Կարեն Կարապետյանի շրջանակային ժամանակավորությունը

ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանը հայտարարել է, որ անդամակցելով ՀՀԿ-ին՝ վարչապետ Կարեն Կարապետյանը ցույց տվեց, որ ժամանակավոր անձ չէ քաղաքականության մեջ։

Ընդ որում, հետաքրքրականն այն է, որ խոսքը վերաբերում է 2017-ին հաջորդող ժամանակաշրջանին, իսկ ահա 2018-ի մասով ոչ միայն Արմեն Աշոտյանը, այլև իշխանության, ըստ էության, բոլոր ներկայացուցիչները հարցը թողնում են փաստացի բաց։ Դրա վկայությունն էր նաև արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի հայտարարությունը ՀՀԿ համագումարի շրջանակում։

Այո, Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Կարեն Կարապետյանը վարչապետ կլինի նաև խորհրդարանական ընտրություններից հետո, բայց դա երևի թե ամենևին էլ ամենաինտրիգային հարցը չէ Կարեն Կարապետյանի քաղաքական ժամանակի առումով։ Ամենաինտրիգայինն այն է, թե ինչ է լինելու Կարապետյանի հետ 2018 թվականի ապրիլից հետո, երբ Սերժ Սարգսյանը վայր դնի իր նախագահական լիազորությունները։ Եվ այն, որ հանրապետականներից ոչ ոք հանձն չի առնում այս մասին խոսել նույնիսկ թեական առումով, վկայում է այն մասին, որ հարցը, մեղմ ասած, բաց է, և ժամանակավորության խնդիրը ՀՀԿ անդամակցությամբ ոչ միայն լուծված չէ, այլև նույնիսկ սրված է։

Բանն ան է, որ Կարեն Կարապետյանն, ինչ խոսք, դառնալու է ՀՀԿ-ում ազդեցիկ թևերից մեկը, իսկ գուցե նաև գլխավոր ազդեցիկ թևը։ Անկասկած է, որ Սերժ Սարգսյանն այս հարցում նրան օժանդակելու է, քանի որ առանց դրա Կարապետյանի հեռանկարները ՀՀԿ-ում, մեղմ ասած, մշուշոտ են։

Սակայն հարց է առաջանում, թե ինչ են լինելու ՀՀԿ-ի, այսպես ասած, մյուս թևերը, որոնք բազմազան են։ Վերջին հաշվով, ինչի շնորհիվ Սարգսյանը կարողացավ հաղթահարել Հովիկ Աբրահամյանի գործոնը, գոնե այս փուլում։ Հենց ՀՀԿ թևերի բազմազանության։ Հովիկ Աբրահամյանը չկարողացավ կամ չհասցրեց միավորել դրանք և Սերժ Սարգսյանի դեմ ձևավորել մեկ կուռ թիմ, որի պարագայում Սարգսյանին այլ բան չէր մնալու, քան հավատարիմ մնալ վարչապետ չառաջադրվելու մասին իր հայտնի հայտարարությանը, որ հնչեցրել էր 2014 թվականին։ Սակայն նա արդեն երկու անգամ ըստ էության դե ֆակտո հրաժարվել է իր այդ հայտարարությունից՝ ասելով, որ ամեն ինչ կախված է 2017 թվականի ընտրության արդյունքներից։

Այսպիսով՝ եթե Կարեն Կարապետյանը ժամանակավոր չէ, ապա ՀՀԿ տարբեր թևերը պետք է ենթարկեցվեն Կարապետյանին։ Սակայն առնվազն պաշտպանության նախարարի մասով ակնհայտ է, որ կա բավականին նկատելի տարբերակում, և այս իմաստով ոչ միայն հետաքրքրական էր այն, որ Վիգեն Սարգսյանը փաստորեն Կարեն Կարապետյանից առաջ հայտարարեց, որ անդամակցելու է ՀՀԿ-ին, այլև ուշագրավ էր նաև ՀՀԿ համագումարում ԳՄ նոր կազմի մասով Սերժ Սարգսյանի բացթողումն ու հետո այդ կապակցությամբ արված կատակ-ակնարկը։ Սարգսյանը մոռացել էր Վիգեն Սարգսյանի անունը, և հետո հարկ եղավ նրա անունը ԳՄ կազմի համար քվեարկել առանձին, և Սերժ Սարգսյանը կատակով արձանագրեց այդ փաստը՝ անկասկած, ցանկանալով ընդգծել պաշտպանության նախարարի յուրահատուկ, առանձին դերակատարումը այդ վերադասավորումներում։

Իսկ դա հիմք է տալիս ասելու, որ Սերժ Սարգսյանը առաջիկայում պահպանելու է ներկուսակցական բազմաբևեռությունը, և այդ պարագայում եթե անգամ Կարեն Կարապետյանը հանդիսանա գլխավոր բևեռը, այդուհանդերձ՝ նա չի ունենալու Սերժ Սարգսյանին որևէ փաստի առաջ կանգնեցնելու հնարավորություն՝ ինչպես Հովիկ Աբրահամյանը չունեցավ, թեև թվում է, որ ուներ անհամեմատ ավելի մեծ ռեսուրսներ դրա համար։ Իսկ եթե Կարեն Կարապետյանը չունի Սերժ Սարգսյանին փաստի առաջ կանգնցնելու հնարավորություն, կնշանակի՝ նա ինքը ամեն պահի կարող է կանգնել փաստի առաջ։

Հետևաբար քաղաքական ժամանակավորությունը պարզապես վերցվեց կուսակցական շրջանակների մեջ՝ առավել կանխատեսելի լինելու համար։ Դա ամենևին չի նշանակում, որ Կարապետյանը հեռանալու է բոլոր դեպքերում։ Իհարկե, ոչ ՀՀԿ շրջանակում, սակայն նախագահի պաշտոնը թողնելուց հետո վարչապետ առաջադրվելու հարցը Սերժ Սարգսյանից դեռ լուծում է պահանջելու, եթե նա վերջնականապես մտադրվի գնալ դրան։

Today's most read news !
  • Սիրուշոն 12-րդ անգամ ճանաչվել է լավագույն երգչուհի
  • Քիմ Քարդաշյանն Instagram-ում ցուցադրում է մարզված մարմինը
  • Ինձ համար իսկապես անսպասելի էր այս միցանակը. Տաթեւ Հովակիմյանը՝ «Արտավազդ 2017»-ում «Լավագույն երիտասարդ դերասանուհի» կոչման մասին
  • Անաստասիա Բրուխտին՝ Սուպեր Սաքոյի հետ զուգերգի և հայկական արմատների մասին
  • Պատկերը ապրիլի 2-ից հետո
  • Կարեն Բաբաջանյանը՝ երկրից ընդմիշտ հեռանալու մտքերի մասին
  • Ռազմական ինստիտուտի 2 կուրսանտ դանակով հարձակվել են տաքսու վարորդի վրա, թալանել են ու խլել մեքենան
  • Քենդալ Ջենները Love պարբերականի համար նկարահանվել է Մերիլին Մոնրոյի կերպարով
Comments

Name: