Նոր «կոստյում» Կարեն Կարապետյանից

Կառավարության նիստում հայտարարվել է Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն ստեղծելու մասին, որը գործելու է կառավարությանը կից՝ հանրային-մասնավոր գործընկերության ձևաչափով: Ըստ մտադրության՝ այդ կենտրոնը կառավարության համար պետք է մշակի տարբեր գերակա ուղղություններով երկարաժամկետ ու կարճաժամկետ բարեփոխումների հայեցակարգեր և փաթեթներ: Դեռևս պարզ չէ, թե ովքեր և ինչ սկզբունքով են ընդգրկվելու այդ կենտրոնում, ինչպես է ֆինանսավորվելու կենտրոնի գործունեությունը:

Այն, որ Հայաստանում ռազմավարական ուսումնասիրությունների և մշակումների խնդիրը բաց է գործնականում բոլոր մակարդակներում, այդ թվում իշխանության, կառավարության՝ աներկբա է: Այստեղ ինչ-որ առումով առկա է նաև մտածողության կամ, այսպես ասած, «ազգային մենթալիտետի» խնդիր, որը սովորաբար կենտրոնացած է «նաղդի» վրա: Այդ իսկ պատճառով գործնականում որևէ մակարդակում չկա ռազմավարական մշակումների համար ռեսուրս ներդնելու ցանկություն, պատկերացում: Մինչդեռ համաշխարհային զարգացման և առաջընթացի գործում հաջողության հասել են այն հասարակությունները, այն պետությունները, որոնք ընթացիկ գործերից բացի՝ զգալի ռեսուրս և ժամանակ են հատկացրել ու հատկացնում ռազմավարական մշակումներին:

Մյուս կողմից՝ ինքնին Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն անվանումը բավական հնչեղ է, ինչպես, օրինակ, Ազգային մրցունակության հիմնադրամ անվանումը, որով մի կառույց էլ վարչապետ Տիգրան Սարգսյանի «նոու-հաուն» էր: Թե որքանով զգալի եղավ այդ կառույցի ազդեցությունը Հայաստանի տնտեսական վիճակի և հեռանկարների համար՝ դժվար է գնահատել, դժվար է ասել, թե ինչը պակաս կլիներ, եթե այդ կառույցը չլիներ: Գուցե Քիմ Քարդաշյանը չգար Հայաստան՝ ասելն, իհարկե, բարդ է:

Եվ այդ առումով հնչեղ անվանումներից, դրվող նպատակներից բացի՝ կարևոր է, թե ինչքանով է արդյունավետ լինելու դրանց իրագործումը: Որովհետև, օրինակ, կա մի հնչեղ անուն` Համահայկական բանկ: Դա էլ Սերժ Սարգսյան-Տիգրան Սարգսյան տանդեմի «նոու-հաուներից» էր, որը հռչակվեց Սերժ Սարգսյանի 2008 թվականի հոկտեմբերի 2-ի առաջին ու վերջին ուղերձում՝ որպես խոշոր նախագիծ: Ինչով է այժմ զբաղված Համահայկական բանկը, ինչ խոշոր նախագծեր է այն իրականացրել, իրականացնում, ֆինանսավորել՝ դրանք բաց հարցեր են:

Կարեն Կարապետյանը բերում է իր հնչեղ անունը՝ Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն: Առաջին հարցերից մեկն այն է, թե ինչ պետք է անել նախկին հնչեղ անունների հետ: Լավ կլինի, եթե ռազմավարական նախաձեռնություններից առաջինը լինի նախկին նախաձեռնությունները լիկվիդացնելն ու դրանց վրա ծախսվող շատ թե քիչ ռեսուրսները ուղղել դեպի ավելի արդյունավետ հուն, երբ հանրային, պետական կյանքի համար հնչեղ անվանումները կունենան նաև նույնքան շոշափելի ազդեցություն ու նշանակություն: Թե՞ տեղի է ունենում ավանդական գործողությունը, երբ ինչ-որ խնդիրներ ծածկելու համար ստեղծվում էին հանձնաժողովներ, սակայն այժմ դրանք ստեղծվում են նոր անվանումներով՝ Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն:

Վերջապես՝ Հայաստանում պետական գործերով զբաղվող կառույցներն ու կենտրոննե՞րն են պակասում, թե՞ պակասում են եղած կառույցների գործունեության համար պատասխանատու բարձրաստիճան և միջին շերտի պաշտոնյաների ազնվությունը, պետական մտածողությունը, հայրենասիրությունը, օրինապահությունը: Կամ ինչպես հայտնի ֆիլմում է ասվում՝ «Կոստյու՞մն է, որ պետք է գեղեցկացնի» Հայաստանի պետական կառավարումը, թե՞ նրանք, ովքեր հագնում են այդ կոստյումը կամ «կոստյումի մեջ են»՝ ինչպես կասեր բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը:

Ներկայումս փաստացի ստեղծվում է նոր «կոստյում», մինչդեռ պետք է նորացնել «կոստյումի միջիններին», նրանց մտածելակերպը, ընդհանրապես ապրելակերպը, բերել այն օրենքի, ազնվության, պարկեշտության, արդիականության դաշտ: Բայց այդ հարցի լուծման համար պետք է ստեղծել անկախ դատարան, որպեսզի հետո նոր իմաստ ստանա ռազմավարական կենտրոնների ստեղծումը:

 

Today's most read news !
  • Իմ կյանքն ինձ ապացուցել է, որ ոչինչ չպետք է բացառել. Մարիամ Ադամյան
  • Սոնա Շահգելդյանը ապրիլ ամսին կդադարեցնի գործունեությունը
  • Վաղը կանցկացվի երթ՝ ԿԸՀ-ից ՀՀԿ-ի գրանցումը չեղյալ հայտարարելու պահանջով
  • Լեոնիդ Ագուտինը Երեւանում է
  • Թողնել «լոլո»-գիան, անցնել սոցիոլոգիայի
  • Սխալ ազդակներ հասարակությանը
  • Մարզպետները վիրավորական չեն համարում վարչապետի կրթվելու կոչը
  • Պետք էր ճշգրտությունը «պաշտել», ոչ թե հաշվարկը
Comments

Name: