Latest 10 episodes

2017-ի առաջին ընդդիմադիր ծիծեռնակը

«Քաղաքացիական պայմանագիր», «Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն» կուսակցությունները երեկ ազդարարել են կարևոր պայմանավորվածության մասին, ասելով, որ դեկտեմբերի 12-ին հանդես կգան հայտարարությամբ: Հայտարարությունը ըստ ամենայնի վերաբերելու է խորհրդարանական ընտրություններում միասնական մասնակցությանը, ինչի շուրջ այս երեք կուսակցությունները բանակցում էին ավելի վաղ, և դրա մասին հայտնել էին հանրությանը: Պետք է ենթադրել, որ երեք կուսակցությունները կայացրել են համաձայնություն, որի մանրամասները կհայտնեն դեկտեմբերի 12-ին խոստացված հայտարարությամբ, իսկ գուցե և մանրամասները հայտնի դառնան ավելի շուտ: Այսպիսով, Եռյակի համաձայնությունը փաստորեն կարող է լինել Հայաստանի ընդդիմադիր դաշտում նախընտրական միավորումների ծիծեռնակը: Միավորումների տարբեր վեկտորներ են առկա: Բացի երեք կուսակցություններից, կոնսոլիդացիայի նախաձեռնությամբ հանդես են եկել նաև այլ ուժեր, դրա մասին հայտարարել են թե՛ ՀԱԿ-ը, թե՛ Վարդան Օսկանյանի «Համախմբում»-ը, թե՛ ԲՀԿ-ն է խոսում, հայտարարվել է «Ազատ դեմոկրատներ»-ի և Հրանտ Բագրատյանի «Ազատություն» կուսակցության հնարավոր միավորումի մասին, տեղեկություն է եղել, որ բանակցում են «Ազատ դեմոկրատներ»-ն ու Վարդան Օսկանյանի «Համախմբում»-ը:

Այս տոտալ կոնսոլիդացման գործընթացը լիովին հասկանալի է և ընդհանրապես նախընտրական տրամաբանության կոնտեքստում, և եթե հատկապես 2017 թվականի ընտրությունների, քանի որ ելնելով մի շարք առանձնահատկություններից ակնհայտ է, որ այս ընտրությանը խորհրդարան անցնող ուժերը կամ հավակնող ուժերը ավելացել են, իսկ ահա խորհրդարանական տեղերը, անցման հնարավորությունները՝ նվազել: Եվ այս առումով զուտ մարտավարական տեսանկյունից միայն անցողիկության շանսերը պահպանելու համար ընդդիմության դաշտում գործող ուժերը պետք է գնան միավորումների ճանապարհով, նկատի ունենալով նաև այն հանգամանքը, որ ընդդիմադիր դաշտում այսօր չկա հանրության քիչ թե շատ կայուն վստահություն վայելող ուժ, որն ունակ լինի ինքնուրույն աներկբա հավակնել 5 տոկոս շեմի հաղթահարմանը: Ավելին, դեռևս պարզ չէ, թե արդյոք միավորումն ինքնին նշանակելու է անցողիկ շեմի ապահովում, բայց այդ պարագայում շանսը գոնե կա: Սակայն, ակնհայտ է նաև, որ այստեղ ևս ընդդիմությունը չնայած հանդես է գալիս իշխանության դեմ համախմբվելու կոչերով, այնուհանդերձ համախմբումների պարագայում անգամ պայքարը մնում է ընդդիմության դաշտում՝ ընդդիմադիր ուժերի միջև, քանի որ գրեթե վստահաբար հնարավոր է ասել, որ լինելու է առնվազն մի քանի ընդդիմադիր միավորված ֆորմատ: Օրինակ, գործնականում առնվազն բացառվում է պայմանավորվածության մասին ազդարարած ՔՊ, ԼՊ և Հանրապետություն եռյակին Վարդան Օսկանյանի և Արթուր Բաղդասարյանի կուսակցությունների միացումը: Մեկ այլ հարց է ԲՀԿ-ն, որը Գագիկ Ծառուկյանի քաղաքականություն վերադարձի պայմաններում ընդհանրապես հայտնվելու է լիովին այլ հարթության վրա: Այստեղ մի կողմ թողնենք այն, թե ով է այսպես ասած՝ իրական ընդդիմադիր, իսկ ով՝ ձևական: Տվյալ պարագայում ակնհայտ է, որ բոլորը խաղալու են ընդդիմադիր հռետորաբանության դաշտում, և իրականն ու ձևականը խառնվելու են իրար:

