Սերժ Սարգսյանը պարտվում է, որ հաղթի Հայաստանին

Քաղաքականություն Գագիկ Ծառուկյանի վերադարձի հեռանկարը դառնում է ավելի ու ավելի իրական: Այն, որ Սերժ Սարգսյանն այսօր ունի դրա անհրաժեշտությունը՝ ակնհայտ է: Վերադարձի դեպքում Գագիկ Ծառուկյանը գրեթե ամբողջությամբ կծածկի բողոքական ընտրազանգվածի դաշտը՝ այդպիսով դյուրացնելով իշխանության խնդիրը:

Գագիկ Ծառուկյանը, որին Սերժ Սարգսյանը 2015 թվականի փետրվարին հեռացրեց քաղաքականությունից, այժմ վերադառնալու դեպքում անկասկած վերադառնալու է բոլորովին այլ կարգավիճակով: 2015-ի փետրվարի ելույթում Սերժ Սարգսյանը բավական թափանցիկ կերպով ցույց տվեց, որ Ծառուկյանն իր համար խնդիր է դարձել, քանի որ ենթարկվում էր այլ մանիպուլյացիաների:

«Ոմանք սեփական օրակարգն են գրում, դեմ տալիս՝ մտքում համոզված լինելով, որ «միևնույն է՝ չի հասկանալու, թե ինչ է հնչեցնում»: Գործընկեր կուսակցություններն էլ օրուգիշեր քննարկում են՝ հասկացա՞վ արդյոք ինչ է անում, թե՞ ինչպես միշտ: Մարդ չգիտի՝ նախ բացատրի, թե ինչ դեր է ինքը վերցրել և ինչ է ասել հրապարակավ, հետո՞ պատասխանի դրանց, թե՞ միանգամից ասի՝ ախր, էս ամենը քո ի՞նչ խելքի բանն է, եղբա՛յր: Ախր, քաղաքական դաշտը բազկամարտի ֆեդերացիա չէ՝ այստեղ այլ հատկանիշներ են հարկավոր»,- 2015-ի փետրվարին Գագիկ Ծառուկյանի մասին հայտարարում էր Սերժ Սարգսյանը՝ ասելով, թե ոմանք նրան հովանավորում են ոչ թե հանուն, այլ ընդդեմ սկզբունքով: Սերժ Սարգսյանը անկասկած նկատի ուներ Լևոն Տեր-Պետրոսյանին և Ռոբերտ Քոչարյանին:

ԲՀԿ-ն մինչև 2015-ի փետրվար ըստ էության վերածվել էր մի հարթակի, որտեղ տեղի էր ունենում երեք նախագահների մրցակցություն: Լևոն Տեր-Պետրոսյանն ու Ռոբերտ Քոչարյանն ակնկալում էին Ծառուկյանի շուրջ անուղղակի գործակցմամբ հաղթել Սերժ Սարգսյանին՝ ակնկալելով, որ նրան հաղթելուց հետո արդեն կհաղթեն միմյանց, այսինքն՝ Տեր-Պետրոսյանը հուսով էր, որ դրանից հետո կկարողանա չեզոքացնել նաև Քոչարյանին, իսկ Քոչարյանն էլ հակառակը՝ հուսով էր օգտագործել Տեր-Պետրոսյանի գործոնն ու Սերժ Սարգսյանին հեռացնելուց հետո հաղթել նաև նրան: Բացառված չեն, իհարկե, այլ հաշվարկները, երբ Տեր-Պետրոսյանն, օրինակ, ակնկալում էր այդպիսով Սերժ Սարգսյանի կողմից արժանանալ ուշադրության՝ ընդդեմ Քոչարյանի հավակնությունների:

Բոլոր դեպքերում 2015-ի փետրվարի Սերժ Սարգսյանի քայլը վկայեց, որ նա ըստ էության տանուլ է տալիս մրցակցություն ԲՀԿ-ում, և այդ իսկ պատճառով որոշեց գործի դնել արդեն անմիջական իշխանությունը և հեռացնել Ծառուկյանին: Դրանից հետո առաջացած վակուումը ոչնչով լցնել չհաջողվեց, քանի որ կորցնելով գործակցության առանցքը՝ Տեր-Պետրոսյանն ու Քոչարյանը կա՛մ ստիպված էին հրապարակավ գործել արդեն ուղղակի գործակցությամբ, ինչը անհնար էր մի շարք հայտնի հանգամանքներից ելնելով, կա՛մ գործել առանձին-առանձին, ինչի ներուժը նրանք չունեին ակնհայտորեն:

Սակայն պարզվեց, որ առանձին գործելու ներուժ չունի նաև Սերժ Սարգսյանը՝ անգամ Կարեն Կարապետյանին վարչապետի պաշտոնին նշանակելու պարագայում, և Սարգսյանը ստիպված է վերադարձնել Ծառուկյանին:

Դա ըստ էության Ծառուկյանի հոգեբանական հաղթանակն է Սերժ Սարգսյանի նկատմամբ՝ հատկապես, երբ վերընթերցենք այն ելույթը, որ ունեցավ Սարգսյանը 2015-ին: Թեև Ծառուկյանի վերադարձն էլ կլինի Սերժ Սարգսյանի հոգեբանական հաղթանակը Հայաստանի հասարակության նկատմամբ: Այդպիսով՝ Սարգսյանը պարտվում է Ծառուկյանին Հայաստանին հաղթելու համար:

Today's most read news !
  • Դավիթ Աղաջանյանը, Մարինկա Խաչատրյանը, եւ Սիսիան Ստեփանյանը՝ սիրային եռանկյունում
  • Սպասել երրորդի՞ն… երկրորդ պատերազմն ընդհատվե՞լ է
  • Սոս Ջանիբեկյանն ու Արման Նշանյանը՝ մեկ հարկի տակ եւ ամուսնալուծված
  • Ովքեր են դուրս եկել «Դոմինո»-ից
  • Ալիևը երկու պատճառ ուներ այս գիշերվա հարձակման փորձի համար
  • Ինչպես չսպանվել սահմանին
  • Որ փոփոխությունը չլինեն միայն ազգանունները
  • Իրան՝ ճակատ, որը մնում է հետին պլանում. Milliyet, Թուրքիա
Comments
Loading...