Latest 10 episodes

«Նստել է կրծքին, բռնի սեքսուալ գործողություն կատարել». Ուկրաինայում իրենից մեծ կնոջը բռնաբարելու համար մեղադրված հայ երիտասարդը արդարացվել է

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ  ավարտվեց Հովհաննես Մ.-ի գործի դատական քննությունը:

Հովհաննեսը ներկայումս 35 տարեկան է: Նա մեղադրվում էր սեքսուալ բռնի գործողություն և բռնաբարություն կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 139 հոդվածի 1-ին և 138 հոդվածի 1-ին մասերով: Մեղսագրված արարքները Հովհաննեսը կատարել էր ո՛չ Հայաստանում, այլ Ուկրաինայում, և նրան սկզբնապես մեղադրանք էր առաջադրված Ուկրաինայում, հենց այդ երկրի քրեական օրենսգրքի  153 հոդվածի 1–ին և 152 հոդվածի 1-ին մասերով:

Հանցավոր արարքը, ըստ ուկրաինական քրեական գործի՝ կատարվել է 2005 թվականի հոկտեմբերին, երբ Հովհաննես Մ.-ն 24 տարեկան էր:

Առաջադրված մեղադրանքներում Հովհաննեսը Ուկրաինայում մեղավոր է ճանաչվել, Բերդյանսկ քաղաքի շրջանային դատարանի՝ 2008 թվականի սեպտեմբերի 3-ի դատավճռով նա դատապարտվել է  3 տարի ազատազրկման: Նոյեմբերին վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողել այս դատավճիռը:

Մեկ էլ հանկարծ՝ 2010 թվականի ապրիլի 4-ի որոշմամբ Ուկրաինայի գերագույն դատարանը բեկանել է Հովհաննեսի նկատմամբ կայացված մեղադրական դատական ակտերը, գործը նորից ուղարկել է Բերդյանսկ քաղաքի շրջանային դատարան՝ նոր քննություն կատարելու:

2010 թվականի հունիսի 18-ին նշանակվել է դատական նիստ, սակայն արդեն ազատության մեջ գտնվող Հովհաննեսը դատական նիստին չի ներկայացել: Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

2014 թվականի դեկտեմբերի 30-ին Ուկրաինայից ստացված քրեական գործը մուտք է եղել Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին:

2016 թվականի հունվարի 22-ին գործը մեղադրական եզրակացությամբ  ուղարկվել է Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան՝ դատական քննության:

Մեր նախաքննական մարմինը հիմնավորված է համարել հետևյալը:

Հովհաննես Մ.-ն 2004 թվականի հուլիսին մեկնել է Ուկրաինայի Բերդյանսկ քաղաք: Այնտեղ է գտնվել Հովհաննեսի կինը: Վերջինիս հայրը վարձակալել է «Պրիազովյե» առողջարանի տարածքում գտնվող «Մայակ» սրճարանը: Փեսան՝ Հովհաննեսը, աշխատել է սրճարանի խոհանոցում:

2005 թվականի հոկտեմբերի 2-ի երեկոյան Հովհաննեսն աներոջ ու սրճարանի մեկ այլ աշխատողի՝ Վրեժի հետ գտնվել է սրճարանում: Ալկոհոլ է օգտագործել, ապա ժամը 22-ի սահմաններում Վրեժի հետ գնացել է «Մորսկոյ կոնյոկ» բար, որտեղ նույնպես ալկոհոլ է օգտագործել:

Բարում նրանց է միացել Վրեժի ընկերուհին: Գիշերվա ժամը 1-ի սահմաններում նրանք երեքով քայլել են Օկտյաբսկի փողոցով, մտել են «Լազուրնի» կոչվող շուրջօրյա խանութ, ծխախոտ են գնել: Վրեժն ու նրա ընկերուհին ասել են, թե գնում են «Մայակ» սրճարան, իսկ Հովհաննեսը, գտնվելով հարբած վիճակում, ասել է, թե նրանց ավելի ուշ կմիանա:

Հովհաննեսը մնացել է խանութում ու զրույցի է բռնվել խանութի աշխատակցուհիների՝ Տատյանայի ու Օլգայի հետ: Տատյանային առաջարկել է գնալ «Մայակ» սրճարան, հետո պարտքով ծխախոտ է խնդրել ու շարունակել է «զազրախոսել»՝ խանութում մնալով մինչև ժամը 4-ը:

Նույն օրը, գիշերվա ժամը 4-ի սահմաններում Բերդյանսկ քաղաքի բնակչուհի Մարիա Ա.-ի քունը չի տարել, նա որոշել է շան համար ոսկորներ վերցնելու անհետաձգելի նպատակով վեր կենալ ու անմիջապես գնալ «Պրիազովյե» առողջարանի ճաշարան: Բա՞ց էր, թե՞ ոչ այդ ժամին առողջարանի ճաշարանը, հայտնի չէ: Բայց դեպի ճաշարան ճանապարհը անցնում էր «Լազուրնի» խանութի մոտով: Եվ Մարիան այդ գիշերով անվախ կերպով շան ոսկորների հետևից գնալու ճանապարհին հիշյալ խանութի մոտ տեսել է անսթափ Հովհաննեսին: Այդ պահին Հովհաննեսը ոտքով խփում էր խանութի երկաթե ճաղերին:

Մարիան մի պահ կանգ է առել, նայել է Հովհաննեսին ու շարունակել է ճանապարհը: Հովհաննեսն էլ քայլել է նրա հետևից: Հարցրել է՝ ո՞ւր է գնում այդ ժամին: Հովհաննեսից տարիքով մոտ երկու անգամ մեծ Մարիան ասել է, թե գնում է շան համար ոսկորներ վերցնելու: Հովհաննեսն առաջարկել է իր հետ գնալ՝ խոստանալով, թե հաց էլ կտա: Բայց Մարիան չի ցանկացել:

Այդ ժամանակ, ըստ մեղադրանքի, Հովհաննեսը «բռնել է Մարիայի գոտկատեղից, քարշ տալով՝ հասցրել է «Պրիազովյե» առողջարանի ճաշարանի հարևանությամբ գտնվող թփուտին, հրել-գցել է գետնին, նստել է նրա կրծքին, ձեռքերով հարվածել է դեմքին: Ապա Մարիայի կամքին հակառակ կատարել է սեքսուալ բնույթի բռնի գործողություն: Հետո հանել է Մարիայի հագուստը, բռնություն գործադրելով, նրա կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել հետը:

Մարիան կարողացել է փախչել, նա մոտեցել է մոտերքում գտնվող պահակին, հայտնել է, որ իրեն բռնաբարել է «կովկասյան արտաքինով մի տղամարդ», խնդրել է ահազանգել ոստիկանություն: Այդ պահակի օգնությամբ Մարիան դեպքի վայրից գտել է իր ակնոցը, բանալիներն ու սրբապատկերը: Այդ ընթացքում Հովհաննեսը գնացել է «Մայակ» սրճարան ու քնել է:

Առաջադրված մեղադրանքում Հովհաննես Մ.-ն նախաքննության ժամանակ իրեն մեղավոր չի ճանաչել ու հրաժարվել է ցուցմունքներ տալուց:

Հովհաննեսն իրեն մեղավոր չի ճանաչել նաև ուկրաինական նախաքննության ու դատաքննությունների ընթացքում, նա պնդել է, որ ոչ մեկին չի բռնաբարել:

Ուկրաինական նախաքննության ժամանակ տուժող Մարիա Ա.-ն ճանաչել է Հովհաննես Մ.-ին:

Հովհաննես Մ.-ն դատարանում իրեն մեղավոր չի ճանաչել: Նա հայտնել է, որ 2005 թվականին ինքը ընտանիքի հետ գտնվել է Ուկրաինայի Բերդյանսկ քաղաքում, եղել է «Մայակ» բարի տնօրենը: Կնոջ հայրը տեղական ընտրություններում դրել էր թեկնածությունը: Ինքը կարծում է՝ իր «գլխին սարքել են»՝ աներոջը վարկաբեկելու համար: Ինքը բռնաբարություն չի կատարել: Գիտակցությունը տեղն է եղել, հիշողության կորուստ չի ունեցել, գարեջուր է խմել, խանութից ծխախոտ է գնել, հետո գնացել է քնելու:

Դատարանը եզրակացրել է, որ «քրեական գործով ձեռք բերված, դատական քննության ընթացքում հետազոտված ապացույցները բավարար չեն՝ Հովհաննես Մ.-ի անմեղության կանխավարկածը հաղթահարելու և հիմնավոր կասկածից վեր ապացուցողական չափանիշին համապատասխան հաստատված համարելու, որ նա է կատարել մեղսագրված արարքները՝ նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 138 հոդվածի 1-ին և 139 հոդվածի 1-ին մասերով»:

Դատարանը խախտումներ է վերհանել նախաքննական մարմնի կատարած՝ անձին ճանաչման ներկայացնելու քննչական գործողություններում: Մասնավորապես՝ Հովհաննեսը ճանաչման է ներկայացվել մորուքով, մյուս անձինք արտաքինով էապես տարբերվել են նրանից: Խախտումը մատնանշվել է նաև նախաքննության պահին Հովհաննեսի շահերի պաշտպանությունն իրականացնող փաստաբանի կողմից:

Մի շարք այլ էական խախտումների հետ դատարանն արձանագրել է, որ դեռ գործի ուկրաինական նախաքննության ժամանակ խախտվել են քրեական դատավարության լեզվին չտիրապետող Հովհաննեսի իրավունքները: Գործով որպես թարգմանիչ ներգրավվել է ոմն Ավդալյան, ում մասնագիտական որակավորման մասին փաստաթղթեր կցված չեն գործին, միայն կցված է դիպլոմի պատճենը, համաձայն որի՝ Ավդալյանը 1977 թվականին ավարտել է ավտոճանապարհային տեխնիկումը, ունի տեխնիկ-մեխանիկի որակավորում: Ավդալյանի կողմից «թարգմանվել է» երեք փաստաթուղթ, այդ թվում՝ մեղադրական  եզրակացությունը, փաստաթղթերը թարգմանվել են «թերի, ոչ ճիշտ, անգրագետ», հետևաբար՝ Հովհաննես Մ.-ն զրկված է եղել արդյունավետ պաշտպանություն իրականացնելու իր իրավունքից:

Շենգավիթ վարչական շրջանի դատարանը Հովհաննես Մ.-ին արդարացրել է՝ ապացույցների անբավարարության պատճառաբանությամբ: Դատարանը ճանաչել ու հռչակել է Հովհաննես Մ.-ի անմեղությունը:

Today's most read news !
  • Էմմա Մանուկյան.«Փորձում եմ մեղքերս քավել»
  • «Աղջի՛, էլի գնում ես …-իդ մո՞տ». Միայնակ մայրը 5 տարվա սիրեկանի ժլատությանը չի դիմացել և սուտ մատնություն է կատարել
  • Հայկական ողբերգության թույլ մխիթարություն
  • Մովսես Երեմյան.«Միմյանց կորցնելու վախ կա միշտ»
  • Աշխարհի համերը՝ Նազենի Հովհաննիսյանի նոր հաղորդաշարում
  • Վլադիմիր Գասպարյանն ի՞նչ է զգուշացնում Հովիկ Աբրահամյանին
  • Մարտի 1-ի բացահայտման մասին հայտարարելը հասարակությանը հաճոյանալու քարոզչություն է. իրավապաշտպան
  • Որքան է Արևմուտքից Թուրքիայի կախվածության ծավալը. Odatv.com, Թուրքիա
Comments