Այն, որ դա մեղմ ասած՝ հնարավոր է, հստակ երևաց ՏԻՄ ընտրությունների առումով: Եվ, եթե սրան գումարենք և այն, որ ընտրական գործընթացներին զուգահեռ մեծ է նաև հավանականությունը այսպես ասած՝ «սասնածռերական» կամ «հիմնադիրխորհրդարանական» դաշտում ակտիվության՝ ընտրության մասնակցությունը մերժելու գաղափարով, ակնհայտ է դանում, որ ընդդիմադիր դաշտում լինելու է բավական թեժ և չնայած միավորումների ջանքերին, ընդդիմադիր ուժերին չի հաջողվելու նախընտրական հիմնական դիսկուրսը կենտրոնացնել գերազանցապես ընդդիմություն-իշխանություն ուղղությամբ: Ընդ որում, այդ հարցում անկասկած իրավիճակն անմասն չի մնա նաև իշխանության ջանքից, որի շնորհիվ նաև կլինեն մի շարք ընդդիմադիր ձևաչափեր: Պայքարել այդ իրականության դեմ, բացարձակապես ավելորդ է: Միևնույն է, հնարավոր չի լինելու խուսափել «ներընդդիմադիր» պայքարից: Հետևաբար, որևէ ուժի կամ ֆորմատի համար, ամենաանկեղծ ցանկության դեպքում իսկ բացարձակապես ավելորդ է այդ ուղղությամբ պայքարի փորձն անգամ: Միևնույն ժամանակ, դա չի նշանակում, թե մնում է մտնել այսպես ասած՝ «ներընդդիմադիր» պայքարի բովի մեջ և չխնայել ոչ մեկին: Խնդիրը ընդհանրապես խնայել-չխնայելը չէ, և ոչ էլ թերևս ընդդիմադիր որևէ ուժի դեմ իշխանությանը զուգահեռ, երկրորդ ճակատով, կամ երրորդ չորրորդ ճակատներով պայքարելը չէ: Պետք է պայքարել Հայաստանում ձևավորված ընդդիմադիր ավանդական դիսկուրսի դեմ, ինչը նշանակում է պայքար «ինքն իր դեմ»:

Այսինքն, 2017 թվականի խորհրդարանի ընտրությանը ակտուալ ընդդիմության խնդիրը, ելնելով օբյեկտիվ իրողություններից, կարող է լինել և պետք է լինի ընդդիմադիր նոր բովանդակության, որակների, նշաձողերի սահմանումը: Ընտրական գործընթացում ընդդիմադիր ուժերի, ֆորմատների, զանազան միավորումների արդյունավետության ցուցիչը կարող է լինել այդ հարցում արձանագրած տեսանելի արդյունքը: Ըստ այդմ, որևէ ֆորմատի շուրջ համաձայնությունները միայն առաջին քայլն են, որն ինքնին արժեք կարող է ունենալ այն դեպքում, երբ կատարվի հաջորդ քայլը՝ ընդդիմադիր գործունեության նոր որակների և բովանդակության երկարաժամկետ հեռանկարի ձևավորման ուղղությամբ:

Today's most read news !
  • Սերժ Սարգսյանի արձագանքը Սեյրան Օհանյանի հայտարարությանը
  • Ընտիր ներդրումային դաշտ. էստի՜ համեցեք
  • Վախեցնող էր միայն այն փաստը, որ պետք է աշխատեի նման ռեժիսորի հետ. Անի Ամիրյանը Մհեր Մկրտչյանի նոր ֆիլմում է նկարահանվում
  • Քիմ Քարդաշյանը շիկահեր է դարձել
  • Երևանում LADA 2112-ի վարորդն բախվել է էլեկտրասյանը, այնուհետև՝ Nissan և ВАЗ մակնիշի ավտոմեքենաներին
  • Րաֆֆի Հովհաննիսյանը կորցրեց ինձ. Զարուհի Փոստանջյան
  • Արագածոտնի մարզի Ղաբաղթափա գյուղի բնակիչները գտնվում են շրջափակման մեջ
  • Անահիտ Սիմոնյանը` թուրքական սերիալները պրոպագանդելու մասին
Comments