Կմնանք առանց փող. Կարեն Կարապետյանը պետք է փոխի տնտեսության շարժիչը

ՀՀ կենտրոնական բանկը արդեն հրապարակել է այս տարվա հոկտեմբերին Հայաստան մտած մասնավոր տրանսֆերտների մասին տեղեկանքը, ըստ որի՝ դրանք անցած տարվա հոկտեմբերի համեմատ կրկին նվազել են: Անցած տարվա հոկտեմբերին մասնավոր տրանսֆերտների զուտ ներհոսքը կազմել էր մոտ 82 միլիոն դոլար, իսկ այս տարվա հոկտեմբերին այդ ցուցանիշը 60.4 միլիոն դոլար է: Նվազումը մոտ 26 տոկոս է: Տարվա առաջին 10 ամիսների կտրվածքով պատկերը եւս տխուր է: Այս տարի մասնավոր տրանսֆերտների տեսքով զուտ ներհոսքը կազմել է 556 միլիոն դոլար, իսկ անցած տարի 738 միլիոն դոլար էր: Նվազումը` 24 տոկոս է: Նվազման տեմպը հոկտեմբերին ավելի մեծ է եղել, քան ընդհանուր 10 ամիսներին արձանագրված նվազման տեմպը:

Ռուսաստանից Հայաստան դրամական փոխանցումների՝ տրանսֆերտների ծավալը, նախորդ տարվա ապրիլի համեմատ, ընթացիկ տարվա ապրիլին նվազել է մոտ երկու անգամ կամ մոտ 160 միլիոն դոլարով: Այլ կերպ ասած՝ ընթացիկ տարվա առաջին երեք-չորս ամիսներին Հայաստանը նախորդ տարվա համեմատ կորցրել է 160 միլիոն դոլար: Հայաստանի տնտեսության ծավալների համար դա ահռելի թիվ է, մինչդեռ խոսքն ընդամենը տարվա առաջին երեք-չորս ամիսների մասին է:

Մասնագետների գնահատմամբ, հաջորդ տարի տրանսֆերտների ծավալների նվազումը կշարունակվի և ավելի մեծ չափեր կստանա: Իսկ տրանսֆերտները շարունակում են մնալ հայաստանյան տնտեսության շարժիչըա: Երբ այդ շարժիչը խափանվում է, խափանվում է նաև տնտեսությունը:

Ակնհայտ է, որ ընթացիկ տարում ևս Հայաստանի տնտեսությունն ունակ չի լինելու աշխատել այդ շարժիչով: Պետք է փոխել տնտեսության շարժիչը, առնվազն սկսել այդ փոփոխության գործընթացը, քանի դեռ առկա շարժիչը աշխատում է, այսպես ասած, խափանումներով, սակայն դեռ ունակ է ապահովել մեքենայի քիչ թե շատ ընթացք: Բայց դա երկար չի շարունակվի, և շարժիչը մի օր կլռի, պետք է հասցնել մինչ այդ մտածել նորի մասին: Ավելին՝ նորերի մասին:

Այլ կերպ ասած՝ դա կոչվում է տնտեսության դիվերսիֆիկացիա: Բայց դիվերսիֆիկացիայի համար պետք է տնտեսության ապամոնոպոլացում, ազատականացում, մրցակցության ապահովում, որպեսզի բացվի Հայաստանի հասարակության մեջ առկա ստեղծագործական տաղանդը: Այդ տաղանդը կա, պարզապես այն պետք է բացվի: Սակայն այսօր Հայաստանում բացվում են լոկ հյուրանոցներ, եկեղեցիներ և զվարճանքի կենտրոններ: Ընդ որում՝ դրանք Սերժ Սարգսյանը բացում է այնպիսի շուքով դեմքի այնպիսի արտահայտությամբ, կարծես տիեզերակայան, նանոտեխնոլոգիական կենտրոն, Սիլիկոնային հովիտներ է բացում:

Չենք ուզում հակադրել տնտեսության զարգացման որևէ հեռանկար բացվող հյուրանոցների կամ զվարճանքի կենտրոնների հետ, քանի որ տնտեսությունը և՛ մեկն է, և՛ մյուսը, և՛ երրորդը, և՛ չորրորդը: Անբողջ խնդիրն այն է, որ Հայաստանի տնտեսությունում այդ երրորդն ու չորրորդը գտնվում են հետին պլանում, և ձևավորվում է սպասարկող տնտեսություն, մինչդեռ Հայաստանում ստեղծագործական ահռելի պոտենցիալ կա, որն ունակ է ձևավորել ստեղծող, արտադրող, նորարար տնտեսություն: Նավթից ու գազից զուրկ Հայաստանի համար այդ նորարարությանն այլընտրանք չկա: Բարեբախտաբար կա դրա համար անհրաժեշտ ինժեներա-տեխնոլոգիական միտքը երկրում, որի մի զգալի մասն այսօր զբաղված է տաքսի ծառայության միջոցով օրվա հաց վաստակելու գործով: Որովհետև տնտեսության շարժիչն իր բնույթով է պարտադրում այդ իրավիճակը: Եվ դա ձեռնտու է իշխող «էլիտային», որովհետև ստեղծագործող, արտադրող հասարակությունն ունենում է լիովին այլ հոգեբանություն, մտածողություն, աշխարհայացք, արժանապատվության լիովին այլ չափորոշիչներ և նշաձողեր: Իսկ դա անհնար է դարձնում հասարակության մանիպուլյացիոն կառավարումը:

Ի տարբերություն սպասարկող հասարակությունների՝ արտադրող հասարակությունները լինում են պահանջատեր: Իսկ հայաստանյան իշխանական «էլիտայի» համար պահանջատիրությունը լոկ հայ-թուրքական դաշտում էմոցիոնալ խաղարկման նյութ է, ոչ թե ամուր և մրցունակ պետականության հասարակական շաղախ: Այդ պատճառով էլ Հայաստանի տնտեսությունը շարունակվում է լճանալ նախ և առաջ մտավոր-գաղափարական իմաստով՝ բերելով հանրային բարոյահոգեբանական անկման, ինչն էլ իր հերթին ապահովում է իշխող համակարգի վերարտադրության շարժիչը: Հայաստանի կառավարության համար կարևորն այդ շարժիչն է:

Today's most read news !
  • Սոֆի Դեւոյան.«Թոռնիկս մյուսների նախանձը չի առաջացնում»
  • Դերասանուհի Էթերի Ոսկանյանի նոր ֆոտոշարք ունի
  • Իսկ դուք գիտեք՝ քանի տարեկան են հայ հայտնիները
  • Ես գեղեցիկ եմ, եւ իմ սիրտը զբաղված է. երիտասարդ դերասանուհի Եվա Զոհրաբյանը՝ կարիերայի և անձնական կյանքի մասին
  • Զառան՝ «Քարե դարդ»-ի և ամերիկյան շրջագայության մասին
  • Զույգերը կարող են վիճել, բայց չդադարել սիրել. Արծրուն Չոբանյանը՝ «Փշրված պատրաքների մի գիշեր» ներկայացման մասին
  • Մերկել-Էրդողան «հակամարտությունն» ու Հայոց ցեղասպանությունը
  • «Այսպես շարունակելն անհնար է». վարչապետ
Comments

Name: