Latest 10 episodes

Կրկնվում է Սերժ Սարգսյանի պատմությունը

Այն, ինչ տեղի է ունենում Կարեն Կարապետյանի կուսակցականացման գործընթացի տեսքով, շատերին է հիշեցնում Տիգրան Սարգսյանի հետ նույնը տեղի ունեցածը՝ նա ևս եկավ անկուսակցական վարչապետի կարգավիճակով՝ իր, այսպես ասած, տնտեսական ժամանակակից պրոֆեսիոնալ թիմով, սակայն ժամանակի ընթացքում դարձավ ՀՀԿ-ական և ավարտեց իր քաղաքական կարիերան Հայաստանում:

Նույնը կատարվում է Կարեն Կարապետյանի հետ. նա անդամակցում է ՀՀԿ-ին՝ իր թիմով: Իսկ այսօր, հավանաբար՝ մի քանի ժամ անց ՀՀԿ ԳՄ նիստում կամ Խորհրդում կորոշվի, որ Կարեն Կարապետյանը դառնում է կուսակցության նախագահի առաջին տեղակալ: Այստեղ արդեն Կարապետյանի կուսակցականացման գործընթացը ավելի շատ հիշեցնում է ոչ թե Տիգրան Սարգսյանի, այլ Սերժ Սարգսյանի կուսակցականացումը, որ տեղի ունեցավ 2006 թվականին:

Բանն այն է, որ հատուկ Սերժ Սարգսյանի համար ՀՀԿ-ում կատարվեց կառուցվածքային փոփոխություն, և վերաբացվեց կուսակցության Խորհրդի նախագահի պաշտոնը, որպեսզի այն զբաղեցնի Սերժ Սարգսյանը: ՀՀԿ-ն այդպիսով ունեցավ նախագահ՝ Անդրանիկ Մարգարյան, և Խորհրդի նախագահ՝ Սերժ Սարգսյան: Հետո, երբ Անդրանիկ Մարգարյանը հանկարծամահ եղավ, Սերժ Սարգսյանը զբաղեցրեց կուսակցության նախագահի պաշտոնը, իսկ Խորհրդի նախագահի պաշտոնը այդպիսով կրկին ուղարկվեց արխիվ:

Այժմ էլ Կարեն Կարապետյանի համար է կատարվում կառուցվածքային փոփոխություն: Իհարկե, արխիվից չեն վերադարձնում Խորհրդի նախագահի պաշտոնը՝ երևի այն պատճառով, որ Կարեն Կարապետյանին չհավասարեցնեն Սերժ Սարգսյանին:

Ի վերջո՝ 2006 թվականին Սերժ Սարգսյանն իր քաղաքական-համակարգային կշռով ամենևին Կարեն Կարապետյան չէր և դե ֆակտո նույնիսկ ավելին էր, քան ՀՀԿ այն ժամանակ նախագահը: Բայց Կարեն Կարապետյանի համար էլ այժմ, այսպես ասած, բացում են կուսակցության նախագահի առաջին տեղակալի պաշտոն, որը լինելու է ըստ էության երկրորդ պաշտոնը կուսակցությունում՝ Սերժ Սարգսյանից հետո: Մնացյալ փոխնախագահները իրենց կարգավիճակով լինելու են Կարեն Կարապետյանից ցածր:

Ահա այս տեսանկյունից իրավիճակը այլևս շատ ավելի հիշեցնում է ՀՀԿ-ին Սերժ Սարգսյանի, քան Տիգրան Սարգսյանի անդամակցման պատմությունը:

Հատկանշական է այստեղ այն հանգամանքը, որ նոր մարդու համար կատարվում է կուսակցության հիերարխիկ փոփոխություն, ինչպես 10 տարի առաջ: Տվյալ պարագայում այդ զարգացումը խորհրդանշական է նրանով, որ եթե նույնիսկ տեղի է ունենում մարդու հարմարեցում կուսակցությանը, ապա նույն չափով էլ փաստորեն տեղի է ունենում կուսակցության հարմարեցումը մարդուն: Դրանում է տեղի ունեցողի առանձնահատկությունը և համեմատական հատկանշականությունը 10 տարի առաջ տեղի ունեցող զարգացումներին: Այդ ժամանակ էլ ՀՀԿ-ն հարմարեցվեց Սերժ Սարգսյանին:

Այժմ ՀՀԿ-ն Կարեն Կարապետյանին է հարմարեցվում, թե ինչքանով Կարապետյանն աստիճանաբար լիովին կվերցնի կուսակցությունը՝ դժվար է ասել: Ի վերջո՝ այնքան էլ պարզ չէ, թե ՀՀԿ-ում Սերժ Սարգսյանի ընթացքը ինչպիսին կլիներ, եթե հանկարծամահ չլիներ Անդրանիկ Մարգարյանը: Ամենևին չի բացառվում, որ ՀՀԿ-ում ներկայումս կլիներ ընդգծված երկիշխանություն և նույնիսկ տարբերակ, երբ մեկ կուսակցության մեջ ամրացած երկու ուժեղ թևեր հետագայում կբաժանվեին և այդպիսով իրենց մեջ կբաժանեին իշխանությունը՝ երկու բևեռի մեջ:

Եվ այս առումով երևի թե պետք չէ բացառել նման հավանականությունը այս տարբերակում, առավել ևս, երբ ՀՀԿ համագումարում Սերժ Սարգսյանի ելույթում խոսվում էր այն մասին, որ առաջիկա փուլում պետք է հստակեցվեն ընդդիմությունն ու իշխանությունը:

Today's most read news !
  • Հայուհի իլյուստրատորի նվերն Արփինե Գաբրիելյանին և Միհրան Ծառուկյանին
  • Արամեի կնոջը հղիությունը շատ է սազում. նոր լուսանկարներ
  • Հայկոյի և Հրաչուհի Ութմազյանի ընկերական ջերմ լուսանկարը
  • Բիկինիով Իվետա Մուկուչյանը՝ Մեքսիկայի լողափում
  • Անի Ղազարյան.«Վախերն առաջացան «Կյանք ու կռիվ 1»-ի մեծ հաջողությունից հետո»
  • Բացառիկ լուսանկարներ Սևակ Խանաղյանի երևանյան առաջին համերգից
  • Պետք է փախչել… Ինչո՞ւ Մխիթար Ավետիսյանն այլևս եթերում չէ
  • ՀՀԿ-ն կգնա դաշինքով, ինչպես միշտ
Comments

Name: