Latest 10 episodes

Հրաշալի Եռյակին սպասելիս

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ֆեյսբուքյան էջում նախօրեին տեղեկություն է հրապարակվել «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցությունների հետ բանակցություններում կարևոր պայմանավորվածության գալու մասին, որի վերաբերյալ հայտարարության օր է ազդարարվել դեկտեմբերի 12-ը: Թե ինչու հենց այդ օրը, դեռևս չի մանրամասնվում: Երեք կուսակցությունների միջև բանակցությունների մասին հայտարարվել էր ավելի վաղ:

Խոսքը բնականաբար վերաբերում է խորհրդարանական ընտրություններին մասնակցությանը: Բնականաբար հարց է առաջանում՝ պայմանավորվածություն կա գնալ դաշինքով, թե պարզապես միասնական ցուցակով՝ որևէ մեկ կուսակցության անվան ներքո: Թեև, սա իհարկե մեծ հաշվով տեխնիկական հարց է, քանի որ առավել հետաքրքրական է պայմանավորվածության բովանդակությունը կամ այն, թե ինչ օրակարգով է Եռյակը գնալու ընտրությունների, եթե խոսքը մինչև վերջ լինելու է եռյակի մասին, և ոչ թե ասենք՝ քառյակի կամ հնգյակի: Բանն այն է, որ այս տեսքով իրավիճակը արդեն իսկ հետաքրքիր է, հաշվի առնելով մի քանի հանգամանք:

Մասնավորապես, «Քաղաքացիական պայմանագիր» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները վերջին ՏԻՄ ընտրություններին ոչ միայն մասնակցեցին առանձին-առանձին, այլ ըստ էության թեժ պայքարի մեջ էին միմյանց դեմ, «Քաղաքացիական պայմանագիր»-ը խիստ քննադատության թիրախ էր դաձրել «Լուսավոր Հայաստան»-ին, ինչը, անկասկած իր ազդեցությունը թողեց նաև ընտրությունների արդյունքների վրա: Այսօր այդ ուժերը փաստորեն եկել են պայմանավորվածության և հարց է առաջանում, թե հասարակությունն ինչպես է ընդունելու փոխադարձ մեղադրանքներից հետո պայմանավորվածությունը, երբ ՔՊ-ն, օրինակ՝ ԼՊ-ին համարում էր իշխանության ներդրած ուժ: Եվ այստեղ իհարկե հասարակությանը պետք է ներկայացնել լուրջ բացատրություններ, այլապես պայմանավորվածությունները կարող են անլուրջ ընկալվել: Ի վերջո, պետք է հարգել ընտրողին:

Սրանից բացի, հետաքրքրական է նաև այն, որ երեք կուսակցությունները ընդգծված տարբեր դիրքորոշումներ էին արտահայտում արտաքին քաղաքականության վերաբերյալ և, եթե «Հանրապետություն» և ԼՊ կուսակցությունները հանդես են գալիս այսպես ասած՝ արևմտյան ինտեգրացիայի խորացման դիրքերից, ապա ՔՊ կուսակցությունը հայտնի էր իր այսպես կոչված՝ ոչ-ոչ դիրքորոշմամբ, նաև ԵՏՄ-ից դուրս գալու դեմ դիրքորոշմամբ, թեև իհարկե հայտարարելով, որ սխալ էր ԵՏՄ մտնելը: Այս ամենը սկզբունքային հարցեր են և բնականաբար հարց է առաջանում, թե ինչպես են լուծել կուսակցությունները այս հարցերը:

Եվ կրկին անլուրջ կլինի, եթե նրանք հայտարարեն, թե որոշել են այս հարցերում տարաձայնությունները, այսպես ասած՝ հետաձգել կամ թողնել մի կողմ: Սրանք ոչ թե նախասիրությունների հարց են, այլ պետության ճակատագրի, անվտանգության, զարգացման հեռանկարների, և սրանք ոչ միայն չեն կարող լինել մի կողմ դրվող կամ ածանցյալ, այլ գուցե և ներքին զարգացումները այսօր ավելի շատ ածանցյալ են հենց այս խնդիրներից: Դա էլ երկրորդ լուրջ մարտահրավերն է Եռյակի պայմանավորվածության հանդեպ հանրային արձագանքի լրջության մասով:

Ի վերջո այս տեսանկյունից առաջ է գալիս 2017-ի խորհրդարանական ընտրությունների շեմին հաճախակի քննարկվող հարցերից մեկը՝ արևմտամետ հստակ դիրքորոշմամբ բևեռի ձևավորումը և հարց է առաջ գալիս, թե արդյո՞ք ի դեմս կուսակցությունների Եռյակի պայմանավորվածության, ձևավորվում է այդ բևեռը կամ այդ բևեռի կորիզը, որը Հայաստանի խորհրդարանում գործնականում առաջին անգամ կարող է բերել թեկուզ փոքրաթիվ, բայց Արևմուտքի հետ Հայաստանի ինտեգրացիայի հստակ դիրքորոշում որդեգրած և սկզբունքային մոտեցումներով հանդես եկող քաղաքական խմբակցություն:

Today's most read news !
  • Որոշ տղամարդիկ ինձնից վախենում են. Ռուզան Ավետիքյան
  • Նելլի.«Մխիթարանքը երկու երեխաներս են»
  • Քորթնի Քարդաշյանը չորրորդ երեխային է սպասում
  • Մենք ու նրանք
  • 19-ամյա երիտասարդին սպանած 21-ամյա երիտասարդը տեղափոխվում է դատարան
  • Խմած վարորդներն իրենց «գոլդ» համարանիշներով ավտոմեքենաներով հայտնվեցին Երևանի «գաի պլաշչադկայում»
  • Ավտովթար Երևանում. փրկարարները վիրավորներին ավտոմեքենաներից դուրս են բերել մեծ դժվարությամբ
  • Արամեի կնոջը հղիությունը շատ է սազում. նոր լուսանկարներ
Comments

Name: