Միջազգային հանրությունը սահմանեց Հայաստանի իշխանության գինը

Ամերիկայի Միացյալ Նահանգները հայտարարեցին, որ կֆինանսավորեն այն համաձայնությունները, որոնք Ընտրական օրենսգրքի փոփոխությունների շրջանակում կայացրել են ընդդիմադիր մի քանի կուսակցություններն ու իշխանությունը: Նահանգների այս հայտարարությունն ըստ էության կարելի է համարել Հայաստանի ներքաղաքական զարգացումների համար ինչ որ իմաստով հանգուցային, այսպես ասած՝ ուղենշային: Սա ազդանշան է, որ միջազգային հանրությունը իր համար տալիս է Հայաստանի նախընտրական գործընթացի եզրափակիչ փուլի մեկնարկ: Միջազգային հանրության այս մեկնարկը ունի կարևոր նշանակություն, քանի որ պաշտոնական Երևանն էլ իր հերթին է «ճանաչել» այդ հանրության «վերադասության» իրավունքը: 2016 թվականի փետրվարին հանդես գալով ներքին զարգացումների վերաբերյալ գրեթե ծրագրային ելույթով, Սերժ Սարգսյանը իշխանական համակարգին ազդարարեց, որ գերակա խնդիրը ընտրություններն են և դրանց առումով միջազգային հանրության առաջ ստանձնած հանձնառությունների լիարժեք կատարումը:

Այսպիսով, Հայաստանի իշխանությունն ու միջազգային հանրությունը կանգնեցին դեմ առ դեմ: Հարց է առաջանում, թե որտեղ մնաց ընդդիմությունը: ԱՄՆ կառավարության հայտարարությունն ընդդիմությանը տալիս է վերահսկողական դերակատարում: Այսպիսով, ըստ էության կարող ենք արձանագրել, որ դրված խնդիրը ոչ թե ընտրությունների միջոցով Հայաստանում իշխանության փոփոխության հնարավորություն ապահովելն է, այլ իշխանության վերարտադրության ըստ էության անխուսափելի թվացող գործընացը գոնե այնպիսին դարձնելը, որը Հայաստանին չի տանի ցնցումների, հասարակական ապատիայի, հիասթափության, չի բերի հուսալքության նոր ալիքի, արտագաղթի նոր ալիքի, և չի հանգեցնի Հայաստանի ինքնիշխանության աստիճանի նոր նվազման:

Դատելով Հայաստանի ընդդիմադիր ուժերի զգալի մասի հայտարարություններից, կա որոշակի համակերպում, որ առայժմ հնարավորություններ չկան իշխանության հետ լուրջ դիմակայության և իշխանափոխության հեռանկարի հավակնության, և անհրաժեշտ է գոնե ապահովել այնպիսի միջավայր, որտեղ հնարավոր կլինի թեկուզ մասնակիորեն վերահսկել իշխանության վարքը և հասնել ինչ որ մարտավարական հաջողության: Այդպիսին դիտվում է այսպես ասած՝ տեղամասերում իշխանությանը վերահսկելու հարցում հաջողությունը, որի վրա էլ շեշտը դնում են ընդդիմադիրները, ասելով, թե հասկանում են, որ դա ամենևին չի նշանակում լիովին արդար ընտրություն, սակայն հասնում են գոնե այդ մասշտաբում վերահսկողության արդյունավետության:

Իրավիճակը այդ ելակետով է գնահատում նաև միջազգային հանրությունը, արձանագրելով, որ Հայաստանում չկա այն ընդդիմադիր ուժը կամ միավորումը, որն ունի իշխանությանը լրջորեն հակադրվելու պոտենցիալ: ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին, որ եթե ինչ որ պոտենցիալ կա, ապա լոկ առանձին համայնքներում ինչ որ բան փոխելու առումով, իսկ ավելի լայն մակարդակում ընդդիմության պոտենցիալը դեռևս հեռու է իշխանության հետ համեմատությունից: Այլ հարց է իհարկե, թե ինչպես է գոյացել այդ տարբերությունը: Դա իհարկե գոյացել է իշխանության չարաշահման հետևանքով, օրինախախտումների, կոռուպցիայի, անպատժելիության, ինչը իշխանությանը տվել է ընդդիմադիր ուժերի հանդեպ ռեսուրսային զգալի առավելություն: Բայց, դա ներկայումս տխուր իրականությունն է, որը հաշվի է առնվում հայաստանյան ընտրական գործընթացի մասնակիցների և միջազգային հանրության շրջանում:

Այդպիսով, Հայաստանի մասով 2017 թվականի ընտրությունների համար ակնհայտորեն դրված է ոչ թե արդյունքի փոփոխության, այլ կրկնվող արդյունքի ձեռք բերման բնույթի փոփոխության խնդիր: Դա կարող է համարվել չարյաց փոքրագույնի խնդիր, որտեղ Հայաստանի և հասարակության շահերը շոշափվում են անուղղակի և շատ եզրային բնույթով:

Միևնույն ժամանակ, Հայաստանի ընտրությունների մասին ԱՄՆ կառավարության հայտարարության մեջ բավականին հստակ են պատասխանատվության շեշտադրումներն ու իշխանության քաղաքական կամքի անհրաժեշտության մատնանշումը: Այլ կերպ ասած՝ Երևանին արվում է հստակ ակնարկ, որ կատարվել է բավական էական փոխզիջում՝ նախնական վերաբերմունքի մասով, ըստ այդմ, նվազագույն նշաձողերի սահմանումը Երևանից պահանջելու է առավելագույն պատասխանատվություն դրանց համար: ԱՄՆ ակնարկում է, որ ստեղծված իրավիճակի ընդունումն ու ճանաչումը, և այդպիսով իշխանության համար ոչ թե արդյունքի, այլ դրա ձեռքբերման «բնույթի» հարցում պատասխանատվության առաջադրումը հանդիսանում է առկա իրողություններում միջազգային հանրության առավելագույնս մեղմ մոտեցում, և ըստ այդմ տվյալ մեղմ մոտեցման հարցում հանձնառությունների առումով իշխանությունից պահանջվելու է խիստ պատասխանատվություն: Իշխանության համար թերևս պարզ կլինի, թե հնարավոր ինչ դրսևորումներ կարող է ունենալ այդ խստությունը և ինչպիսին կարող են լինել դրա հետևանքները:

Ըստ էության, ընդհանուր առմամբ քիչ նշմարվող, սակայն տեղի է ունենում հայաստանյան ընտրական իրողությունների հանդեպ միջազգային հանրության մոտեցման սկզբունքային փոփոխություն: Եթե նախկինում դրվում էին առավելագույն պահանջներ, իսկ հետո գնահատվում էր Երևանի գոնե նվազագույն շարժերը, ապա այժմ դրվում են ըստ էության մեղմ նշաձողեր, բայց գնահատման առավելագույն հստակություն: Ոչինչ իհարկե բացարձակ չէ և քաղաքականությունն անելու է իրենը, բայց ակնհայտ է, որ միջազգային հանրությունը Հայաստանի իշխանության համար սահմանում է ընտրության բավական բարձր քաղաքական գին, քանի որ ի տարբերություն նախորդ տարիների, այդ հանրությունը փաստորեն շատ կոնկրետ ֆինանսական գին է վճարելու այդ ընտրության համար:

Today's most read news !
  • Տաթևիկի ամուսինը ներկա է եղել նրա ծննդյան խնջույքին. Մենեջերը՝ Տաթևիկ Ադումյանի ամուսնալուծության լուրերի մասին
  • Լիկա Սալմանյանի 21-ամյակի երեկույթն ու սիրելիի անակնկալը
  • Ինչպես է անցել Աննա Դովլաթյանի ծննդյան խնջույքը
  • Արմավիրցի 26-ամյա տղամարդը տանուլ տված 80 հազարը «հետ բերելու» համար օղու շշով հարվածել է գյուղի խանութի վաճառողուհու գլխին
  • Սիլվա Հակոբյանի հայրիկը՝ երգչուհու ամուսնության ու աշխատանքային ծրագրերի մասին
  • Մեր դուստրն իր ներկայությամբ բոլորին հանգստություն է պարգեւում. Գայանե Հովհաննիսյանն՝ իր ու Ռոլանդ Գասպարյանի փոքրիկի մասին
  • «Պաշարվածները». նոր փաստավավերագրական ֆիլմ՝ 91-92թթ. սովի ու հրի մատնված Ստեփանակերտի մասին
  • Արցախը ոչ թե կարող է, այլ պարտավո՛ր է «Իսկանդերով» հարվածել. Նորատ Տեր-Գրիգորյանց
Comments
Loading...