Ինչպես է իշխանությունը զրկել Հայաստանը շանսից

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, որ խորհրդարանի ընտրությանը ընդդիմությունը ոչ մի շանս չունի: Նա թվարկել է խորհրդարանում ընդգրկված, այսպես ասած, ընդդիմադիր ուժերին և հայտարարել, որ նրանց բոլորի միավորումն անիրական է:

Իշխանությունը ակնհայտորեն խթանում է միավորման թեման երևի թե մի քանի պատճառով: Նախ, խթանելով այդ թեման հնարավորինս ուժգին՝ այդպիսով առաջանում են նաև համարժեք հանրային սպասումներ: Մյուս կողմից՝ պարզ է, որ գործնականում բացառվում է 100 տոկոսանոց որևէ միավորում, և հայաստանյան իրականությունն այստեղ կապ չունի: Մի տեղ, որտեղ կա ընդդիմադիր դիրքերից հանդես եկող մոտ մեկ տասնյակից ավելի քիչ թե շատ հայտնի քաղաքական ուժ, տարբեր ուղղվածության, բոլորի միավորումը դառնում է գործնականում անհնարին: Եվ սա հասկանալով՝ իշխանությունը փորձում է խթանել միավորման թեման, որպեսզի արդեն ընտրության շեմին շահարկվի հակառակը՝ որ այդքան խոսեցին, սակայն այդպես էլ չկարողացան միավորվել բոլորով:

Այսինքն՝ բարձրացնելով, այսպես ասած, միավորման նշաձողը՝ իշխանությունը փորձելու է այն ընտրության շեմին ցած գցել ավելի բարձրից: Սրան զուգահեռ, միավորումներն ինքնին Հայաստանի իշխանության համար ընդդիմության քաղաքական գործունեությանը միջամտելու ամենահարմար հարթակները կամ հաղորդուղիներն են, որովհետև միշտ էլ հնարավոր է ցանկացած միավորման մեջ ներդնել ինչ-որ մի ուժ, որը հետո իքս պահից կսկսի իրականացնել պարզապես քայքայիչ գործունեություն:

Այդ ամենից զատ՝ ակնհայտ է, որ հենց այն կուսակցությունները, որոնք ներկայումս իրենք էլ հոժարակամ ներգրավված են նմանօրինակ փնտրտուքներում, իրենց զգալի մասով ունեն հանրային վստահելիության հետ լուրջ խնդիրներ: Այս ամենով հանդերձ՝ պարզ է դառնում, որ ընդդիմության շանս չունենալու մասին իշխանության հայտարարությունը, որքան էլ ցավալի, այդուհանդերձ՝ իրատեսական է:

Մյուս կողմից, սակայն, ինչ է նշանակում, երբ իշխանությունը հայտարարում է, որ քաղաքական ընտրություններում ընդդիմությունը շանս չունի: Դա նշանակում է, որ շանս չունի պետությունը: Որովհետև ցանկացած պետության համար քաղաքականությունը արդյունավետ երևույթ է այն դեպքում, երբ դրանում ընդգրկված ընդդիմությունը շանս ունի գալ իշխանության: Երբ երկրում ընդդիմությունը շանս չունի, դա նշանակում է, որ շանս չունի երկիրը:

Մի կողմ թողնենք ընդդիմության որակները, աշխարհայացքը, անցած պատմությունը, կենսագրությունները: Այս առումով Հայաստանի ընդդիմադիր ներկայացող ուժերի մեծ մասը, մեղմ ասած, խնդիրներ ունեն: Բայց եթե իշխանությունը խոսի այդ խնդիրների մասին, դա կլինի հասկանալի և նույնիսկ ողջունելի՝ թող խոսեն, մերկացնեն միմյանց, այդպես դաշտը ավելի կմաքրվի և կբացվի նոր ուժերի համար: Բայց երբ հայտարարվում է ընդդիմության շանս չունենալու մասին, դա նշանակում է պետության շանսի բացակայություն: Առավել ևս, որ այդ շանսի բացակայությունը իշխանության հետևողական քաղաքականության արդյունք է:

Հայաստանի իշխանությունն այսօր հայտարարում է, որ պետք է քաղաքացիները ունենան տնտեսվարմամբ զբաղվելու լայն և անսահմանափակ հնարավորություններ: Չինաստանը կարող է իրեն թույլ տալ քաղաքական սահմանափակումների պարագայում տնտեսական լիակատար ազատություն, թեև անգամ Չինաստանն այդ առումով ունի հեռանկարի հետ կապված խնդիրներ: Փոքր Հայաստանում չի կարող լինել տնտեսական ազատություն՝ առանց քաղաքական ազատությունների, տնտեսական սահմանափակումների բացառում՝ առանց քաղաքական սահմանափակումները բացառելու: Չի կարող հասարակությունը տնտեսական շանս ունենալ, եթե չունի քաղաքական շանս:

Եվ այս առումով իշխանությունը պարտավոր է քայլեր անել նաև քաղաքական շանսերը ապահովելու, ընդլայնելու ուղղությամբ, հակառակ պարագայում տնտեսական շանսի մասին խոսակցությունները դառնում են պարզապես դատարկ խոսքեր:

Today's most read news !
  • Դավիթ Աղաջանյանը, Մարինկա Խաչատրյանը, եւ Սիսիան Ստեփանյանը՝ սիրային եռանկյունում
  • Սպասել երրորդի՞ն… երկրորդ պատերազմն ընդհատվե՞լ է
  • Սոս Ջանիբեկյանն ու Արման Նշանյանը՝ մեկ հարկի տակ եւ ամուսնալուծված
  • Ովքեր են դուրս եկել «Դոմինո»-ից
  • Ալիևը երկու պատճառ ուներ այս գիշերվա հարձակման փորձի համար
  • Ինչպես չսպանվել սահմանին
  • Որ փոփոխությունը չլինեն միայն ազգանունները
  • Իրան՝ ճակատ, որը մնում է հետին պլանում. Milliyet, Թուրքիա
Comments
Loading...