Latest 10 episodes

Մոսկվայում ստորագրվեց մտահոգիչ հայ-ռուսական պայմանագիրը

Մոսկվայում ստորագրվել է հայ-ռուսական միացյալ զորախմբի մասին համաձայնագիրը, որը Հայաստանի հասարակական շրջանակներում բավականին մտահոգություններ է առաջացրել: Այդ մտահոգությունները արտահայտվել են հարցերի տեսքով, որոնք ըստ էության չեն ստացել հանգամանալի պատասխաններ՝ ընդհանուր բնույթի հավաստիացումներից բացի:

Տրամաբանական է, երբ համաձայնագիրը ներկայացվում է որպես Հայաստանի անվտանգության ամրապնդմանն ուղղված քայլ: Իհարկե, այլ կերպ լինել չէր կարող, իշխանությունը չէր կարող ասել, թե համաձայնագիրը ուղղված է Հայաստանի վրա Ռուսաստանի ազդեցության մեծացմանը, Հայաստանի զինված ուժերի հանդեպ Ռուսաստանի վերահսկողության ավելացմանը: Բայց Հայաստանի իշխանությունը մինչ այժմ որևէ հստակ պատասխան չի տվել համաձայնագրի վերաբերյալ տրամաբանական հարցերին:

Առաջինը, բնականաբար, այն է, թե ինչո՞ւ առաջացավ նման համաձայնագրի անհրաժեշտություն, եթե հայ-ռուսական միացյալ զորախումբը ստեղծված է եղել վաղուց, գործել է տարիներ շարունակ: Հարցը կարծես թե շատ հստակ է՝ ի՞նչ էր պակասում նախկինից, որ անհրաժեշտ էր ավելացնել նոր համաձայնագրով: Երբ չկա այդ հստակ հարցի պատասխանը, առաջանում են արդեն բազմաթիվ այլ հարցեր ու ենթադրություններ: Ընդ որում, հարցի պատասխանը չի կարող ռազմական գաղտնիք լինել՝ այն պարզ պատճառով, որ չի կարող ռազմական գաղտնիք լինել Հայաստանի Հանրապետության անվտանգության որևէ սպառնալիք:

Եվ ուրեմն՝ ո՞ր սպառնալիքն է, որ առաջ է բերել նման համաձայնագրի անհրաժեշտություն: Ընդ որում, պարզ չէ նաև կամ հստակ չէ, թե ով է եղել այդ նախաձեռնության հեղինակը՝ Հայաստանի՞ իշխանությունը, թե՞ Ռուսաստանի: Համենայնդեպս, առայժմ առկա տեղեկատվության հիման վրա հնարավոր է ասել, որ նախաձեռնությունը գալիս է Ռուսաստանից: Հետևաբար հարց է առաջանում՝ ի՞նչ էր պակասում Ռուսաստանին, որ փորձ է արվում ավելացնել ներկայիս համաձայնագրով:

Եվ սա դեռ համաձայնագրի, այսպես ասած, ծագման, առաջացման, դրա շուրջ քաղաքական մթնոլորտի հետ կապված հարցադրումներն են, որոնց լրացնելու են գալիս արդեն հարցադրումները համաձայնագրի կոնկրետ բովանդակության շուրջ: Հավանաբար այս առումով պատկերն ավելի պարզ կլինի, երբ համաձայնագիրը գա Հայաստանի Ազգային ժողով վավերացման:

Կասկած չկա, որ Հայաստանի Ազգային ժողովում այն արժանանալու է դակման, ինչպես հայ-ռուսական ցանկացած համաձայնագիր՝ անկախ դրա բովանդակությունից: Ազգային ժողովում դակվել է ԵՏՄ անդամակցությունը, դակվել է «Գազպրոմի» հետ պայմանագիրը, դակվել են Հայաստանի անվտանգության ոլորտում ինքնուրույնությունը սահմանափակող ՀԱՊԿ համաձայնագրեր, երբ ակնհայտ է Հայաստանի անվտանգության հետ այդ դաշինքի որևէ կապ չունենալու փաստը: Կդակվի նաև այս համաձայնագիրը՝ առանց որևէ սկզբունքային քննարկման, քանի որ սկզբունքային դիրքորոշում հնարավոր է ակնկալել ընդամենը մեկ կամ առավելագույնը երկու ձեռքի մատների վրա հաշված պատգամավորներից:

Եվ այս ամենը տեղի է ունենում ապրիլյան պատերազմի թարմ օրինակի ֆոնին, երբ Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանը այդ պատերազմում ոչ միայն Հայաստանի հակառակորդին ամենից շատ զենք վաճառած, մահաբեր սպառազինություն տրամադրած պետությունն էր, այլ նաև իր քաղաքական կեցվածքով աջակցել է ոչ թե դաշնակից Հայաստանին, այլ Ադրբեջանին, որ գրոհել էր Արցախը:

Ընդ որում, ամեն ինչ փոքր-ինչ հասկանալի կարող էր դառնալ, եթե հայտարարվեր, որ, օրինակ, ապրիլյան պատերազմում Ռուսաստանի դաշնակցային պարտավորությունների կատարմանը խանգարել է հենց հայ-ռուսական միացյալ զորախմբի մասին այդ համաձայնագրի բացակայությունը, այլապես Ռուսաստանը Ադրբեջանի վերջը կտար: Բայց բոլորն են հասկանում, որ դա կլիներ ուղղակի ծիծաղելի հայտարարություն, որովհետև Ռուսաստանին ոչ միայն ոչ ոք չի խանգարել դաշնակցային պարտավորությունների կատարմանը, այլ հակառակը՝ հայկական բանակն է խանգարել լիարժեք կատարել Ադրբեջանի առաջ ստանձնած ռազմավարական գործընկերային պարտավորությունները:

Այնպես որ՝ այդ ամենի ֆոնին առավել տրամաբանական է թվում, համենայնդեպս՝ քանի դեռ բացակայում են առանցքային հարցերի հստակ պատասխանները, որ Ռուսաստանը հայ-ռուսական նոր համաձայնագրով այդ խոչընդոտներն է վերացնում, ոչ թե Հայաստանի առաջ դաշնակցային պարտավորության արգելքները:

Today's most read news !
  • Լուսի.«Ես, ամուսինս, Արամ MP3-ն երանի էինք տալիս Էրիկին»
  • Լիկա Սալմանյան.«Երբ ես կրեմ հարսի զգեստ… »
  • Համացանցում են հայտնվել Քիմ Քարդաշյանի՝ նախկինում չհրապարակված ներքնազգետով լուսանկարները
  • Անկեղծ կադրեր՝ Մարգարիտա Բարխոյանի նոր հոլովակից
  • Արփինե Հովհաննիսյանի և իր պաշտոնավոր մոր ունեցվածքը
  • Ծովինար Մարտիրոսյան.«Ներկաները «կերան» ինձ
  • Քիմ Քարդաշյանն Օբամային հրաժեշտ է տվել նրա հետ համատեղ լուսանկարների հրապարակմամբ
  • Ինչքան մնաց Հովիկ Աբրահամյանի վերադարձին
Comments

Name: