Սերժ Սարգսյանը սպառել է ժամանակը

Այսօր վարկային համաձայնագիր է ստորագրվում Հայաստանի կառավարության և ֆրանսիական զարգացման գործակալության միջև, որով Հայաստանին կտրվի 40 միլիոն եվրոյի բյուջետային վարկ: Դա նշանակում է, որ Ֆրանսիան Հայաստանին փող է տալիս բյուջետային ծախսերը կատարելու համար:

Բյուջետային ծախսերը թերակատարվում են, որովհետև Հայաստանի տնտեսության վիճակը չափազանց ծանր է՝ ինչպես հայտարարել է հենց վարչապետ Կարեն Կարապետյանը: Հայաստանի տնտեսության վիճակը չափազանց ծանր է, որովհետև այդ տնտեսությունը մենաշնորհացված, օլիգոպոլացված է, բաժանված է իշխանության կրող տարբեր խմբերի միջև, որոնք գերհագեցել են իրենց շահույթներով և չունեն մրցակցային ոչ մի մոտիվացիա:

Այդպիսով, ելքը մնում է արտաքին պարտքի ներգրավումը, ինչը շարունակվում է առայսօր, թեև Սերժ Սարգսյանը ՀՀԿ համագումարում մի քանի օր առաջ հայտարարում էր, թե անցել է վարկերի և արտաքին օժանդակության վրա հիմնված քաղաքականության ժամանակը:

Փաստորեն կառավարությունն այսօր հերքում է Սերժ Սարգսյանին, թեև միայն այսօր չէ, որ հերքում է: Մի քանի օր առաջ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը խոսելով գալիք տարում ակնկալվող կամ նախանշված 3,2 տոկոս աճի մասին՝ հայտարարել էր, որ այդպիսի սպասում ունենալու հիմքը արտաքին տնտեսական միջավայրն է և, մասնավորապես, ռուսական տնտեսությունը, սակայն եթե նավթի գինը ցածր լինի, ապա դա կանդրադառնա նաև Հայաստանի աճի նվազմանը:

Այսինքն՝ Սերժ Սարգսյանը ՀՀԿ համագումարի ելույթում խոսում է, թե անցել է պարտքով և արտաքին օգնությամբ ապրելու ժամանակը, սակայն Հայաստանի կառավարությունը աճ է պլանավորում և հույսը դնում է Ռուսաստանի տնտեսության վիճակի վրա: Ու նաև շարունակում է արտաքին պարտքի ներգրավումը:

Համենայնդեպս, Հայաստանի նոր կառավարությունն առայժմ գործնական առումով ոչ մի էական օրինակ չունի, որով ցույց կտա, որ գործի է դրել ներքին ռեսուրսները, որ բացել է ներքին միջավայրը և տնտեսական դաշտն ազատել է ոչ թե պարտքի, այլ ներդրումների ներգրավման համար: Իհարկե, դրա համար ժամանակ է պետք, սակայն դա արդեն կառավարության, իշխանության խնդիրն է, որովհետև հասարակությունն այդ առումով ժամանակ տվել ու տալիս է անսահմանափակ: Այնպես որ՝ հասարակությունն իրավունք ունի իր տված ժամանակի համեմատ պահանջել արագ փոփոխություններ: Եվ ավելին՝ Հայաստանի հասարակությունը ներկայումս իշխանությունից շատ ավելի քիչ է պահանջում, քան այն ժամանակը, որ տվել է իշխանությանը:

Եվ այստեղ, իհարկե, խնդիրը բոլորովին այն չէ, որ եկել է նոր վարչապետ, և նրան նոր ժամանակ է պետք: Այդ վարչապետին բերել է հին նախագահը, որը տասը տարի ժամանակ ուներ երկրում որևէ համակարգային բան փոխելու համար: Այդ նախագահին ոչ թե ժամանակ է պետք, այլ նա սպառել է հնարավոր և ողջամիտ բոլոր ժամանակները, քանի որ նա ավարտում է իր նախագահության երկրորդ տասնամյակը, սակայն դրա ավարտին ըստ էության հանրությանը չի ներկայացրել այդ ընթացքում արձանագրած ոչ մի համակարգային ձեռքբերում, ոչ մի առաջընթաց, որն ունեցել է կայուն բնույթ և ստացել ինստիտուցիոնալ արձանագրում: Եթե այդ տասը տարվա ընթացքում եղել են քայլեր առաջ, ապա դրանց շատ աագ հաջորդել են հետ քայլերը:

Իսկ ժամանակի հետ կապված խնդիրները Սերժ Սարգսյանի և Կարեն Կարապետյանի միջև հարաբերության խնդիրներն են, առավել ևս, որ Հայաստանում բոլորի համար է պարզ, թե որոնք են համակարգային խնդիրները, և որտեղից պետք է սկսել արդյունք արձանագրելու համար, ոչ թե ժամանակի հաշվին անընդհատ արդարանալու և պատասխանատվությունից խուսանավելու:

Today's most read news !
  • «Հանրային լինել դեռ չի նշանակում հանդուրժել նման դրսևորում սեփական անձի նկատմամբ». Մերի Հակոբյան
  • Գուցե իմ ստացած դաստիարակությունն է պատճառը, որ հրաժարվում եմ բաց տեսարաններում նկարահանվել. Եվա Բաղդասարյան
  • Քիմ Քարդաշյանը կես միլիոն դոլար է ստանում Instagram-ում գովազդային մեկ հրապարակման համար
  • Առնվազն անբարոյականություն կլինի թերագնահատել ՀՀԿ-ի այս ցուցակը
  • Ուտել-խմելու պրոցեսը սիրում եմ, բայց այսօր ընկերական մթնոլորտում չեմ նշի ծննդյանս օրը. Մհեր Խաչատրյան
  • Հենրիխ Մխիթարյանը և Յուրա Մովսիսյանը միմյանց դեմ կխաղան
  • Կայացավ «Հաց բերողի» հոգեհանգստյան արարողությունը
  • Նա իր կյանքի արժեքը մեզ թողնելով՝ մեզ համար օրինակ դարձավ. Արսինե Խանջյանը՝ Հաց բերողի հոգեհանգստին
Comments

Name: