Latest 10 episodes

Ջունգլը սահմանեց Սերժ Սարգսյանի ճառի փոխարժեքը

Այն ընթացքում, երբ Սերժ Սարգսյանը ՀՀԿ համագումարում իր ճառն էր արտասանում և խոսում ՀՀԿ-ի վերերկրային առաքելության և բարեփոխումներին հավատարմության մասին, գրեթե վերմարդկային պատվիրաններ հղելով իրեն կուսակցապետի պաշտոնում վերընտրած ՀՀԿ-ականներին, Երևանի կենտրոնի փողոցներից մեկում մի տղամարդ ծեծում էր իր կնոջը՝ համատարած անտարբերության պայմաններում, որը խախտել էր ընդամենը իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը, այդ մասին տեղեկությունը դնելով ֆեյսբուքյան իր էջում։

Ինչ կապ ուներ Երևանի փողոցներից մեկում տեղի ունեցածը Մարզահամերգային համալիրում տեղի ունեցած կուսակցական համագումարի և ճառերի հետ։ Առերևույթ ոչ մի։ Բայց այդ երկու իրադարձությունների խորքային, մշակութաբանական կապը ակնառու է, ուղղակի աչք ծակող և նույնիսկ չափազանցրած չենք լինի ասելով, որ Երևանի փողոցներից մեկում տեղի ունեցածի և ՀՀԿ համագումարում Սերժ Սարգսյանի ելույթի ժամանակագրական կապը իրապես նախախնամությունն է, քանի որ այդ ծեծը կամ կարող է լինել Սերժ Սարգսյանի ելույթին գործնական կշիռ հաղորդող եզակի երևույթ, կամ այդ ելույթի ուղղակի ձևականությունը վկայող անմիջական և աղաղակող երևույթ։ Բանն այն է, որ կնոջը ծեծող տղամարդը ՀՀԿ լիդերներից չէր, ոչ էլ շարքային ակտիվիստ, բայց Ջունգլ մականունով ոչ անհայտ թաղային հեղինակությունն էր։ Ջունգլը տարիներ առաջ մեղադրվել էր ազատամարտիկին ծեծելով սպանելու համար, սակայն դրա համար՝ նա ըստ էության չի ենթարկվել պատասխանատվության։

Թե ինչո՞ւ, մնում է միայն ենթադրել։ Եվ ահա, այդ անձը այժմ էլ փողոցում դաժան ծեծի է ենթարկում իր տիկնոջը, ինչը ստանում է հանրային մեծ երանգ, քանի որ այդ ծեծին ականատես է լինում հանրային դեմքերից մեկը և հրապարակայնացնում իր տեսածը։ Այժմ հարց է առաջ գալիս, թե ինչ է լինելու հետո, ինչպես են վարվելու իրավապահները, տիկնոջը դաժան ծեծի ենթարկողը կրելու է իր պատասխանատվությունը, թե ոչ։

Սա թվում է, թե կապ չունի ՀՀԿ համագումարի հետ, Սերժ Սարգսյանի ելույթի հետ, սակայն, եթե մենք խոսում ենք Հայաստանում փոփոխությունների մասին, ապա առաջինը, որ պետք է փոխվի անբեկանելիորեն, անվերապահորեն, դա բռնության մշակույթի բացառումն է։ Ընդ որում, սա այն հարցն է, որտեղ ոչ թե դանդաղ՝ ինչպես սիրում են ասել ՀՀԿ-ականներն ու հայտարարում է Սերժ Սարգսյանը, այլ արագ պետք է շտապել։ Եվ սա այն հարցն է, որտեղ ցանկության դեպքում կան արագ շտապելու բոլոր նախադրյալները՝ ի դեմս այն հսկա ոստիկանական համակարգի, որ Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն պահում են հասարակության հաշվին և ապահովում են անհրաժեշտ նյութատեխնիկական հագեցածությամբ, ի տարբերություն առաջնագծում կանգնած և սահմանը պահող զինվորի։

Ջունգլն իհարկե կնոջը առաջին և վերջին ծեծողը չի լինելու, բայց նրա դաժան արարքի մասին աղմուկը ինչպես ասում են՝ հնչում է «ճիշտ պահին, ճիշտ տեղում», եթե իհարկե կարելի է այդպես ասած՝ մարդու հանդեպ բռնության զարհուրելի փաստի առիթով։ Եվ այս իմաստով, սա դառնում է ցուցադրական գործ, որն իհարկե ամենևին պատրանքի տեղիք տալ չի կարող, նման ցուցադրական գործեր Հայաստանում շատ են եղել, բայց իրականությունը դրանից չի փոխվել։ Սակայն, բոլոր դեպքերում, շատ հստակ է, որ նման ամեն մի օրինակ չափազանց կարևոր է դառնում չափելու համար, թե ինչքանով է իշխանությունը հրաժարվում քրեական աշխարհի իր հովանավորությունից։ Ի վերջո, ակնհայտ է, թե ինչն է այս աշխարհի անպատժելիության գրավականը։ Իշխանությունը հենց այս աշխարհի ռեսուրսներն է գործի դնում իր համար ցանկալի ընտրական արդյունքներ ստանալու համար։

Սա իշխանության հիմնական գործիքներից մեկն է, և հաճախ նաև կույր գործիքներից մեկը։ Եվ այդ ծառայությունների դիմաց, այս աշխարհի ներկայացուցիչները ստանում են այսպես ասած՝ կենցաղային «անցաթուղթ» բոլոր հարցերում, որովհետև հենց այդ «անցաթուղթն» է նաև, որ ապահովում է հասարակության տարբեր շերտերի հետ այդ աշխարհի ներկայացուցիչների նախընտրական «աշխատանքի» արդյունավետությունը։ Եվ ահա այս տեսանկյունից, նմանօրինակ ցանկացած դեպք իրականում շատ ավելին է, քան իշխանության ցանկացած ճառ։ Այդ դեպքերը իշխանական ճառերի փոխարժեքն են։

Today's most read news !
  • Էմմա Մանուկյան.«Փորձում եմ մեղքերս քավել»
  • «Աղջի՛, էլի գնում ես …-իդ մո՞տ». Միայնակ մայրը 5 տարվա սիրեկանի ժլատությանը չի դիմացել և սուտ մատնություն է կատարել
  • Հայկական ողբերգության թույլ մխիթարություն
  • Մովսես Երեմյան.«Միմյանց կորցնելու վախ կա միշտ»
  • Աշխարհի համերը՝ Նազենի Հովհաննիսյանի նոր հաղորդաշարում
  • Վլադիմիր Գասպարյանն ի՞նչ է զգուշացնում Հովիկ Աբրահամյանին
  • Աննա Դովլաթյանն ու Դավիթ Աղաջանյանը համատեղ բիզնեսներ են հիմնում
  • Ավարտել եմ դիմահարդարման դասընթացները ու սկսել եմ աշխատել նաեւ այդ ոլորտում. Լիկա Սալմանյան
Comments