Ինչին է ընդդիմություն լինելու Ծառուկյանը

ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ Գագիկ Ծառուկյանը վերադառնում է քաղաքականություն և վերադառնում է որպես ընդդիմություն՝ Հայաստանում լուրջ փոփոխություններ անելու համար:

Այս հայտարարությունը հետաքրքրական է մի քանի շաբաթ առաջ Գագիկ Ծառուկյանի ասածի ֆոնին. նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի վերաբերյալ հարցին ի պատասխան՝ Ծառուկյանը հայտարարել էր, որ նա պրոֆեսիոնալ է և գիտի իր գործը: Այսինքն՝ դա նշանակում է, որ Գագիկ Ծառուկյանը դրական է գնահատել Կարեն Կարապետյանի նշանակումը: Եթե Ծառուկյանը քաղաքականություն է վերադառնում որպես ընդդիմություն, ապա դա ենթադրում է, որ նա պետք է Կարեն Կարապետյանին և նրա կառավարությանը ենթարկի խիստ քննադատության:

Բանն այն է, որ Սերժ Սարգսյանին քննադատելն ըստ էության այլևս իմաստ էլ չունի, որովհետև խորհրդարանական ընտրություններից ընդամենը մեկ տարի հետո Սարգսյանն այլևս նախագահ չի լինելու: Իհարկե, կարող է լինել վարչապետ. սա հնարավոր սցենար է: Եվ այս առումով, իհարկե, հարց է ծագում՝ արդյո՞ք Ծառուկյանը ընդդիմություն է լինելու ոչ թե Կարեն Կարապետյանին, այլ Սերժ Սարգսյանին՝ հենց նրա վարչապետությունը թույլ չտալու համար: Այս դեպքում, իհարկե, հարց է առաջ գալիս, թե արդյո՞ք 2015 թվականին Սերժ Սարգսյանի ելույթով հեռացած Գագիկ Ծառուկյանը այժմ վերադառնում է ի հեճուկս նրա, այսինքն՝ շրջանցելով Սերժ Սարգսյանի ցանկությունը:

Դատելով թե նրա հեռանալու պատմությունից, թե դրանից հետո ծավալված իրադարձություններից, երբ Գագիկ Ծառուկյանը Սերժ Սարգսյանի հետ համերաշխ մասնակցում էր բազմաթիվ միջոցառումների, փոքր-ինչ անհավաստի է հնչում, թե Ծառուկյանը կարող է վերադառնալ Սերժ Սարգսյանին ոչ թե օգնելու, այլ խանգարելու համար:

Եվ ուրեմն՝ ո՞ւմ կամ ինչի՞ն է Գագիկ Ծառուկյանը լինելու ընդդիմադիր, ո՞ւմ կամ ինչի՞ն է նա փորձելու խանգարել թե նախընտրական շրջանում և թե դրանից հետո:

Միակ ռացիոնալը, առնվազն ներկայիս դասավորության պայմաններում, մնում է այն, որ Ծառուկյանը լինելու է ընդդիմադիր բոլոր նրանց, որոնք ընդդիմություն են լինելու ՀՀԿ-ին կամ Կարեն Կարապետյանին, եթե, իհարկե, Ծառուկյանը կտրուկ չփոխի իր մոտեցումները կառավարության նկատմամբ: Թեև կարող է, իհարկե, լինել մեկ այլ տարբերակ, երբ Ծառուկյանը կխնայի Կարեն Կարապետյանին, բայց չի խնայի կառավարության նրա թիմին:

Այստեղ առկա է բավական ուշագրավ պահ: Եթե քննադատության սլաքն ուղղվի Կարեն Կարապետյանի թիմին, ապա այդ պարագայում Կարապետյանը կարող է հայտնվել, այսպես ասած, «ոտքերը գետնից» կտրվածի կարգավիճակում: Այդպիսով, մի կողմից՝ Ծառուկյանի վերադարձը կօգնի ապահովել Կարեն Կարապետյանի թիկունքը, մյուս կողմից՝ նրա միջոցով կխանգարվի Կարեն Կարապետյանի թիմի ձևավորումը ՀՀԿ շարքում, այսինքն՝ Կարապետյանը չի կարողանա ոտքը ամուր դնել հողին իր քաղաքական թիմով և առանցքային դիրքեր ապահովել ՀՀԿ-ում:

Այստեղ շահառուները կարող են լինել և՛ Սերժ Սարգսյանը, և՛ ՀՀԿ-ի ներկայիս մեծամասնությունը՝ Հովիկ Աբրահամյանի հնարավոր առաջնորդությամբ, ՀՀԿ-ում սեփական դիրքերը պահելու համար:

Today's most read news !
  • Արմենչիկ.«Երեխաներս ժամանակի ընթացքում կսովորեն դրան»
  • Լիլիթ Մուրադյանի նոր լուսանկարը դստեր հետ եւ էմոցիոնալ գրառումը
  • «OutDance»՝ նոր սիթքոմ «Շանթ»-ի եթերում
  • «Շատ կկարոտեմ». Գայանե Ավետիսյանը պատմել է՝ ինչու այլևս չի նկարահանվելու «Դոմինո»-ում
  • «Հուսամ, լավ արձագանքներ կլսեմ». Արտյոմ Մարկոսյանը նորություն ունի
  • Ինչպես է անցել Դիանա Շատվերյանի ծննդյան խնջույքը
  • Եթե ինձ ձայն չտաք, մեկ է՝ լցնելով իմ ուզած թիվը կգրանցեմ, ավելի լավ է ընտրեք. Շմայսի քարոզարշավը
  • Քոչարյանը նոր պլաններ է մշակում. ինչպես թեժացնել իրավիճակը և ներքաշել Ծառուկյանին
Comments
Loading...