ունի, մի քանի ժամ հետո պետք է մահ գրանցվի…

Ինքը չգիտի՝ նախաքննության ժամանակ ինչու է իրեն մեղավոր ճանաչել, մտածել է, հավանաբար՝ մեղավոր է, քանի որ ուրիշները չեն հասկացել, ինքը նույնպես չի հասկացել, բայց ինքը մեղավոր չէ, որ բժիշկները չեն հասկացել և ուղեգրել են՝ գրելով ախտորոշումը՝ հնարավոր բակտերիալ ինֆեկցիա… Ինքը չի մտածել, ո երեխան պետք է մահանա թոքաբորբից, ունի բակտերիալ ինֆեկցիա, բացի այդ՝ ինքը չէր կարող որոշել, որ նա կմահանար երկու ժամից, և ինքը կմեղադրվեր երեխայի մահվան մեջ…

Հետագայում երեխայի տատիկն ասել է, թե երեխան տնքում էր: Բայց իրեն երեխայի տնքալու մասին ոչ ոք չի ասել… Տնքոցն այդ հասակի երեխայի մոտ ծանր սինդրոմ է… Եթե երեխան տնքում է, ուրեմն շնչառական լուրջ խնդիր ունի… Երեխան կարող է տնքալ թոքաբորբի ժամանակ, եթե ասեին՝ տնքում է, ինքը հաստատ կզններ ու թույլ չէր տա տեղափոխել…

Իր սխալը եղել է այն, որ չի զննել երեխային, քանի որ նրա բժշկուհին արդեն ուղեգիր էր գրում… «Իր անմիջական ղեկավարների կողմից ցուցում չի եղել՝ երեխային ընդունել ստացիոնար…»:

Երեխայի մայրը հայտնել է, որ 2015 թվականի փետրվարի 3-ի լույս  4-ի գիշերը իր դստերը՝ Մանեին, տարել են հիվանդանոց: Հերթապահ բուժքույրերը նայել ու ասել են՝ փորիկից կլինի, սովորաբար երեխաները անհանգիստ են լինում փորիկից ու գազերից… Մոմիկ են դրել ու երեխային տարել են տուն: Իրենց չեն առաջարկել երեխային հիվանդանոցում պահել:

Գիշերը երեխան անհանգիստ է եղել, մոմիկը չի օգնել:

Առավոտյան ընտանեկան բժիշկն իրենց կանչել է հիվանդանոց, որ երեխային հետազոտեն:

Երեխան անհանգիստ է եղել, իրենք հերթի մեջ սպասել են: Մտել են իրենց բժշկուհու մոտ, նա ստուգել ու ասել է, թե երեխան գունատ է, դա իրեն դուր չի գալիս: Ջերմությունը նորմայից բարձր է եղել… Երեխան տնքում ու հևոցով էր շնչում…

Բժշկուհի Եղիազարյանի աշխատասենյակ է եկել բժշկուհի Մարինե Հակոբյանը, վերջինս նայել է երեխայի դեմքին ու ասել է, թե պետք է տեղափոխել Երևան: Իրենց շտապօգնության մեքենա չեն տրամադրել: Իրենք երեխային տեղափոխել են իրենց մեքենայով: Ճանապարհի կեսից երեխան վատացել է:

Ամուսնու եղբայրը խնդրել է ճանապարհային ոստիկաններին, որ օգնեն՝ երեխային արագ հասցնեն Երևան: Ոստիկաններն իրենց օգնել են, բայց երեխան մահացել է… Երևանում նրան տարել են հիվանդանոց, միանգամից մտցրել են վերակենդանացման բաժանմունք, իսկ մեկ ժամ անց իրենց ասել են, որ երեխան մահացել է…

Հրազդանի հիվանդանոցում երեխային առաջին բուժօգնություն ցույց չեն տվել:

Երեխայի մոտ հետագայում ախտորոշել են երկկողմանի թոքաբորբ ու սրտի արատ: Բայց իր առաջին երեխան էլ է ունեցել սրտի արատ, հիմա նա հինգ տարեկան է…

Մինչև դեպքի օրը Մանեի վիճակը նորմալ է եղել: Դեպքից երկու շաբաթ առաջ բժշկուհի Եղիազարյանն այցելել է իրենց տուն, երեխային ստուգել է, ամեն բան նորմալ է եղել:

Երեխայի մայրը խնդրել է, որ իր երեխայի մահվան համար մեղավորները ենթարկվեն օրենքով նախատեսված պատժի:

Դատաբժշկական փորձագիտական հանձնաժողովային եզրակացության համաձայն՝ տեղամասային մանկաբույժի կողմից Մանե Հարությունյանի վիճակը գնահատվել է ճիշտ, ախտորոշումը դրվել է ճիշտ, կայացվել է ճիշտ որոշում՝ հոսպիտալիզացնել երեխային: Սակայն Հրազդան ԲԿ-ում երեխան չի հոսպիտալիզացվել, չի հետազոտվել, չի ցուցաբերվել որևէ բուժօգնություն… Պատճառաբանվել է, թե բժշկական կենտրոնը չունի բավարար տեխնիկական հագեցվածություն: Երեխան ծնողների կողմից, ոչ բժշկական նշանակություն ունեցող տրանսպորտային միջոցով տեղափոխվել է Երևանի հիվանդանոց ու ճանապարհին մահացել է… Երեխայի տեղափոխումը պետք է կատարվեր բժշկական սարքավորումներով հագեցած ավտոմոբիլով… Չի բացառվում, որ հնարավոր լիներ կանխել մահվան ելքը, երեխային կենդանի վիճակում հասցնել որևէ մոտակա հիվանդանոց… Հրազդանի բժշկական կենտրոնում երեխայի նկատմամբ գործնականում որևէ բուժում չի կատարվել, միակ բուժումը… գլիցերինի մոմիկ դնելն է եղել… Այն չէր կարող լավացնել երեխայի վիճակը… Մինչև երեխային Երևան տեղափոխելը պարտավոր էին տեղում կատարել առաջին անհրաժեշտ բուժական գործողությունները…

Ընդհանուր իրավասության դատարանը մանկաբույժ Մարինե Հակոբյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 130 հոդվածի 2-րդ մասով և դատապարտել է 2 տարի ազատազրկման՝ 2 տարով զրկելով բժշկական գործունեությամբ զբաղվելու իրավունքից:

Պատժի սկիզբը կհաշվվի Մարինե Հակոբյանին փաստացի կալանքի տակ առնելու պահից, երբ դատավճիռը օրինական ուժի մեջ մտնի:

Today's most read news !
  • «Սպոն շատ ավելի տպավորիչ էր, ավելի մնայուն դարձավ». Դավիթ Թադևոսյան
  • Նաիրա Մովսիսյան.«Երկուսի դեպքում էլ մեծ պատասխանատվություն եմ զգում»
  • Արտակարգ դեպք Կապանի ԲԿ-ում. բժիշկը փորձել է բռնաբարել հիվանդ աղջկան
  • 61-ամյա Քրիս Ջենները պատրաստվում է ամուսնանալ 36-ամյա ընկերոջ հետ
  • Նա ժամանակին չթողեց ինձ սխալ քայլեր անել. Մարտա
  • Մխիթարյանի մանչեսթերյան կյանքի մասին
  • Ընկերական հավաքույթներ․ Քիմ Քարդաշյանն ու Նաոմի Քեմփբելը հանդիպել են Նյու Յորքում
  • Մանվել Գրիգորյանի ճակատագիրն անհայտ է. Սերժ Սարգսյանը նրա հետ կապված այլ պլաններ ունի
Comments

Name: